HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդդիմադիրները կհանդիպեն արտախորհրդարանական ուժերին՝ Արցախի հարցում նրանց դիրքորոշումն իմանալու համար

«Դիմադրություն» շարժման անդամներն այսօր՝ մայիսի 31-ին, շարունակել են շրջել պետական հաստատություններով՝ Արցախի հարցում պետական կառույցների աշխատակիցների դիրքորոշումը ճշտելու նպատակով։ Բողոքի ակցիաների 37-րդ օրը ընդդիմադիրները նախ Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Կառավարության 2-րդ մասնաշենք, որտեղ գտնվում են Արտաքին գործերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Արդարադատության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները։

Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մտնել շենք, նախարարների հետ հանդիպում տեղի չի ունեցել։

«Արձանագրում ենք, որ այս շենքում գտնվող նախարարությունների ղեկավարները որևէ բացատրություն չունեն այն փաստաթղթի հետ կապված, որը մենք ներկայացրել ենք ժողովրդի կողմից: Երկրորդը՝ վախենում, խուսափում ու փախնում են պատգամավորների հետ հանդիպումից: Երրորդը՝ իրենք իրենց աշխատանքային օրն սկսում և ավարտում են ոստիկանական վահանների հետևում»,- նշել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Այնուհետև ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի Երևանի պետական և Տնտեսագիտական համալսարաններ։ Սակայն, բուհերի ռեկտորները նույնպես չեն հանդիպել պատգամավորների հետ։ Ընդդիմադիր պատգամավորների խոսքով՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը փակվել էր իր սենյակում, իսկ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը տեղում չի եղել։ 

«Ամբողջ ոստիկանական ուժերով արգելափակել են այդ շենքերը, թույլ չեն տվել, որ պատգամավորները հանդիպեն նախարարներին։ Ինչո՞ւ, որովհետև ասելիք չունեին, չունեին այդ հարցի պատասխանը։ Նիկոլը գերի է վերցրել նաև Կառավարության անդամներին, որովհետև շատ դժվար է նայել ՀՀ քաղաքացիների աչքերին ու հիմնավորել, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Դրա տակից որևէ մեկը դուրս չի գալու»,- արդեն Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է ԱԺ փոխխոսնակը։

Ըստ Սաղաթելյանի՝ երեկ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառման պատճառն այն էր, որ մայիսի 28-ին Երևանում և Արցախում տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցան հանրահավաքներ։ 

Նշենք, որ Քննչական կոմիտեն այսօր հաղորդել էր, որ մայիսի 30-ին Կառավարության 3-րդ մասնաշենքի առջև տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է 8 անձ։

Մարդու իրավունքների պաշտպանն էլ, անդրադառնալով միջադեպին, կրկին նշել է՝ ոստիկաններն անձանց բերման ենթարկելիս անհամաչափ ֆիզիկական ուժ են կիրառել։

Խոսելով վաղվա ծրագրերից՝ Սաղաթելյանը հայտնել է, որ ժամը 13։00-ին տեղի է ունենալու Հայաստանի շուրջ երեք տասնյակ կուսակցությունների հետ հանդիպում, որից հետո պարզ կլինի նրանց դիրքորոշումը ԱԺ արտահերթ նիստին ներկայացված հայտարարության վերաբերյալ։ Ըստ նրա՝ այս պահին շուրջ 50-ից ավելի ՀԿ-ներ ստորագրել են հայտարարության տակ։

Ընդդիմադիր պատգամավորները վաղը նաև հանդիպումներ կունենան Գրողների միության, Գիտությունների ազգային ակադեմիայի, գիտական, կրթական, մշակութային տարբեր հաստատությունների ղեկավարների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումն Արցախի հարցում։

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ վաղը՝ ժամը 17։00-ին, Ֆրանսիայի հրապարակից կանանց և երեխաների մասնակցությամբ տեղի կունենա երթ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter