HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 12 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 8-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

23:03

⚡️Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկայում չի սպասում Ուկրաինայում իրավիճակի կարգավորում։

23:01

⚡️Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ ուկրաինական կողմը գերեվարել է մոտ 2000 ռուսաստանցի զինծառայողի։

22:52

Ֆրիլանս աշխատանքի համար նախատեսված ամենամեծ հարթակը՝ Upwork-ը ևս դադարեցնում է Ռուսաստանում իր աշխատանքը։

22:49

РИА Новости-ն էլ հրապարակել է Բելովեժյան թավուտից ռուսական պատվիրակության հեռանալու տեսանյութը։

22:47

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլը կկայանա «ամենասեղմ ժամկետներում»։ Այդ մասին հայտարարել է ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին։

22:43

ТАСС-ը հրապարակել է ուկրաինական պատվիրակության Բելովեժյան թավուտը լքելու կադրերը։

22:38

УНИАН-ը ռուսական Սումիում խոցված ռուսական ռազմատեխնիկայի նոր լուսանկարներ է հրապարակել։

22:35

ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը Ուկրաինա է մտցրել ներխուժման համար կենտրոնացված զինուժի գրեթե 100 %-ը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը։

ԱՄՆ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Պենտագոնը դեռևս չի տեսնում նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինա ուղարկել նոր ուժեր։

22:31

Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով Sky News-ին, գրում են, որ ռուսական զինուժի կողմից սպանվել է Գոստոմել քաղաքի քաղաքապետը։

22:25

Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, Լեհաստանի սահմանը հատելու պահին ձերբակալվել է Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շևչենկոն։ Հայտնի է, որ վերջինս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մտերիմն է։ 2021 թվականի մայիսին նա հեռացվել էր իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից։

22:19

Ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ ուկրաինական կողմի հետ երկար քննարկել են հումանիտար միջանցքների խնդիրը, ինչպես նաև այն, որ «տեղում ուկրաինական ուժերը չեն կատարում իրենց հրամանատարների հրամանները»։ «Հուսանք, որ վաղվանից միջանցքները կգործեն»,- նշել է նա։

Պուտինի օգնականի խոսքով՝ դեռևս վաղ է խոսել ինչ-որ դրական բանի մասին։ Ըստ նրա՝ որևէ փաստաթուղթ ստորագրել չի հաջողվել։ «Բանակցություններից մեր սպասումները չեն արդարացվել։ Երկխոսությունը շարունակվում է»,- նշել է նա։

22:10

«Չեմ կարող թողնել ծերերին. Ո՞վ և ինչո՞ւ է մնում Կիևում». BBC-ի նոր ռեպորտաժը Ուկրաինայի մայրաքաղաքից

22:08

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքում է կենսաբանական զենքի ստեղծման վերաբերյալ ռուսական կողմի պնդումները։

22:04

⚡️Միխայիլ Պոդոլյակը նշել է, որ հրադադարի, զինադադարի և մարտական գործողությունների ավարտի շուրջ ինտենսիվ խորհրդակցությունները կշարունակվեն։

«Այսօրվա դրությամբ՝ իրավիճակը էականորեն բարելավող արդյունքներ դեռևս չկան»,- նշել է ուկրաինացի պաշտոնյան։

22:00

⚡️Բանակցությունների ավարտից հետո ուկրաինական պատվիրակության անդամները նշել են, որ առաջընթաց կա հումանիտար միջանցքների հետ կապված հարցերում։

21:58

Կիևի մարզի Իրպեն քաղաքից բնակչության տարհանումը։

21:50

⚡️Բելովեժյան թավուտում ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է։ Այդ մասին հայտնում է Բելառուսում ՌԴ դեսպանությունը։

21:42

Ռուսաստանցի օլիգարխ միլիարդատեր Օլեգ Դերիպասկա. «Մեզ որքան հնարավոր է շուտ խաղաղություն է պետք»։

21:40

CNN-ի թղթակից և հաղորդավար Ջիմ Սքութոն, հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյային, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցներն այս պահի դրությամբ Ուկրաինային են փոխանցել հակատանկային 17 000 հրթիռ և շարժական զենիթահրթիռային Սթինգեր համալիրի 2000 հրթիռ։

21:34

⚡️ԵՄ-ն սկսել է դիտարկել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ դիմումները

Եվրոպական միությունը երկուշաբթի օրը պաշտոնապես սկսել է դիտարկել Միությանն անդամակցելու Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հայտերը։

Պատերազմի պայմաններում, որը Ռուսաստանը ձեռնարկել է Ուկրաինայի դեմ, այս քայլն ունի հստակ խորհրդանշական բնույթ, սակայն այն միայն առաջին քայլն է գործընթացում, որը կարող է տևել մի քանի տարի, իսկ դրական արդյունքը երաշխավորված չէ։

Ինչպես հայտնել է Agence France Press-ը, հղում անելով ֆրանսիացի դիվանագետներին, երկուշաբթի օրը Բրյուսելում ԵՄ երկրների դեսպանները պաշտոնապես խնդրել են Եվրոպական հանձնաժողովին գնահատել հետխորդհրային երեք երկրների դիմումները։ 

Նույնիսկ այդպիսի գնահատական տալը Եվրոպական հանձնաժողովից կարող է պահանջել տարիներ, էլ չասած անհրաժեշտ բարեփոխումների մասին, ինչը կնպաստի, որպեսզի Եվրամիության 27 երկրները համաձայնվեն իրենց շարքն ընդունել նոր պետությունների։

21:26

ԱՄՆ կոնգրեսի հանձնաժողովների ղեկավարները համաձայնեցրել են ՌԴ-ից նավթի ներկրման արգելքի և Ռուսաստանի ու Բելառուսի հետ բնականոն առևտրային հարաբերությունների չեղարկման օրինագիծը։

21:21

Ուկրաինական բանակը Պրիլուկիի մոտ խոցել է ռուսական ռազմական բենզատարների շարասյուն։

21:11

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն նոր տվյալներ է հրապարակել.

  • շարունակվում է հիմնական քաղաքների, կարևոր ճանապարհների և Կիևի պաշտպանությունը,
  • Ռուսական ուժերը Բելառուսի տարածք են տեղափոխում ավիացիոն ստորաբաժանումներ՝ Ուկրաինայի խոշոր քաղաքներին և արդյունաբերական ենթակառուցվածքներին հրթիռային հարվածներ հասցնելու համար,
  • Կիևի մարզի Միլա բնակավայրում «կադիրովյան վարձկանների ստորաբաժանումը գնդակոծում է խաղաղ բնակչությանը»,
  • Կոնոտոպում և Ախտիրկայում գտնվող ռուսական ուժերը կորցրել են անձնակազմի մինչև 50 %-ը,
  • Ռուսական զինուժի բարոյահոգեբանական վիճակը մնում է շատ ցածր և ունի անկման միտում։ Առանձին ուղղություններով ռուսական ուժերը նետում են իրենց փաստաթղթերը և փորձում վերադառնալ ՌԴ տարածք։

Ուշադրությո՜ւն, հակամարտության այս կամ այն կողմի տրամադրած տեղեկատվությունը պատերազմի պայմաններում հնարավոր չէ ստուգել։

21:10

Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ ռուսական ուժերը գրավել են քաղաքային հեռուստաաշտարակը և ռադիոաշտարակը։

21:08

Ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են խոցված ռուսական ռազմանավի տեսանյութը։

20:30

⚡️ՌԴ կապի նախարարությունը վստահեցնում է, որ այդ երկիրը չի անջատվի ինտերնետից։

20:23

Կանադայի կառավարությունը նոր անհատական պատժամիջոցներ է սահմանել

Պատժամիջոցների տակ հայտնվել են.

  • ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն,
  • Նիկոլակ Պատրուշևի որդին, Ռոսսելխոզբանկի կառավարման խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևը,
  • հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը,
  • RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը,
  • գործարար Օլեգ Դերիպասկան,
  • Պետդումայի պատգամավոր Պավել Կրաշենիննիկովը,
  • Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը,
  • Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Բացի այդ, պատժամիջոցների ցանկում հայտնվել են նաև ոմն Վիկտոր Գավրիլով և Դմիտրի Իվանով։

20:12

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինծառայողները դուրս են եկել Ուկրաինայի Զապորոժյեի մարզի սահման

Այդ մասին հայտարարել է ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

«Հաջող հարձակողական գործողությունների ընթացքում Դոնեցկի ժողովրդական հանրապետության ժողովրդական ոստիկանության ստորաբաժանումները դուրս են եկել Զապորոժյեի սահման և վերահսկողություն սահմանել Ազով, Ռոզովկա և Միրնոյե բնակավայրերի նկատմամբ»։

Ըստ նրա՝ անջատողականների հետ մարտերի ընթացքում ուկրաինական կողմն ունի գրեթե 600 զոհ, ավելի քան 700-ը վիրավորվել են։ Իրենց կորուստների մասին անջատողականները տվյալներ չեն հրապարակել։

20:08

Conflict Inteligence Team-ը պնդում է, որ ռուսական զորքերը Նիկոլաևը ռմբակոծել են կասետային ռեակտիվ արկերով։

20:02

Հունգարիան դեմ է ռուսական նավթի և գազի դեմ պատժամիջոցներին

Հունգարիայի ֆինանսերի նախարար Միխայ Վարգան հայտարարել է, որ իր երկիրը չի աջակցում ռուսական էներգետիկ հատվածի նկատմամբ որևէ պատժամիջոցի սահմանմանը։

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Վարգան նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խիստ հարվածել են հունգարական ֆորինտի վրա, որի փոխարժեքն ընկել է եվրոյի նկատմամբ։ Հունգարիան Եվրամիության անդամ է, սակայն չի մտնում եվրոյի գոտու մեջ։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և նրա կառավարության անդամները, Ղրիմի Ռուսաստանին միացումից հետո, բազմիցս դեմ են արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներին, սակայն արդյունքում մշտապես կողմ քվեարկել։

19:57

Միխայիլ Պոդոլյակ. բանակցությունների մասնակից Դենիս Կիրեևի մահը որևէ առնչություն չունի բանակցային գործընթացի հետ

Հետախույզ Դենիս Կիրեևը մասնակցում էր բանակցությունների առաջին փուլին։ Մի քանի օր անց Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել էր նրա մահվան մասին։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ նա իբր կասկածվում էր պետական դավաճանության մեջ և սպանվել էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ձերբակալության ժամանակ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիրեևը չի եղել պատվիրակության անդամ, այլ միայն մատուցել է խորհրդատվական ծառայություններ։ Նրա հիմնական աշխատանքը եղել է հետախուզական ծառայությունների մատուցումը և «իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ» սպանվել է Կիևում։

Ըստ Պոդոլյակի՝ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Պոդոլյակի սպանության մասին լուրը տարածել էին ռուսամետ տելեգրամյան ալիքները։ 

Պոդոլյակը նաև նշել է, որ Կիրեևը չի եղել «բանակցային խմբում Ռուսաստանի լրտես»։

19:41

⚡️ՄԱԿ. Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո զոհվել է ավելի քան 406 խաղաղ բնակիչ, վիրավորվել ավելի քան 800-ը։

19:39

⚡️Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ. ԵՄ-ն նախատեսում է Ռուսաստանի նկատմամբ կիրառել մասնակի առևտրային էմբարգո

Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալ, լատվիացի Վալդիս Դոմբրովսկիսը լրագրողներին հայտնել է, որ Եվրամիությունը, հնարավոր է, Ռուսաստանի նկատմամբ մտցնի որոշ տեսակի ապրանքների ներկրման արգելք, ինչը ներկայումս իրականացվում է Բելառուսի նկատմամբ։

«Արտահանման վերահսկողությունը ներկայումս իրականացվում է և Ռուսաստանի, և Բելառուսի համար։ Բելառուսի համար մտցվել է որոշ ապրանքատեսակների մատակարարման արգելք։ Նախատեսվում է այդպիսի արգելքներ կիրառել նաև Ռուսաստանի նկատմամբ»,- բալթիական BNS և LETA գործակալություններին նշել է Դոմբրովսկիսը։

Թե ինչ ապրանքատեսակի մասին է խոսքը, եվրոպացի պաշտոնյան չի նշել։

19:32

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել ճեպազրույցով։ Հիմնական մտքերը.

  • Ռուսական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Նովոուկրաինսկոյե, Ստարոմայորսկոյե, Ստարոմլինկովա, Մայորովո և Ռեմովկա բնակավայրերը,
  • Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները վերահսկողության տակ են վերցրել 12 բնակավայր,
  • Ազգայնականները կրակ են բացում Մարիուպոլի խաղաղ բնակչության վրա։ Նրանք ստիպված են թաքնվել նկուղներում,
  • Ավիացիան Ուկրաինայի տարածքում ոչնչացրել է 26 ռազմական օբյեկտ։

Ուշադրությո՜ւն, հակամարտության այս կամ այն կողմի տրամադրած տեղեկատվությունը պատերազմի պայմաններում հնարավոր չէ ստուգել։

19:28

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հասկացնել է տվել, որ Գերմանիան դեռևս չի հրաժարվի ռուսական նավթից և գազից

Բեռլինը Եվրամիության իր գործընկերների հետ փնտրում է էներգակիրների մատակարարման այլընտրանքային տարբերակներ, բայց դա «մի գիշերվա մեջ անել հնարավոր չէ», հայտարարել է Շոլցը։

Ռուսական էներգակիրների մատակարարումն արդեն իսկ արգելել է Կանադան։ Նույն տարբերակը դիտարկում է նաև Միացյալ Նահանգները։

19:17

Դոնի Ռոստովում Ուկրաինայի հյուպատոսությունը դադարեցրել է աշխատանքը։ Բոլոր աշխատակիցները լքել են Ռուսաստանի տարածքը։

19:03

Ուկրաինացի ընդդիմադիր գործիչ Յուրի Բոյկոն կեղծ է անվանել այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանը իբր պահանջում է, որ նա դառնա Ուկրաինայի վարչապետ։

Ավելի վաղ ռուսական կողմի այդ ենթադրյալ պահանջի մասին հայտնել էր Bellingcat-ի լրագրող Խրիստո Գրոզևը։

19:00

Իռլանդիայում բեռնատարը մխրճվել է ռուսական դեսպանության դարպասների մեջ

Բեռնատարի վարորդը, որն իրեն անվանել է «սովորական բանվոր», իր գործողությունն անվանել է բողոքի նշան ընդդեմ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների։ «Ես ուզում եմ, որ դեսպանն ու իր գործընկերները լքեն այս երկիրը։ Այս ազատ երկիրը»,- հայտարարել է նա։

Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Տղամարդը ձերբակալվել է ոստիկանության կողմից։

18:20

⚡️Բելովեժյան թավուտում մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունների երրորդ փուլը։

17:02

⚡️Կիևում, Դնեպրում և Վինիցայում միաժամանակ միացվել են օդային տագնապի ազդանշանները։

16:31

Նիկոլաևի օդանավակայանը գտնվում է ուկրաինական զինուժի վերահսկողության տակ։ Այդ մասին հայտնել է Նիկոլաևի մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։ Այսօր, ավելի վաղ, նա նշել է, որ օդանավակայանի տարածք են մտել ռուսական զինծառայողները։

16:17

Ամերիկյան Boeing ընկերությունը դադարեցրել է ռուսական տիտանի ձեռքբերումը։ Ընկերությունը փակել է նաև Մոսկվայում և Կիևում իր ինժեներական բյուրոները և հրաժարվել ռուսական ավիաընկերություններին մատակարարել ավիապահեստամասեր։

16:02

⚡️Ռուսաստանը հրապարակել է ոչ բարեկամական երկրների ցանկը։ Այդ երկրներն են.

  • Ավստրալիա,
  • Ալբանիա,
  • Անդորրա,
  • Մեծ Բրիտանիա,
  • ԵՄ երկրներ,
  • Իսլանդիա,
  • Կանադա,
  • Լիխտենշտայն,
  • Միկրոնեզիա,
  • Մոնակո,
  • Նոր Զելանդիա,
  • Նորվեգիա,
  • Հարավային Կորեա,
  • Սան Մարինո,
  • Սինգապուր,
  • ԱՄՆ,
  • Թայվան,
  • Ուկրաինա,
  • Մոնտենեգրո,
  • Շվեյցարիա,
  • Ճապոնիա։

15:58

Ուկրաինական լրատվամիջոցները պնդում են, որ ուկրաինական զինուժը ոչնչացրել է ռուսական ռազմանավ։

15:54

Վլադիմիր Զելենսկին լեհական Newsweek-ի շապիկին։

15:52

Ուկրաինական լրատվամիջոցները կադրեր են հրապարակում, որտեղ, ինչպես պնդվում է, երևում են Խարկովի Սալտովկա շրջանի բնակելի շենքերից մեկի հրթիռակոծման հետևանքները։

15:49

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ, որոնցից մի քանի կարող են մտցվել մարտի 8-ին։

Պատժամիջոցները նախատեսվում են սահմանել նավահանգիստների և նավերի, մեծ թվով ֆիզիկական անձանց, ինչպես նաև ռազմական սարքավորումների մեջ կիրառվող տեխնոլոգիաների նկատմամբ։

15:43

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան նախատեսում են «շփում» ունենալ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, որը կկայանա այս շաբաթվա վերջին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

15:24

Բելառուսում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները կմեկնարկեն Մոսկվայի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին)։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

15:19

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուսի Բրեստի մարզ, որտեղ կկայանան Ուկրաինայի հետ բանակցությունները։ Ուկրաինական պատվիրակությունը դեռևս ճանապարհին է։ 

14:47

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին չի լքի Կիևը, որովհետև «բավականին խիզախ է և չի վախենում»։ 

Ավելի վաղ, ռուսական իշխանությունները մի քանի անգամ նշել էին, որ Զելենսկին մեկնել է Կիևից և նույնիսկ Ուկրաինայում չէ, սակայն այդ տեղեկատվությունը չէր հաստատվել։ Հայտնի է, որ Զելենսկին գտնվում է Կիևի գաղտնի բունկերներից մեկում։

14:32

Միացյալ Նահանգները հավելյալ 400 զինծառայող կուղարկի Լիտվա։

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Լիտվա կատարած այցի ժամանակ։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ից Լիտվա կժամանի 400 զինծառայող՝ 1-ին զրահատանկային դիվիզիայի մարտական խմբից։

14:27

Այսպիսի տեսք ունի հիմա Խարկովի Պավլովո Պոլե շրջանը։

14:23

Այսպես է տեղի ունենում Իրպեն քաղաքից բնակչության տարհանումը։ 

Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ անցնում ավերված կամրջի մոտով, որը վնասվել է կիրակի օրը տեղի ունեցած հրթիռակոծության արդյունքում։ Ինչպես հայտնում է Суспильне հեռուստաընկերությունը, երկու ժամվա ընթացքում քաղաքից դուրս է եկել մոտ երկու հազար մարդ։

13:53

Ռուսական զինծառայողները մտել են Նիկոլաևի օդանավակայանի տարածք, սակայն ուկրաինական զինուժը պատրաստվում է նրանց դուրս մղել։ Այդ մասին հայտարարել է Նիկոլաևի մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։

13:50

Ռուսաստանի պատվիրակությունը մեկնել է Բելառուս՝ Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին մասնակցելու համար, որը նախատեսվում է մարտի 7-ին։

13:48

Խարկովի կայարանը։ Լուսանկարն արվել է մարտի 6-ին։

13:46

ՄԱԿ-ի միջազգային դատարանում լսումներ են ընթանում Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի գործով։ Ուկրաինական կողմը Ռուսաստանին մեղադրում է ցեղասպանության մեջ։ Ուղիղ հեռարձակումն իրականացվում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի պաշտոնական կայք էջով։

13:42

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը, որը նախատեսված է մարտի 7-ին Բելառուսում, կկայանա օրվա երկրորդ կեսին։ «Բանակցությունների մեկնարկը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 15:00-ին, սակայն ժամանակը կարող է տեղափոխվել՝ ուկրաինական պատվիրակության լոգիստիկ խնդիրների հետ կապված»,- Интерфакс-ին հայտարարել է բելառուսցի քաղաքական գործիչ Յուրի Վոսկրեսենսկին։

13:38

Վլադիմիր Զելենսկին կոչ է արել բոյկոտել ռուսական արտահանումը։

Ուկրաինայի նախագահը նոր տեսաուղերձ է հրապարակել, որտեղ կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, բոյկոտել ռուսական արտահանումը, այդ թվում հրաժարվել նավթից և նավթամթերքից, ինչպես նաև հրաժարվել Ռուսաստան ապրանքներ արտահանելուց։

Զելենսկին ՆԱՏՕ-ի երկրներին կրկին կոչ է արել ոչ թռիչքային գոտի հայտարարել Ուկրաինայի վրա։ Ռուսական իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ նման քայլը կորակեն որպես ագրեսիայի դրսևորում։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Володимир Зеленський (@zelenskiy_official)

11:53

Ֆիննական երկու ընկերություններ պանրի ու կաթի արտադրությամբ զբաղվող Valio-ն և սուրճի արտադրությամբ զբաղվող Paulig-ը հեռանում են Ռուսաստանից։

11:46

The Telegraph թերթը հարցազրույց է արել Օդեսայի ղեկավար Գենադի Տրուխանովի հետ։ Նյութն ուղեկցվել է հետևյալ նկարով։

11:39

Զապորոժյեի մարզի ռազմական վարչակազմի պնդում է, որ «Укрпочта»-ի երկու աշխատակիցներ զոհվել են այն բանից հետո, երբ ավտոմեքենայի ուղղությամբ կրակել են տանկից։

11:31

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը հայտարարել է «լռության ռեժիմի մասին»՝ Մարիուպոլից տարհանում կազմակերպելու համար

«Մարիուպոլ քաղաքից քաղաքացիական բնակչության անվտանգ դուրսբերման ապահովման նպատակով, նախապես սահմանված միջանցքներով, մարտի 7-ին` ժամը 10:00-ից, հայտարարվում է լռության ռեժիմ»,- հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։ Մարիուպոլից բնակչության նախորդ տարհանումը տապալվել էր։

11:28

Ականատեսները կադրեր են հրապարակել Նիկոլաևի հրթիռակոծությունից։

11:24

РИА Новости-ն հրապարակել է Մարիուպոլից, Խարկովից և Սումիից հումանիտար միջանցքի քարտեզները։ Նախատեսվում է մարդկանց դուրսբերում դեպի Բելառուսի և Ռուսաստանի տարածք։

11:20

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ մարտական գործողությունների ինտենսիվությունը ժամանակավորապես նվազել է, ինչը պայմանավորված է ռուսական զորքերի «ահռելի կորուստների հետ»։ Ուկրաինացի նախարարի խոսքով՝ ռուսական զորքերը փորձում են իրենց ուժերն ու միջոցները կենտրոնացնել հարձակումների նոր ալիքի համար, «առաջին հերթին դեպի Կիև, Խարկով, Չեռնիգով և Նիկոլաև»։

Ռեզնիկովը չի մեկնաբանել Ուկրաինա զենքի և սպառազինության մատակարարումը, սակայն զգուշացրել է, որ ռուսական զորքերին «անակնկալ» կսպասվի, քանի որ այդ հարցով «էական առաջընթաց» կա։

11:13

Ինչպես հայտնում են ուկրաինացի զինվորականները, Կիևի մոտ գտնվող Իրպեն քաղաքը երեք օր շարունակ մնում է առանց ջրի, սննդի և էլեկտրաէներգիայի։ Այդ մասին հայտնում է Украинская правда-ն։ Համանման իրավիճակ է նաև Բուչա քաղաքում։ Ըստ տեղական իշխանությունների՝ մարդիկ թաքնվում են նկուղներում, էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով գրեթե կապ չկա բնակիչների հետ։ Իշխանությունները փորձում են պայմանավորվել բնակիչների համար հումանիտար միջանցքի բացման շուրջ, սակայն տարհանումը դեռևս անհնարին է։

11:08

Ինչպես հայտարարել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը, Խարկովում, զանգվածային հրթիռակոծման հետևանքով, մարտի 6-ի երեկոյան ամբողջությամբ կամ մասամբ ավերվել են մի քանի բնակելի շենք և բժշկական ու կրթական հաստատությունների շենքեր։ Փլատակների տակ հայտնաբերվել են 8 զոհվածի մարմիններ։ Տուժածների և զոհերի իրական թիվը ճշտվում է։

11:06

Ուկրաինայի կրթության նախարար Սերգեյ Շկարլետը հայտնել է, որ պատերազմի առաջին 11 օրվա ընթացքում երկրում ամբողջությամբ կամ մասամբ ավերվել է 211 դպրոց։ Ընդհանուր առմամբ Ուկրաինայում, 2021 թվականի սեպտեմբերի տվյալներով, գործում էր 14 հազար դպրոց։

Ստորև հրապարակված տեսանյութում, ինչպես նշվում է, երևում է Ժիտոմիրի հրթիռակոծված դպրոցներից մեկը։

11:03

ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել «Լուգանսկի նավթաբազայի հրթիռակոծման» գործով։

11:00

Ի՞նչ է կատարվել մարտի 7-ի գիշերը՝ հակիրճ.

  • Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 100 ռուսաստանցիների նկատմամբ, ներառյալ՝ Վլադիմիր Պուտինի, Վլադիմիր Միշուստինի, Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի,
  • Ռուսաստանը մարտի 7-ի ցերեկը պատրաստվում է հումանիտար միջանցքներ բացել Կիևից, Մարիուպոլից, Խարկովից և Սումիից,
  • Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ մարտի 7-ի առավոտյան Նիկոլաև քաղաքը հրթիռակոծվել է համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգից,
  • Ռուսաստանում տեղի ունեցած հակապատերազմական բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 4900 մարդ,
  • Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 130 դոլարը։ Դա առավելագույն ցուցանիշն է 2012 թվականից ի վեր։ ԱՄՆ-ն դիտարկում է ռուսական նավթի ներկրման արգելքի հնարավորությունը։
  • TikTok-ը ռուսական օգտատերերին արգելել է ներբեռնել նոր տեսանյութեր։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Պատերազմի առաջին օրվա իրադարձություններին կարող եք ծանոթանալ այստեղ, երկրորդ օրվա իրադարձություններին՝ այստեղ, երրորդ օր՝ այստեղ, չորրորդ օր՝ այստեղ, հինգերորդ օր՝ այստեղ, վեցերորդ օր՝ այստեղ, յոթերորդ օր՝ այստեղ, ութերորդ օր՝ այստեղ, իններորդ օր՝ այստեղ, տասներորդ օր՝ այստեղ, տասնմեկերորդ օր՝ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter