HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Անցանկալի հղիություն, սեռի հաշվարկ, անիմաստ ախտորոշումներ. հարցեր գինեկոլոգին

Անցանկալի հղիություն՝ անպտղությանը զուգահեռ, կուսության՝ դեռևս ակտուալ հարցեր, անիմաստ ախտորոշումներ, որոնք իրականում բուժման կարիք չունեն, կեսարյան հատման ահագնացող թվեր և ԷԿՈ-ի բարդ հետևանքները։

Ինչպե՞ս պատրաստվել գինեկոլոգի մոտ այցին։ Ճի՞շտ է, որ ամուսնանաս,  հիվանդությունները կանցնեն, կամ առողջ երեխա ունենալու տարիքը մինչև 30-ն է։ Հնարավո՞ր է հաշվարկել երեխայի սեռը։

Այս և մի շարք այլ թեմաների և միֆերի մասին #Բժշկիմոտ շարքում զրուցել ենք «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ, Վարդանանց ԲԿ-ում առաջատար մասնագետ, ԵՊԲՀ մանկաբարձության-գինեկոլոգիայի վերարտադրողական ամբիոնի դասախոս Նորայր Ղուկասյանի հետ։

 

5 պարզ հարց՝ գինեկոլոգիայի մասին

  1. Կինը պետք է դիմի գինեկոլոգին, եթե…
  2. Երբ ախտորոշումը հաստատվում է, խուճապի չմատնվելուց բացի, ի՞նչ անել
  3. Ի՞նչ պրոֆիլակտիկ ստուգումներ ու ի՞նչ հաճախականությամբ պետք է իրականացնել
  4. Ի՞նչ տարածված միֆեր ու կարծրատիպեր կան ոլորտում
  5. Գինեկոլոգիական խնդիրները ավելի շատ բուժվու՞մ են, թե՞ ոչ

Պատասխանները՝ տեսանյութում

Կան բժիշկներ, որոնց մոտ գնալն ամոթ է համարվում։ Օրինակ՝ սեռավարակաբանը, ուրոլոգը, պրոկտոլոգը: Ուռուցքաբանը նույնիսկ նշում էր, որ իր մոտ գալուց էլ են մարդիկ այցը գաղտնի պահում։ Գինեկոլոգի մոտ գալն ամո՞թ է:

Ես չեմ նկատել, որ ինձ մոտ էդպես լինի։ Ունեցել եմ ամոթխած մայր-աղջիկ, ունեցել եմ նման դեպքեր, բայց դրանք այսօրվա այս դարում շատ քիչ են։

Կնոջ՝ կուսության հետ կապված ավանդական հարցերը դեռևս ակտուա՞լ են

Երբ որ մեր առջև դրվում է հարց՝ օգնություն ցույց տալ ընտանիքին, թե հարսանիքից առաջ աղջիկը կու՞յս է ամուսնացել, թե՞ ոչ, միանշանակ առաջին իսկ րոպեից իրենց մերժում եմ, որովհետև Հայաստանի Հանրապետության օրենքը դա թույլ չի տալիս։ Մենք ընդհանրապես չենք անում նմանատիպ բաներ, բայց դա ֆետիշացնելը մեր նախնիների կողմից չգրված օրենքներն են, յուրաքանչյուր մարդ իր սուբյեկտիվ կարծիքն ունի դրա մասին, բայց ես՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, կարող եմ ասել, որ դա շատ փոքր խնդիր է ընտանիքի ամրության համար. ամուր ընտանիք կառուցելու համար ավելի լուրջ գաղափարներ են պետք, ոչ թե ինչ-որ մի հատ թաղանթի հետ կապված խնդիր։

Ասում են, որ գոյություն ունի կուսաթաղանթի մոտ 200 տեսակ. միշտ չէ, որ սեռական ակտից հետո պետք է արյուն լինի

Այո՛, դեպքերը տարբեր են. կան էլաստիկ, կիսալուսնաձև և այլն, բայց այնուամենայնիվ, դա այդքան գլոբալ խնդիր չէ։ Քանի որ ես նաև շատ եմ զբաղվում մանկաբարձությամբ, ծննդաբերությունից հետո ծննդկանն ինձ հարց է տալիս՝ բժի’շկ ջան, կուսաթաղանթս պատռվե՞ց, ասում եմ՝ այո, և եղել են դեպքեր, երբ ասել են՝ եկեք այդ ինֆորմացիան տանք ամուսնուս, սիրով օգնել եմ այդ ընտանիքին։

Ունեցել եմ նաև դեպքեր, երբ 30-ն անց օրիորդը վիրահատվել է իմ մոտ և անհրաժեշտություն է եղել, որ ես կատարեմ ներհեշտոցային վիրահատություն, ինչն անհնար է, երբ կուսաթաղանթը հատված չէ. հատուկ տեղեկանքներ են վերցրել՝ մի քանի կնիքով, պահել են։ Ես միշտ դրան վերաբերվել եմ ոչ այդքան լուրջ, բայց միշտ սիրով տրամադրել եմ՝ ինչ-որ մի տեղ օգնելով, բայց, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ կրկնում եմ, որ դա այն խնդիրը չէ, որի պատճառով կարելի է ընտանիք քանդել կամ կառուցել։

Բայց տարածված են կուսաթաղանթը վերականգնելու վիրահատությունները

Վիրահատություններով ամեն ինչ անում են այսօր, ռեկոնստրուկտիվ վիրահատությունները աջ ու ձախ կատարվում են։

Հայաստանում սեռական կյանքը սկսելու տարիքի մասին վիճակագրություն կա՞

Ինչքան սեռական կյանքը սկսեն վաղ տարիքում, այնքան մենք կունենանք վերարտադրողական հաջողություններ, էնքան մեր ազգի դեմոգրաֆիկ ցուցանիշը կբարձրանա, որովհետև երիտասարդ կինը պտղաբեր է, երիտասարդ կնոջ կողքին երիտասարդ տղամարդ է, բայց այսօր, ցավում եմ, սեռական կյանքը կարող է շուտ են սկսում, բայց հղիանում են 30-ն անց, աշխարհում էլ է դա գլոբալ խնդիր։ Եվրոպական և ամերիկյան երկրներն արդեն փաստում են, որ իրենց երկրներում միջին վերարտադրողական տարիքը 35-ն է, և դրա համար էլ միջին պտղաբերության ցուցանիշը 1%, 1,1%, 1,6% է, չի ավելանում։

Ողջունելի են շուտ ամուսնությունները՝ 20-25 տարեկան, ոչ թե մեզ նման՝ 30-35։ Սա, բնականաբար, և’ սոցիալական մի քանի խնդիր է լուծում, և’ դեմոգրաֆիկ. նմանատիպ ամուսնական զույգը պլանավորում է 3 և ավելի երեխա, իսկ այսօր 2 երեխան արդեն միջին ցուցանիշ է։

Այս հարցը կարելի է երկու տեսանկյունից դիտարկել. բժշկական առումով էլ՝ շատ վաղ սկսած սեռական կյանքը՝ 16-17 տարեկանից, առավել ևս՝ անկանոն, շատ դեպքերում՝ չպաշտպանված, փոփոխվող սեռական զուգընկերներով, ունենում ենք այլ խնդիրներ՝ ծանր բորբոքային հիվանդություններ, օնկոլոգիական ռիսկերն են բարձրանում։ Բորբոքային հիվանդություններն իրենց հերթին բերում են երկրորդային անպտղության։ 

Տարիքին զուգահեռ ձվաբջջի որակը վատանու՞մ է

Քանի գնում է, բնականաբար, ընկնում է օվարիալ ռեզերվը, այսինքն՝ ձվարանների պաշարը, տարիքի բարձրացման հետ իջնում է նաև ձվազատման քանակը։

Քանի մենք մեծանում ենք, ուղեկցող հիվանդություններն էլ են ավելանում, դժվար է վարել հղիությունը, օրինակ, 41 տարեկանում. էլեմենտար, ճնշում է ավելանում, շատանում են շաքարախտները հղիության ժամանակ, փոխված է մետաբոլիզմը, արյունն այնպես չի մատակարարվում, ինչպես 18-25 տարեկանում։

Բնությունն ամենահզորն է, բնության դեմ որևէ մեկը չի կարող։ Եվ հաջողություն է ունենում այն բժիշկը, որը բնությանը համաչափ է քայլում, ոչ թե հակառակ։

Որակի մասով՝ մեծ տարիքում ծննդաբերելիս երեխայի մոտ կարո՞ղ է հիվանդությունների հակում լինել

Չէ’, ավելի շատ անպտղություն է առաջացում։ Տարիքի հետ կապված խնդիրներն իրենց հերթին կարող են բերել գենետիկ արատների։ Չնայած այսօր շատ երկրներ փաստում են, որ գենետիկ արատներ հանդիպելու հավանականությունը թե’ երիտասարդ, թե’ միջին տարիքում, գրեթե հավասար է։

Այսինքն, այն, որ ասում են՝ շուտ ամուսնացի, երեխա ունենալու տարիքն անցնում է, դա այդքան էլ միֆ չէ

Որոշակի ճշնարտություն ունի. շուտ ամուսնացի, որ շուտ երեխա ունենաս։

Իսկ որ ասում են՝ ամուսնացի, կանացի խնդիրներդ կանցնեն

Յուրաքանչյուր օրգան, եթե ստեղծված է, ունի իր առաքելությունը։ Աղջկա մոտ սկսվում է ձվազատում, յուրաքանչյուր դաշտանը պատրաստում է հղիությանը։

Շուտ ամուսնացի, ցավերդ կանցնի և այլն, որոշակի միֆեր են պարունակում։ Այսօր մենք ունենք ավագ սերնդի գինեկոլոգների մի տարիք, երբ որ ուշադրություն չեն դարձնում, հորմոնալ սպեկտորը չեն ստուգում, ու երբ որ աղջիկը՝ հորմոնալ խնդիրներով պայմանավորված, լուրջ անկանոնություններ է ունենում, խորհուրդ են տալիս՝ ամուսնա, կանցնի, կամ ցավոտ դաշտան ունի, նորից խորհուրդ են տալիս ամուսնանալ։

«Ամուսնանա՝ կանցնի»-ն գիտե՞ք ինչքանով է ճիշտ. երբ որ ամուսնանում են, և խնդիրը կա, հետազոտվում են, հետազոտվելուց հետո լուծում են էդ խնդիրը։

Ամուսնանալ, նկատի ունեք՝ սեռական կյանքով ապրել, չէ՞ 

Այո՛։ Մեզ մոտ, ի միջի այլոց, ամուսնանալու և սեռական կյանքի տարիքը գրեթե իրար են մոտեցված։ Նույնիսկ մենք՝ բժիշկներս ենք երբեմն ասում՝ երբ եք ամուսնացել։

Իսկ երբ ասում են, որ երեխա ունենալուց կնոջ օրգանիզմն առողջանում է, դա մո՞տ է իրականությանը

Հղիությունը հրաշագործ է։ Բազմածնությունը գինեկոլոգիական խնդիրները լուծելու բնական միջոց է։ Մեր երկրում պտղաբերության ցուցանիշը բարձր չէ, ըստ պաշտոնական տվյալների՝ 1,6% է։ Օրինակ, ինչի՞ մեր տատերը չեն ունեցել այսքան գինեկոլոգիական հիվանդություններ, որովհետև բազմածնութուն կար, այսինքն՝ արգանդը հանգստանում էր, արգանդն աշխատում էր։ Ընկերքը հորմոնալ օրգան է, որը կնոջ օրգանիզմի համար անփոխարինելի է։ Այսօր մենք ունենք արգանդային պարույրներ, որում հորմոն է դրված, որը նմանեցված է ընկերքի հորմոնին և կանխում է բազմաթիվ հիվանդություններ։ Այսինքն, բազմածնությունը հստակ կանխարգել է կանացի հիվանդությունները։ Ես խորհուրդ եմ տալիս կանանց, որ պտղաբերությունը նրանց համար լինի առաջին գործը, ու որ օրգանը, որ Աստված ստեղծել և իրենց է տվել, աշխատացնեն, ոչ թե անտեսեն։ Չսպասեն՝ նա հիվանդանա, նոր սկսեն մտածել՝ ինչու ես երեխա չունեցա, կամ տարիքն անցնի՝ 40-ն անց, կամ ունենան Անտիմյուլլեր հորմոնի շատ ցածր մակարդակ և սկսեն օգտվել վերարտադրողական տեխնոլոգիաներից (ԷԿՈ, հեղ.)։

Ես մի փոքր երևի աշխատում եմ կյանքի-մահի սահմանում, ես առավոտից իրիկուն տեսնում եմ ծնված երեխաներ, 10 տարվա անպտղությունից հետո ծնված երեխաներ, տեսնում եմ մարդկանց, ովքեր պայքարում են երեխա ունենալու համար։ Եվ զուգահեռ՝ մյուս կողմում, տեսնում եմ հղիության ընդհատում ցանկացող։ Իրար կողք կանգնած պարադոքս է. երբ որ մեկը պայքարում է, իսկ մյուսի համար դա գլխացավանք է։

Չբերության ամենատարածված պատճառները կանանց մոտ որո՞նք են

Հայաստանում ուսումնասիրություն է արվել ու պարզվել է, որ մեր երկրում առաջնային անպտղությունն (ի սկզբանե չեն կարող երեխա ունենալ, հեղ.) ավելի քիչ է (1,6-1,8%), բայց երկրորդային անպտղությունն (հղիանալուց, ընդհատումներից հետո, հեղ.) ավելի բարձր է։ Այս պարագայում, հղիության յուրաքանչյուր ընդհատում սարսափելի երևույթ է, որովհետև օրգանիզմը պատրաստվում է. օրգանիզմը գեղեցկուհի է և սկսում է շպարվել, կրծքերը սկսում են պատրաստվել մայրանալուն, օրգանիզմում հետաքրքիր հորմոնալ կասկադ է բարձրանում, որ հղիությունը տեղ հասցնի, և որոշվում է հղիությունն ընդհատել։ Թրատվում է միանգամից այդ կասկադը, բարձրացած հորմոնները մնում են որոշակիորեն բարձր, ընդհատումներից հետո մենք ունենում ենք բարձր պրոլակտինի քանակ, որը բերում է անպտղության։ Վահանաձև գեղձն է բերվել պրոցեսի մեջ, որը նույնպես չի հանգստացել։ Այսինքն՝ կուլմինացիոն պիկին հասնելու ժամանակ մենք հղիությունն ընդհատում ենք։

Մեր ընթերցողները հաճախ մեկնաբանություն են գրում՝ խնդրելով «օգնել» հղիության ընդհատման հարցում

Հղիության ընդհատումը պետք է արվի միայն ու միայն բժշկական ցուցմամբ՝ ստացիոնարում։ Հղիության ընդահատման համար վաճառվող դեղորայքները պետք է միանշանակ արգելվեն։ Ես կարծում եմ նաև, որ պետք է սահմանափակումներ մտցվեն։ Մենք՝ բժիշկներս, հիմա մեր ներքին բարոյականության հաշվին որոշում ենք չընդհատել հղիությունը։ Մեր Առողջապահության նախարարությունը քաղաքականություն որդեգրեց, որ հղիություն ընդհատող յուրաքնաչյուր կին պետք է 3 օր մտածի։ Այսինքն, եթե դիմում է, չի ընդհատվում, տրվում է 3 օր ժամանակ։

Ես ինքս իմ պրակտիկայից ասեմ, երբ որ ես ասում եմ՝ ես չեմ ընդհատում, 90-100%-ը պահում է հղիությունը, որովհետև մենք այսօր ունենք հեղինակային բժշկությունը. մարդը բժշկին է հավատում։ Յուրաքանչյուրս պետք է օգնենք, որովհետև հղիության ընդհատումը երբեմն լինում է այդ պահին կամայական որոշում։

Բազմաթիվ են այն երեխաները, որոնց ծնողներին ես համոզել եմ, և նրանք կան։

Մեր երկրում դեմոգրաֆիկ աղետ է, մենք ունեցել ենք պատերազմ, ունեցել ենք մեծ կորուստներ, և պետք է որոշակի լրացնենք։

Գինեկոլոգները մեզ հետ զրույցում նշում էին, հղիության ընդհատման ամենատարածված պատճառն արտամուսնական կյանքում կամ երիտասարդ տարիքում հղիանալն է

Դա է, երկրորդը սեռն է, սա դեռևս ակտուալ է մնում։ Սոցիալական պայմաններն են, իհարկե, շատ կարևոր։ Մենք մեղադրում ենք, բայց, իսկապես, պետք է հասկանանք, որ միշտ չէ, որ մարդիկ ապահովված են։

Գուցե մի մասն էլ չի՞ տիրապետում հակաբեղմնավորիչների ճիշտ կիրառմանը

Հավատացե’ք, լավ տիրապետում են, բայց չեն օգտագործում։ Օրինակ, այն միֆը, թե՝ հորմոն չխմեմ, ինձ կվնասի (հակաբեղմնավորիչները հորմոն են պարունակում, հեղ.)։ Ավելի լավ է հորմոն խմի, քան հղիություն ընդհատի. չեք կարող համեմատել տրված վնասները։ Կինը, եթե հակաբեղմնավորիչը կիրառում է պերօրալ, այսինքն՝ խմում է, պաշտպանվում է 6 ամիս, 1 տարի, և պարբերաբար՝ տարին գոնե 1-2 անգամ հետազոտվում է իր պոլիկլինիկայի գինեկոլոգի մոտ, ոչ մի խնդիր չի ունենա. մի բան էլ՝ մաշկը կնրբանա, ավելորդ մազերը կթափվեն, ավելի կանացի տեսք կունենա։ Հղիության ընդհատումը, միանշանակ, ավելի վտանգավոր է։ Իսկ հակաբեղմնավորիչ, վերջապես, մենակ հորմոնը չի, կան պահպանակներ և այլն, ուղղակի չեն ուզում օգտվել։

Կա՞ն հակաբեղմնավորիչ այնպիսի միջոցներ, որոնք համարվում են առավել արդյունավետ և անվտանգ կնոջ առողջության համար

Բժշկագիտության մեջ երբևիցե չեք կարող 100%-ով խոսել, բայց բարձր են բոլորի տոկոսները՝ 95% և բարձր տոկոս (արդյունավետության տոկոսները, հեղ.

Ասում են՝ ամենաառաջին հղիության ընդհատումն ամենառիսկայինն է, չբերության ռիսկը մեծանում է

Հղիության յուրաքանչյուր ընդհատում ունի իր ռիսկերը, իր կողմնակի ազդեցություններն ու բարդությունները։ Ես շատ եմ ընդհատում առաջին հղիությունը, երբ որ կա մահացած, չզարգացող պտուղ և այլն, բայց այնուամենայնիվ, պետք չի ընդհանտել (եթե բժշկական ցուցումներ չկան, հեղ.)։

Չբերության պատճառ կարո՞ղ են լինել սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, ինֆեկցիաները

Այո՛, միանշանակ։ Հիմնականում դա գոնորեան է, խլամիդիան է։ Ընդհանրապես, սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների մի մասը, ցավում եմ, գանգատներ չեն տալիս. նրանք արդեն «խոսում են» երկար մնալուց հետո, բերում են փոքր կոնքի բորբոքային հիվանդությունների, ախտահարում են արգանդափողերը, հղիությունն արտարգանդային է լինում. այսօր շատ-շատ է արտարգանդային հղիության տոկոսը. բորբոքում է տալիս, արգանդափողը կպած է լինում և պտղաձուն մեջն անցնելուց կանգ է առնում, իմպլանտացվում է արգանդափողում։

Սեռավարակները բերում են չբերությա՞ն, եթե լրջանում են

Սեռավարակները, նաև ամուսնու օրգանիզմում ապրելով, բերում են ամորձիների բորբոքման, սերմի որակի վատացման։ Սեռավարակները երկուսի համար էլ՝ և’ կնոջ, և’ տղամարդու, համարվում են վտանգավոր։

Սեռական կյանքով ապրել սկսելիս ի՞նչ հաճախականությամբ, կամ նախքան ամուսնությունը ամուսինը և կինը ի՞նչ հետազոտություններ պետք է անեն

Առողջապահության նախարարությունը պոլիկլինիկական սեկտորում ամուսնացող զույգի համար տալիս է որոշակի գումար (մոտ մեկ տարվա ծրագիր է, հեղ.), որոշակի ինֆեկցիաների ցանկ, որ ամուսնությունից առաջ ԶԱԳՍ-ի վկայականով զույգերը մոտենում են, ցույց են տալիս և անվճար հետազտովում են։ Բայց վիճակագրական տվյալներն ասում են, որ օգտվողների քանակը շատ-շատ քիչ է։

Կան ախտորոշումներ, որոնք ժամանակակից բժշկության մեջ արդեն չեն դրվում, կամ չեն բուժվում, բայց Հայաստանում բուժվում են, օրինակ՝ ուրեապլազման

Յուրաքանչյուր կոնֆերանսում, որը նիվիրված է փոքր կոնքի բորբոքային հիվանդություններին, անպայման գոնե մեկ զեկույց լինում է՝ բուժել ուրեապլազման։ Ես ընդամենը կասեմ՝ երբ պետք է բուժել ուրեապլազման. կինը պլանավորում է հղիություն, ամենաառաջինը, երբ կինը գանգատ ունի, և ուրիշ հարուցիչ չես հայտնաբերում։

Ուրեապլազման, իհարկե, պայմանական ախտածին է, որն ապրում է մեր մեջ և նրա որոշակի քանակի ավելացումը բերում է գանգատների՝ դիզուրիկ երևույթներ, արտադրություն, ցիստիտ, ուրետրիտ և այլն։ Հիմա ասել՝ չբուժե՞նք ուրեապլազման, իհարկե, դա սխալ է։ Բայց անգանգատ, երբ որ կինը չի պատրաստվում մայրանալու, չի պատրաստվում գնալ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների (ԷԿՈ, հեղ.), չի պատրաստվում ձվաբջջի դոնոր դառնալ և չունի գանգատ, այդ պարագայում չի բուժվում։

Ուրեապլազման մենակ չի (բուժել/չբուժելու առումով, հեղ.), միկոպլազման՝ հոմինիսը, ինչ-որ տեղ՝ գարդներելան, ինչ-որ տեղ՝ սնկերը։ Այսինքն՝ դրանք ապրում են մեր մեջ, եթե գանգատ չեն տալիս, բնականաբար, իրեն հարգող ոչ մի բժիշկ չի բուժում, բայց եթե մարդ գանգատներով, միքս ինֆեկիցաներով (խառը, հեղ.) գալիս է քո մոտ, բնականաբար, բուժում ես։

Իսկ էրոզիա՞ն

Ստուգում ենք, եթե ՊԱՊ թեստը լինում է նորմալ, էրոզիա բուժել, էրոզիա այրել, տամպոններ դնել և այլն, բնականաբար, բժշկությունը վաղուց ցտեսություն է ասել դրան։

ԷԿՈ-ի մասին (արտամարմնային բեղմնավորում հեղ.). ասում են, որ նաև իր վատ կողմն ունի. արթնացնում և ակտիվացնում է օրգանում «վատ», պաթոգեն բջիջները

ԷԿՈ-ն, իհարկե, հեղափոխություն է արել մեր կյանքում, շատ-շատ ենք օգտվում, մեր երկիրը՝ առավել շատ, որովհետև պացիենտները շատ արագ են ուզում ելքեր ունենալ։ Արտամարմնային բեղմնավորումից (ԱՄԲ) առաջ յուրաքանչյուր պացիենտի տրվում է, թե ինչ բարդություններով է լեցուն այդ պրոցեդուրան։ Բազմաթիվ են այն դեպքերը, երբ ԱՄԲ երկրորդ տեղադրումից առաջ էլեմենտար հետազոտություններն արդեն ցույց են տալիս կրծքագեղձի քաղցկեղ և այլն։ ԱՄԲ-ից առաջ պացիենտը պարտադիր համաձայնագիր է ստորագրում և գիտի, թե ինչ բարդություններ կարող է լինել իր հետ։ Գեր քանակի հորմոններ է կինը ստանում, անհնար է աշխատել առանց հորմոնների, դրանք էլ իրենց հերթին բերում են այդ բարդությունների։

Կեսարյան հատումները. նշում եք, որ ամեն երրորդ կին ցանկանում է կեսարյան անել, ինչը ողջունելի չէ

Ահագնացող թվերով աճում են կեսարյան հատումները։ Դրանց քանակի աճը բժշկագիտորեն ունի իր ապացույցները. սարսափելի բարձրացել է վերարտադրողական տարիքը, օժանդակ տեխնոլոգիաները սկսել են հղիացնել այն կանանց, որոնք երբևիցէ չէին կարող երեխա ունենալ, և եթե ասենք՝ 20-30 տարի առաջ սրտի արատով կինը չէր կարող հղիանալ, հիմա նա էլ է հղիանում, շաքարախտներ ունեցողներն էլ են հղիանում, այսինքն՝ ուղեցկող հիվանդություններով կանայք հղիանում են, և հիմնականում դրանք չեն հասնում վերջ, վաղաժամ են ծննդաբերում, և երեխայի համար ավելի շատ է ցուցված կեսարյան հատման միջոցը։

Այնուամենայնիվ, աշխարհը գտնում է, որ 15%-ից ավելի կեսարյան հատում պետք է չլինի, բայց մեր երկրում արդեն 40%-ին մոտիկ է։

Կեսարյան հատումը ծանր տրավմա է, դա բարդություն է, որն ունի իր հետագա լուրջ հետևանքները։ Տվյալ պարագայում դա էժան լավություն է. կարճ ցավ չեն զգում, բայց հետո այդ սպին ամբողջ կյանքը տանում են։ Ու արգանդի հետ կապված խնդիրներն ավելի ու ավելի են իրենց սպառնում. այդ որովայնը, որը հատում են, հաջորդ վիրահատությունների ժամանակ հանդիպելու է կպումային հիվանդության և այլն։

Կյանքի ընթացքի փոփոխության հետևանքն է նաև, որ երբեմն հղին ալարում է սպասել, որ իր ցավերը սկսեն։

Ես՝ անձամբ, կնոջ ցանկությամբ կեսարյան չեմ անում, և եթե իմ պես մտածեն Հայաստանի բոլոր գինեկոլոգները, ապա գոնե մի քանի տոկոս այդ կեսարյան հատումների քանակը կիջնի։ Մենք՝ բժիշկներս՝ մանկաբարձ-գինեկոլոգներս, մեր կանանց թույլ չենք տալիս կեսարյան վիրահատություն անել։

Կա՞ն հստակ ցուցումներ, որ միայն այդ դեպքերում է արվում կեսարյան

Կեսարյաններն ունեն երկու ձևի ցուցումներ՝ հարաբերական և բացարձակ։ Բացարձակն այն է, որ եթե չանես, մայրը կամ երեխան կմահանան։ Հարաբերական ցուցումներն են, երբ փոքրիկ կոնսիլիում է հավաքվում և պտղի շահից ելնելով են անում։ Օրինակ, երեխան 950 գրամ է, պետք է նրան կեսարյան հատումով հանես, տաս, նեոնատոլոգներին, որպեսզի նրանք աճեցնեն, խնամեն և երեխային ապրեցնեն։

Շատ-շատ ստանում ենք ցուցումներ կողմնակի մասնագետների կողմից. ակնաբույժը գրում է՝ ցանցաթաղանթը լարված է, պետք է տանեք կեսարյան հատման, կամ, օրթոպեդը գրում է՝ կոնքոսկրերը հեռացել են, սրտաբանը գրում է՝ սրտի հետ կապված խնդիր կա և այլն։ Բայց ես խորհուրդ եմ տալիս՝ ինչքան հնարավոր է, պետք է գնալ բնական ծննդաբերության։

Բնականը ևս ռիսկեր ունի, բայց դրանք ավելի թեթև ու շտկելի են։

Ընթերցողները շատ են հարցնում նաև տնային պայմաններում ծննդաբերություն առաջացնելու կամ հղիությունն ընդհատելու դեղերի մասին

Կատեգորիկ չի կարելի օգտագործել ծննդաբերություն առաջացնող դեղ տնային պայմաններում, ոչ մի տեղ դա ընդունված չէ։ Ծննդաբերությունը պետք է վարել միայն ստացիոնար պայմաններում։ Սա լուրջ ստրատեգիկ սխալ քայլ է։

Իսկ հղիության ընդհատման մասին ընդհանրապես պետք է չխոսել, ուր մնաց՝ տան պայմաններում։

Ինչպե՞ս պատրաստվել գինեկոլոգի մոտ այցին

Ամենաառաջինը՝ պետք է չվախենալ և լողանալ. ոչ մի գինեկոլոգի հաճելի չէ սխալ հիգիենան։ Ընդհանրապես, կնոջ համակարգը բաց է, նա հաղորդակցվում է արտաքին աշխարհի հետ, արյուն է տալիս դաշտանի օրերին, և բորբոքային պրոցեսները հիմնականում ավելի շատ են կանանց մոտ։ Նույն հարուցիչը տղամարդկանց մոտ կարող է կլինիկական որևէ սիմտոմատիկա չտալ, իսկ կնոջ մոտ տալ։

Գինեկոլոգի մոտ գնալուց առաջ անհրաժեշտ է գիտակցել, որ ներլվացումներ չի կարելի անել, որովհետև քսուքսներ են վերցվում հարուցիչ իդենտիֆիկացնելու համար։ Նաև պետք չի կոմպլեքսավորվել, պետք չի ոչ բան թաքցնել, պետք է բաց լինել, խոսել, խորհրդակցել, ընկերանալ այդ բժշկի հետ։ 

 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter