«Չեմ բացառում, որ մեկ այլ շինարարի հետ նույնը կարող էր լինել». Երևանի քաղաքապետը` Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման մասին
Այս պահի դրությամբ արձանագրություն չկա՝ որ շինարարի մեղքով է Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզում եղել:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ մայիսին Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզում էր եղել, ինչից հետո ճանապարհը երկկողմանի փակ է: Դալմայի այգիների տարածքում 15 հարկանի շենքերով թաղամաս է կառուցվում:
«Պարզապես շինարարություն է արվել, և անձրևի պատճառով, ինչպես նաև շինարարական վիբրացիաների, փլուզում է տեղի ունեցել: Այս պահի դրությամբ շինարարը վերականգնում է ճանապարհն իր միջոցներով: Ես կարծում եմ, որ էդ հատվածի վրա ցանկացած շինարարի հետ նման բան կարող էր տեղի ունենալ»,- ասաց Սարգսյանը:
Քաղաքապետի խոսքով` քաղաքացին հողատարածք է ունեցել, դիմել է Երևանի քաղաքապետարանին շինթույլտվության համար և ստացել այն:
«Չեմ բացառում, որ մեկ այլ շինարարի հետ նույնը կարող էր լինել: 4-5 օրից ճանապարհն ամբողջությամբ կբացվի. երկու հերթափոխով աշխատանք են անում»,- ասաց նա:
Սարգսյանը նաև հայտնեց՝ ակնկալիքներ կան, որ մինչև տարվա վերջ Երևան կհասնի 150 նոր ավտոբուս:
«Այս պահի դրությամբ խնդիր ունենք: Հիմա քաղաքում հիմնականում կապույտ ավտոբուսներն են երթևեկում, մանուշակագույն ավտոբուսների պահեստամասների ձեռքբերման հետ կապված մրցույթը չի կայանում: Կարծում եմ՝ մոտակա ժամանակում մենք որոշում կունենանք և որոշման համաձայն՝ պահեստամասերը ձեռք կբերենք, և մանուշակագույն ավտոբուսները նույնպես կերթևեկեն, քանակն ավելի շատ կլինի: Ինչպես նաև հաջորդ շաբաթ նախատեսում ենք 150 հատ 8.6 մետրանոց ավտոբուսների մրցույթ հայտարարել և ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի 30-ը 150 նոր ավտոբուս կլինի Երևանում»,-ասաց նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել