HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ռուստամ Բադասյանը` եկամուտների միասնական հայտարագրման համակարգի ներդրման մասին

Կառավարությունը դեռ պետք է քաղաքական որոշում կայացնի` եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնում է միանգամից բոլորի համար, թե՞ փուլ առ փուլ: Այս մասին խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի հաշվետվության քննարկմանն ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` արձագանքելով Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանին:

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ Կառավարությունը մտադիր է եկամուտների համընդհանուր հայտարարագրման միասնական ներդրման անցնել:

«Մենք պետք է քաղաքական որոշում կայացնենք՝ ամբողջությա՞մբ ենք ներդնում բոլորի համար, թե՞ փուլ-փուլ ենք գնում, օրինակ՝ առաջին խումբ հարկ վճարողները, որոնք համատարած հայտարարագրման համակարգով պետք է հայտարարագիր ներկայացնեն, կարող են լինել, օրինակ, ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերությունների բաժնետերերը»,- ասաց Բադասյանը:

Ինչ վերաբերում է տեխնիկական մասի ապահովմանը՝ ՊԵԿ նախագահը վստահեցրեց` տեխնիկական որևէ խնդիր չի լինի ՊԵԿ-ի կողմից:

«Շատ արագ մեր էլեկտրոնային համակարգերը կադապտացնենք, և հայտարարագրերը հնարավոր կլինի սահմանված ժամկետում ներկայացնել, վերլուծել»,- ասաց նա:

Եկամուտների միասնական հայտարարագրման անցնելու մասին երեկ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ նաև ընդգծել մեր քաղաքական վճռականությունը, որ մենք պետք է ներդնենք համընդհանուր հայտարագրման համակարգ, ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի արդեն 2024 թվականին` 2023-ի եկամուտների համար, որը և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ քաղաքակրթական նշանակություն ունի»,- ասել էր նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter