Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու երաշխավորագրեր են ներկայացրել
Ազգային Ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել, որոնցով Ա. Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 25-ին դիմել է Գլխավոր դատախազություն։ Այս մասին հայտնում է Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը։
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանքի մեջ է, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք գործելու մեջ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների՝ ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ։
Պատգամավորները, ըստ պաշտպանական խմբի հաղորդագրության, երաշխավորում են, որ Ավետիք Մկրտչի Չալաբյանն ազատության մեջ գտնվելով՝ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանն ու չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց։
Երաշխավորագիր է ներկայացրել նաև «Արար» հիմնադրամը, որը ևս երաշխավորում է, որ Ավետիք Չալաբյանը չի խոչընդոտի և չի խուսափի քննությունից, ինչպես նաև հորդորում է փոխել նրա խափանման միջոցն ու ազատ արձակել։
Օրեր առաջ Ավետիք Չալաբյանի գործընկերներն ու համախոհները հանդես էին եկել հրապարակային կոչով և հորդորել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին։
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 23-ին միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ Ա. Չալաբյանին վերագրվող հանցակազմը սահմանող հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար։
««Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․ Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը»,- ասված է պաշտպանական խմբի հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել