
Մոլդովայի խորհրդարանն արգելել է երկրում ռուսական տեղեկատվական ծրագրերի հեռարձակումը
Մոլդովայի խորհրդարանն ընդունել է «Տեղեկատվական անվտանգության մասին» օրենքը, որը փաստացի կարգելի այդ երկրում Ռուսաստանի քաղաքական ու ռազմական թեմատիկայով նորությունների ու ծրագրերի հեռարձակումը։ Այդ մասին հայտնում է մոլդովական NewsMaker-ը։
Օրենքը թույլատրում է վերահեռարձակել նմանատիպ հաղորդումները, եթե դրանք արտադրված են Եվրամիությունում, ԱՄՆ-ում, Կանադայում կամ այն երկրներում, որոնք վավերացրել են Անդրսահմանային հեռուստատեսության մասին եվրոպական կոնվենցիան։ Ռուսաստանը դեռ 2006 թվականին ստորագրել է այն, սակայն չի վավերացրել։ Հայաստանը ևս չի ստորագրել այդ կոնվենցիան։
Մոլդովական հեռուստատեսությունը կկարողանա ցույց տալ ռուսական արտադրության այն ֆիլմերն ու ժամանցային հաղորդումները, որոնք չունեն ռազմական բովանդակություն։
Ինչպես գրում է Интерфакс-ը, այսպիսի արգելք օրենսդրական մակարդակով ընդունվել էր դեռևս 2017 թվականին, սակայն 2020 թվականին այն չեղարկվել էր։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո օրենքը դարձյալ մտցվել է արտակարգ դրության ռեժիմի պայմաններում։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Մոլդովայի իշխանությունները դիմում էին ներկայացրել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Նման քայլ էին արել նաև Ուկրաինան և Վրաստանը։ Բացի այդ, Մոլդովայի խորհրդարանը նաև արգելել էր գեորգևյան ժապավենի ու Z և V խորհրդանշանների կիրառումը, որն ասոցացվում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանն աջակցելու հետ։
Մայիսին Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը, որը հանդիսանում է ռուսամետ քաղաքական գործիչ, ուղարկվել էր տնային կալանքի։ Նա մեղադրվում է պետական դավաճանության և կոռուպցիայի մեջ։
Լուսանկարը՝ Валерий Шарифулин / ТАСС
Մեկնաբանել