HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել գլխավոր դատախազին: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Բախշիյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը:

Բախշիյանն ի սկզբանե մեղադրվում էր իր վարույթում գտնված գործերից մեկով մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, այսինքն՝ Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով, սակայն նախաքննության ավարտին մեղադրանքը վերաորակվել է ավելի մեղմի՝ ակնհայտ ապօրինի կալանավորելը, այսինքն՝ Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ մասի:

Ըստ մեղադրանքի՝ Բախշիյանն ակնհայտ ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված, նույն  գործով մեղադրյալ Նվեր Մկրտչյանին: Բախշիյանին Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք առաջադրելիս վարույթն իրականացնող մարմինը պնդում էր, որ Մկրտչյանին կալանավորելուց հետո վերջինիս նկատմամբ կալանավայրում ճնշում է գործադրվել Փարամազյանի դեմ տված ցուցմունքից հրաժարվելու համար: Հենց այս հանգամանքն էր դիտարկվում որպես անզգույշ ծանր հետևանք: Լրագրողները գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանից փորձել էին պարզել, թե կալանավայրում Նվեր Մկրտչյանի նկատմամբ ենթադրյալ ճնշում գործադրելու հանգամանքն ինչո՞ւ է դիտարկվում որպես նրան կալանավորելու վերաբերյալ Բորիս Բախշիյանի արարքի անզգույշ ծանր  հետևանք, ինչին Գևորգ Բաղդասարյանը չի պատասխանել՝ պատճառաբանդելով, թե լրագրողների հետ մեղքի հարց չի քննարկում:

«Այդտեղ հանգամանքներ կան, որոնք պետք է պարզվեն: Մի կարևոր բան. մենք ձեր նշած հանգամանքների մասին խոսում ենք հիմնավոր կասկածի մակարդակում, դուք հարցադրումներ եք անում, թե արդյոք ապացուցված է, որ այդ հանգամանքները կապ ունեն իրար հետ: Հենց որ ապացուցվի, շատ ուրիշ մեղադրանքներ էլ կլինեն՝ այլ հետևանքներով»,- ասել է Գևորգ Բաղդասարյանը:

Ամիսներ անց, սակայն, ինչպես տեսնում ենք, այլ մեղադրանքներ՝ այլ հետևանքներով, առկա չեն, ավելին՝ Բախշիյանի արարքը վերաորակվել է ավելի մեղմի:

Նշենք, որ Բախշիյանն այս պահին ազատության մեջ է, ազատ է արձակվել 3 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո՝ մայիսի 7-ին: Դատավորի գործով նախաքննության ավարտ հայտարարելուց հետո պաշտպանական կողմին նյութերին ծանոթանալու և միջնորդություններ ներկայացնելու հնարավորություն է տրվել, և հենց այս փուլում է ներկայացվել Բախշիյանի նկատմամբ քրեական  հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:

Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանը «Հետք»-ի հետ զրույցում անդրադառնալով գործի նյութերին՝ ասաց, որ դրանցում առկա չէ որևէ տվյալ, որը, թեկուզ և հիմնավոր կասկածի մակարդակում կարող էր փաստել այն մասին, որ Նվեր Մկրտչյանի նկատմամբ կալանավայրում ենթադրյալ ճնշում գործադրելու հանգամանքը որևէ կերպ առնչվում է դատավոր  Բախշիյանի կողմից Մկրտչյանին կալանավորելու որոշմանը: Ավելին, ըստ Սարդարյանի՝  ըստ ամենայնի, Մկրտչյանի նկատմամբ առհասարակ որևէ ճնշում չի գործադրվել. նման պնդում անում է նաև հենց ինքը՝ Մկրտչյանը:

Գործում առկա է օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված ձայնագրություն, որում քրեակատարողական հիմնարկի երկու կալանավոր խոսում են իրար հետ, նրանցից մեկը մյուսին ասում է, որ «Նվեր անունով մեկն է եկել, հետո կասեմ»: Սարդարյանը նկատում է, որ մինչև այժմ այդ անձանց գործողություներին քրեաիրավական գնահատական չի տրվել, ինչն, ըստ պաշտպանի, վկայում է այն մասին, որ վարույթն իրականացնող մարմինը տվյալ չունի, որ Նվեր Մկրտչյանի նկատմամբ ճնշում է իրականացվել:

«Իմ գնահատմամբ՝ դա ուղղակի հարմար պատրվակ էր, որպեսզի ֆոն ստեղծվի դատավորին սևացնելու և ակնհայտ օրինական, բայց իշխանություններին ոչ  հաճո դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար: Նշենք, որ այն ժամանակ, երբ Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, վերջինիս վարույթում էին ոչ միայն Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի, այլև Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանի, Իրինա Յոլյանի, «Աշոտ Երկաթ» անունով հայտնի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վերաբերյալ քրեական գործերը:

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը բուռն քննադատության պատճառ է դարձել ոչ միայն իրավական, այլև քաղաքական-հասարակական շրջանակներում: Դատավորի կալանքի միջնորդության քննության օրերին նրան իրենց աջակցությունն են հայտնել այդ ժամանակ Սյունիքում պաշտոնավարող բոլոր դատավորները: Կալանքի միջնորդության քննության ժամանակ դատարանի դիմաց հավաքվում էին դատավորներ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից, քաղաքական, հասարակական գործիչներ, փաստաբաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter