
77 միլիոն դրամ՝ Սիսիանի պանթեոնում զոհված զինծառայողների տապանաքարերի տեղադրման համար
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (ՏԿԵՆ) առաջարկում է պետական բյուջեի պահուստային ֆոնդից 77,5 միլիոն դրամ տրամադրել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի պանթեոնում զոհված զինծառայողների տապանաքարերի տեղադրման համար։ Կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Սիսիանի համայնքապետարանի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 44-օրյա պատերազմում զոհված և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 զինծառայողի, և 2020 թվականին Տավուշի մարզում զոհված 1 զինծառայողի, ինչպես նաև Սիսիանի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողի շիրմաքարերը տեղադրված չեն, իսկ զինծառայողների ընտանիքներին գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար հատուցման գումարներ չեն տրամադրվել, ուստի՝ խնդիր է առաջացել վերոհիշյալ 67 զոհված զինծառայողների տապանաքարերի պատրաստման և տեղադրման հարցում։
Հատկացվելիք գումարով պատրաստվելու և տեղադրվելու է 67 տապանաքար։ Մեկ միավորի համար (սև գրանիտե շիրմաքարերն իրենց լրակազմերով) հիմք է ընդունվել Պաշտպանության նախարարության կողմից Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնի համար ձեռք բերված մեկ միավորի արժեքը։
Մեկնաբանել