HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 10 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 6-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

22:38

Պուտինի հետ հանդիպելուց հետո՝ Բենեթը զանգահարել է Զելենսկուն

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո, որը տևել է շուրջ 2 ժամ, զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և պատմել բանակցությունների արդյունքների մասին։ Այդ մասին հայտնել է Նաֆթալի Բենեթի մամուլի քարտուղարը։

Ներկայումս Բենեթը մեկնում է Բեռլին, որտեղ կհանդիպի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Ըստ մամլո քարտուղարի՝ Իսրայելն իր գործողությունները համակարգում է ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ։

Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Բենեթին ուղեկցել է կաբինետի ևս մեկ անդամ՝ Զեև Էլկինը։ Նա ծնվել է Խարկովում, որտեղ մինչ օրս ապրում են նրա հարազատները։

22:26

Ուկրաինայի անվտանգության ծառայություն. կանխվել է Ուկրաինայի արևմուտքում «Ժողովրդական հանրապետության» ստեղծման փորձը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է երկրի արևմուտքում հակասահմանադրական պետական կազմավորման ձևավորման փորձի կանխման մասին։ «Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խափանել է Կրեմլի պլանները նոր «ժողովրդական հանրապետությունների» ձևավորման մասով»։

«Ուկրաինայի դաշնային հանրապետության» կազմում պետք է ներառվեին հետևյալ մարզերը.

  • Իվանո-Ֆրանկովսկի մարզը,
  • Անդրկարպատյան մարզը,
  • Լվովի մարզը, 
  • Տերնոպոլի մարզը,
  • Չեռնովցիի մարզը։

«Զինված անջատողականները պետք է ոչնչացնեին հիմնական ուժայիններին և իշխանության ներկայացուցիչներին։ Դրանից հետո պլանավորվում էր գրավել վարչական շենքերն ու հայտարարել «ժողովրդական հանրապետություններ»՝ այսպես կոչված «ԼԺՀ/ԴԺՀ» օրինակով»,- նշվում է հայտարարության մեջ։

22:22

⚡️Azur Air-ը մարտի 8-ից ևս դադարեցնում է միջազգային չվերթները։

22:21

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այդ մասին հայտնում է AFP-ն։ Կուլեբան խնդրել է մատակարարել ինքնաթիռներ և ՀՕՊ միջոցներ։

22:18

Puma ընկերությունը դադարեցնում է իր արտադրանքի մատակարարումը Ռուսաստան և դադարեցնում իր խանութների աշխատանքն այդ երկրում։

22:14

Զելենսկին Էրդողանին հայտնել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել Ստամբուլում կամ Անկարայում։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահի ներկայացուցչին։

22:11

Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունների երրորդ փուլը կընթանա երկուշաբթի օրը՝ մարտի 7-ին։ Այդ մասին հայտնում է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

22:08

Կադիրովը Զելենսկուն առաջարկում է իշխանությունը հանձնել Յանուկովիչին։ Վերջինիս Չեչնիայի առաջնորդը համարում է Ուկրաինայի լեգիտիմ նախագահ։

22:04

⚡️Nordwind Airlines-ը մարտի 7-ից դադարեցնում է միջազգային բոլոր թռիչքները։

22:01

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Մոսկվայում է։ Նա հանդիպում է Պուտինի հետ և քննարկում Ուկրաինայում առկա պատերազմը։ Այդ մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

21:57

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցելել է լեհ-ուկրաինական սահման և փախստականների պահման կենտրոն։ Այդ մասին փոխանցում է AFP-ն։ Բլինքենը հայտնել է, որ Վաշինգտոնը նախատեսում է փախստականների օգնության համար հատկացնել 2,75 միլիարդ դոլար։

21:52

ՌԴ ՊՆ. հարձակողական գործողությունները վերսկսվել են Մոսկվայի ժամանակով 18:00-ին

Այսօր Ուկրաինայում պետք է պահպանվեր «լռության ռեժիմը»։ Սակայն ՌԴ ՊՆ-ն նշում է, որ Մարիուպոլի և Վոլնովախայի անվտանգության միջանցքներով չի կարողացել դուրս գալ ոչ մի խաղաղ բնակիչ։ Դրանում ռուսական կողմը մեղադրում է «ազգայնական գումարտակներին»։

Ավելի վաղ, ուկրաինական իշխանությունները հայտարարել էին, որ հրադադարի ռեժիմը չի պահպանվել ռուսական կողմից։

21:48

ՌԴ ՊՆ. Ժիտոմիրի շրջանում տեղի ունեցած օդային մարտի ժամանակ խոցվել է ուկրաինական 4 Су-27 ինքնաթիռ։ Նեժինա շրջանում ՀՕՊ-ը խոցել է Су-25։ Խոցվել են նաև Ми-8 ուղղաթիռ և Bayraktar TB-2 անօդաչու։

21:37

Интерфакс Украина-ի խմբագրությունում կայացել է ռուսաստանցի գերեվարված զինծառայողների մամլո ասուլիսը։

Շաբաթ օրը Интерфакс Украина գործակալությունում տեղի է ունեցել ռուսաստանցի գերեվարված զինծառայողների մամլո ասուլիսը։ Նրանք ռուսաստանցիներին կոչ են արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Ելույթ ունեցողների մի մասը հայտարարել է, որ չեն ցանկանում վերադառնալ Ռուսաստան և վախենում են իրենց ընտանիքների համար։

21:29

Սթիվեն Քինգը չի երկարացնի իր պայմանագրերը ռուսական հրատարակչությունների հետ։ Թվիթերյան իր միկրոբլոգում Քինգն աջակցել է գրող Լինգվուդ Բարքլիի համանման որոշմանը։

21:12

Հնդկաստանի իշխանությունները Ռուսաստանին և Ուկրաինային կոչ են անում հետևել հրադադարի ռեժիմին, որպեսզի այդ երկիրը հնարավորություն ունենա Սումի քաղաքից դուրս բերել 700 հնդիկ ուսանողների։ Այդ մասին հայտնում է CNN-ը։

21:02

Adobe-ը դադարեցրել է իր արտադրանքի վաճառքը Ռուսաստանում։ 

20:36

⚡️«Важные истории»-ն և OCCRP-ն ներառվել են «ոչ ցանկալի կազմակերպությունների» շարքում։

20:18

Պատերազմի ժամանակ Ուկրաինայում զոհվել է 351 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 707-ը։

Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով մարմինը։ Զոհերի թվում 22 երեխա կա։ 

ՄԱԿ-ի մարմինը գրում է, որ զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ որոշ շրջաններից տվյալները բավականին ուշ են հասնում։ Մասնավորապես, տվյալների մեջ ներառված չեն Վոլնովախայում հարյուրավոր ենթադրյալ տուժածները։

20:04

Hromadske-ն, հղում անելով Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբային գրում է, որ Բորոդյանսկի հոգենյարդաբանական դիսպանսերում ռուսական զինծառայողները գողացել են 670 պացիենտի, իսկ դիսպանսերը կարող է ականապատված լինել։ Նա հավելել է, որ տեղեկատվությունը դեռևս ստուգվում է, քանի որ դիսպանսերին հասանելիություն դեռևս չկա։

19:49

Ուկրաինական Главред պարբերականը հայտնում է, որ Օչակովում խոցվել է ռուսական ևս մեկ ինքնաթիռ։

19:31

Победа ավիաընկերությունը մարտի 8-ից դադարեցնում է արտասահմանյան թռիչքների իրականացումը։

19:17

Վոլնովախայից և հարակից գյուղերից հնարավոր է եղել հանել ավելի քան 400 մարդու, բայց արկակոծման արդյունքում տարհանումը կանգնեցվել է։ Այդ մասին հայտնում է Ukraine NOW-ն։

18:55

Forbes-ի հաշվարկներով՝ պատերազմական 10 օրերի ընթացքում ուկրաինական բանակը ոչնչացրել է շուրջ 3 միլիարդ դոլարի ռուսական ռազմատեխնիկա։

18:54

Ուկրաինայում պատերազմական գործողությունների ժամանակ զոհվել է 21-ամյա ռուսաստանցի պայմանագրային շարքային զինծառայող Օլեգ Մանույլովը։ Այդ մասին հայտարարել է Ստավրոպոլի երկրամասի Նովոալեքսանդրովսկի քաղաքային շրջանի ղեկավար Սերգեյ Սագալաևը։ Մանույլովը հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Сагалаев Сергей Федорович (@sagalaevsergei_glava)

18:22

BBC-ի տեսանյութը Խերսոնում կայացած բողոքի ցույցից։

18:19

Թուրքական Anadolu գործակալությունը, հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընին, հայտնում է, որ կիրակի օրը՝ մարտի 6-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։

«Պատերազմը պետք է անհապաղ դադարեցնել։ Կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանին։ Պետք է հրադադարի հնարավորություն տալ, ձևավորել մարդասիրական միջանցքներ։ Եթե պատերազմը ձգձգվի, կործանիչ հետևանքներն իրենց վրա կզգան ոչ միայն Ռուսաստանը կամ էլ Ուկրաինան, այլ ողջ տարածաշրջանը»,- նշել է Քալընը։

18:12

Ուկրաինայի հարավում, Խերսոն և Օդեսա քաղաքների միջև խոցվել է ռուսական ևս մեկ ռազմական ինքնաթիռ։ Այդ մասին հայտնում է УНИАН-ը։ Պարբերականը նաև հրապարակել է օդաչուի հարցաքննության տեսանյութը։

18:04

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Չեռնիգովում խոցվել է ռուսական Су-34 կործանիչ։ Օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը՝ ձերբակալվել։ Տելեգրամյան ալիքներում հրապարակվել է ձերբակալված օդաչուի տեսանյութը, ինչպես նաև լուսանկար, որտեղ ենթադրաբար նա կանգնած է Պուտինի, Շոյգուի և Ասադի հետ միասին։

17:45

Կիևից 20 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Իրպեն քաղաքից խաղաղ բնակչության տարհանումը։

17:36

Կարմիր խաչը հայտնում է, որ այսօր Մարիուպոլից և Վոլնովախայից անվտանգ հումանիտար անցում չի բացվի։

17:26

Պուտինը փողի մասին.

  • Ռուսաստանին անհրաժեշտ է բիզնեսի համար առավելագույն տնտեսական ազատություն,
  • Նա աջակցում է տնտեսական հանցագործությունների համար քրեական հետապնդումից հրաժարվելու գաղափարին, հատկապես, եթե փոխհատուցվել է վնասը,
  • Բոլոր կենսաթոշակներն ու սոցիալական վճարները կինդեքսավորվեն ըստ նախատեսվածի։

17:14

⚡️Պուտինի մտքերը կին օդաչուների և բորտուղեկցորդուհիների հետ հանդիպման ժամանակ.

  • Ուկրաինա գրեթե ողջ ռազմական ենթակառուցվածքները ոչնչացված են, փաստացի ավարտվել է «ՀՕՊ ոչնչացումը»,
  • «ՌԴ ԶՈւ գործողությանը» չի մասնակցում որևէ ժամկետային։ Ռուսաստանի իշխանությունները չեն նախատեսում պատերազմ ուղարկել պահեստազորին, որոնք զորակոչվում են հավաքների,
  • Այլ երկրների կողմից Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտու ստեղծումը կարող է ընկալվել որպես մարտական գործողություններին մասնակցություն,
  • Ուկրաինայում «գնդակահարում են առանց դատարանի և քննության բոլոր նրանց, որոնք դեմ են արտահայտվում ՌԴ-ի դեմ պատերազմական գործողություններին»,
  • Ռուսաստանում ևս կան նեոնացիստներ, «հիմարներ, որոնք վազում են սվաստիկայով», բայց նրանք չեն աջակցվում պետական մակարդակով,
  • «Հատուկ գործողության» որոշումը ծանր է եղել։

16:58

Վլադիմիր Պուտին. ՌԴ տարածքում որևէ հատուկ վիճակ չի նախատեսվում սահմանել։ Նրա խոսքով՝ «ռազմական դրությունը մտցվում է արտաքին ագրեսիայի պարագայում։ Ռուսաստանում այդպիսի իրավիճակ հիմա չկա և, կարելի է հուսալ, որ չի լինի»։

16:49

Ուկրաինական պարբերականները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները, ձերբակալության փորձի ժամանակ, սպանել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլի ժամանակ ուկրաինական պատվիրակության մասնակիցներից մեկին՝ Դենիս Կիրեևին։ 

Կիրեևի սպանության մասին հայտնել է նաև Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։ Նրանց պնդմամբ՝ Կիրեևին կասկածում էին պետական դավաճանության մեջ։ Կասկածներն առաջացել են, մասնավորապես, նրա հեռախոսազանգերի գաղտնալսումից հետո։

16:35

Իտալիայում ձերբակալվել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի և գործարար Ալիշեր Ուսմանովի առանձնատները։

16:11

Ուկրաինական և ռուսական իշխանությունները միմյանց մեղադրում են Մարիուպոլի բնակիչների տարհանման տապալման մեջ։

16:02

⚡️Аэрофлот-ը մարտի 8-ից դադարեցնում է միջազգային բոլոր չվերթները։

15:48

⚡️Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հրապարակել։ Հիմնական մտքերը.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել հերթական տեսաուղերձով։ Ահա հիմնական մտքերը.

  • Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի հաստատելու վերաբերյալ ՆԱՏՕ-ին ուղղված պահանջի մասին. «Ամերիկացիների 74 %-ը կողմ է ոչ թռիչքային գոտուն, 74: Բացարձակ մեծամասնություն։ Էլ ի՞նչ է պետք որոշումների ընդունման համար։ Մենք վստահ ենք. այդպիսի արդյունք է նաև ժողովրդավարական մյուս երկրներում»,
  • Ռուսաստանի հետ բանակցությունների մասին. «պայմանավորվել ենք առաջին քայլի մասին, կտեսնենք, թե արդյոք կարելի է առաջ շարժվել»,
  • հումանիտար միջանցքի մասին. «Ուկրաինան անում է ամեն ինչ, որպեսզի պայմանավորվածությունները գործեն՝ մարդկանց փրկելու համար։ Բոլորը, որոնք օգնության կարիք ունեն, պետք է ունենան ելքի հնարավորություն։ Ով ցանկանում է։ Բոլորը, որոնք կարող են պաշտպանել իրենց քաղաքը, պետք է շարունակեն պայքարը»,
  • Լեհաստանի կողմից Ուկրաինային օգնության մասին. «Հիմա երկրների միջև փաստացի սահման չկա»,
  • Ռազմաճակատում առկա իրավիճակի վերաբերյալ. «Ուկրաինայի զինված ուժերը խիզախորեն պահում են պաշտպանությունը բոլոր ուղղություններով, ռուսական կողմը կրում է սարսափելի կորուստներ»,

15:34

Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, որ ռուսական զորքերը չեն պահպանում «լռության ռեժիմը»

Ռուսական կողմը չի պահպանում «լռության ռեժիմը» և շարունակում է ռմբակոծել ինչպես Մարիուպոլը, այնպես էլ նրա մատույցները։ Այդ մասին հայտնում է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը։ Այդ պատճառով խաղաղ բնակչության տարհանումը տեղափոխվել է։

«Բոլոր մարիուպոլցիներին խնդրում ենք ցրվել և շարժվել թաքստոցների ուղղությամբ։ Տարհանման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կտեղադրվի առաջիկայում։ Ներկայումս բանակցություններ են ընթանում Ռուսաստանի Դաշնության հետ լռության ռեժիմի հաստատման և անվտանգ հումանիտար միջանցքի ապահովման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

15:23

Նավալնու թիմը հայտարարել է իր լրատվամիջոցի բացման մասին։ Դա «Популярная политика» յութուբյան ալիքն է, որն ունի ավելի քան 500 000 բաժանորդ։

15:12

Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Ուսը հայտնել է Ուկրաինայում 32-ամյա մայոր Սերգեյ Կաշանսկու զոհվելու մասին։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Александр Усс (@uss_av)

15:02

⚡️Ռոսավիացիան ավիաընկերություններին խորհուրդ է տվել դադարեցնել թռիչքներ իրականացնել դեպի արտասահմանյան երկրներ և այնտեղից Ռուսաստան։

14:51

⚡️ՌԴ-ում «ֆեյքերի վերաբերյալ օրենքի» կիրառման ոլորտը ցանկանում են ընդլայնել 

Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտենը հայտարարել է, որ ռուսական բանակի գործողությունների վերաբերյալ ֆեյքային լուրերի տարածման համար քրեական պատասխանատվության ենթարկման վերաբերյալ օրենքը կարող է տարածվել նաև Ռոսգվարդիայի և ուժային մյուս կառույցների վրա, որոնք Ուկրաինայում մասնակցում են պատերազմին։

14:39

⚡️Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ճեպազրույցի հիմնական մտքերը.

  • «Ռուսական զինվորականների գործողությունների վերաբերյալ ֆեյքերի տարածման համար քրեական պատասխանատվության ենթարկման օրենքը խիստ անհրաժեշտություն էր Ռուսաստանի դեմ ծավալվող տեղեկատվական պատերազմի պատճառով»,
  • «ՌԴ զինված ուժերի վարկաբեկման համար պատժի մասին օրենքն ընդունվել է, այն պետք է իրագործել»,
  • Պեսկովն այն հարցին, թե ինչպես ռուսաստանցիները պետք է արտահայտեն իրենց տեսակետը, որը չի համընկնում պետական դիրքորոշման հետ, պատասխանել է. «Օրենքի շրջանակներում»,
  • «Արևմտյան ընկերությունները աստիճանաբար կվերադառնան ռուսական շուկա և հետաքրքրված կլինեն նրանով, որ լցնեն բացթողածը»։ Պեսկովը նաև նշել է, որ ապագայում Ռուսաստանից հեռացած օտարերկրյա ընկերությունների տեղերը կարող են ուրիշները զբաղեցնել։
  • «ԱՄՆ պլանները, սահմանափակելու ռուսական նավթի օգտագործումը, կարող է խառնել էներգետիկ շուկաները։ Դա կունենա լուրջ հետևանքներ»։
  • «Հիմա Ռուսաստանի տնտեսության մեջ առկա իրավիճակը արտակարգ է և այն պահանջում է արտակարգ միջոցներ»,
  • «Այլ երկրների կողմից տնտեսական ավազակությունը Ռուսաստանից պահանջում է համապատասխան արձագանք»,
  • «Աշխարհը շատ մեծ է, որպեսզի Եվրոպան կամ ԱՄՆ-ն կարողանան մեկուսացնել այնպիսի երկրի, ինչպիսին Ռուսաստանն է»։

14:23

Zara, Massimo Dutti, Bershka, Pull&Bear խանութները դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում։

14:06

«Новая газета»-ի լրատվական ծառայությունը դադարեցնում է իր աշխատանքը։ Պարբերականի հայտարարությունը.

«Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 00:00-ից «Новая газета»-ն ժամանակավորապես հրաժարվում է լրատվական հաղորդագրությունների ձևաչափից՝ լրագրողների քրեական հետապնդման սպառնալիքի պատճառով»։

13:39

⚡️Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբ. պատերազմի սկզբից ի վեր ռուսական բանակի կորուստները գերազանցել են 10 000-ը։

13:28

Խերսոնում սկսվել է հակառուսական բողոքի ցույց։ BBC-ի ուկրաինական ծառայության տվյալներով՝ դրան մասնակցում է «մի քանի հարյուր կամ նույնիսկ հազար մարդ»։ Ռուսական զինծառայողները դեպի երկինք կրակ են բացել։ Տուժածների մասին չի նշվում։

13:19

Новая газета-ն դադարեցրել է Ուկրաինայում մարտական գործողությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը։ Պատճառը՝ «ռուսական զինվորականների գործողությունների վերաբերյալ ֆեյքերի տարածման համար» քրեական պատասխանատվության ենթարկման աղմկահարույց օրենքն է։

Սա նշանակում է, որ ցանկացած տեղեկատվության տարածում, որը կտարբերվի ՌԴ պաշտոնական դիրքորոշումից և կլինի ռուսական կողմի դեմ, այդ թվում ռուսական զինուժի կորուստների, ուկրաինական կողմի հայտարարությունների վերաբերյալ, կարող է քրեական պատասխանատվության պատճառ հանդիսանալ։

13:04

Իլոն Մասկն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային։

13:03

Ռուսաստանի հարավում փակ երկնքի ռեժիմը երկարացվել է մինչև մարտի 14-ը։ Այդ մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարությունում TACC-ի աղբյուրը։ Ավելի ուշ, դա հաստատել են նաև «Аэродинамика» ընկերությունը և Կրասնոդարի օդանավակայանը։

13:00

Ճապոնական Komatsu, Hitachi և Panasonic ընկերությունները հայտարարել են Ռուսաստանում իրենց աշխատանքի դադարեցման մասին։

12:54

⚡️Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է այս հանգստյան օրերին

Այդ մասին հեռոխասազրուցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, նշվում է Գերմանիայի կառավարության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, ուկրաինական կողմը նշել էր, որ բանակցությունները կարող են կայանալ մարտի 5-ին կամ 6-ին։

Հիշեցնենք, որ բանակցությունների երկրորդ փուլն կայացել էր մարտի 3-ին։

12:51

Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն հայտնել է սպայի մասին, որն Ուկրաինայում իր գործողությունների համար ստացել է Ռուսաստանի հերոսի կոչման։ 

12:48

Բուրյաթիայի կառավարությունը հայտնել է Ուկրաինայում իր ութ բնակիչների զոհվելու մասին։ Եվս 40-ը վիրավորվել են։

12:46

Խերսոնում տեղացիները դուրս են եկել ռուսական զինծառայողների դեմ։

12:42

Մարիուպոլում թալանվել է մթերային խանութներից մեկը։

12:39

Չեռնիգովի իշխանությունների տվյալներով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում զոհվել է գրեթե 50 մարդ։

12:28

ՌԴ պաշտպանության նախարարության ճեպազրույցի հիմնական մտքերը.

  • ԴԺՀ (Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության) ուժերը գիշերը 27 կիլոմետրով առաջ են շարժվել` իրենց վերահսկողության տակ վերցնելով 7 բնակավայր։ Նրանք շարունակում են սեղմել Մարիուպոլի շուրջ ստեղծված օղակը։
  • Մեկ օրվա ընթացքում ռուսական զինծառայողներն իրենց վերահսկողության տակ են վերցրել 10 բնակավայր, Ժիտոմիրում ոչնչացրել զինամթերքի պահեստ, որտեղ պահվում էր Javelin տեսակի հակատանկային հրթիռային համալիրներ։
  • Գործողության ողջ ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 2037 օբյեկտ, խոցվել 82 ինքնաթիռ, 708 տանկ և այլ զրահամեքենա, 56 անօդաչու։

12:21

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տարածած թարմացումը։ Հաղորդագրության հիմնական մտքերը.

  • Ռուսական զորամասերը բարոյալքված են, զինծառայողներն ու սպաները շարունակում են հանձնվել, փախչում են՝ հանձնելով զենքերն ու տեխնիկան,
  • Ռուսական բանակը շարունակում է արկակոծել խաղաղ բնակիչներին և խաղաղ ենթակառուցվածքների օբյեկտները,
  • Ուկրաինայի զորքերը շարունակում են պահել իրենց դիրքերը բոլոր ուղղություններով, իսկ որոշ ուղղություններով հակահարձակման են անցնում։ 

12:17

Coursera կրթական հարթակը սահմանափակում է Ռուսաստանում իր գործունեությունը

Coursera-ն դադարեցնում է համագործակցությունը ռուսական կրթական հաստատությունների հետ, ինչպես նաև ռուսական համալսարաններից և մյուս գործընկերներից կթաքցնի բովանդակությունը։ Բացի այդ, հարթակի ռուսական օգտատերերը չեն կարողանա ձեռքբերել վճարովի դասընթացները։

12:12

⚡️PayPal համակարգը հեռանում է Ռուսաստանից

Ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Դեն Շուլմանը հայտարարել է, որ ընկերությունը «աջակցում է միջազգային հանրությանը Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ագրեսիային դատապարտման գործում»։

«Ներկայիս պայմաններում մենք դադարեցնում ենք Ռուսաստանում PayPal-ի աշխատանքը»,- հայտարարել է Շուլմանը։

PayPal-ում նշել են, որ ընկերությունը ռուսական օգտատերերին կտա ժամանակ, որ իրենց հաշիվներից հանեն միջոցները։

12:09

«Эхо Москвы»-ի տնօրենների խորհուրդը աշխատանքից հեռացրել է Ալեքսեյ Վենեդիկտովին։

12:07

TACC-ը հայտնում է, որ eBay-ը մարտի 3-ից դադարեցրել է Ռուսաստան և Ուկրաինա պատվերների առաքումը։ eBay-ի կայքում առաքումների դադարեցման ծանուցումը դրվել է դեռ փետրվարի 25-ին։

12:04

Մարիուպոլում մարտի 5-ին, տեղի ժամանակով ժամը 09:00-16:00-ը սահմանվել է լռության ռեժիմ։ Այդ մասին հայտարարել են Մարիուպոլի քաղաքային իշխանությունները։ Տեղի ժամանակով 11:00-ից (Երևանի ժամանակով 13:00-ից) կսկսվի խաղաղ բնակչության տարհանումը։ 

12:00

Ինչ է կատարվել մարտի 5-ի գիշերը, հակիրճ.

  • Սումիում պայթյուններ են հնչել, քաղաքային իշխանությունները զգուշացրել են հնարավոր փողոցային մարտերի մասին։
  • Մնացած քաղաքներից թարմ տվյալներ չկան, չկա կոնկրետ հստակություն նաև Ուկրաինայի գլխավոր շտաբի առավոտյան հրապարակած տվյալների մեջ էլ։
  • Ռուսաստան մատակարարումների դադարեցման մասին հայտարարել է նաև կորեական Samsung ընկերությունը, որին բաժին է ընկնում ռուսական սմարթֆոնների շուկայի գրեթե մեկ երրորդը։
  • Սինգապուրը հայտարարել է ռուսական բանկերի և պետության դեմ պատժամիջոցների մասին՝ նշելով, որ իր համար՝ որպես փոքր պետության, Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը վատ նախադեպ է։
  • Իտալիայում ձերբակալվել է «Северсталь»-ի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի զբոսանավը, որը մինչև պատերազմը և պատժամիջոցները մուլտիմիլիարդատեր էր։

Լուսանկարը՝ Sergey Bobok/AFP via Getty Images

Պատերազմի առաջին օրվա իրադարձություններին կարող եք ծանոթանալ այստեղ, երկրորդ օրվա իրադարձություններին՝ այստեղ, երրորդ օր՝ այստեղ, չորրորդ օր՝ այստեղ, հինգերորդ օր՝ այստեղ, վեցերորդ օր՝ այստեղ, յոթերորդ օր՝ այստեղ, ութերորդ օր՝ այստեղ, իններորդ օր՝ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter