
Ֆրիլանս աշխատանքի Upwork խոշորագույն հարթակն արգելափակել է Ռուսաստանի և Բելառուսի օգտատերերի հաշիվները
Ֆրիլանս աշխատանքի Upwork խոշորագույն հարթակի ռուսաստանցի և բելառուսցի օգտատերերը նամակներ են ստացել, որտեղ ընկերությունը հայտնել է նրանց օգտահաշիվների արգելափակման մասին։ Այդ մասին հայտնում են Коммерсантъ-ը և Myfin.by-ը։ Օգտահաշիվների արգելափակման մասին թվիթերյան գրառումներ են արել նաև հարթակի օգտատերերը։
Upwork-ն սառեցրել է այն օգտատերերի օգտահաշիվները, որոնք ֆիզիկապես գտնվում են Ռուսաստանում և Բելառուսում։ Եթե ֆրիլանսերը փոխի կացության վայրը, ապա հարթակին հասանելիությունը կվերականգնվի։ Նամակում նաև հղում է ներկայացվում, որտեղ նշված է, թե ինչպես տեղափոխությունից հետո կարելի է վերականգնել օգտահաշվի աշխատանքը։
Upwork-ը Ռուսաստանում և Բելառուսում իր աշխատանքի դադարեցման մասին հայտնել էր մարտի 7-ին։ Այդ երկրներից օգտահաշիվների ստեղծման հնարավորությունը հեռացվել է։ Ռուսաստանցիների և բելառուսցիների բոլոր հին օգտահաշիվները որոնման դաշտից անհետացել են։ Ընկերությունը զգուշացրել է, որ մինչև 2022 թվականի մայիսի 1-ը բոլոր ակտիվ պայմանագրերը պետք է ավարտվեն։
Լուսանկարը՝ searchenginejournal.com-ից
Մեկնաբանել