HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 3 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Փետրվարի 27-ի վաղ առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

23:56

Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ «Շնորհակալ եմ Բրիտանիայի վարչապետին իր դիրքորոշման, նոր որոշումներ բարձրացնելու ուկրաինական բանակի մարտական հնարավորությունները»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Վլադիմիր Զելենսկին։

23:46

Ադրբեջանը, որպես հումանիտար օգնություն, Ուկրաինա է ուղարկել դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

23:44

«Շատ սարսափելի է». BBC-ի տեսանյութը եվրոպական երկրներ ժամանած ուկրաինացի փախստականների մասին։

23:38

⚡Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Ուկրաինայի մայրաքաղաքում առկա իրավիճակի մասին։

  • Կիևում կան դիվերսիոն խմբեր։ Ցերեկը եղել են բախումներ և փոխհրաձգություն։ Առանձին շրջաններում դրանք շարունակվում են մինչև հիմա։
  • Ռուսական գնդակոծության արդյունքում, երեք օրվա ընթացքում, Կիևում զոհվել է 6 խաղաղ բնակիչ, այդ թվում մեկ երեխա, և 14 զինվորական։ Վիրավորվել է 71 մարդ, այդ թվում 25 խաղաղ բնակիչ։
  • Քաղաքում մեկ ու կես օրով մտցվել է պարետային ժամը, մինչև փետրվարի 28-ը, ժամը 08:00:
  • Առանց հատուկ անցագրերի քաղաքում շարժն արգելված է։ Մարդիկ կարող են տնից դուրս գալ միայն օդային տագնապի դեպքում, որպեսզի շարժվեն դեպի մոտակա ապաստարան։
  • Հանրային տրանսպորտը չի գործում։ Մետրոն վեր է ածվել ապաստարանի։
  • Գիշերը դժվարին կլինի։

23:31

Արդեն մեկ ժամից ավելի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այդ մասին հայտնում է «Пул Первого» տելեգրամյան ալիքը։

23:14

Բջջային կապի ուկրաինական Киевстар, Vodafone և Lifecell օպերատորներն արգելափակել են Ռուսաստանի և Բելառուսի աբոնենտների հասանելիությունն այդ երկրում։

23:12

Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույց է ընդդեմ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման։

23:04

Bellingcat-ի հետաքննող լրագրող Քրիստո Գրոզև. «Ես այսօր դիտել եմ հարյուրավոր և հազարավոր տեսանյութեր, այդ թվում ոչ հանրային։ Եվ կարող եմ ասել, որ 3000 զոհված ռուսաստանցիների թիվը դա նվազագույնն է, որը ես կարող եմ հաստատել»։

ՌԴ ՊՆ-ն մինչ այս պահը որևէ տեղեկատվություն չի հրապարակել սեփական կորուստների վերաբերյալ։

23:01

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունից հայտնում են, որ Ռովենկի քաղաքում պայթեցվել է նավթաբազան։ Այրվում է 200 տոննա դիզելային վառելիք։ Ենթադրաբար, կան տուժածներ։

22:59

Արկն ընկել է Դոնեցկի բնակելի շենքերից մեկի վրա։ Տուժածների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է։

22:56

YouTube-ն արգելել է RT-ի բովանդակության ցուցադրումն Ուկրաինայում։

22:49

«Միասնական Ռուսաստան» կուսակցությունը հայտնում է, որ իր կայքը ենթարկվել է DDoS հարձակման։ Չի գործում նաև Կրեմլի պաշտոնական կայք էջը։  

22:46

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին խնդրել է Ռուսաստանին զրկել կազմակերպության Անվտանգության խորհրդում ձայնի իրավունքից, ինչպես նաև Մոսկվայի գործողությունները ճանաչել որպես ցեղասպանություն։

22:36

Մոտ կես ժամ առաջ Կիևում միացվել են օդային տագնապի ազդանշանները, լսվում է կրակահերթ։

22:34

Երեկոյան Խարկովում լսվում են մի քանի պայթյուններ։ Կարծես աշխատում է համազարկային կրակի համակարգը, գրում է BBC-ն։

22:28

Գերմանիան Ուկրաինա է ուղարկում 1000 միավոր հակատանկային միջոց և 500 միավոր «Սթինգեր» տեսակի «երկիր-երկինք» հրթիռներ։ «Զենքը Ուկրաինա կուղարկվի որքան հնարավոր է արագ»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։

22:21

Անգլիական պրեմիեր լիգայի Մանչեսթեր Սիթի և Էվերթոն ֆուտբոլային ակումբների խաղացողները մարզադաշտ են դուրս եկել Ուկրաինայի դրոշներով։

22:14

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը թեժ գիծ է բացել ռուսաստանցի զինվորականների հարազատների համար։

22:09

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկություններ չի տրամադրում Ուկրաինայում գերեվարված և զոհված ռուսաստանցի զինծառայողների վերաբերյալ՝ դա անվանելով ուկրաինական կողմի տարածած կեղծ տեղեկատվություն։ BBC-ի և «Агенства»-ի լրագրողները պարզել են մի քանի զոհվածների և գերեվարվածների ինքնությունը, խոսել գերիներից մեկի մոր հետ։

21:59

Instagram-ը սկսել է պիտակել ռուսական պետական լրատվամիջոցների օգտահաշիվներն ու գրառումները։

21:52

Վլադիմիր Զելենսկին իր նոր տեսաուղերձում հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն առաջարկել են կազմակերպել Մոսկվայի և Կիևի բանակցություններ։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Եվրոպայի բոլոր երկրները համաձայնեցրել են SWIFT-ից Ռուսաստանի անջատումը։

21:39

Կալինինգրադի նահանգապետը ցույց է տվել, թե ինչպես ռուսական ինքնաթիռները Կալինինգրադից կմեկնեն Մոսկվա։

21:33

Զելենսկու գրասենյակը հերթական ճեպազրույցն է կազմակերպել մամուլի համար։ Ահա, թե ինչ են հայտարարել Մոսկվայի և Կիևի բանակցությունների մասով։

  • Ուկրաինան սկսել է պատրաստել իր բանակցային դիրքերը. կրակի դադարեցում, զինադադար։ Փետրվարի 25-ին ռուսական կողմն առաջ է քաշել Ուկրաինայի համար մի շարք «անընդունելի» պահանջներ։ Դրանից հետո բանակցությունները դադարեցվել են։ Ոչ թե հենց բանակցությունները, այլ քննարկումը նրա, թե որտեղ և ինչ կազմով պետք է դրանք անցկացվեն։ Այսինքն, բանակցային փաթեթի առաջին փուլի ձևավորումը։ Այդ քննարկումն ավարտվել է բանակցային խմբերի ձևավորման փուլում։ Անձնակազմի քննարկման դադարեցման նախաձեռնողը եղել է Ռուսաստանը։

21:14

ԱՄՆ վարչակազմում CNN-ի աղբյուրը հայտնում է, որ Մոսկվայի նկատմամբ կարող են սահմանվել լրացուցիչ պատժամիջոցներ՝ «Կիևի անկման» պարագայում։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն նաև դիտարկում են ռուսական առանձին բանկերի և ընկերությունների SWIFT-ից անջատելու տարբերակը, այլ ոչ ամբողջ երկրի։ 

21:09

Զապորոժյեի մարզի բնակիչները BBC-ին պատմել են մարզի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Էներգոդար քաղաքում մարտերի մասին։ Դրա մոտ տեղակայված է Զապորոժյեի ԱԷԿ-ը, որը Եվրոպայի ամենամեծ էլեկտրակայանն է։ Բնակիչները տեսնում են ԱԷԿ-ի մոտ գտնվող ճանապարհով ռազմատեխնիկայի զանգվածային տեղաշարժ։ Տեղացիների խոսքով՝ Էներգոդարում երեկվանից ընթանում են մարտեր, անընդհատ հնչում է տագնապի ազդանշան, ընդ որում քաղաքից դուրս գալ հնարավոր չէ։

20:59

⚡Սլովենիան ևս փակեց իր օդային տարածքը Ռուսաստանի համար։

20:55

Եվրամիության երկրները սկսել են զենք մատակարարել Ուկրաինային։ Բելգիան կուղարկի 2000 գնդացիր և վառելիք, Սլովակիան՝ 12 000 ական և վառելիք, իսկ Գերմանիան կուղարկի 400 ձեռքի հակատանկային նռնականետ։

20:53

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն։

Նախարարությունը հայտնում է, որ ռուսական զորքերը շարունակում են շարժվել դեպի Կիև և գտնվում են ուկրաինական մայրաքաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Ընդ որում, ռուսական զորքերը չեն կարողացել ամբողջական վերահսկողություն հաստատել Ուկրաինայի երկնքում։

Հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական զինծառայողների շրջանում զոհերը կարող են լինել շատ ավելի մեծ և շատ ավելի լուրջ, քան ակնկալում էին Կրեմլում։

Ուկրաինական բանակը շարունակում է դիմադրությունը երկրի ողջ տարածքում, նշվում է հաղորդագրության մեջ։

20:47

Օդեսայի մարզում երեկոյան 19:00-ից առավոտյան 06:00-ն հայտարարվել է պարետային ժամ։

20:46

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատմել է Չեռնոբիլի ատոմակայանում առկա իրավիճկի վերաբերյալ, որը փետրվարի 24-ից գտնվում ռուսական վերահսկողության տակ։ Գերատեսչության տվյալներով՝ կայանը վերահսկվում է ՌԴ օդադեսանտային ուժերի և Ուկրաինայի ազգային գվարդիայի կողմից։ Ատոմային էլեկտրակայանի անձնակազմը շարունակում է աշխատանքը։ Կայանում ռադիացիայի մակարդակը չափում են օրական վեց անգամ։

20:39

Ռոսավիացիան հայտարարել է, որ փակում է Ռուսաստանի օդային տարածքը Ռումինիայի ավիաընկերությունների համար։

20:36

Ուկրաինայի ցամաքային զորքերը պնդում են, որ Սև ծովի վրա խոցվել է ռուսական Су-30СМ կործանիչ։ 

20:34

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հեռախոսազրույց են ունեցել, որի արդյունքում քննարկվել է SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումը։

Բանակցությունների մանրամասները դեռևս անհայտ են։

20:29

Կիևի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ առավոտյան բնակելի շենքի հրթիռակոծման արդյունքում զոհվել է երկու մարդ։

20:23

⚡Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն. ռուսական հարձակումը դանդաղել է

Բրիտանական պաշտպանական նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերի առաջխաղացումը ժամանակավորապես դանդաղել է, հավանաբար «լոգիստիկ լուրջ խնդիրների և ուկրաինացիների ուժեղ դիմադրության արդյունքում։»

«Ռուսական ուժերն անցնում են խոշոր բնակավայրերի միջով՝ ուժեր թողնելով դրանց շրջափակման և մեկուսացման համար»,- նշվում է գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։

«Կիևի գիշերային բախումներին, հավանաբար, մասնակցել են սահմանափակ թվով մարդիկ՝ նախապես տեղակայված ռուսական սաբոտաժային խմբերից»,- հավելել են Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում։

Բրիտանացիների կարծիքով՝ ռուսական ուժերի գլխավոր նպատակը մնում է Կիևը։

20:14

«Աէրոֆլոտ»-ը, մինչև մարտի 26-ը, դադարեցրել է թռիչքները դեպի Ռիգա և Բուխարեստ։

20:02

Բելգորոդում բերման ենթարկված լրագրողներն ազատ են արձակվել ոստիկանությունից։

19:57

Կոտրել են Լեհաստանում ռուսական դեսպանության լուսամուտները, իսկ դիվանագիտական առաքելությունն անընդհատ ստանում է սպառնալիքներ։ Այդ մասին հայտարարել է դեսպանության աշխատակիցներից մեկը։ 

Դուբլինում էլ ցուցարարները դեսպանության դարպասներից պոկել են ՌԴ զինանշանն ու հարձակվել դիվանագետներից մեկի մեքենայի վրա։

19:38

Ռուսաստանը պայթեցրել է Հյուսիս-Ղրիմական ջրանցքի վրա կառուցված պատվարը, որն արգելափակում էր դեպի Ղրիմ ջրամատակարարումը։ Այդ մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը՝ հրապարակելով պայթյունի կադրերը։

19:21

Հետաքրքիր հայտարարություն է տարածել Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը։ Այն հրապարակում ենք առանց մեկնաբանության։

Ես հենց նոր ուսումնասիրեցի առաջարկների փաթեթը, թե ինչպես վերջ դնել ռուսական ագրեսիային։ Արևմուտքը հայտարարում է, որ յուրաքանչյուր ռուս զինվոր, որը կհանձնվի ուկրաինացիներին, ապաստան կստանա Արևմուտքում։ Ես կարծում եմ, որ նկարիչ Այգար Բիկշեի գաղափարը հաղթական է ։ Այն երկրները, որոնք Ուկրաինային զենք չեն տալիս, ապաստան են տալիս։

19:17

ՌԴ ՊՆ տվյալներով՝ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության վերահսկողության տակ են հայտնվել Ստարոգնատովկա, Օկտյաբրսկայա և Պավլոպոլ բնակավայրերը, իսկ Լուգանսկի ժողովրդական հանրապետության վերահսկողության տակ՝ Սչաստյեն և Մուրատովոն։

19:07

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 26-ի երեկոյան, ուկրաինական 16 նավակ փորձել են Զմեյնի կղզու մոտ հարձակվել Սևծովյան նավատորմի նավերի վրա, որը գտնվում է ռուսաստանցի զինծառայողների վերահսկողության տակ։ Հարձակման նպատակը դարձել է 82 զինվորականների ազատագրումը, որոնք ցած էին դրել իրենց զենքերը։ Ծովամարտի ժամանակ, ըստ ռուսական կողմի, վեց նավակ ոչնչացվել է։

19:03

Բելգորոդում ոստիկանությունը բերման է ենթարկել «Новая газета»-ի լրագրողներ Իլյա Ազարին և Իվան Ժիլինին, ինչպես նաև «Ազատություն ռադիոկայան»-ի թղթակից Սերգեյ Խազով-Կասիային։ 

Լրագրողները ռեպորտաժ էին պատրաստում Ուկրաինայի հետ սահմանին գտնվող քաղաքի կյանքի մասին։

18:54

Ավելի քան 150 հազար ուկրաինացի փախստական լքել է Ուկրաինան։ Այդ մասին հայտնել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։ Մարդկանց կեսը մեկնել է Լեհաստան, շատերը՝ Հունգարիա, Մոլդովա, Ռումինիա և այլ երկրներ։ «Ուկրաինայի ներսում տեղափոխությունը ևս աճում է, բայց ռազմական իրավիճակը բարդացնում է նրանց թվաքանակի գնահատումն ու օգնության տրամադրումը»,- ասել է Գրանդին։

18:44

⚡Լեհաստանը կողմ է ԵՄ-ին Ուկրաինայի արագ կարգով անդամակցությանը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ իր երկիրը կողմ է Ուկրաինայի՝ արագ կարգով Եվրամիությանն անդամակցությանը։ Թեկնածուի կարգավիճակն Ուկրաինային պետք է տրվի անմիջապես, իսկ անդամակցության վերաբերյալ բանակցությունները պետք է սկսել դրանից անմիջապես հետո։ 

Բացի այդ, Դուդան հավելել է, որ վերականգնման համար Ուկրաինային պետք է հասանելի լինեն ԵՄ միջոցները։ «Ուկրաինան դա վաստակել է»,- նշել է նա։

18:37

Կայացել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, որի ընթացքում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է ուկրաինական հիմնախնդրի արագ կարգավորման համար համագործակցել բոլոր կառուցողական ուժերի հետ։

18:33

ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը, սակայն վերջնական որոշում դեռևս չկա։ Այդ մասին հայտնել է Bloomberg-ի լրագրող Սալեհա Մոհսին՝ չբացահայտելով տեղեկատվության աղբյուրը։

18:26

Ռուսական կողմն Անկարայից չի ստացել որևէ ծանուցում ռուսական ռազմանավերի համար Սևծովյան նեղուցները փակելու վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայում ՌԴ դեսպանությունը։

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արգելել է սևծովյան նեղուցներով ռուսական ռազմանավերի անցումը։

18:08

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ SWIFT-ից Ռուսաստանի անջատման պաշտոնական որոշումը «դեռևս ձևակերպված չէ, սակայն արդեն սկսվել է այդ պատժամիջոցի որոշումների ընդունման և ներդրման տեխնիկական պատրաստությունը»։

17:57

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «Новая газета»-ին մեղադրել է Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու մեջ։

«Առանձին ռուսական ԶԼՄ-ներ և նախևառաջ «Новая газета»-ն մեզ չլսեցին։ Նրանք ակտիվորեն առաջ են մղում կեղծ տեղեկատվություն, որը պատրաստված է ծխած նացիոնալիստների ավազակախմբի և Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից։ Օպերատիվ կերպով լուսաբանում են ուկրաինական ֆեյքերին՝ գրեթե միաժամանակ սոցիալական ցանցերում դրանց հրապարակման հետ»։

«Новая газета»-ն նման պատասխան է տվել. «Որպեսզի խմբագրությունը հրապարակի ձեր տեղեկատվությունը, այդ տեղեկատվությունը պետք է տալ։ Մինչ օրս չի ստացվել ՊՆ ուղարկված հարցումը»։ 

17:51

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիան արգելել է ռուսական ռազմանավերի անցումը սևծովյան նեղուցներով։ Խոսքը Բոսֆորի և Դարդանելի նեղուցների մասին է։

17:43

Ռուսաստանը SWIFT համակարգից անջատելու վերաբերյալ որոշումը կկայացվի մի քանի օրվա ընթացքում։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է եվրագոտու երկրներից մեկի կենտրոնական բանկի ղեկավարը, որը խնդրել է չհրապարակել իր անունը։ «SWIFT-ն ուղղակի ժամանակի հարց է, շատ կարճ ժամանակի, օրերի»,- հայտարարել է նա։

17:38

Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունը (ВГТРК), Ռուսաստանի առաջին ալիքը և «Օստանկինո» ռադիոտունը հայտարարել են, որ դադարեցնում են անդամակցությունը Եվրոպական հեռարձակողների միությանն այն բանից հետո, երբ Ռուսաստանը հեռացվել է «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթից։

17:30

Ռումինիան ևս փակեց իր օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար։

17:28

Կալինինգրադի մարզի իշխանությունները հայտնել են, որ Լիտվայի օդային սահմանի փակման պարագայում բնակիչները կկարողանան Ռուսաստան մեկնել Բալթիկ ծովի չեզոք ջրերի այլընտրանքային երթուղիներով։

«Կալինինգրադի մարզի բնակիչները կարող են մեկնել «մեծ» Ռուսաստան չեզոք ջրերով և Լենինգրադի մարզով»,- ասել է մարզային կառավարության մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Լիսկովը։

17:19

Լիտվան, Լատվիայից և Էստոնիայից հետո, ևս փակում է իր օդային սահմանը Ռուսաստանի ինքնաթիռների համար։ Քարտեզում պատկերված Մոլդովայի պարագայում փակ է օդային տարածքը բոլոր երկրների համար։

17:12

Օդեսայի «Դումսկայա» պարբերականը հայտնում է Օդեսայում պայթյունների մասին։ Ենթադրաբար, գործում է ուկրաինական ՀՕՊ-ը։

16:51

Կրեմլում հայտարարել են, որ փետրվարի 25-ի ցերեկը Վլադիմիր Պուտինը, սպասվող բանակցություններով պայմանավորված, հրամայել էր Ուկրաինայում դադարեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը «ըստ էության հրաժարվել է բանակցություններից», փետրվարի 26-ին Ռուսաստանը շարունակել է առաջխաղացումը։

16:44

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը պնդում է, որ փետրվարի 25-ին Ուկրաինայի տարածքից արձակված հրաձգությունից հետո վիրավորվել է Ռուսաստանի սահմանապահ ծառայության աշխատակիցը։

16:41

Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան հայտնել է, որ Կիևի Լոբանովսկու պողոտայում բնակելի շենքի վրա հրթիռի ընկնելը որակավորվել է որպես պատերազմի օրենքների և սովորույթների խախտում։

16:34

Ուկրաինայի սահմանապաh ծառայության ղեկավար Սերգեյ Դեյնենկոն նամակ է հղել Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի ղեկավար Անատոլիա Լապոյին, որտեղ վերջինիս մեղադրել է Ուկրաինայի դեմ բաց ագրեսիայի մեջ։ 

Նամակն ավարտվում է հետևյալ բառերով`

ՄԵՆՔ ԿՀԱՂԹԵ՜ՆՔ

ԱՆԻԾՎԵՔ ԴՈՒՔ, ԱՆԱՍՈՒՆՆԵ՜Ր

ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔՈՎ,

16:29

Ուկրաինական լրատվամիջոցները կադրեր են հրապարակում Չեռնիգովում տեղի ունեցած հրդեհից։ Չեռնիգովի մարզային ռազմաքաղաքացիական վարչակազմի տվյալներով՝ քաղաքը հրետակոծվել է համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգից։ Այս տեղեկատվության անկախ աղբյուրներից հաստատում դեռևս չկա։

16:15

Չեն բացվում ռուսական պետական մի շարք կայքեր

Համացանցի ռուսական հատվածում հայտնում են, որ դժվարությամբ են բացվում կամ ընդհանրապես չեն բացվում ռուսական պետական մի շարք կայքեր։ Այսպես, ժամը 16:15-ի դրությամբ Հայաստանից չեն բացվում Կրեմլի կայքը (kremlin.ru), ՌԴ կառավարության կայք էջը (government.ru), , Արդարադատության նախարարության կայքը (minjust.gov.ru)։ Դժվարությամբ է բացվում Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության կայքը (rkn.gov.ru)։

16:10

Ռոսավիացիան հայտարարել է, որ փակել է Ռուսաստանի օդային տարածքը Բուլղարիայի, Լեհաստանի և Չեխիայի օդանավերի համար։

16:06

Լեհական LOT ավիաընկերությունը ևս այսօրվանից դադարեցնում է թռիչքները դեպի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ։

16:04

AirBaltic-ը մինչև մարտի 26-ը չեղարկում է բոլոր թռիչքները դեպի Ռուսաստան։ Ավելի վաղ, ավիաընկերությունը մինչև մարտի 13-ը չեղարկել էր բոլոր թռիչքները դեպի Ուկրաինա։

15:56

Լվովում միացվել են օդային տագնապի ազդանշանները։ Մարդկանց կոչ են անում ուղևորվել ապաստարաններ։

15:48

Սլովակիան արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Ուկրաինայից փախստականների ներհոսքի պատճառով։

15:41

Փետրվարի 25-ին Շվեդիան և Ֆինլանդիան փակել են իրենց օդային տարածքը ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին և մյուս պատգամավորներին տեղափոխող ինքնաթիռի համար, որոնք մեկնում էին Կուբա։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հղում անելով պատվիրակության անդամներին, երթուղու փոփոխության պատճառով թռիչքը երկարաձգվել է 45 րոպեով։ 

15:33

Կիևում ընդլայնվել է պարետային ժամի ժամանակահատվածը։ Փետրվարի 26-ից այն կգործի 17:00-ից մինչև առավոտյան 08:00-ն։ Այդ մասին հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նրա խոսքով՝ ռեժիմը կգործի մինչև փետրվարի 28-ը։

«Քաղաքացիական բոլոր անձինք, որոնք պարետային ժամի ժամանակահատվածում կգտնվեն փողոցում, կհամարվեն թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի անդամներ»,- հայտարարել է Կլիչկոն։

15:30

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջել է Եվրամիության բոլոր երկրներում անմիջապես արգելել RT (Russia Today) հեռուստաընկերության հեռարձակումը՝ որպես «ապատեղեկատվության աղաղակող զենք»։

15:28

⚡Կիպրոսը և Ֆրանսիան կաջակցեն SWIFT-ից Ռուսաստանի անջատման որոշմանը

Կիպրոսը չի արգելափակի միջազգային բանկային SWIFT համակարգից Ռուսաստանի անջատման որոշումը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ Նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան ևս կաջակցի այդ որոշմանը։

Ավելի վաղ, այդ որոշմանն աջակցել էին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան և ԵՄ ղեկավարությունը։ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հայտարարել է, որ Եվրոպայում չի մնացել երկիր, որը համաձայն չէ այս քայլին։

Reuters գործակալությունը, հղում անելով եվրագոտու կենտրոնական բանկերից մեկի ղեկավարին, հայտնում է, որ SWIFT-ից Ռուսաստանի անջատման որոշումը կարող է ընդունվել մի քանի օրվա ընթացքում։ «Բավարա՞ր է այդքանը։ Ո՛չ։ Անհրաժե՞շտ է արդյոք դա։ Միանշանակ։ Պատժամիջոցներն իմաստ ունեն միայն այն դեպքում, երբ կան կորուստներ բոլոր կողմերի համար, և դա կարող է լինել թանկարժեք որոշում»,- ասել է գործակալության աղբյուրը։

15:14

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ Ռոստովի մարզում «Ուկրաինայի կողմից գրանցվել է հրաձգություն»։ Գերատեսչության տվյալներով՝ Նիժնեկամիշինսկի շրջանում ընկել է 120-միլիմետրանոց 3 ական։ ԱԴԾ-ն նշում է, որ փլուզումներ և տուժածներ չկան։

15:03

Իրավիճակը Մարիուպոլում

Մարիուպոլի բնակիչ Իրինան BBC-ի ռուսական ծառայությանը պատմել է քաղաքում առկա իրավիճակի մասին։ «Մեր մոտ լուռ է, առավոտյան մի քանի ուժեղ հարձակում է եղել, իսկ հիմա միայն մենահատ կրակոցներ են։ Քաղաքում խուճապ չկա, խանութներում բոլոր դրամարկղերն աշխատում են, հերթեր չկան։ Շատերը գնացել են հիվանդանոց արյուն հանձնելու համար։ Մեզ մոտ այստեղ և' ուկրաինացիներն են վիրավոր պառկած, և' ռուսները։

Գերիներին բոլորը հանգիստ են վերաբերվում։ Նրանց մասին խոսում են, որ երիտասարդներ են, որոնց այստեղ ուղարկել են, նրանց նկատմամբ որևէ ագրեսիա չկա։ Լցակայաններում 10 լիտրից ավելի չեն տալիս, բայց ժողովուրդը խելացի է։ Գնում են մի լցակայան, հետո մյուսը՝ այդպես լցնելով ողջ բաքը։ Հերթեր կան բանկերում, բայց քարտով ևս կարելի է վճարել։ Ես կանխիկ գումար չեմ հանել։ Մարիուպոլից դուրս գալ ես դեռևս չեմ պլանավորում։ Մտածում եմ, որ եթե այստեղ մոտենա ռուսական բանակը, ապա և' բանակի, և' մարդկանց օգնության կարիքը կլինի»։

14:57

⚡Լատվիան ևս փակում է իր օդային տարածքը Ռուսաստանի համար։ Այդ մասին հայտարարել է Լատվիայի արդարադատության նախարար Յանիս Բորդանսը։

Ավելի վաղ, նման որոշման մասին հայտարարել էին Լեհաստանը, Չեխիան, Բուլղարիան և Էստոնիան։

14:55

Ռուսական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ն հերքում է իր մասնակցությունը Կիևի բնակելի շենքի հրթիռակոծությանը։

14:53

Եվրոպայի օդային տարածքն այս պահին։

14:48

⚡ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել նոր ուղերձով։

«Ես ուզում եմ, որ ինձ լսեն Ռուսաստանում։ Բացարձակապես բոլորը։ Հազարավոր զոհեր, հարյուրավոր գերիներ, որոնք ուղղակի չեն կարող հասկանալ, թե ինչի համար են իրենց Ուկրաինա ուղարկել, Ուկրաինա ուղարկել զոհվելու, ուրիշներին սպանելու։ Ինչքան արագ դուք ձեր իշխանություններին ասեք, որ պատերազմը պետք է անհապաղ կանգնեցնել, այնքան ձեր մարդկանցից ավելի շատ մարդ կենդանի կմնա։ Մենք տեսնում ենք, որ, իրոք, ձեր քաղաքացիները դեմ են հանդես գալիս պատերազմին։ Եվ մենք գիտենք, որ շատերը Ռուսաստանում ցնցված են իշխանությունների ստորությունից և դաժանությունից։ Եվ դա շատ ճիշտ արձագանք է։ Ես շնորհակալ եմ ձեզնից այդ արձագանքի համար։ Շնորհակալություն Լեոնիդ Պարֆյոնովին, Դմիտրի Մուրադովին, Յուրի Դուձին, Լիա Ախիջակովային, Վալերի Մելաձեին և հազար-հազարավոր արժանի այլ ռուսաստանցիներին, որոնց խիղճը բարձր է հնչում։ Ուղղակի կանգնեցրեք նրանց, ովքեր ստում են, ովքեր ստում են ձեզ, ստում մեզ, ստում բոլորին, ողջ աշխարհին։ Պետք է ավարտել այս պատերազմը։ Մենք կարող ենք ապրել խաղաղության մեջ, գլոբալ խաղաղության մեջ, մարդկային խաղաղության մեջ»,- հայտարարել է Զելենսկին։

Զելենսկին նաև հայտարարել է, որ իրենք հաջողությամբ կարողանում են հետ մղել ռուսական հարձակումները։

14:29

Էստոնիան փակում է օդային սահմանը Ռուսաստանի ինքնաթիռների համար։ Ավելի վաղ, այդ քայլին դիմել էին Բուլղարիան, Լեհաստանը և Չեխիան։

14:24

Ուկրաինացի փրկարարների տվյալներով՝ Կիևում փետրվարի 26-ի առավոտյան բնակելի տան հրթիռակոծման արդյունքում տուժել է 6 մարդ։

14:20

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, հղում անելով Գերագույն ռադայի անանուն պատգամավորներին, պնդում է, որ Վլադիմիր Զելենսկին «հապճեպ լքել է Կիևը» և արդեն փետրվարի 25-ին քաղաքում չի եղել։ Անկախ աղբյուրներից այս տեղեկության հաստատում չկա։ Այսօր, ավելի վաղ, Զելենսկին տեսաուղերձ էր հրապարակել Կիևի կենտրոնից։ 

14:18

⚡Դմիտրի Մեդվեդև. Եվրոպայի խորհրդից դուրս գալուց հետո Ռուսաստանում կարող է վերականգնվել մահապատիժը։

14:04

Ուկրաինայի փոխվարչապետը Կամիր խաչի միջազգային կոմիտեին խնդրել է Ռուսաստան տեղափոխել ռուսաստանցի զինծառայողների հազարավոր մարմիններ։

«Մենք խնդրում ենք, որ Միջազգայն Կարմիր խաչը օգնի Ռուսաստանի Դաշնություն տարհանել ռուսաստանցի զինվորների մարմինները։ Դրանք հազարավոր մարմիններ են։ <...> ՌԴ-ում պետք է իմանան, թե ինչքան մարմիններ են ընկած ուկրաինական հողում»,- հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։

13:56

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունում բացվել է թեժ գիծ՝ ռուս զինծառայողների հարազատների համար։

13:52

Ուկրաինայի անվտանգության ծառայության Լվովի մարզային վարչությունը հերքել է Լվովի քաղաքապետի՝ ռուսական դեսանտի իջեցման վերաբերյալ տեղեկատվությունը։ Ծառայության տվյալներով՝ դա ուկրաինական ավիացիան է եղել։

13:47

Լվովի մարզի Բրոդով շրջանում Երևանի ժամանակով 11:00-ին երեք ուղղաթիռներով ռուսական դեսանտ է իջեցվել։ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտարարել է, որ դեսանտը բաղկացած է եղել 60 մարդուց։ «Մեր զորքերը հակահարված են տվել։ Հիմա նրանք հետ են նահանջում Լևյտինի շրջանի անտառ»,- ասել է քաղաքապետը։

13:31

Կիևում կրկին միացվել են օդային տագնապի ազդանշանները։

13:28

Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն հայտնել է, որ պատերազմի սկզբից զոհվել է 198 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեք երեխա։ Եվս 1115 մարդ, ներառյալ 33 երեխա, վիրավորվել է։

13:23

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան օտարերկրյա պետություններին կոչ է արել արտաքսել Ռուսաստանի դեսպաններին։

«Մեր հիանալի խաղաղ քաղաքը՝ Կիևը, ևս մեկ գիշեր վերապրեց ռուսական ցամաքային զորքերի և հրթիռների հարձակման տակ։ Դրանցից մեկը հարվածել է Կիևի բնակելի շենքերից մեկին։ Ես աշխարհից պահանջում եմ ամբողջությամբ մեկուսացնել ՌԴ-ին։ Արտաքսեք դեսպաններին։ Նավթային էմբարգո»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Կուլեբան։

13:19

Ավստրիայի անվտանգության ազգային խորհուրդը որոշել է, որ Ավստրիան պետք է ձգտի հասնել SWIFT համակարգից Ռուսաստանի անջատմանը։ Նման գրառում է արել Ավստրիայի կառավարության մամուլի քարտուղարը։

13:13

Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ միայն ռուսները կարող են փրկել Միջազգային տիեզերական կայանը ուղեծրից անկառավարելի դուրս գալուց: Նրան պատասխանել է Իլոն Մասկը։

13:02

Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պատճառով այդ երկիրը կարող է վերանայել իր հարաբերությունները պատժամիջոցներ հայտարարած երկրների հետ։ Նա ակնարկել է, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրից։

12:46

Լեհաստանի սահմանապահ ծառայության տվյալներով՝ մեկ օրվա մեջ Լեհաստան է մեկնել 47,5 հազար մարդ։ ԶԼՄ-ները հայտնել են, որ լեհական Մեդիկա գյուղի մոտ գտնվող սահմանային անցակետում կուտակվել են տասնյակ հազարավոր ուկրաինացիներ։

12:31

Կիևում գիշերային հարձակման արդյունքում վնասվել է Բերեստեյսկայա մետրոյի մոտ գտնվող կամուրջը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն։

12:25

Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Կիևի մետրոն ծառայում է որպես ապաստարան, տրանսպորտային փոխադրումներ չեն կարող լինել։

12:04

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ, ենթադրաբար, երևում է Կիևի Լոբանովսկի պողոտայում բազմահարկ շենքի վրա հրթիռի ընկնելը։

12:02

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է որոշում ընդունել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։

12:00

«Սպուտնիկ Մոլդովա»-ն հայտնում է, որ երկրի իշխանությունները խմբագրությանը հայտնել են գործակալության կայքերի աշխատանքի դադարեցման մասին։ Կայքը արգելափակվել է փետրվարի 26-ից, իսկ ռադիոհեռարձակումը կդադարեցվի՝ մարտի 7-ից։

11:56

Լատվիայի ԱԳ նախարարությունը ռուս երգիչ Նիկոլայ Բասկովին «Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային» սատարելու համար ներառել է այդ երկրի սև ցուցակում։ Ավելի վաղ, Բասկովն իր աջակցությունն էր հայտնել Ուկրաինայում պատերազմին։

11:51

ՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ Միխայիլ Յասնիկովը հայտարարել է, որ Օդեսայի մարզի Զմեյնի կղզում զենքերը ցած դրած ուկրաինացի 82 զինվորականները ժամանել են Սևաստոպոլ։

11:47

Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնում է, որ գիշերը հարձակում է եղել Կիևի հիդրոէլեկտրակայանի ուղղությամբ, սակայն այն հետ է մղվել, իսկ կայանը ներկայումս աշխատում է սովորական ռեժիմով։

11:44

Ենթադրաբար սա Կիևի Լոբանովսկի պողոտայի բնակելի շենքի հրթիռակոծման տեսանյութն է։

Իսկ սա էլ՝ հրթիռակոծման արդյունքները։

11:40

Կիևի Լոբանովսկի պողոտայի բնակելի շենքի վրա երկու հրթիռ է ընկել։ Դրանցից երկրորդն ընկել է բարձրահարկ շենքի ստորին հատվածում։ Երկրորդ հրթիռի հասցրած վնասները երևում են տեսանյութում։ Ուշադրությո՛ւն, տեսանյութում հայհոյանք կա։

11:36

Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևը հայտնում է, որ քաղաքը մնում է Կիևի իշխանությունների վերահսկողության ներքո։ 

11:31

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ նախնական տվյալներով բնակելի շենքի հրթիռակոծման արդյունքում որևէ մարդ չի տուժել և չի զոհվել։ Իրականացվում է տարհանում։ 

11:22

Բնակելի շենքի վրա հրթիռի ընկնելու կադրերը տեսանկարահանել է անվտանգության տեսախցիկը։

11:19

Այս տեսքն ունի հիմա հրթիռակոծված բնակելի շենքը։

11:14

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Կիևի Ժուլյանի օդանավակայանի շրջանում ուժեղ պայթյունի մասին։ УНИАН-ը գրում է, որ հրթիռն ընկել է Կիևի Սոլոմենսկի շրջանի բնակելի շենքերից մեկի վրա։

11:11

Ռուսաստանի ՊՆ-ն ժամը 10:00-ի դրությամբ տվյալներ է հրապարակել Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունների վերաբերյալ.

  • գիշերվա ընթացքում ռուսաստանցի զինվորականները թևավոր հրթիռների օգնությամբ հարձակվել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների վրա։
  • ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Մելիտոպոլ քաղաքը,
  • գործողությանը ներգրավվել է ռազմածովային նավատորմը, կործանվել ուկրաինական ութ նավակ,
  • Օպերացիայի սկզբից ռուսական զինծառայողները խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 821 օբյեկտ, այդ թվում 14 ռազմական օդակայան, կառավարման և կապի հանգույցի 19 կետ, 24 С-300 և «Оса» զենիթահրթիռային համալիր, 48 ռադիոտեղորոշման կայան։
  • Ռուսական ուժերը խոցել են 7 ինքնաթիռ, 7 ուղղաթիռ, 9 թռչող ապարատ, ոչնչացրել 87 տանկ և զրահապատ այլ մեքենա, համազարկային կրակի 28 ռեակտիվ համակարգ, հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 118 միավոր։

11:05

Ժամը 10:00-ին Կիևում միացվել են օդային տագնապի ազդանշանները։ Բնակիչներին կոչ են արել թաքնվել ապաստարաններում։

11:03

⚡Վլադիմիր Զելենսկին Կիևի փողոցներից տեսաուղերձ է հրապարակել։

Ուկրաինայի նախագահը պատմել է, որ կեղծ տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ ինքն իբր ուկրաինական բանակին հրամայել է զենքերը ցած դնել։ «Ուրեմն այսպես, ես այստեղ, որևէ զենք մենք ցած չենք դնում։ Կպաշտպանենք մեր երկիրը, որովհետև մեր զենքը մեր ճշմարտությունն է, մեր ճշմարտությունն այն մասին, որ սա մեր հողն է, մեր երկիրը, մեր երեխաները։ Եվ մենք այս ամենը կպաշտպանենք»,- հայտարարել է Զելենսկին։

10:59

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները լրջորեն դիտարկում է Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելու հարցը։

10:56

УНИАН-ը հայտնել է, որ առավոտյան 09:40-ի մոտ Կիևի մարզի Վիշգորոդի շրջանում նկատվել է 100 միավոր զրահատեխնիկայից բաղկացած շարասյան շարժ, որոնց վրա եղել է V նշանը։ 

10:53

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է պատերազմի ժամանակ ռուսական կողմի նախնական կորուստների մասին։

  • ինքնաթիռներ - 14 միավոր,
  • ուղղաթիռներ - 8 միավոր,
  • տանկեր - 102 միավոր,
  • մարտական զրահապատ մեքենաներ - 536 միավոր,
  • հրանոթներ - 15 միավոր,
  • «Բուկ» զենիթահրթիռային համալիր

Թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, դժվար է ասել։ ՌԴ ՊՆ-ն որևէ տվյալ չի տալիս իր կորուստների վերաբերյալ։

10:46

Վաղ առավոտյան Կիևի Նիվկի և Վինոգրադար շրջաններում պայթյուններ են լսվել։

10:43

Վասիլկովի քաղաքապետ Նատալյա Բալասինովիչը պատմել է քաղաքում մարտերի մանրամասները։

«Ռուսական դեսանտայինները օդապարիկներով իջել են մեր համայնքի դաշտերում, անտառներում և գյուղերում։ Ամենաահավորը Դեկաբրիստների փողոցում էր, այնտեղ մարդեր էին գնում, փողոցը վառվում էր։ Նրանք երազում էին գրավել մեր օդակայանը, որպեսզի տեղակայեն իրենց զորամասերը, բայց մեր 40-րդ բրիգադը ուժեղ գտնվեց և հետ մղեց հարձակումը»։

10:38

Վաղ առավոտյան Ուկրաինայի ԶՈւ-ն հայտարարել է, որ հետ է գրավել Վասիլկով քաղաքը, որը գտնվում է Կիևից 25 կիլոմետր հեռավորության վրա։

10:35

Կիևի մետրոյում, որը մարդիկ կիրառում են որպես ապաստարան, երեխա է ծնվել։ Աղջնակին անվանել են Միա։

10:29

Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, որ վերջին ժամերի ընթացքում խոցվել են ռուսական երկու Су-25 գրոհիչ, մեկ ուղղաթիռ և մեկ ИЛ-76 ինքնաթիռ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը կորուստները չի հաստատել։

10:23

Facebook-ը ռուսական պետական լրատվամիջոցներին արգելել է գովազդ տեղադրել և օգտվել սոցիալական ցանցի մոնետիզացման ծառայությունից։

10:18

Առավոտ շուտ օդային տագնապի ազդանշան է միացվել նաև Լուցկում և Լվովում։

10:14

Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ Կիևի Բերեստեյսկայա մետրոյի մոտ ոչնչացվել է ռուսական ռազմատեխնիկայի շարասյուն՝ երկու բեռնատար, երկու մարդատար ավտմեքենա և տանկ։

10:09

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ արդեն 100 000 ուկրաինացի ստիպված լքել է իր տները։

10:00

Ինչպես պնդում է«Ուկրաինսկայա պրավդա»-ն, այս տեսանյութն նկարահանվել է Կիևի կենտրոնում՝ Շևչենկոյի շրջանում։ Այնտեղ լսվում է անդադար փոխհրաձգություն։

09:56

Ուկրաինական ДОМ պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ է ղեկավարում Կիևի պաշտպանությունը։ Նա գտնվում է մայրաքաղաքում։

09:47

«Ուկրաինսկայա պրավդա»-ն հայտնում է, որ գիշերը Կիևի կենտրոնում, Բոգդան Խմելնիցկու փողոցում կրակոցներ են հնչել։

09:45

Խարկովում հայտարարվել է օդային տագնապ։

09:34

Վասիլկով քաղաքի քաղաքապետը հայտնել է ռուսական դեսանտի իջեցման մասին։

«Հիմա դեկաբրիստների փողոցում (որտեղ տեղակայված է ավիաբազան), իրոք շատ թեժ է։ Դա մեր քաղաքի կենտրոնական փողոցն է։ Անընդհատ ընթանում է հրթիռակոծություն։ Համայնքի ողջ տարածքում, դաշտերում մեծ թվով դեսանտ է իջեցվել, որոնք հիմա համառ մարտեր են վարում մեր 40-րդ բրիգադի մարտիկների հետ»։

09:29

Reuters գործակալությունը, հղում անելով Maxar-ի արբանյակային լուսանկարներին, հայտնել է, որ ավելի քան 90 ուղղաթիռ և ցամաքային զորքեր գտնվում է Ուկրաինայի սահմանից ոչ շատ հեռու գտնվող բելառուսական Խոյնիկի քաղաքում։

09:17

Կոմունիստական կուսակցությունից ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Մատվեևը պահանջում է անմիջապես դադարեցնել պատերազմը։ Նա նշել է, որ կողմ է քվեարկել Դոնեցկի ու Լուգանսկի անկախությանը, այլ ոչ՝ պատերազմին։

09:06

Լուսանկար գիշերային Կիևից:

09:00

Ինչ է կատարվել փետրվարի 26-ի գիշերը՝ հակիրճ.

  • Ըստ ստացված տեղեկությունների՝ գիշերվա ընթացքում կողմերի դիրքերում էական փոփոխոխություններ չեն եղել։ Ռուսական զորքերն առաջխաղացում չեն ունեցել, Կիևի ու մյուս քաղաքների գրավման գրոհ դեռևս տեղի չի ունեցել։
  • Կատաղի մարտեր են ընթացել Կիևից հարավ-արևմուտք գտնվող Վասիլկով քաղաքում, որտեղ կա նաև ավիաբազա։ Կիևի արվարձաններում փոխհրաձգություն է եղել։ Մարտեր կամ փոխհրաձգություն է տեղի ունեցել նաև երկրի հարավում՝ Նովայա Կախովկայում, Խերսոնում և Օդեսայի շրջանում։
  • ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան պաշտոնապես հայտարարել են պատժամիջոցների մասին, որոնց թվում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ անհատական պատժամիջոցները։
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրություն է ստորագրել անհապաղ Ուկրաինային 600 միլիոն դոլարի չափով օգնության տրամադրման մասին։ Բացի այդ, Բայդենի վարչակազմը Կոնգրեսին խնդրել է հաստատել Ուկրաինային 6,4 միլիարդ դոլարի չափով մարդասիրական և ռազմական օգնության փաթեթը։
  • Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը դատապարտում է Ուկրաինայի վրա իր հարձակումը։

Պատերազմի առաջին օրվա իրադարձություններին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ երկրորդ օրվա իրադարձություններին՝ այստեղ։

Լուսանկարը՝ Vadim Ghirda / AP / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter