HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Մաշկաբան-վեներոլոգ․ «Սեռավարակ բուժելը լուրջ խնդիր չէ, դժվար է հիվանդ-բժիշկ հանդիպում կազմակերպելը»

Հայաստանում տարեկան արձանագրվում է սեռավարակների, այդ թվում նաև՝ սնկային հիվանդությունների մոտ 50 000 դեպք։ Ժամանակին և ճիշտ բուժման դեպքում դրանց թիվը կարելի է նվազեցնել։

«Հետք»-ն ուսումնասիրում է վերարտադրողական առողջության թեման։ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»-ի մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանի հետ խոսել ենք հաճախ հանդիպող սեռավարակների, դրանց բուժման և կանխարգելման եղանակների, ինչպես նաև՝ սեռական մշակույթի բացակայության և զուգընկերների փոխադարձ պատասխանատվության մասին։

 

Հայաստանում առավել տարածված սեռավարակները որո՞նք են:

Տարբեր տարիքային խմբերում, տարբեր սեռերի մոտ դրանց տարածվածությունը մի փոքր կտարբերվի, բայց եթե ընդհանուր առմամբ նայենք, ամենատարածված սեռավարակը տրիխոմոնազն է, երկրորդ տեղում է խլամիդիան, գոնորեան և, իհարկե, չպետք է մոռանալ վիրուսային սեռավարակները: Եթե մարդ մեկ անգամ վարակվեց, (վիրուսային սեռավարակով, հեղ) նա ամբողջ կյանքում մնում է հիվանդ։

Այսինքն, եթե մարդն այս տարի վարակվեց խլամիդիոզով, լավացավ, մյուս տարի նա թիվ չի կազմում, իսկ վիրուսայինները տարին տարվա վրա կուտակվում են: Եթե ռեալ կարողանայինք վիրուսային սեռավարակները ստուգել, մենք, կարող է, շշմեինք տվյալներից:

Սեռավարակների մի մասը կարող են վերարտադրողական առողջության խնդիրներ առաջացնել։ Կնշե՞ք՝ հատկապես որոնք ու ինչ դեպքերում, ասենք՝ անտեղյակության, չբուժելու կամ խրոնիկական դառնալու ժամանակ։

Խլամիդիոզը, գոնորեան և մի շարք այլ սեռավարակներ ազդում են վերարտադրողական առողջության վրա և բերում են թե՛ արական, թե՛ իգական չբերության զարգացման։ Պատճառը ժամանակին չբուժելն է, ինքնաբուժությունն է, սխալ մոտեցումները՝ թե՛ հիվանդների, թե´ բժիշկների կողմից։

Իսկ հղիության ընթացքի վրա ո՞ր սեռավարակները կարող են առավել բացասական ազդեցություն ունենալ:

Հղիության վրա կարող է ազդեցություն ունենալ տրիխոմոնազը, շատ է ազդում գոնորեան, չափազանց շատ ազդում է խլամիդիան, հատկապես՝ ժամանակին չբուժված, հին խլամիդիոզի դեպքում։

Խլամիդիոզի դեպքեր ենք ունենում, երբ հիվանդը ոչ մի գանգատ չունի, իսկ եթե գանգատ չկա, բժշկի չի գնալու: Եթե չգնաց, ինֆեկցիան մնում է և իր գործն անում է:

Նաև կա բժիշկին դիմելու բարդույթ: 

Փոքր հասարակություններում այդ խնդիրը միշտ էլ եղել է. Վանաձորի հիվանդները գնում են Իջևան, Իջևանից գալիս են Վանաձոր, Ալավերդուց՝ Վանաձոր, Շիրակից՝ Գյումրի, մոտիկ մարզերն էլ գալիս են Երևան: Սա, իհարկե, շատ լուրջ խնդիր է: Պետք է պացիենտը իմանա, որ բժշկական գաղտնիքը շատ լուրջ է: Ես ձեզ կարող եմ դեպք պատմել, բայց ոչ մի դեպքում չեմ բացահայտի պացիենտի անուններ կամ այնպիսի տվյալ, որը ձեզ կօգնի կողմնորոշվել, թե ում մասին է խոսքը: Սա պետք է հասկացնել պացիենտին:

2005թ-ին ծրագիր արեցինք երեք մարզում՝ Տավուշի, Արմավիրի և Լոռու: Իջևան քաղաքում շատ հետաքրքիր բան էր. դուռ էր, մտնում էիր, եթե դու ձախ գնացիր, ուրեմն դու բարոյական կին ես, եկել ես գինեկոլոգի մոտ հղիության համար, եթե դու այդ դռնից աջ գնացիր, վարակաբանի մոտ՝ ուրեմն վերջ, խաչ քաշի ամեն ինչիդ վրա:

Ալավերդիում բժիշկներն ասում էին, որ վերջին տարիներին սիֆիլիսի որևէ դեպք չի գրանցվել, իսկ Վանաձորից  հայտնում էին, որ «սիֆիլիսի ախտորոշման համար լաբորատոր պայմաններ առկա չեն»։ Ի՞նչ իրավիճակ է Երևանում։ Վերջին շրջանում գրանցվե՞լ են սիֆիլիսի դեպքեր։

Սիֆիլիսը գնալով ավելի քիչ է գրանցվում՝ երկու պատճառով։ Առաջին՝ սիֆիլիսի դեմ շատ ակտիվ պայքարելուց հետո, դեպքերը իրոք նվազում են, և այն շատ հաճախ չի դրսևորվում, այդ իսկ պատճառով դրա մասին իմանում ենք պատահական հետազոտությունների ժամանակ։ Երևանում այդ հետազոտությունները հասանելի են, բոլոր պոլիկլինիկաներում արվում են, բայց, ինչքանով տեղյակ եմ, մարզերում նույնպես դա արվում է, օրինակ, ցանկացած հղի կին առնվազն երկու անգամ ստուգվում է։

Ավելի շատ ձեզ դիմում են կանա՞յք, թե՞ տղամարդիկ:

Սեռավարակաբաններին ավելի շատ տղամարդիկ են դիմում, բայց քիչ չեն նաև կանայք, մեծ մասը երիտասարդներ են՝ 20-30 տարեկան։ Տղամարդիկ սեռավարակներից ավելի վախեցած են, ավելի շատ ուշադրություն են դարձնում: Կինը միշտ վանում է իր մոտ սեռավարակ լինելու փաստը, որովհետև չկա այնպիսի հիվանդություն, որ մարդու բարոյական կեցվածքի վրա ազդեցություն ունի: Օրինակ, սրտամկանի ինֆարկտի դեպքում չեն կարող ասել՝ այս մարդը վատ մարդ է: Բայց սեռավարակի դեպքում միանգամից մեծ կնիք են դնում՝ ԱՄՈԹ գրած: Այդ խնդիրը կա, փորձում ենք հաղթահարել, բայց շատ դժվար է ստացվում, հատկապես՝ մարզերում չափազանց մեծ պրոբլեմ է: Ես դեպք գիտեմ, երբ կինն ինքնասպանության փորձ է արել, որովհետև իր մոտ կար գոնորեա, ու ինքը չէր կարողանում գնալ բժշկի:

Ընդ որում, լինելով գիտակից կին, նա շատ լավ հասկանում էր, որ ինքն ամուսնուց է վարակվել, բայց չէր կարողանում գնալ, որովհետև եթե գնար բժշկի, կիմանային, իսկ դա լուրջ խնդիր էր:

Սեռական ինֆեկցիաների դեպքում տղամարդը կարո՞ղ է լինել ուղղակի կրող, բայց չունենալ որևէ հիվանդություն, միայն փոխանցել:

ՉԷ: Սեռավարակների դեպքում այդ կրելիության հարցի մասին միայն հեպատիտ Բ և Ց-ի ժամանակ ենք խոսում, այսինքն՝ կրելիությունն ի՞նչ է․ վարակը կար օրգանիզմում, բայց այն ոչ մի օրգան չի վնասել: Նույն խլամիդիոզի կամ գոնորեայի ժամանակ այդպիսի բաներից չենք խոսում: Դրանք կարող են բորբոքում առաջացրած չլինել, բայց եթե հարուցիչը մեր օրգանիզմում կա, ուրեմն կրելիություն չկա․ մարդն արդեն հիվանդ է:

Հիվանդության ո՞ր փուլում են ձեզ դիմում: Ուրոլոգներից մեկն, օրինակ, ասում էր, որ տղամարդիկ չեն դիմում այնքան ժամանակ, մինչև հարցը չի վերաբերում իրենց սեռական կարողության (պոտենցիա) խանգարմանը:

Չէ՛: Բոլոր տղամարդկանց կարելի է երկու մասի բաժանել, ընդ որում՝ մոտավորապես հավասար: Մի մասը ուշադիր չէ, մյուսը՝ չափազանց ուշադիր է, օրինակ, հիվանդներ ունեմ, ովքեր միշտ տարվա սկիզբ գալիս են պրոֆիլակտիկ ստուգման՝ անկախ գանգատից: Կամ կան հիվանդներ, որ, ասենք, իրենք այսօր ունենում են սեռական հարաբերություն, գիշերը կարող են զանգել և առավոտյան գալ:

Ե՞րբ պետք է հետազոտվել: 

Պետք է հետազոտվել այն ժամանակ, երբ տեղի է ունեցել անպաշտպան սեռական հարաբերություն: Բայց երբ հաջորդ օրը ստուգվի, աշխարհի լավագույն տեստերն էլ  օգտագործվեն, ոչ մի ինֆեկցիա չես գտնի. տարբեր ինֆեկցիաների ժամանակ տարբեր ժամկետներ կան հետազոտման, և սովորաբար մոտ մեկ ամիս կամ 3-4 շաբաթ պետք է անցած լինի հարաբերությունից, որ հետազոտենք, իսկ ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի դեպքում ժամկետն ավելի է մեծանում:

Բժիշկներից ասում են, որ ճիշտ բուժման դեպքում սեռավարակները չեն կարող կրկնվել: Այդպե՞ս է։

Ոչ վիրուսային սեռավարակները կրկնվում են միմիայն նորից վարակվելու դեպքում: Եթե նորից վարակում չի եղել, և եղել է ադեկվատ բուժում, պահպանվել են բոլոր կանոնները, ապա կրկնման մասին խոսք չի գնում: Հայաստանում կա մի գիրք, որ կոչվում է «Սեռավարակների վարման ուղեցույց», այնտեղ նշված է Հայաստանում տարածված բոլոր սեռավարակների վարման սկզբունքները, որի մեջ մտնում են և՛ ախտորոշման, և՛ բուժման հարցերը, նույնիսկ այն, թե զուգընկերոջը պետք է ստուգել, թե պետք չի, պետք է գտնել, թե ինքն ումից է վարակվել կամ ում է հասցրել վարակել․ սեռավարակը երբեք մեկ հոգու հիվանդություն չի, այն առնվազն 2, եթե ոչ ավելի մարդու հիվանդություն է:

Եթե այս ճիշտ մոտեցումները մենք կիրառում ենք, մենք խլամիդիոզի թիվն էլ ենք նվազեցնում, մենք տրիխոմոնազի, գոնորեայի թիվն էլ ենք նվազեցնում, բայց, լինելով շատ տարածված և ունենալով բավականին բարձր վարակելիություն, իրենք շատ «հավեսով» տարածվում են, լավ «քայլերթ ունեն», այսպես ասած:

Պետք է ասեմ նաև ուրեապլազմայի մասին: Իհարկե, սրա մասին մենք հաճախ խոսում ենք՝ որպես սեռավարակ և միշտ քննարկում ենք ուրեապլազմայի՝ սեռական ճանապարհով փոխանցվելու հարցը, բայց մասնագիտական գրականության մեջ դեռ հստակ որոշված չի՝ այն սեռավարակ է, թե ոչ. վարակ է, որ կարող է լինել տղամարդու մոտ, հեչ պարտադիր չի, որ նա ձեռք բերած լինի այն սեռական ճանապարհով, հեչ պարտադիր չի, որ այդ վարակը ինքը փոխանցի մեկ ուրիշին, բայց, ցավոք սրտի, բժիշկների մոտեցումը շատ տարբեր է. մի մասը բոլոր խնդիրները բացատրում է ուրեապլազմայով, մի մասը՝ ուշադրություն չի դարձնում դրա վրա:

Սեռավարակ բուժելը դժվա՞ր է:

Իրականում սեռավարակ բուժելը լուրջ խնդիր չի: Շատ դժվար է հիվանդ-բժիշկ հանդիպում կազմակերպելը: Այսինքն՝ դու պետք է այնքան վստահելի մարդ լինես, որ հիվանդը քեզ դիմի և նաև հասանելի լինես՝ քո աշխատանքային վայրով, ֆինանսական հարցերով, միգուցե՝ ազնվությամբ: Խնդիրը դա է, թե չէ հիվանդին ոնց կբուժես, ինչ կանես, դա հեշտ լուծված է։ Անկեղծ եմ ասում, երևի չկա բժշկության մեջ այնպիսի բնագավառ, որ այդքան հստակ լինի: Գրած է՝ մինչև երկու ամիսն է խնդիրը, ուրեմն այս դեղն ես տալիս, երկու ամսից ավելի է, ուրեմն այս դեղն ես տալիս: Վերջ: Ստեղծագործելու բան չկա։

Բժշիկների մի մասը սա ընդունում և գործածում է, բայց մի մասն էլ համարում է, որ բժշկությունն արվեստ է ու անպայման պետք է ստեղծագործել, իմպրովիզներ անել: Ցավոք, այդպես ավելի շատ անհաջող նկարիչներ են ստացվում, քան՝ պիկասոներ և դալիներ:

Եթե մենք սեռավարակներին մոտենում ենք գիտության տեսանկյունից, իրենք շատ պարզ բաներ են: Բայց երբ որ մոտենում ենք պրակտիկ աշխատանքին, այնքան բաներ կան: Ես հիվանդ եմ ունեցել, որ ինքը բուժման կարիք չուներ, առողջ էր, բայց ես նրան չկարողացա համոզել:

Մարզերում բժիշկները շատ են նշում գիտելիքի պակասի, սեռական մշակույթի բացակայության մասին:

Կա նման բան: Եվ կա թերի տեղեկացվածություն, երբ որ ամուսինը բուժվում է, կինը չի բուժվում և նորից վարակված գալիս է։ Կա ինքնաբուժության խնդիրը։ Համարվում է, որ այդ տարբերակին դիմում է այն մարդը, ով ավելի տեղեկացված է այդ հարցում: Սա էլ է սխալ: Համացանցը տալիս է լավ հնարավորություններ տարբեր հիվանդությունների բուժման համար: Հա, խնդիր չկա, եթե դու ուշադիր վերլուծես համացանցը, վստահ ենք, կգտնես ճիշտ մոտեցում, բայց դրա համար պետք է նաև մի փոքր բժշկական գիտելիքներ ունենալ: Ավելի հեշտ է գնալ բժշկի մոտ: Ուրիշ բան, որ որոշ բժիշկներ սեռավարակների բուժումը դարձնում են պատմություն, դրա համար պացիենտների մի մասը խուսափում է բժշկի գնալուց՝ մտածելով, որ սեռավարակը թանկ բուժում է:

Լաբորատոր անալիզները թանկ են

Ոչ միայն անալիզները, նաև բուժումն է թանկ, դեղորայքը մատչելի չէ: Այսպիսի մի արտահայտություն կա, ասում ենք՝ եթե դու այսքան գումար ես ծախսել վարակվելու համար, գոնե այդքան էլ ծախսի բուժվելու համար:

Բայց մի մասը գումար չի ծախսում դրա համար

Ծախսում են, ոնց չէ, չնայած ազատ փոխհարաբերությունները գնալով ավելի շատանում են, սեռական հարաբերությունների քանակը, միանշանակ, ավելանում է, և այդ տաբուն վերանում է:

Բժշկական տեսանկյունից կարող եմ ասել, որ ինչքան մարդ շուտ է ունենում սեռական հարաբերություն, այնքան ավելի քիչ գիտելիքներ է ունենում և ավելի քիչ է պատրաստ լինում սեռական հարաբերությանը: Արդյունքում՝ վտանգի հավանականությունն ավելի բարձր է լինում:

Իհարկե, որևէ հստակ տարիք չկա, բայց մի բան հաստատ է, որ մարդ պետք է շատ լավ ճանաչի իր մարմինը, ճիշտ հետևի հիգիենային, պատրաստ լինի սեռական հարաբերությանը։ Ուղեղն էլ պետք է պատրաստ լինի և՛ սեռական հարաբերությանը, և՛ այն պատասխանատվությանը, որն ինքը վերցնում է, որովհետև, կրկնում եմ, դա մի հոգու հարց չէ։

Ունենալով x մարդու հետ հարաբերություն՝ դու պետք է առնվազն իր առողջության մասին պատասխանատվությունը քո վրա վերցնես: Քանի որ սովորաբար տղամարդն է պատասխանատվության կրողը, նույն՝ թեկուզ պահպանակի օգտագործմամբ: Ցավոք սրտի, մեր տղամարդկանց մի մասը այդ պատասխանատվությունից խուսափում է:

Գալիս են նոր սեռական կյանք մտնող մարդիկ՝ 25-30 տարեկան, ու իրենց մոտ արդեն սեռավարկ կա, և բուժելուց բացի՝ նաև պետք է մի երկու բառ ասել, որ մեր հաջորդ հանդիպումը չլինի: Բայց օրինակ, ես գիտեմ բժիշկների, ովքեր կանխարգելման մասին հատուկ չեն ասում․ ասում են՝ դե, թող նորից վարակվի, գա, էլի փող աշխատենք: Դա էլ կա:

Նաև կա գաղտնիությունը պահելու հարցը

Ես ավելի լավ է սխալ բուժեմ հիվանդին, քան իր մասին տեղեկություններն ինչ-որ ձևով հրապարակեմ: Որովհետև սա արդեն քրեական պատասխանատվություն է, բայց պացիենտը դա մի քիչ դժվար է ընկալում: Քիչ չեն եղել դեպքեր, երբ դռան դիմաց ծանոթները սպասելիս են եղել, հետո եկել են, երկուսն էլ ուրիշ գանգատներ են ներկայացրել, հաջորդ օրը նոր եկել, խոսել են իրենց սեռավարակի մասին:

Ամփոփելով՝ պետք է դիմել բժշկի, եթե․․․

Եթե եղել է անպաշտպան սեռական հարաբերություն՝ անկախ գանգատից․ սեռավարակները գնալով ավելի հաճախ են առանց գանգատ լինում: Անկախ ինչ-որ փոփոխություններից՝ պետք է հետազոտվել: Նույնիսկ անկախ նրանից՝ դուք ճանաչում եք զուգընկերոջը, թե ոչ: 

Նաև երեք կարևոր կետ կա, որը մենք պետք է իմանանք:

Առաջինը կոչվում է ժուժկալություն: Խոսքը չի գնում սեռական հարաբերությունից հրաժարվելու մասին: Խոսքը գնում է վտանգավոր, կասկածելի և այն հարաբերության մասին, որի ժամանակ դու չունես պաշտպանվելու հնարավորություն։ Չափազանց դժվար բան է սա: Բայց եթե կարողանում ես դրանից հրաժարվել, նշանակում է՝ մի ռիսկ դու քեզ մոտ քչացրեցիր: Ցավոք սրտի, քիչ է աշխատում:

Երկրորդը հավատարմության գաղափարն է. ամեն A մարդը ունի B զուգընկեր: Օդից չի կարող սեռավարակ կպնել: Բայց սա էլ լավ չի աշխատում:

Միակ տարբերակը պահպանակն է մնում: Դրա օգտագործումից պետք չէ խուսափել: Մարդկությունը դեռ չի հորինել սեռավարակներից պաշտպանվելու ավելի լավ տարբերակ։

Բացի այդ, արդեն մի 15 տարի է խոսում ենք նաև ամուսնությունից առաջ հետազոտվելու մասին: Անգամ հիշում եմ՝ ինչ-որ քննարկում-խորհրդակցություն է եղել ու ասել են՝ բա չեք ամաչում՝ «սուրբ հայկական ընտանիքը սկսի վեներոլոգիական կենտրոնից»: Չէ՛, մենք չենք ուզում մեր կենտրոնից սկսի, բայց մենք ուզում ենք, որ այս «սուրբ հայկական ընտանիքը չունենա վարակ»։

Բայց, օրինակ, ինձ մոտ շատ է այն մարդկանց թիվը, ովքեր ամուսնությունից առաջ գալիս են հետազոտվելու:

Պարզ է՝ տղամարդն է գալիս հետազոտության, դա իհարկե տղամարդու լրջության մասին է խոսում: Պատասխանատվության զգացումը ոչ բոլորի մոտ կա: Տղամարդիկ թող ինձանից չնեղանան, բայց մենք շատ «թաթալաբազ» ենք այդ հարցերում. չափից ավելի վստահ և անուշադիր կարող ենք լինել։

Սեռական հարաբերություն ունենալու որոշումը տղամարդն է կայացնում, ու ինքը ո՞նց կարող է սխալված լինել: Ինքը որոշում է կայացրել սեռական հարաբերություն ունենալ այն կնոջ հետ, ով ոչ մի խնդիր չունի: Ո՞նց կարող է ինքը սխալված լինի ու դրանից հետո գնա ստուգվելու: Սա նստած է մեր մեջ:

Իսկ ինչպե՞ս պետք է լուծվի այդ հարցը: Դժվար է պատկերացնել, որ մոտ ապագայում դպրոցներում կլինի սեռական մշակույթին վերաբերող որևէ առարկա:

Ես էլ չեմ պատկերացնում՝ ոնց է հնարավոր: Տունը՝ բացառվում է: Մենք էլ չենք կարող մեր երեխաներին սովորեցնել, հետևաբար՝ իրենք էլ իրենց երեխաներին չեն կարողանալու: Չափազանց դժվար հարց է: Հիվանդի հետ է դժվար խոսելը, ուր մնաց՝ երեխայի:

Այսինքն՝ միակ հասանելի աղբյուրը նորից մնում է համացանցը:

Համացանցն ամենահեշտ տարբերակն է: Համացանցը կարևոր է, բայց դա էլ է վատ:

Նաև բարդույթներից ազատվե՞լը

Միանշանակ, իհարկե, պետք է ազատվել։

 

Մեկնաբանություններ (1)

Ani
Բարև ձեզ կինը տղամարդուց է վարակվում ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter