
Դատավոր Նախշուն Տավարացյանի լիազրությունները դադարել են տարիքը լրանալու պատճառով
Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարել են՝ տարիքը լրանալու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից:
«Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի 65 տարին 2022 թվականի մայիսի 23-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2022 թվականի մայիսի 23-ից Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Գևորգի Տավարացյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ:
Նշենք, որ Նախշուն Տավարացյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական դատարանի դատավոր է 2015 թվականից:
1985 թվականից մինչև 1996 թվականը Տավարացյանն աշխատել է փաստաբան, եղել է ՀՀ փաստաբանների միության կոլեգիայի անդամ։
1996 թվականից մինչև 1999 թվականն եղել է Կոտայքի շրջանի Ժողդատարանի դատավոր։
1999 թվականից մինչև 2002 թվականն եղել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։
2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2015 թվականը աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Տավարցյանը տարիների ընթացքում մամուլի և հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվել Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ:
Հիշեցնենք, ԲԴԽ մի քանի անդամ դժգոհություն էին հայտնել այն կապակցությամբ, որ Տավարացյանը, ԲԴԽ անդամ ընտրվելով՝ չի ներկայացել նիստերին: Տավարացյանն էլ պնդում էր, որ իրեն չեն ծանուցել ԲԴԽ նիստերի մասին:
ԲԴԽ-ում Տավարացյանի լիազրությունները դադարեցնելու գործընթաց էր սկսվել, ապա խորհուրդը որոշել էր, որ դատավոր անդամ լիազորությունները չեն դադարեցվի: Խորհրդի այս որոշումից հետո, սակայն, Տավարացյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ու նշել, որ դա պայմանավորված է «ԲԴԽ-ի` որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի դերակատարությունն ու Խորհրդի կողմից կայացվելիք որոշումների հեղինակությունը որեւէ ողջամիտ կամ մտացածին ենթադրություններով ստվերելու անթույլատրելիությամբ»:
Մեկնաբանել