
Փոխոստիկանապետի պարզաբանումը` ոստիկանների ստացած 2,5 միլիարդ դրամ պարգևատրման մասին
Ոստիկանության ծառայողների մայիս ամսվա պարգևատրման գումարը կազմել է շուրջ 2,5 միլիարդ դրամ: Պարգևատրվել են ոստիկանության բոլոր ծառայողները:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը: Փոխոստիկանապետը սակայն չհամաձայնեց, որ ոստիկանները պարգևատրվել են ցույցերի ժամանակ գործադրած ջանքերի համար:
«Ոստիկանության ծառայողները օրենքի սահմանված կարգով պարգևատրում են ստանում: Տարիներ են եղել մեկ տարվա մեջ ամբողջական դրույքաչափով երեք անգամ պարգևատրում է եղել: 2018-ին ոստիկանությունը երեք անգամ պարգևատրվել է, երկու անգամ` ապրիլ ամսին, մեկ անգամ հեղափոխությունից հետո: Պարգևատրումներ եղել են և' 2019, և' 2020, և' 2021 թվականների ընթացքում»,- ասաց Մովսիսյանը:
Փոխոստիկանապետի խոսքով` սա գործընթաց է, որը ոստիկանությունում օրենքին համապատասխան իրականացվում է: Բոլոր պարգևավճարների և հավելավճարների հետ միասին ոստիկանի միջին աշխատավարձը 215 հազար դրամ է:
Հարցին, թե ինչու են երևանյան ցույցերի համար նաև մարզերից ոստիկաններ ներգրավվում, փոխոստիկանապետն ասաց` ոստիկանությունն իր ծառայությունն ուժեղացված ռեժիմով է կատարում` հասարակական կարգը և անվտանգությունն ապահովելու համար:
«Քանի որ տեղի են ունենում ցույցեր, հավաքներ, հասարակական կարգն ապահովելու համար կարող են գործուղվել նաև մարզերից ներկայացուցիչներ»,-ասաց նա:
Ընդդիմության ցույցերի ժամանակ ոստիկանների գործողությունների առնչությամբ 50 ծառայողական քննություն է ընթանում, հարուցված է 10 քրեական գործ: Ըստ Մովսիսյանի` ոստիկանները համաչափ ուժ են կիրառում հասարակական կարգի կոպիտ խախտումների դեպքում:
Մեկնաբանել