HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

«Զգում եմ՝ սա իմ վերջին տեղն ա լինելու»․ Ալիկ Խուդոյանը զոհվել է Թաղավարդում

2020թ․ արցախյան պատերազմի ժամանակ Արմավիր մարզի Եղեգնուտ գյուղից միակ զոհվածը ազգությամբ եզդի Ալիկ Խուդոյանն էր։ Նա բանակ էր զորակոչվել 2019թ․ հունիսի 1-ին։ Վեց ամիս Արմավիրի ուսումնական զորամասում ծառայելուց հետո տեղափոխվել էր Ստեփանակերտի զորամաս (Կենտրոնական պաշտպանական շրջան, ՑՕՐ), տանկի մեխանիկ-վարորդ էր։

Պատերազմի ընթացքում Ալիկ Խուդոյանը մարտերի է մասնակցել Ջրականում, Վարանդայում, Կարախանբեյլի տեղամասի մոտակայքում և նոյեմբերի 1-ից սկսած՝ Թաղավարդում։ Այստեղ էլ նոյեմբերի 8-ին Ալիկը զոհվել է։

«Երբ մեզ տեղափոխեցին Թաղավարդ, տարածքում խրամատներ չկային, մենք էինք փորում։ Էդ ընթացքում Ալիկն ինձ ասաց՝ զգում եմ՝ էս իմ վերջին տեղն ա, էստեղ եմ զոհվելու։ Ասեցի՝ հնարավոր չի, որ դու զոհվես, ես էլ պիտի զոհվեմ, բայց ես նման միտք չունեմ։ Պատասխանեց՝ չէ՛, դու տան միակ տղան ես, կենդանի ես մնալու, իսկ ես՝ չէ, իմ զոհվելը հեշտ ա»,-պատմում է ծառայակից Սերգեյ Հայրապետյանը։

Նոյեմբերի 6-ին Սերգեյի ինքնազգացողությունը վատանում է, Ալիկը ստիպում է, որ հիվանդանոց գնա, շտապօգնության մեքենա է գտնում ու ստիպելով Սերգեյին ուղարկում թիկունք։

«2 օր անց հիվանդանոցում էի, երբ լսեցի Ալիկի զոհվելու լուրը, ապշել էի։ Նա իմ ճանաչած ամենահավատքով մարդն էր, շատ ուժեղ քրիստոնեական հավատք ուներ»,- հիշում է ծառայակիցը։

Ալիկ Խուդոյանը ընտանիքի 8-րդ զավակն էր, իրենից մեծ հինգ եղբայր և երկու քույր ունի։ Եղբայրներից երեքը նույնպես Արցախում են ծառայել։ 

Հայրը՝ Մհեր Խուդոյանն, ասում է, որ Ալիկը ողնաշարի հետ կապված խնդիրներ ուներ, բուժում էր ստանում։ Ստուգումների գնալիս թաքցրել է խնդիրը, ասել է, որ ցավեր չունի։

«Ես իր համար մինչև բանակ գնալը անձնագիր էի հանել, որ գնա Ռուսաստան՝ եղբայրների մոտ, բայց ինքը չուզեց, ասաց՝ պիտի գնամ բանակ, գամ, որ դրանից հետո ուր էլ գնամ, հանգիստ լինեմ»,- պատմում է 65-ամյա Մհեր Խուդոյանը։

Մայրն ասում է, որ տանը Ալիկին բոլորը ուրիշ ձևով են սիրել, քույրերի ու եղբայրների համար նա կարծես երեխա լիներ։ Մեծ եղբորից Ալիկը գրեթե 20 տարով փոքր էր։ Զոհվելուց հետո, երբ տղայի իրերը ընտանիքին են փոխանցել, քույրը խնդրել է, որ նրա Աստվածաշունչը իրեն տան։

«Ալիկը շատ հնազանդվող մարդ էր, ծնողներին, եղբայրներին, մեծերին շատ հարգում էր, եթե տեսներ, որ մի տարիքով մարդ ծանր գործ է անում, կգնար, ձեռքից կվերցներ, ինքը կաներ։ Գյուղում իրեն բոլորը սիրում էին, դրա համար էլ, երբ զոհվեց, ողջ գյուղը սգում էր»,- պատմում է 60-ամյա մայրը՝ Զոյա Մստոյանը։

Խուդոյանների յոթ զավակները ապրում են Ռուսաստանում, Եվրոպայում, Էջմիածնում։ Ծնողների հետ ապրողը Ալիկը պետք է լիներ, հիմա նրանք իրենց Եղեգնուտի տանը ապրում են երկուսով։ Ալիկի՝ բանակից վերադառնալուց հետո նախատեսում էին բոլորվ մեկնել Ռուսաստան, բայց հիմա այլևս իմաստ չեն տեսնում։ Նախքան որդու հետ պատահածը՝ հողագործությամբ էին զբաղվում, անասուն պահում, հետո երեխաների հորդորով թողեցին գործերը։

«Պատերազմի ժամանակ հաճախ էր զանգում Ալիկը, ոչ մի բանից չէր դժգոհում, մեր որպիսությունն էր հարցնում, իրենից պատմում։ Վերջին անգամ նրա հետ նոյեմբերի 6-ին ենք խոսել, հողամասում գործ էինք անում, Մհերը հեռախոսը բերեց, ասեցի՝ խոսի՛, Ալի՛կ ջան, լսում եմ, ասեց՝ չէ՛, մա՛մ, դու խոսի՛, ուզում եմ ձենդ լսեմ։ Հետո էլ ասեց՝ բոլորին՝ քուրիկներին, եղբայրներին, ասա թող զանգեն։ Դա մեր վերջին խոսակցությունն էր»,-հիշում է մայրը։

Որդու զոհվելու լուրը հորը հայտնել է Ալիկի հետ կռվող տղաներից մեկի հայրը, նա նույնպես այդ ժամանակ մարտի դաշտում է եղել։

«Զանգեցի Արթուրին, չվերցրեց, հետո ինքը զանգեց, ողբալով ասաց՝ Մհե՛ր, Ալիկը չկա։ Նրան արդեն Հայաստան էին բերել։ Դրանից հետո ես էլ իր հետ կապ չեմ ունեցել, ոչ թե չեմ ուզել, այլ ոչ մեկի հետ խոսելու սիրտ չեմ ունեցել,-ասում է հայրը,-Ալիկի մահվան հանգամանքների մեջ ինքս շատ չեմ խորացել, չեմ ուզել շատ բան իմանալ, պարզել, թե ով էր մեղավոր, որպեսզի հանկարծ որևէ մեկի նկատմամբ ատելությամբ չլցվեմ։ Չգիտեմ, ոչ ոքի չեմ մեղադրում, մտածում եմ՝ գուցե ե՞ս էի մեղավոր»։

Եղեգնուտ գյուղից պատերազմին մոտ քսան մարդ է մասնակցել, նրանցից վեցը վիրավորվել են, որոշներն առ այսօր բուժում են ստանում։

«Ես ամեն բանի հետ հաշտ էի, միայն թե ասում էի՝ Տե՛ր, տղաս գերի չընկնի, ամեն ինչին համաձայն էի, թեկուզ վիրավորվեր, բայց ոչ գերի։ Անկեղծ ասած, ես իր զոհվելուն ընդհանրապես չէի սպասում, գիշեր-ցերեկ աղոթում էի, իրեն էլ ասում էի՝ Ալի՛կ ջան, շատ աղոթի, ասում էր՝ մա՛մ, հանգիստ մնա, ես ապահով ձեռքերում եմ»,- պատմում է Զոյա Մստոյանը։

Ալիկի ծառայակից ընկերը՝ նույն զորամասի տանկային վաշտի սերժանտ Սերգեյ Հայրապետյանը, պատմում է, որ հոկտեմբերի 9-ից սկսած՝ իրենց վաշտն այլևս տանկ չուներ և վերափոխվել էր սովորական հետևակի։ Պատերազմի ողջ ընթացքում ծանր մարտերի են մասնակցել ռազմաճակատի տարբեր հատվածներում, բայց ամենաինտենսիվ մարտերը հենց Թաղավարդում էին, որտեղ էլ խրամատի մեջ Ալիկը արկի հարվածային ալիքից զոհվել է։

«Մեր վաշտի տրամադրության տակ պատերազմը սկսվելու պահին 23 տանկ կար, որից ընդամենը երեքը կարողացան մարտի մեջ մտնել։ Սկզբից մինչև հոտեմբերի 6-ը Ակնայում էինք, հետո հրաման եղավ գնալ Ջրական։ Մեր տանկերի հիմնական մասը մինչև տեղ հասնելը խոտանվեց, փչացավ, տեղ հասան միայն երեքը, հոկտոմբերի 9-ից արդեն դրանք էլ չունեինք»,-պատմում է Սերգեյ Հայրապետյանը։

Ընտանիքը 19-ամյա Ալիկին հուղարկավորել է Բաղրամյան գյուղի եզդիական գերեզմանատանը։ Նրա շիրմաքարը եղբայրներն իրենք են պատրաստել ու Ռուսաստանից այստեղ բերել։ 

Ալիկ Խուդոյանը հետմահու արժանացել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայության» և «Արիության համար» մեդալների, դրանք ընտանիքին հանձնել է անձամբ Ալիկի հրամանատարը։

Լուսանկարները և նկարահանումը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter