HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Գնել Սանոսյանի հրամանը վիճարկվում է դատարանում․ Արմավիրը միասնական օպերատոր դեռ չի ունենա

Վարչական դատարանում այսօր տեղի ունեցավ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրամանը վիճարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության գործով դատաքննության առաջին նիստը։

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Գնել Սանոսյանի՝ 19.11.2021 թ․-ին ստորագրած «2221-Ա» հրամանը և ընկերությունը հաղթող ճանաչել Արմավիրի մարզի միասնական երթուղու մրցույթում։

ՏԿԵ նախարարությունը նախորդ տարի Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղին սպասարկելու համար մրցույթ էր հայտարարել, որին երկու ընկերություն էր մասնակցել։ «Գալակտիկա տրանս սերվիս» և «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ներն էին դիմել մրցույթին։ Նախարարությունը, մրցույթի արդյունքներն ամփոփելով, որոշել էր, որ ընկերություններից ոչ մեկը հաղթող չի կարող ճանաչվել հետևյալ պատճառաբանությամբ՝ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն 1.5 % կանխավճարը ոչ թե ընկերության հաշվեհամարից է վճարել, այլ ընկերության բաժնետիրոջ, իսկ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի ներկայացրած մեքենաները չեն համապատասխանել ԳՕՍՏ ստանդարտներին։ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն այսօր, ի թիվս այլ երթուղիների, շահագործում է նաև Երևան-Արմավիր երթուղին։ «Հետքը» գրել էր, որ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն փոխկապակցված է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։

Վարչական դատարանում դատավոր Արմեն Ներսիսյանի նախագահությամբ կայացած նիստում հայցվոր «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Գնել Մուղնեցյանը հայտարարեց, որ ՏԿԵ նախարարությունը բովանդակության փոխարեն ձևական պահանջների չարաշահման փորձ է կատարել։ Բանն այն է, որ մրցույթի կարգի համաձայն, որը սահմանել է Կառավարությունը, «կազմակերպությունը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին է փոխանցում երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 1.5 տոկոսին համարժեք գումար»։ Իսկ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն 1.5 տոկոսին համարժեք գումարը վճարելու մասին անդորրագիր է ներկայացրել նախարարություն, որտեղ նշված է, որ վճարում կատարողն ընկերության բաժնետերն է, բայց փոխանցման «նպատակ» բաժնում գրվել է, որ մրցույթի համար է վճարումը կատարվել։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Լուսինե Դանոյանն էլ հայտարարեց, որ մրցույթին մասնակցող ընկերությունների հաշվեհամարներից վճարում կատարելու պահանջը նրա համար է, որ հետագայում, եթե հաղթողը չկատարի իր պարտավորությունները, կարողանան այդ գումարը որպես տույժ գանձել պետբյուջե։ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչը հակադարձեց՝ ասելով, որ իրենք բազմիցս ասել են, որ այդ գումարն ընկերության համար է վճարվել, և նման խնդիր չի կարող առաջանալ։

Այս գործով երրորդ կողմ է ներգրավվել «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն, որը մեկ այլ հայցով կրկին վիճարկում է Գնել Սանոսյանի նույն հրամանը՝ պահանջելով իրեն հաղթող ճանաչել։ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն այս տարվա հունվարին է հայց ներկայացրել վարչական դատարան, որը վարույթ է ընդունվել։ Նախագահող դատավորը Միքայել Գագիկի Մելքումյանն է։ Այդ գործով առաջին նիստը նշանակված սեպտեմբերի 14-ին։ Ի դեպ, եթե «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի հայցի քննության ժամանակ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն 3-րդ կողմ է ներգրավվել, ապա «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի գործով մերժվել է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի՝ 3-րդ կողմ ներգրավվելու դիմումը։

Դատարանը դիրքորոշում հայտնելու համար այսօր դիմեց «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Ավագյանին, որը, սակայն, խնդրեց նիստը հետաձգել՝ պատճառաբանելով, թե դիրքորոշում հայտնելու համար բավարար ժամանակ է պետք, իսկ ինքը վերջերս է պաշտոնապես ծանուցվել 3-րդ կողմ ներգրավվելու վերաբերյալ։

Հայցվորի ներկայացուցիչն առարկեց նիստը հետաձգելու՝ 3-րդ կողմի միջնորդությանը՝ նշելով, որ դրանով փորձում են արհեստականորեն ձգձգել դատավարությունը, իսկ ՏԿԵ նախարարության ներկայացուցիչը թեև նիստում մի քանի անգամ հայտարարեց, որ հանրային շահն է տուժում, երբ նոր մրցույթ չեն կարողանում հայտարարել, բայց նիստը հետաձգելու միջնորդության դեմ չառարկեց։ Նիստը նախագահող դատավոր Արմեն Ներսիսյանը որոշեց նիստը հետաձգել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter