HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միշտ ինձ ասում էր, որ կյանքն էլ ա պայքար, եթե անգամ մեզնից մեկը կյանքի մարտում ընկնի, մյուսը թող խոսք տա, որ մինչեւ վերջ գնալու է եւ չի հանձնվելու»

Մայիսի 28-ի գիշերը Մարիամ Հակոբյանը, մի փունջ կարմիր վարդեր գնած, բարձրացել է Եռաբլուր՝ ամուսնու՝ Լեւոնի մոտ։ Սովորաբար միշտ Լեւոնն էր նրան կարմիր վարդեր նվիրում։ Այնտեղ է գնացել Լեւոնի մարտական ընկերոջ կնոջ հետ։ Հիմա երկու խաղաղապահ ընկերներով Եռաբլուրում են։ Կեսգիշերին, երբ Եռաբլուրում էին, երկնքում հրավառություն էր։ Ընկերոջ կինը Մարիամին ասել էր․ «Մար, քո պատվին ա, երեւի Լեւոնն ա պատվիրել»։ Մայիսի 29-ին Մարիամի ծննդյան օրն է։ Այդ օրը նաեւ խաղաղապահների օրն է։ Մարիամն ասում է՝ կրկնակի տոն էր իրենց համար մինչեւ 2018 թ։ Այդ տարվա մայիսի 29-ին հուղարկավորել են եղբորը, եւ ծննդյան օրը Մարիամի համար դարձավ գորշ ու ոչ սպասելի։ Լեւոնը դա գիտեր, եւ ամեն կերպ փորձում էր ջերմացնել կնոջ տարեդարձի օրը՝ հաճախ նվերներ ու անակնկալներ անելով։ 2020 թ․ մայիսի 29-ին Աֆղանստանից, ուր մեկնել էր խաղաղապահ առաքելության, 101 կարմիր վարդ էր պատվիրել Մարիամի համար։ Դրանք Մարիամի ծննդյան վերջին ծաղիկներն էին Լեւոնից։

Հյուրասենյակում զով է։ Լրագրասեղանին Մարիամի ծննդյան տորթն ու անուշեղենն է։ Տան նախամուտքում զինվորական համազգեստով Լեւոնի նկարն է, հյուրասենյակի պատերին, պահարանների մեջ՝ ամենուր նրա եւ ընտանիքի նկարներն են։ Մինչեւ հիմա էլ պահարանում կախված են նրա զինվորական համազգեստները, որոնք Մարիամը արեւին է փռում, երբեմն լվանում, արդուկում ու նորից կախում իր տեղը։

Այս տարի առաջին անգամ Մարիամն իր ծննդյան օրը չէր անջատել հեռախոսը, ինչպես եւ Եռաբլուրում խոստացել էր ընկերուհուն։ Կեսգիշերն անց Եռաբլուրից տուն գալով՝ հարազատներն անակնկալ էին արել նրան տորթով ու հրավառությամբ։

Հյուրասենյակում վարդեր են, բայց դրանց մեջ այլեւս չկան ալ կարմիր ծաղիկներ։ Փոխարենը սրտաձեւ մի տուփ է դրված։ Մարիամը զրույցի սկզբում բերում է այն, ասում է՝ Լեւոնի կողմից ստացավ նվերը, բայց ուրիշի ձեռքով։ Տուփի մեջ Լեւոնի ու Մարիամի լուսանկարներով բաժակ է, երկտողեր։ Դրանցից մեկի վրա գրված է ամուսինների սիրելի արտահայտություններից մեկը՝ «Ով գիժ չի, մեր ընկերը չի», ապա մակագրված է «Քո՝ Լեւոն»։

Մարիամը լրագրասեղանին է դնում բաժակն ու ժպտում։ Անբացատրելի տխրություն է իջնում։ Մարիամի մատին երկուսի ամուսնական մատանիներն են։

«Այսօր ինձ միայն հիշողություններն են մնացել, բայց ես էնքան հարուստ եմ հիշողություններով, որ ինչքան էլ պատմեմ, չեմ կարող հասցնել․․․ Ճիշտ է, կարճ ենք ապրել իրար հետ՝ ընդամենը 10 տարի, ու ինքը 15 օր սահմանին էր, 15 օր՝ տանը, բայց էնքան շատ եմ գնահատել ու սիրել կյանքը։ Գուցե էդ 10 տարում մի ամբողջ կյանք եմ ապրել»,- ասում է նա։

2009 թ․, երբ Մարիամը սովորում էր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, զուգահեռաբար վարսահարդար էր աշխատում Կիեւյան փողոցի գեղեցկության սրահներից մեկում։ Այդտեղ էլ ծանոթացել էր Լեւոնի հետ։

Լեւոնն սկզբից սովորել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, ապա ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու ծառայության անցել Ջրականի զորամասում։ 2010 թ․ հոկտեմբերին Մարիամի հետ ամուսնանալուց հետ կինն էլ էր տեղափոխվել Ջրական։

Սկզբից դժվար, հետո արդեն նոր տեղին հարմարվելու փուլ եկավ։ Սպաների շենքում էին ապրում, ընտանիքներով միմյանց մոտ ու ջերմ էին։ «Կյանքը շատ դժվար էր, բայց երջանիկ էինք»,- ասում է Մարիամը։

Առաջնեկը՝ Նարինեն, արդեն 4 տարեկան էր, երբ մայոր Սարգսյանն ընտանիքով տեղափոխվեց Երեւան։ Այստեղ ծառայության էր անցել Նուբարաշենի զորամասում, ապա խաղաղապահ զորքեր էր մտել։ Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունը, որտեղ պիտի մնային 7 ամիս, Լեւոնի սրտով չէր, բայց մտածում էր՝ այդպես կարող է բնակարան գնել հիփոթեքով։ Մինչեւ հիմա մայորի ընտանիքն իր սեփական բնակարանը չունի։

«Էնքան մեծ էր հայրենիքի հանդեպ սերը, որ հնարավոր չէր համոզել իրեն, որ բանակից դուրս գա։ Ինձ թվում է, որ ես դա անեի, մեղք կգործեի։ Որ միասին էինք, ժպիտով էինք ընդունում դժվարությունները»,- նկատում է 33-ամյա կինը։

2020 թ․ սեպտեմբերի 21-ին Լեւոնը վերադարձել էր Աֆղանստանից։ Մարիամն անկնկալ էր արել ամուսնուն՝ 4-ամյա որդուն՝ Գարիկին, հոր հետ օդանավակայան ուղարկելով։ Որդուն տեսնելով՝ Լեւոնն սկսել էր համբուրել նրա փամփլիկ ձեռքերը։ Այդ օրը «Զինուժը» լուսանկարել էր նրանց։

Մարիամը քիչ անց հարեւան սենյակից բերում է նկարը։ «Որ տուն եկավ, ասեց՝ Մար, «Զինուժը» մի ընենց կյանք նկար ա արել, էս երկու օրն ուղարկելու են ինձ․․․ Ու դա դարձավ կյանքի լուսանկար»,- ասում է Մարիամը։

Սեպտեմբերի 21-ին Մարիամը հակասական զգացողություններ ուներ։ Ասում է՝ անսահման կարոտել էր Լեւոնին, բայց, չգիտես ինչու, չէր ուզում, որ գար։

«Ինքը շատ էր ուրախացել, որ գալիս էր։ Ինձ համար էնքան նվերներ էր բերել, ոնց որ մի ամբողջ կյանքի համար նվեր բերեր։ Էն որ կմտածես, որ էդ մարդուն էլ երբեք նվեր չես անի, վերջին անգամ ես անում,- ասում է կինը,- անհանգստության, տագնապի զգացողություն ունեի, բայց չէի մտածում, որ իրեն կարող եմ կորցնել։ Չեմ հարմարվում, ամեն վայրկյան իրեն ապրեցնում եմ, այս տան ամեն անկյունում իր շունչն է։ Ամեն դժվարություն կարող եմ հաղթահարել, բայց կարոտի դեմ անզոր եմ։ Ու կարոտը գնալով ահագնանում է, գնալով ավելի է շատանում»,- նշում է Մարիամը։

Երբ հյուրասենյակում կրկին լռություն է, ես նայում եմ խոհանոցի կողմ։ Այնտեղ աթոռին 10-ամյա Նարինեն է։ Դժվար է հասկանալ, թե ինչ է զգում այդ պահին նա։ Մայրը, աչքերը մաքրելով, հետո դարձյալ տխուր ժպտալով, ասում է, որ հույսը չի կորցնում, մի օր անպայման հանդիպելու է Լեւոնին, ու ինչպես նա կենդանի ժամանակ էր հպարտանում իրենով, այնպես էլ այդ ժամանակ կհպարտանա։

Սեպտեմբերի 26-ին Նուբարաշենի զորամասի կոլեկտիվի հետ Լեւոնը խնջույքի էր։ Առհասարակ նրան բոլորը սպասում էին, եւ Աֆղանստանից գալուց հետո անընդհատ հրավերներ էին ուղարկում՝ հավաքվելու, քեֆ անելու։ Այդ օրը Լեւոնը ընտանիքին տարել էր Արտաշատ՝ Մարիամի հայրական տուն, ասել, որ հետ կգա, նրանց կվերցնի, ու միասին կվերադառնան Երեւան։

Ամսի 27-ի առավոտյան, երբ դեռ Արտաշատում էին, Լեւոնին զանգահարել էին զորամասից։ «Ասեց՝ դու մնա, ես հեսա հասնում եմ չաստ, ատբոյ են անում, կգամ, քեզ կտանեմ։ Ինքը չէր սիրում, որ մերոնց տանն եմ մնում, բայց էդ օրն ասեց՝ մնա»,- հիշում է 33-ամյա կինը։

Մայոր Սարգսյանին Քարվաճառ էին տարել։ Նույն օրը՝ երեկոյան 20։20-ին, հարազատները վերջին անգամ էին խոսել նրա հետ։ «Վերջինը ես եմ խոսել Լեւոնի հետ։ Միշտ դուխով եմ եղել, բայց էդ օրը լացելով եմ խոսել ու մի բան եմ իրեն ասել՝ ասեցի, խնդրում եմ՝ էս անարդար կյանքում ինձ մենակ չթողնես։ Ասեց՝ ինձ բան չի լինելու, ես մի Աստված ունեմ, դու իմ Մարիամն ես»,- հիշում է կինը։

Սեպտեմբերի 29-ին Լեւոնի զինվորական ընկերն էր նրանց տուն գնացել։ Սկզբից Մարիամին թվացել էր, թե Լեւոնն է, հետո հուսախաբ էր եղել։ Ընկերը հասկացել էր, որ ընտանիքը տեղի ունեցախից անտեղյակ է, Մարիամն էլ կատակով ասել էր․ «Հրանտ, ոնց որ վայենկոմատի էն սեւ թուղթ բերողներից լինես»։ Հրանտը շփոթվել էր, չէր պատասխանել, հետո ասել էր, թե զանգել են, պիտի գնա։ Դրանից կես ժամ անց Լեւոնի քեռին էր ներս մտել՝ կարմրած ու խոնավ աչքերով։ Մարիամն ամեն ինչ հասկացել էր, թեեւ սկզբից փորձել էին հանգստացնել, թե Լեւոնը ծանր վիրավոր է եւ այլն։

Սեպտեմբերի 28-ին Քարվաճառում արկի պայթյունից բեկորները Լեւոնի ոտքի մեջ էին մտել, արնհոսությունը դադարեցնելու համար զինվորական վերարկուի թելով կապել էր։ Մարիամն ասում է՝ ձեռքի տակ լարան՝ ժգուտ, չի եղել։ Կնոջը պատմել են, որ այդ վիճակով Լեւոնը շարունակել է մարտին մասնակցել, բայց հետո ներքին արյունահոսություն է սկսվել։ Դաշտային հոսպիտալ հասցնելու ճանապարհին Լեւոնն արդեն կենդանի չի եղել։ «Իրեն որ բերեցին, ընենց էի վազում, մտածում էի, որ իրեն գրկեի, վեր ա կենալու»,- ասում է Մարիամը՝ սրբելով արցունքները, հետո դրանք դարձյալ հոսում են, չի հասցնում մաքրել։

«Ինքը պիտի էդտեղ՝ առաջին գծում, չլիներ, ուղղակի չէր կարա 18 տարեկաններին մենակ թողներ։ Մի անգամ 18 տարեկաններից մեկն ինձ ասեց, որ իրենց կյանքը հենց ինքն ա փրկել։ Մեր տարածքում ա ապրում»,- նկատում է մայոր Սարգսյանի կինը։

Հետո նայում ենք հյուրասենյակի բազմոցին դրված հոր եւ որդու լուսանկարին։ Այս սեպտեմբերին Գարիկը դպրոց է գնալու։ Երբեմն Մարիամին շատ հարցեր է տալիս հոր մասին։ Ասում է՝ պապայի նման զինվոր է դառնալու, հետո՝ պապիկի պես շինարար։

«Էն օրը երեկոյան Գարիկին պառկեցրել եմ քնելու, ասում է՝ մամա, պապան կռիվ ա գնացել, չէ՞, ասում եմ՝ հա, ասում է՝ բա որ հանկարծ թուրքը պապային սպանի, մենք կիմանա՞նք դրա մասին։ Ամբողջ գիշեր մտածում էի՝ մի՞թե չի հասկանում, թե՞ չի ուզում հասկանալ։ Ինձ ասում է՝ եթե չի գալու, ավելի լավ ա լռես»,- սա ասելուց հետո Մարիամը լռում է։ Լռում ենք նաեւ մենք։

Խոհանոցի մուտքի մոտ Նարինեն դեռ մեզ է նայում։ Նրա հայացքում ծանր թախիծ կա։ Պարի դասերի է հաճախում։ Ասում է՝ երբ մեծանա, իր պարի ստուդիան կունենա։

Մարիամը որպես ադմինիստրատոր նոր աշխատքնի է անցել ապահովագրական ընկերությունում։ Մինչ այդ աշխատում էր գրադարանում, բայց այդտեղից ստացած ամսական 70 հազար դրամով հնարավոր չէր ընտանիքի ամբողջ հոգսը հոգալ։ Բնակարան ստանալու համառ պայքարից հետո հերթագրվել է Երեւանի քաղաքապետարանում։ Ասում է՝ նույնիսկ չգիտի, թե երբ կգա իր հերթը, բայց խոսակցությունների համաձայն՝ 7 տարուց շուտ չի լինի։

Հիմա պայքարում է, որ ամուսինը «Մարտական խաչ» շքանշանի արժանանա։ Լեւոնը հետմահու ստացել է Մարտական ծառայության մեդալ, բայց դա, Մարիամի խոսքով, գրեթե բոլորն են ստացել։ «Ինքը մեծ ներդրում ունի հայկական բանակում։ Իր երիտասարդությունն անցավ Ջրականի խրամատներում։ Ես ողորմություն չեմ խնդրում, ինքն արժանի է դրան։ Գոնե իմ երեխաներին ես պիտի ասելիք ունենամ, չեմ ուզում, որ պատմությունը թերթվի»,- նշում է Մարիամն ու խոնավ աչքերով ժպտում։

«Երբ պահ է գալիս, որ ուզում եմ կանգնել ու ի լուր աշխարհի ասել, որ զենքերս վայր եմ դնում, հիշում եմ, որ միշտ ինձ ասում էր՝ կյանքն էլ ա պայքար, եթե անգամ մեզնից մեկը կյանքի մարտում ընկնի, մյուսը թող խոսք տա, որ մինչեւ վերջ գնալու է եւ չի հանձնվելու։ Մինչեւ վերջ գնալու եմ, ու ցանկացած բացասական պատասխան նոր հաղթանակի սկիզբ է ինձ համար»,- ավելացնում է մայոր Սարգսյանի կինը։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter