HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 4 (առցանց լուսաբանում)

«Հետքը» ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Փետրվարի 28-ի վաղ առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

23:58

⚡Եվրամիությունը 450 միլիոն եվրոյի զենք կուղարկի Ուկրաինա։

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը Ուկրաինայի զինված ուժերի համար 450 միլիոն եվրոյի զենք կառաքի։ 

23:56

Ուկրաինայի տարածքում դարձյալ բացվել են McDonald's-ը և KFC-ն՝ կարիքավորներին օգնելու համար։

McDonald's-ը հայտարարել է, որ սնունդը տալիս են տեղական իշխանություններին՝ «ուղարկելու այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենաշատը կա»։

KFC-ն էլ նշել է, որ սնունդն ուղարկում են ռազմական հոսպիտալներ, հիվանդանոցներ, տարածքային պաշտպանությանն ու զինծառայողներին։

23:49

Պատժամիջոցներ կարող է սահմանել նույնիսկ Շվեյցարիան:

Միջազգային հակամարտություններում ավանդաբար չեզոք կարգավիճակ ունեցող Շվեյցարիան կարող է միանալ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցներին։ Այդ մասին տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Ինյացիո Կասիսը։

Շվեյցարիան միջազգային խոշոր ֆինանսական կենտրոն է, իսկ մյուս երկրների կողմից սահմանված պատժամիջոցները ենթադրում են ֆինանսական ակտիվների սառեցում, այդ թվում՝ անձամբ նախագահ Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի։

«Շատ հավանական է, որ վաղը կառավարությունը որոշի անել այնպես, բայց ես չեմ կարող կանխատեսել դեռևս չընդունված որոշումները»,- ասել է նա։

23:45

Բեռնափոխադրումային ծառայությունների իրականացման աշխարհի խոշորագույն ընկերությունները՝ UPS-ը և FedEx-ը, դադարեցրել են առաքումները դեպի Ռուսաստան և Ուկրաինա։

UPS-ը հայտնել է, որ առաքանիները, որոնք գտնվում են ճանապարհին, հնարավորության դեպքում անվճար հետ կուղարկվեն ուղարկողներին։ FedEx-ը դեռևս դրանք կպահի իր պահեստներում։

23:42

⚡Ալբանիան ևս փակեց իր օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար։

23:37

Դանիան իր քաղաքացիներին թույլատրել է անդամակցել Տարածքային պաշտպանության միջազգային լեգիոնին։

Դանիան թույլատրել է իր քաղաքացիներին միանալ Տարածքային պաշտպանության միջազգային լեգիոնին, որն ստեղծվել է Վլադիմիր Զելենսկու կողմից։

Լեգիոնը բաղկացած է լինելու այն արտասահմանցիներից, որոնք ցանկանում են Ուկրաինայի կազմում մասնակցել ռազմական գործողություններին՝ ընդդեմ Ռուսաստանի։

23:31

⚡FIFA-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հավաքականի նկատմամբ:

  • Ռուսաստանի հավաքականը պաշտոնապես հանդես կգա «Ռուսաստանի ֆուտբոլային միության թիմ» անվան տակ,
  • Հավաքականը տնային խաղերը կանցկացնի չեզոք մարզադաշտերում և առանց հանդիսատեսի,
  • Միջազգային խաղերի ժամանակ Ռուսաստանի դրոշի և օրհներգի կիրառումը կարգելվի,
  • Ռուսաստանում չեն անցկացվի միջազգային մրցություններ,
  • FIFA-ն կշարունակի երկխոսությունը Միջազգային օլիմպիական կոմիտեի ու ՈւԵՖԱ-ի հետ միջազգային մրցություններից ռուսական թիմի հեռացման շուրջ։

23:28

⚡Կիևի քաղաքապետի մամուլի խոսնակը հերքել է Կիևի շրջափակված լինելու լուրը։

«Դա հիմարություն և մանիպուլյացիա է»,- ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի մամուլի խոսնակը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման հայտարարություն էր տարածել The Associated Press գործակալությունը, որի հետ հարցազրույցում Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ կիևցիներին չեն կարող տարհանել, քանի որ Ուկրաինայի մայրաքաղաքը շրջափակված է։ 

Մամուլի քարտուղարը հայտարարել է, որ շուտով քաղաքապետը հանդես կգա պաշտոնական հերքմամբ։

23:22

⚡«Аэрофлот»-ը չեղարկել է դեպի ԱՄՆ առաջիկա չվերթները:

Ինչպես հայտնում է Интерфакс-ը, չեղարկվել են երկուշաբթի օրը նախատեսված Լոս Անջելես չվերթը, ինչպես նաև Մայամի չվերթը և երկու չվերթ դեպի Նյու Յորք, որոնք պետք է կայանային երեքշաբթի օրը։ 

Դեռևս պլանավորված են չորեքշաբթի օրը կայանալիք Վաշինգտոն, Նյու Յորք և Լոս Անջելես չվերթները։

23:20

Կիև, պարետային ժամ:

23:18

⚡Sputnik Բելառուս. ռուկ-ուկրաինական բանակցությունները դեռ չեն սկսվել։

«Եվ կսկսվեն դեռ ոչ շուտ»,- հայտնել է գործակալության աղբյուրը, որը ծանոթ է իրավիճակին։ Ըստ զրուցակցի՝ ուկրաինական կողմի պահանջով հանդիպման վայրը փոխվել է։

Դեռևս չորս ժամ առաջ ուկրաինական կողմը հայտարարել էր, որ բանակցություններն սկսվել են։ Ռուսական կողմն այդ ժամանակ հերքել էր այդ լուրը։

23:15

Անգլիայի ֆուտբոլի հավաքականը հրաժարվել է խաղալ Ռուսաստանի հետ։

Այդ երկրի ֆուտբոլային ասոցացիան հայտարարել է, որ Անգլիան տեսանելի ապագայում որևէ միջազգային խաղ չի խաղա Ռուսաստանի հավաքականի հետ։ Պատճառը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումն է։

Ավելի վաղ, Ռուսաստանի հավաքականի հետ խաղալուց հրաժարվել էին Լեհաստանը, Շվեդիան և Չեխիան։

23:09

⚡1939 թվականից ի վեր առաջին անգամ Շվեդիան հակամարտության գոտի զենք կուղարկի։

Շվեդիան Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում միացել է Եվրամիությանը։ Այդ երկիրը հակամարտության գոտի կուղարկի 5000 միավոր մեկանգամյա կիրառման հակատանկային նռնականետ, նույնքան զրահաբաճկոն և սաղավարտ։

Վարչապետ Մագդալենա Անդերսոնը նշել է, որ Շվեդիան հակամարտության գոտի զենք է ուղարկում 1939 թվականին խորհրդաֆիննական պատերազմից հետո առաջին անգամ։

Առանձին ռազմական օգնություն կտրամադրի նաև Բելգիան։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թվիթերյան գրառման համաձայն՝ այդ երկիրը ուկրաինական զորքերին կուղարկի 3000 գնդացիր և 200 հակատանկային նռնականետ։

23:04

Ժիտոմիրի օդանավակայանին հասցվել է հրթիռային հարված։ Այդ մասին հայտնում է ուկրաինական УНН գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի հատուկ կապի և տեղեկատվության պաշտպանության պետական ծառայությանը։ Ուկրաինական գերատեսչությունը պնդում է, որ հրթիռներն արձակվել են Բելառուսի տարածքից։

«Интерфакс-Украина» լրատվական գործակալությունը, իր հերթին հղում անելով Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոյին, նշում է, որ Բելառուսի տարածքից արձակվել են «Искандер» հրթիռներ։ Գերաշենկոն հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է թռչող հրթիռը։ Պաշտոնյայի խոսքով՝ տեսանյութն արվել է Բելառուսի հետ սահմանակից Ռովնյոյի մարզից։

22:56

Կլիմայի հարցով ՄԱԿ-ի կոնֆերանսի ժամանակ ռուսական պատվիրակության ներկայացուցիչը ներողություն է խնդրել ուկրաինական կողմից։

Կլիմայի հարցով ՄԱԿ-ի առցանց կոնֆերանսի ժամանակ Ռուսաստանի և Ուկրաինայի կլիմայագետները պատերազմի վերաբերյալ մտքերով են փոխանակվել։

Ուկրաինայի ներկայացուցիչ Սվետլանա Կրակովսկայան պահանջել է դադարեցնել «այս խելառ պատերազմը»։ Դրան արձագանքել է ռուսական պատվիրակության անդամ Օլեգ Անիսիմովը, որը գործընկերոջից ներողություն է խնդրել «բոլոր ռուսաստանցիների անունից այն բանի համար, որ մենք չկարողացանք կանխարգելել այս հակամարտությունը»։

BBC-ին Կրակովսկայան հաստատել է, որ Անիսիմովը նման հայտարարություն է արել։ «Ես շնորհակալություն եմ հայտնել նաև այն ռուսաստանցիներին, որոնք փորձում են կանգնեցնել այս խելագարությունը»,- ընդգծել է նա։

BBC-ի հետ զրույցում էլ Անիսիմովը նշել է, որ «խոսել է իր անունից, նշել առաջին նախադասության մեջ և անգլերենով»։

22:38

Ռուս իրավապաշտպան Պավել Չիկովը տելեգրամյան իր ալիքում գրում է, որ Մոսկվայում ուժայինները բերման են ենթարկում և հարցաքննում Ուկրաինայի քաղաքացիներին։

22:27

⚡Վիտալի Կլիչկո. «Կիևը շրջափակման մեջ է»։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մեծ հարցազրույց է տվել The Associated Press գործակալությանը։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք իշխանությունները մտադիր են տարհանել կիևցիներին, Կլիչկոն պատասխանելուց առաջ մի քանի րոպե լռել է։

«Մենք չենք կարող, որովհետև բոլոր ճանապարհներն արգելափակված են։ Հիմա մենք շրջափակման մեջ ենք»,- ասել է Կիևի քաղաքապետը։

Նա հավելել է, որ ներկայումս Կիևում զոհվել է 9 խաղաղ բնակիչ՝ ներառյալ մեկ երեխա։ Բացի այդ, փետրվարի 27-ի գիշերը սպանվել է 6 ռուսաստանցի դիվերսանտ։

22:12

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները հայտնել են խաղաղ բնակչության շրջանում իրենց կորուստների մասին։ Այսպես, վերջին 11 օրվա ընթացքում զոհվել է 15 մարդ, ևս 34-ը վիրավորվել է։

22:04

Նորվեգիան միանում է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։

Այդ երկիրը կսառեցնի իր պետական կենսաթոշակային ֆոնդից Ռուսաստանում արված ներդրումները։ Վերջինս աշխարհի ամենախոշոր սուվերեն ֆոնդն է։

21:46

⚡Թուրքիան փակում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական և ուկրաինական ռազմանավերի համար։

Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն՝ երկու երկրների ռազմանավերը կկարողանան անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով միայն այն պարագայում, երբ վերադառնալիս լինեն իրենց նավահանգիստներ։

21:29

Ահա այս տեսքն է ունեցել այսօր Պուտինի հանդիպումը Սերգեյ Շոյգուի և Վալերի Գերասիմովի հետ։ Պաշտպանական կառույցի ղեկավարները եղել են Պուտինից բավականին մեծ հեռավորության վրա։

21:22

BP-ն (նախկին՝ The British Petroleum Company) հայտարարել է «Роснефть»-ի իր մասնաբաժնի վաճառքի մասին։ Դա մոտավորապես կազմում է ռուսական ընկերության 20 %-ը։ 

BP-ի ներկայացուցիչները դուրս են գալիս նաև ընկերության տնօրենների խորհրդից։

21:14

Կիևում ևս միացվել են օդային տագնապի ազդանշանները։

21:13

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն առաջարկել է Բելառուսին ևս անջատել SWIFT համակարգից։

21:11

Օդեսայում միացվել են օդային տագնապի ազդանշանները։

20:55

Ռուսաստանում աճում են հիփոթեքի տոկոսադրույքները։ 

ՎՏԲ բանկում հիփոթեքի նվազագույն տոկոսադրույքը հասել է 15,3 %-ի։

Բացի այդ, այս բանկը կդադարեցնի հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման ծրագիրը։

20:50

⚡Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ընդունել է, որ ուկրաինական գերության մեջ ռուսաստանցի զինծառայողներ կան։

20:46

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիության տարածքում կարգելվեն RT-ն և Sputnik գործակալությունը։

20:45

⚡Ռուսաստանի ՊՆ-ն առաջին անգամ ընդունել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով կորուստներ ունի։ Սակայն չի հրապարակվել զոհերի ու վիրավորների թիվը։

20:42

⚡Եվրամիությունն ամբողջությամբ փակում է իր օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար։

Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Խոսքը ինչպես քաղաքացիական, այնպես էլ մասնավոր ինքնաթիռների մասին է։ 

20:33

Այսօր կեսօրին ուկրաինական կողմը հայտարարում էր, որ ուկրաինական զորքերը «հետ են գրավել Վոլնովախան»։ Հիմա Դոնեցկի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտարարել է, որ քաղաքը շրջափակված է ռուսական զորքերով և գտնվում է «հումանիտար աղետի շեմին»։ Չի թույլատրվում դուրս գալ Վոլնովախայից, մթերք և դեղամիջոցներ մատակարարելն անհնարին է։

20:19

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լուկաշենկոն իրեն վստահեցրել է, որ Բելառուսի տարածքից «չեն թռել հրթիռներ, ինքնաթիռներ և ուղղաթիռներ, չեն շարժվել զորքեր»։

Այդուհանդերձ, համացանցում տարածվել են հրթիռի կադրեր, որոնք, ինչպես պնդում են ականատեսները, փետրվարի 27-ի կեսօրին՝ Զելենսկու և Լուկաշենկոյի հեռախոսազրույցից հետո, արձակվել են Բելառուսից։

20:16

Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի և Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալ։

«Ես այդքան էլ չեմ հավատում բանակցությունների արդյունքին, բայց թող փորձեն»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

20:11

Պավել Դուրովը մտափոխվել է Ռուսաստանում և Ուկրաինայում Telegram-ի անջատման մասով։

«Բազմաթիվ օգտատերեր են ինձ դիմել՝ խնդրելով չդիտարկել հակամարտության շրջանում Telegram-ալիքների անջատումը, քանի որ մենք նրանց տեղեկատվության ստացման միակ աղբյուրն ենք։ Սրանով պայմանավորված՝ մենք որոշել ենք չդիտարկել այդպիսի միջոցներ։ Սակայն ևս մեկ անգամ խնդրում եմ վերստուգել և ի գիտություն չընդունել տվյալները, որոնք այս դժվարին ժամանակաշրջանում հրապարակվում են Telegram-ալիքներում»,- ասել է Դուրովը։

20:03

Պորտուգալիան փակում է իր օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար։

19:56

ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) «Настоящее время» հեռուստաընկերությանն ուղարկել է ծանուցում Ռուսաստանի տարածքում հեռուստաընկերության կայքի արգելափակման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ այս հեռուստաընկերությունը պատկանում է «Ազատ Եվրոպա Ազատություն ռադիոկայանին»։

19:53

Իռլանդիան «Победа» ավիաընկերությունից պահանջել է վերադարձնել 10 միավոր Boeing -737 օդանավ: Այդ մասին հայտնում է Baza-ն՝ հղում անելով ավիաընկերության իր աղբյուրին։ Այդ ինքնաթիռները լիզինգով գտնվում էին «Победа» ավիաընկերության մոտ, սակայն գրանցված էին Իռլանդիայում։ «Победа»-ն արդեն իսկ հանել է այդ ինքնաթիռները թռիչքներից։

Բացի այդ, ամերիկյան Jeppesen ընկերությունն իր հերթին «Победа»-ին ծանուցել է, որ դադարեցրել է տրամադրել աէրոտեղորոշման տեղեկատվություն։  

Ինքնաթիռների և դրանց պահեստամասերի մատակարարման արգելքը Ռուսաստանին պատժամիջոցների փաթեթի մի մասն է, որն արևմտյան երկրները կիրառել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։

19:44

⚡Պավել Դուրովը սպառնում է Ռուսաստանում ու Ուկրաինայում անջատել Telegram-ը։

«Telegram-ալիքները առավել հաճախ են դառնում չստուգված տեղեկատվության աղբյուր, որոնք կապված են ուկրաինական իրադարձությունների հետ։ Մենք ֆիզիկական հնարավորություն չունենք ստուգելու ալիքների բոլոր հրապարակումների իսկությունը։ Կոչ եմ անում Ռուսաստանից և Ուկրաինայից միացող օգտատերերին կասկածանքով վերաբերվել ցանկացած տվյալի, որոնք ներկայումս տարածվում են Telegram-ում։ Մենք չեն ցանկանում, որպեսզի Telegram-ը օգտագործվի որպես գործիք, որը խորացնում է հակամարտություններն ու խթանում միջազգային թշնամանքը։ Իրավիճակի սրման պարագայում մենք կդիտարկենք հակամարտության մեջ ներգրավված երկրներում Telegram ալիքների աշխատանքի մասամբ կամ ամբողջությամբ սահմանափակման հնարավորությունը»,- նշվում է Telegram-ի հիմնադրի հայտարարության մեջ։

19:41

Աշխարհի խոշորագույն Binance կրիպտոբորսան Ուկրաինային 10 միլիոն դոլար օգնություն կհատկացնի։

19:34

Ֆիննական Finnair ավիաընկերությունը մեկ շաբաթով, մինչև մարտի 6-ը, դադարեցնում է դեպի Ռուսաստան չվերթները։

19:31

⚡Ռուսական կողմի պնդմամբ՝ ռուս-ուկրաինական բանակցությունները դեռ չեն սկսվել։ Կողմերը նոր են ժամանում հանդիպման վայր։

19:28

Բելառուսում ռուս-ուկրաինական բանակցությունների վայրը գտնվում է Ալեքսանդրովկա և Վիլչա անցակետերի մոտ։ Մոտակա բելառուսական քաղաքը Նարովլյան է։

19:24

«Укроборонпром» պետական ընկերությունը հաստատեց, որ աշխարհի ամենամեծ Ан-225 «Мрия» տրանսպորտային օդանավը ոչնչացվել է Գոստոմելի օդակայանի գրավման ժամանակ։ Այն ստեղծվել էր մեկ օրինակով։

Ընկերությունը կարծում է, որ ինքնաթիռը հնարավոր է վերականգնել՝ ծախսերով երեք միլիարդ դոլար, որը, ինչպես պնդում են «Укроборонпром»-ում, պետք է վճարի Ռուսաստանը։ Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ан-225-ը, որն իր առաջին թռիչքն իրականացրել է 1988 թվականին, Գոստոմելում վերանորոգման էր կանգնած։

19:20

Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն հայտնել է 16 երեխայի մահվան մասին։ Նրանք զոհվել են մարտական գործողությունների հետևանքով։

19:15

⚡Ուկրաինական կողմը հայտարարել է, որ ռուսական պատվիրակության հետ բանակցությունները սկսվել են։ Ռուսական կողմը դեռևս չի հայտնել դրանց մեկնարկի մասին։

19:10

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր իրենց տները ստիպված է եղել լքել 368 հազար մարդ։ Այդ մասին հայտնել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

Փախստականներին հիմնականում ընդունում են Ուկրաինայի հարևան երկրները։ Լեհաստանի հետ սահմանին պարեկություն են անում կամավորները, որոնք անվճար փախստականներին տեղափոխում են երկրի տարբեր քաղաքներ։

19:08

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը, հնարավոր է, ոչնչացվել է Գոստոմելի համար մարտերի ժամանակ։

Ուկրաինական լրատվամիջոցներում արդեն երրորդ օրն է՝ քննարկվում է աշխարհի ամենամեծ ինքնաթիռի՝ Ан-225 «Мрия»-ի (թարգմանաբար՝ «երազանք») ոչնչացման մասին․ այն տեղակայված էր «Անտոնով» օդակայանում (Գոստոմել)։

Ռուսական ռազմական ներխուժման հենց սկզբից օդակայանի համար ընթանում էին ծանր մարտեր։

«Անտոնով» ձեռնարկության ներկա և նախկին աշխատակիցներ «Свобода»-ի հետ զրույցի ժամանակ հայտնել են, որ ինքնաթիռը իրոք կործանվել է օդից հարվածների արդյունքնում։

Դա պարբերականին հաստատել է նաև Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը։ Բուչան Գոստոմելից գտնվում է 4 կիլոմետր հեռավորության վրա։ Նրա խոսքով՝ «Мрия»-ն ռմբակոծել են ներխուժման հենց առաջին օրը։

Ан-225 տրանսպորտային ինքնաթիռի միայն մեկ օրինակ կար։ Ահա, թե ինչ տեսք ուներ այն։

18:52

Հակապատերազմական բողոքի ցույց Պրահայում։

18:45

Կիևի բնակիչներն արդեն մի քանի օր պատրաստում են «Մոլոտովի կոկտեյլներ»՝ սպասելով քաղաքի գրոհին։

18:34

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում հանձնվել և կապիտուլացվել Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում, այլ ցանկանում է լսել և հայտնել իր տեսակետը։ 

Նա նաև հավելել է, որ Ուկրաինան չի կապիտուլացնի և չի տա իր տարածքից որևէ դյույմ։

18:21

⚡Կանադան, Իսպանիան և Հյուսիսային Մակեդոնիան փակեցին իրենց օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար։

18:15

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Անտոն Գերաշենկոն դիմել է Բուչայի բնակիչներին՝ հայտարարելով, որ ռուսական զինվորականները պատրաստվում են իրենց կիրառել որպես «կենդանի վահան»։

«Բուչայում կանանց և երեխաներին հավաքում են ավտոբուսներում՝ իբր Կիև տարհանելու համար։ Իրականում դա բռնազավթիչներն են անում։ Նրանք ցանկանում են թաքնվել մարդկանց մեջ՝ որպես կենդանի վահան և նրանց թիկունքում մտնել մայրաքաղաք»։

Ավելի վաղ, «կենդանի վահանի» մասին խոսել էր նաև ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ «ազգայնականներին» մեղադրելով Մարիուպոլի խաղաղ բնակիչների շրջանում թաքնվելու փորձի մեջ։ 

18:10

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը «ֆոսֆորային զինամթերքի կիրառման վերաբերյալ»։

18:09

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինացի զինծառայողները, «չկարողանալով զսպել ռուսական զորքերի հարձակումը, Կիևի արվարձաններում, Գոստոմել օդակայանի մոտ, սկսել են զանգվածաբար կիրառել ֆոսֆոր պարունակող զինամթերք»։

18:04

Մեդվեդչուկի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալն իրոք խախտել է տնային կալանքի պայմանը՝ լքելով Կիևի իր տունը, սակայն մնում է Ուկրաինայի մայրաքաղաքում։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները նրան մեղադրում են պետական դավաճանության մեջ։

18:01

Կադիրովը Ուկրաինայում Ռուսաստանի մարտավարությունն անվանել է «դանդաղ» և Պուտինին առաջարկել «սկսել լայնամասշտաբ գործողություն»։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով «Ուկրաինայի տարածքում և բոլոր ուղղություններով սկսել լայնամասշտաբ գործողություն»։  Իր դիրքորոշումը Կադիրովը հայտնել է իր տելեգրամյան ալիքում։

«Ահա արդեն չորրորդ օրն է՝ շարունակվում է Ուկրաինայում մեր հատուկ գործողությունը։ Բայց ինձ համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ ենք մենք շարունակում մուկ ու կատու խաղալ բանդերականների հետ։ Չէ՞ որ առաջին իսկ օրից պարզ է, որ ազգայնականները ուժից բացի այլ լեզու մտադիր չեն հասկանալ»,- գրել է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ Խարկովն ու Կիևը չի կարելի «մաքրել միայն «Тигр»-ներով, «Урал»-ներով և «УАЗик»-ներով»։

«Եթե «մայդանցիները» իրենք չեն խղճում և չեն պահում սեփական ժողովրդին, ապա ինչո՞ւ մենք պետք է գցենք մեր տղաներին։ Եկել է ժամանակը կոնկրետ որոշում ընդունելու և սկսելու լայնամասշտաբ պատերազմ՝ բոլոր ուղղություններով և Ուկրաինայի ողջ տարածքում»,- գրել է Կադիրովը։ «Ես ինքս մի քանի անգամ մշակել եմ ահաբեկիչների դեմ մարտավարություն և ռազմավարություն, մասնակցել մարտերին։ Իմ պատկերացմամբ՝ Ուկրաինայի համար ընտրված մարտավարությունը չափից դուրս դանդաղ է։ Այն շատ երկար է ձգվում և, իմ կարծիքով, արդյունավետ չէ»,- շարունակել է նա։

Կադիրովի կարծիքով՝ խնդիրները լուծելուն կօգնեն «զինվորականների գործողությունների ամբողջական համակարգումը, ուժերի գրագետ վերադասավորումներն ու որոշիչ գրոհը»։

«Ես խնդրում եմ երկրի ղեկավարությանը, Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին բոլոր հատուկ ստորաբաժանումներին տալ համապատասխան հրամանը, որպեսզի նրանք կարողանան գործն ավարտել նացիստների հետ»,- գրել է Կադիրովը։

17:47

⚡Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հաստատեց ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացումը ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի շրջանում։

Դրանք կանցնեն «առանց նախապայմանների»։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն «իր վրա պատասխանատվություն է վերցրել, որ ուկրաինական պատվիրակության ժամանման, բանակցությունների և վերադարձի ժամանակ, բելառուսական տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռները և հրթիռները կմնան հողի վրա»։

17:39

Ուկրաինայում Վլադիմիր Պուտինի ընկերը հանդիսացող, Գերագույն ռադայի պատգամավոր, միլիոնատեր Վիկտոր Մեդվեդչուկը փախել է տնային կալանքից։

17:36

Baza-ի փոխանցմամբ՝ «Аэрофлот»-ը չեղարկել է դեպի եվրոպական երկրներ բոլոր չվերթները։ Դեռևս պաշտոնապես այդ մասին հայտարարություն չկա։

17:29

Կարծես թե ռուս-ուկրաինական բանակցություններն իրոք կկայանան։ «Ուկրաինսկայա պրավդա»-ին նախագահ Զելենսկու շրջապատի զրուցակիցը հայտարարել է, որ հանդիպումը կկայանա ուկրաինա-բելառուսական սահմանին։

«Առանց որևէ նախապայմանի։ Դա կարևոր է։ Նրանք են նախաձեռնել։ Մենք շատ ճիշտ պատվիրակություն կունենանք»,- նշել է զրուցակիցը։

ZN.ua-ն էլ գրում է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի ԱԳ փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին։

17:24

Այդուհանդերձ, Պուտինի ելույթից հստակ չէ, թե արդյոք նա ի նկատի ունի նաև միջուկային զենքը։

17:22

Պուտինը հանձնարարել է ռուսական զսպման ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի։ Զսպան ուժերի մեջ է մտնում նաև միջուկային զենքը։

17:21

⚡Պուտինը Կրեմլում հանդիպում է անցկացնում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։

17:19

Լիտվան կարող է փակել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, սակայն իրավունք չունի կանգնեցնել ցամաքային շարժը դեպի Կալինինգրադի մարզ։ Այդ մաիսն հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն։ 

Դեպի Կալինինգրադի մարզ շարժն ապահովվում է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև կնքված առանձին համաձայնագրով, Շիմոնիտեին մեջբերում է Delfi-ն։

17:14

Ուկրաինական իշխանությունները հայտարարում են, որ իրենց հաջողվել է ուկրաինական վերահսկողության տակ վերադարձնել Դոնեցկի մարզի Վոլնովախա քաղաքը։

17:09

⚡Նիդերլանդները և Նորվեգիան միացան Ռուսաստանի ինքաթիռների համար օդային սահմանը փակած երկրների թվին։

16:54

⚡Ֆրանսիան ևս փակում է իր օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար։

16:46

⚡Ուկրաինան համաձայնվել է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել Բելառուսում։ Այդ մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Մենք արդեն պատրաստվում էինք հեռանալ, սակայն տեղեկատվություն ստացանք, որ ուկրաինական կողմը հաստատել է բանակցությունների անցկացումը»,- նշել է Մեդինսկին։

16:34

⚡Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ «Ես խոսել եմ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»,-  տելեգրամյան իր ալիքում գրել է Վլադիմիր Զելենսկին։

Քննարկման հիմնական թեման հավանաբար եղել է Գոմելում չկայացած ռուս-ուկրաինական բանակցությունները։ Կիևն ավելի վաղ հայտարարել էր, որ կբանակցի ցանկացած երկրում, բայց ոչ Բելառուսում։

16:23

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան իր միկրոբլոգում ռուսերենով գրառում է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իր հեռախոսազրույցի վերաբերյալ։ Թվիթերյան գրառման բովանդակությունն ավելի վաղ իր հաղորդագրության մեջ տարածել էր նաև Ելիսեյան պալատը։

16:18

Բաքվում Ուկրաինայի դեսպանության մոտ ի աջակցություն այդ երկրի ցույց է եղել։

16:05

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը զանգահարել է Վլադիմիր Պուտինին և առաջարկել միջնորդություն ռազմական գործողությունների դադարեցման նպատակով։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ նրան այդ մասին խնդրել է Ուկրաինայի նախագահը։

16:01

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խոստացել է, որ Եվրամիության երկրների ԱԳ նախարարներն արդեն այսօր հավանություն կտան Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներին, այդ թվում՝ միջբանկային փոխանցումների SWIFT միջազգային համակարգից ռուսական մի քանի բանկերի անջատմանը։ 

ԵՄ երկրների ԱԳ նախարարները նաև կքննարկեն Եվրամիության հատուկ ֆոնդում առկա միջոցների օգտագործումը՝ Ուկրաինային մահացու զենքի մատակարարման ֆինանսավորման համար։

15:51

Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանել Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Ավելի վաղ, դրա մասին հայտարարել էին Եվրամիությունը, ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ։

Ճապոնացիները նաև աջակցել են SWIFT-ից ռուսական մի շարք բանկերի անջատումը։

15:47

Գերմանական երկաթուղային օպերատորը՝ Deutsche Bahn-ը անվճար երթուղու հնարավորություն է տվել Ուկրաինայից բոլոր այն փախստականներին, որոնք Լեհաստանից կուղվեն դեպի Բեռլին։

15:44

Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հատված է հրապարակել դեռ մեկ տարի առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իր հարցազրույցից, որտեղ վերջինս հայտարարում է, որ երբեք բելառուսական կողմից ռուսները հարձակում չեն սկսի Ուկրաինայի տարածքի վրա։ «Երբեք, առավել ևս զենքով։ Ես, Դմիտրի, սահմանապահ եմ»,- ասել էր Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ այսօր Մինսկում Բելառուսի նախագահը խոստովանել է, որ իր տարածքից հարվածներ են եղել Ուկրաինայի տարածքի նկատմամբ՝ այն անվանելով «ստիպված քայլ»։

15:35

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ելույթ է ունեցել Բունդեսթագում։ Ահա այդ ելույթի հիմնական մտքերը։

  • Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերստեղծել Ռուսական կայսրությունը և կառավարել Եվրոպան այնպես, ինչպես ճիշտ է համարում։ Ռուսական ազգը պատերազմ չի ցանկանում։ 
  • Պուտինի պատերազմը կփոխի Գերմանիայի արտաքին քաղաքականությունը։
  • Գերմանիան տարեկան բյուջեի 2 %-ը կծախսի պաշտպանության վրա։
  • Գերմանիան կկրճատի կոնկրետ երկրներից էներգակիրների ներկրման կախվածությունը։
  • Գերմանիան չի հրաժարվում Պուտինի հետ բանակցություններից, բայց հայտարարում առանց որևէ սահմանափակման հետագա պատժամիջոցների իրավունքի մասին։

15:29

⚡Իտալիան ևս փակեց իր օդային սահմանը Ռուսաստանի ինքաթիռների համար։

15:24

BBC-ի տեսանյութը։ Ռմբակոծված շենքեր Սումիի մարզում։

15:21

Ի՞նչ է կատարվում Խարկովում։

Խարկովի բնակչուհի Ալյոնան BBC-ի ռուսական ծառայությանը պատմել է քաղաքում առկա իրավիճակի մասին։

«Ես Խարկովի Կիևյան շրջանում եմ, մետրոյի «Պուշկինսկայա» կայարանից ոչ շատ հեռու։ Այսօր մենք գիշերել ենք նկուղում։ Հինգշաբթի օրվանից թերևս այնտեղ ենք։ Բայց մեր բնակարանը առաջին հարկում է, այնպես որ երբեմն հանդարտվում է, բարձրանում ենք տուն՝ գոնե թեյ խմելու։

Երեխաս երեք տարեկան է։ Գիշերը, երբ սկսեցին ուժեղ կրակել, նա սկսեց լաց լինել և նույնիսկ կակազել։ Մեր մոտ արդեն խուճապ է առաջացել, իսկ շքամուտքի մեր հարևանի մեքենայի վրա արկ է ընկել։ Ես չաթով շփվում եմ ընկերուհիներիս հետ։ Արկերից մեկն ընկել է ուղիղ նրանց շենքի առաջ, որտեղ թաքնվում էին։ Բոլոր լուսամուտները կոտրվել են։

«Մետալիստ» մարզադաշտի մոտ արկ է ընկել։ Լավ է, որ որևէ մեկը չի զոհվել։ Մոսկովյան շրջանում՝ Սալտովկայում, երեկ լույսերն անջատել էին, նրանց մոտ էլ էր շենքի վրա արկ ընկել։ Այնտեղ իմ քեռին է բնակվում։ Նա մինչ այդ չէր իջել նկուղ, հիմա էլ այնտեղից դուրս չի գալիս։

Ջուր ու հոսանք դեռևս ունենք։ Մոտակա խանութներում մթերք այլևս չկա։ Երեկ երեկոյան ուղիղ մեր տան մոտ ընթանում էր փոխհրաձգությամբ ուղեկցվող մարտեր։ Այսօր առավոտյան 7-ին կամ 8-ին շարասյուները ներխուժել են քաղաք, բայց հետո նրանց արգելափակել են։ Ռուսական զինծառայողները ցրվեցին բնակելի շենքերով։ Հիմա նրանց բռնում են»,- եզրափակել է Ալյոնան։

15:08

Սումի, փետրվարի 27: Լուսանկարում, ենթադրաբար, ռուսական խոցված Т-72 կամ Т-80 տանկ է։ ՌԴ ՊՆ-ն տվյալներ չի հրապարակում ռուսական անձնակազմի և տեխնիկայի կորուստների վերաբերյալ։ Ուկրաինական կողմի վերջին տվյալների համաձայն՝ խոցվել է ռուսական 146 տանկ։ Այս տեղեկատվությունն ստուգել դեռևս հնարավոր չէ։

15:02

⚡Շվեդիան էլ միացավ Ռուսաստանի ինքնաթիռների համար օդային սահմանը փակած երկրների ցանկին։

14:56

Նոր կադրեր են հրապարակվել Կիևի մարզի Իրպեն քաղաքի վրա ռուսական հարձակման հետմղումից։ Քաղաքն ամբողջությամբ գտնվում է ուկրաինական վերահսկողության տակ։

14:54

⚡Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ։

14:45

⚡Գերմանիան փակեց իր օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար։

14:29

Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական կողմը կորցրել է նաև 49 հրանոթ, «Բուկ» տեսակի մեկ զենիթահրթիռային համալիր, «Գրադ» տեսակի չորս համակարգ, 30 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, ՀՕՊ համակարգեր։ 

14:28

Ուկրաինայի զինված ուժերը նոր տվյալներ են հրապարակել ռուսական կորուստների վերաբերյալ։

Մասնավորապես, նշվում է, որ փետրվարի 24-27-ը ռուսական կողմը կորցրել է 27 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, 146 տանկ, 706 զրահամեքենա, երկու անօդաչու, երկու նավ/նավակ և 60 ցիստեռն։ Կենդանի ուժի կորուստները կազմում են շուրջ 4300։

Ուկրաինայի ՊՆ-ն հայտնում է, որ այդ տվյալները ճշտվում են և վերջնական չեն։

Ռուսական կողմը շարունակում է տվյալներ չհրապարակել սեփական զոհերի, վիրավորների և ռազմատեխնիկայի կորուստների մասին։ Ուկրաինական կողմի հրապարակած տվյալները դեռևս հնարավոր չեն ստուգել։

14:18

Ռուսական այրվող «Тигр» զրահամեքենան Խարկովի կենտրոնում։

14:16

Ուկրաինական իշխանությունները որոշել են ազատ արձակել կալանավայրերից այն նախկին զինվորականներին, որոնք որոշել են ռազմական դրության ժամանակ պաշտպան կանգնել Ուկրաինային։ Այդ մասին հայտնում է УНИАН-ը՝ հղում անելով Գլխավոր դատախազության դատախազ Անդրեյ Սինյուկին։

14:13

Բելգիան ևս միացավ այն երկրների շարքին, որոնք փակել են իրենց օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար։ Դա նշանակում է, որ բելգիական ավիաընկերություններն էլ Ռուսաստան չեն թռչի։

14:02

⚡Իսլանդիան ևս փակում է իր օդային տարածքը Ռուսաստանի համար։

13:59

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ուկրաինական ուժերը հետ են գրավել Իրպենը և հրապարակում են հզոր պայթյունի տեսանյութ՝ չնշելով, թե ինչը կարող էր դառնալ դրա պատճառ։

13:57

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը հայտնել է ռուսական հարվածների հետևանքով մոտ տասը խաղաղ բնակչի զոհվելու մասին։

13:55

Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Գոմելում դեռևս սպասում են ուկրաինական ներկայացուցիչներին։ Դեպի բանակցությունների վայր Ուկրաինայի պատվիրակության երթուղին, Մեդինսկու խոսքով, «մանրամասն մշակվել և համաձայնեցվել է»։

«Ինչքան շուտ սկսվեն բանակցությունները, դա մեր եղբայր ուկրաինացիների, խաղաղ բնակիչների և Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների կյանքի փրկություն է, որոնք դեռևս գտնվում են ռազմաճակատում», - ասել է Մեդինսկին։

13:51

Կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերությունը՝ թայվանական TSMC-ն, դադարեցրել է Ռուսաստան մատակարարումը։ TSMC-ն նաև դադարեցրել է Ռուսաստանում մշակված «Эльбрус» պրոցեսորների արտադրությունը։

13:49

РИА Новости-ն գրում է, որ նոր պատժամիջոցների շրջանակներում կարող է որոշվել Եվրամիության ողջ տարածքում փակել օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։

Ամենայն հավանականությամբ, ի պատասխան՝ Ռուսաստանը կփակի իր երկինքը՝ եվրոպական ավիաընկերությունների համար։

13:42

⚡Դանիան ևս փակում է իր օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար։

13:37

⚡Իռլանդիան և Ավստրիան հայտարարել են Ռուսաստանի ինքնաթիռների համար իրենց օդային տարածքի փակման մասին։

13:34

Հավանաբար, լքված ռուսական տանկ Նիկոլաևի ճանապարհին։

13:28

УНИАН-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ Գոստոմելի շրջանում ուղղաթիռներից հրթիռային հարվածներ են հասցվում։ Ենթադրաբար, գործում են ուկրաինական թռչող ապարատները։

13:24

Ուկրաինան կիրառում է Bayraktar-ներ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշվում է, որ Bayraktar անօդաչուն հարված է հասցնում Խերսոնի մարզի Չերնոբաևկա գյուղում գտնվող ռուսական շարասյանը։ ՌԴ ՊՆ-ն մինչև օրս որևէ տվյալ չի հրապարակում իր կորուստների մասին։

13:21

Դմիտրի Պեսկովը РИА Новости-ին հերքել է առաջիկայում Պուտինի հնարավոր տեսաուղերձի մասին լուրը։

13:10

УНИАН-ը հայտնել է Կիևի Սվյատոշինսկի շրջան ռուսական զորքերի ներխուժման փորձի մասին։

13:05

Պուտինն առաջիկայում նոր տեսաուղերձ կտարածի Ուկրաինայում «ռազմական գործողության» վերաբերյալ։

13:03

Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները Գոմելու հանդիպման հաստատմանը կսպասեն մինչև Մոսկվայի ժամանակով 15:00-ն (Երևանի ժամանակով 16:00-ն)։

Ուկրաինական կողմն արդեն հայտարարել է, որ Գոմելում բանակցություններ չեն վարի։

12:56

Ականատեսները հայտնում են Մինսկում ռազմատեխնիկայի տեղաշարժի մասին։

12:52

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Արևմուտքը իր սահմանների մոտ միջուկային զենք տեղակայի, «ապա նա ևս կդիտարկի հարցը ու կդիմի Ռուսաստանի ղեկավարությանը, որպեսզի այդպիսի զենք, որը ժամանակին դուրս է բերվել Բելառուսից, վերադարձվի այդ երկիր»։

12:50

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը վերահաստատել է, որ Ուկրաինան չի մասնակցի Գոմելում Ռուսաստանի հետ բանակցություններին։

«Մենք այնտեղ չենք լինի։ Մենք նախապայմաններով չենք գնա բանակցությունների»,- Նիկիֆորովի խոսքերը փոխանցում է «Новая газета»-ն։

12:44

Գոմելում, ուկրաինական կողմի հետ բանակցություններում, ռուսական պատվիրակությունը ղեկավարում է ՌԴ նախագահի օգնական, մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին։

12:41

Պեսկովը հայտարարել է, որ հենց ուկրաինական կողմն է ընտրել Բելառուսի Գոմել քաղաքը՝ որպես բանակցությունների վայր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան չի կարող բանակցել մի երկրում, որտեղից Ուկրաինայի ուղղությամբ չորս օր առաջ թռել են թևավոր հրթիռներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, տեխնիկա։

12:36

Ուկրաինական լրատվամիջոցներից մեկը գրում է, որ Կորյուկովկա քաղաքում տեղի բնակիչներն առանց զենքի հետ են մղել ռուսական տանկերին։

12:34

Այդուհանդերձ, Լուկաշենկոն հաստատել է, որ Բելառուսի տարածքից Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակվել են հրթիռներ։ Սակայն, ըստ նրա, դա եղել է «ստիպված քայլ»։

12:32

Մի քիչ էլ Լուկաշենկոյից։ 

«Այնտեղ մեր ոչ մի զինծառայող և ոչ մի մարտական մեքենա չկա, այնտեղ չկա նաև բելառուսական և որևէ փամփուշտ»։

«Դա սուտ է։ Բելառուսի տարածքից որևէ պատերազմ չի գնում։ Օգնո՞ւմ ենք մենք ռուսաստանցիներին։ Իհարկե՜, օգնում ենք։ Եթե մեզ դիմում են ծանր հիվանդները, մենք նրանց բուժում ենք։ Դրա մեջ ի՞նչ վատ բան կա»։

12:30

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ Ուկրաինայում չկան բելառուս զինվորականներ. «պետք չի մեզ քաշել մի տեղ, որտեղ մենք չկանք»։

Նա կոչ է արել դադարեցնել պատերազմը (ավելի ճիշտ՝ հակամարտությունը)։

12:28

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքել է Վլադիմիր Զելենսկու՝ բելառուսցիներին ուղղված ուղերձին։

«Մարդ կա, որը կարող է դիմել բելառուս ժողովրդին։ Թող դիմի ուկրաինական ժողովրդին և պատասխան տա նրա համար, թե ինչ է այսօր կատարվում Ուկրաինայում»։

12:22

Խարկովի մոտ գտնվող Կուպյանսկի քաղաքապետարանը հայտարարել է, որ ռուսական զորքերը առանց մարտերի զբաղեցրել են քաղաքը։

12:18

УНИАН-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է Նիկոլաև քաղաքի բնակելի գնդակոծված շենքերից մեկը։

12:15

Հատված Զելենսկու ուղերձից. «Բռնազավթիչների գործողությունները ձգում են դեպի միջազգային տրիբունալ»։

12:11

Պայթեցվել է Բուչայի և Իրպենի միջև գտնվող կամուրջը։ Ընթանում են թեժ մարտեր։ Ուկրաինական լրատվամիջոցների պնդմամբ՝ պայթյունն իրականացրել են ուկրաինական զինված ուժերը։

12:08

Հատված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձից։

«Անհնար է բանակցություններ վարել մի երկրում, որտեղից չորս օր առաջ թռել են թևավոր հրթիռներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, տեխնիկա, հարվածել մեր տներին»։

12:05

Մինսկը պատրաստել է ամեն անհրաժեշտը Գոմելու Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների համար։ Բելառուսի ԱԳ նախարարության փոխանցմամբ՝ ապահովվում է արարողակարգային հարցերի լուծումը։

Հիշեցնենք, Զելենսկին բելառուսներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Ուկրաինան բանակցություններ չի վարի Մինսկում։ «Վարշավա, Բրատիսալավա, Բուդապեշտ, Ստամբուլ, բայց ոչ Մինսկ»,- ասել է նա։

12:02

Ուկրաինայի նախագահը նոր տեսաուղերձ է հրապարակել։

11:56

Եվս մեկ տեսանյութ, որտեղ, ենթադրաբար, երևում են Խարկովում գտնվող ռուսական ուժերը։

11:53

Այդ ընթացքում Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները շարունակում են ուկրաինական կողմից մեղադրել գնդակոծությունների մեջ։

11:47

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Բելառուս է ժամանել ռուսական պատվիրակությունը՝ ուկրաիանական կողմի հետ բանակցությունների նպատակով։ Պատվիրակության կազմում են ՌԴ ԱԳՆ, ՊՆ, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ ներառյալ նախագահի աշխատակազմը։ 

11:38

Զելենսկին հրաժարվել է Բելառուսում բանակցել Ռուսաստանի հետ` նշելով, որ Բելառուսը չի կարող հարթակ լինել Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների համար։

«Հիմա մենք ասում ենք՝ ոչ Մինսկը, հանդիպման համար այլ քաղաքները կարող են հարթակ լինել, իհարկե, մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք հանդիպել, ուզում ենք պատերազմի ավարտը։ Վարշավա, Բրատիսլավա, Բուդապեշտ, Ստամբուլ, Բաքու․․․Սա այն ամենն է, ինչ մենք առաջարկել ենք ռուսական կողմին: Մի երկրում, որի տարածքից հրթիռներ չեն թռչում: Միայն այս կերպ բանակցությունները կարող են լինել ազնիվ և իսկապես կարող են վերջ տալ պատերազմին»,- ասել է Զելենսկին տելեգրամյան իր ալիքում հրապարակված տեսանյութում։

11:38

YouTube-ը Ուկրաինայի տարածքում արգելափակել է «Սպուտնիկ» գործակալության ռուսական ալիքը։

11:33

Եվս մեկ տեսանյութ Խարկով քաղաքից։

11:26

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է «Տարածքային պաշտպանության ուժերի միջազգային լեգիոնի» ստեղծման մասին։

Օտարերկրացիները, որոնք «ցանկանում են մասնակցել բռնազավթողների դեմ դիմադրությանն ու համաշխարհային անվտանգության պաշտպանությանը», Զելենսկին առաջարկել է ժամանել Ուկրաինա և «համալրել Տարածքային պաշտպանության ուժերի շարքերը»։

Ցանկացողներին նա կոչ է արել դիմել իրենց երկրներում Ուկրաինայի դեսպանություն։

11:19

Բուչա քաղաքի գնդակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել բնակելի շենքերից մեկում։

11:17

Իր առավոտյան ամփոփումն է ներկայացրել նաև Ուկրաինայի զինված ուժերը։

Ներխուժումից ի վեր ռուսական զորքերի կորուստները գնահատվում են հետևյալ կերպ. 16 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 102 տանկ, ավելի քան 540 տարբեր տեսակի զրահամեքենա, «Բուկ» տեսակի մեկ զենիթահրթիռային համալիր, ավելի քան 3000 զինծառայող, ևս 200-ը գերեվարվել են։

ՌԴ ՊՆ-ն մինչ օրս որևէ տվյալ չի հրապարակել ռուսական կողմի կորուստների վերաբերյալ։ Ավելի վաղ, Դաղստանի ղեկավարը հայտարարել էր դաղստանցի սպա Նուրմագոմեդ Գաջիմագոմեդովի մահվան մասին։

11:14

Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հերքել է 302-րդ զենիթային գնդի զինծառայողների ինքնակամ զինաթափվելու ռուսական կողմի պնդումը։

11:08

Կիևից 28 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բուչա քաղաքում նկատվել է ռուսական ռազմատեխնիկա։ 

11:04

Ռուսական հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ռուսական ուժերն ընդհանուր առմամբ ոչնչացրել են ռազմական ենթակառուցվածքների 975 օբյեկտ, այդ թվում՝ Ուկրաինայի ԶՈւ կառավարման և կապի հանգույցի 23 կետ, ռադիոլոկացիոն երեք դիրք»։

11:01

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Խարկովի մարզում ինքնակամ հանձնվել է Ուկրաինայի ԶՈւ 302-րդ զինաթահրթիռային գնդի 471 զինծառայող։ Ըստ ռուսական կողմի՝ ոչնչացվել է «Точка-У» երկու մարտավարական հրթիռ, 223 տանկ, 8 ինքնաթիռ և 31 միավոր С-300 զենիթային համալիր։

10:59

Մոտ երկու ժամ առաջ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Խերսոնն ու Բերդյանսկը «ամբողջությամբ արգելափակված են»։ Գենիչևսկը և Խերսոնի մոտ գտնվող Չերնոբաևկա օդակայանը «վերցվել են հսկողության տակ», նշվում է ՌԴ ՊՆ առավոտյան հաղորդագրության մեջ։

10:57

Տեսանյութում երևում է այրվող տեխնիկա։ Հավանաբար արվել է Խարկովում։

10:54

Մոտ մեկուկես ժամ առաջ, Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքն անցել է ռուսական վերահսկողության ներքո։

10:46

Ուկրաինական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ռուսական ուժերը մտնում Խարկով։

10:38

Առավոտյան Խարկովի իշխանությունները հայտարարել են, որ քաղաք են մտել ռուսական զորքերը, ուկրաինական ուժերը դիմադրություն են ցույց տալիս։

10:35

Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փետրվարի 27-ի գիշերը հաջողությամբ Ուկրաինա է հասցվել ռազմական օգնություն։ Ավելի վաղ նշվում էր, որ Լիտվան այդ երկիր կուղարկի զրահաբաճկոններ, սաղավարտներ, ինքնաձիգներ և զինամթերք։

10:27

Ֆինլանդիայում ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբերյալ ստորագրահավաքը գերազանցել է անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը, ինչը նշանակում է, որ այդ հարցը կընդգրկվի խորհրդարանի օրակարգում ու պատգամավորները կքննարկեն այն։

10:12

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունում ևս նավթաբազա է պայթեցվել։ Տեսանյութը հրապարակել է РИА Новости-ն։

10:06

Համացանցում տեսանյութեր են հրապարակվում, որտեղ երևում է, թե Լվովում մարդիկ ինչպես են սպասում Լեհաստանից եկող գնացքին։

09:59

Մակրոն-Լուկաշենկո բանակցությունների արդյունքները ըստ Ելիսեյան պալատի։

  • Ֆրանսիայի նախագահը «ձգտել է դատապարտել որոշման լրջությունը, որը Ռուսաստանին թույլ է տալիս միջուկային զենք տեղակայել Բելառուսում»,
  • Լուկաշենկոյին կոչ է արել պահանջել Բելառուսից ռուսական զորքերի շուտափույթ դուրսբերումը,
  • ընդգծել է, որ բելառուսական և ուկրաինացի ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունները պետք է դրդեին Բելառուսին հրաժարվել վասալ դառնալուց և փաստացի մասնակից լինել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին:

09:52

Խարկովում գազամուղ է պայթել։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի հատուկ կապի և տեղեկատվության պաշտպանության պետական ծառայությունը։

«Զգուշացնում ենք ապատեղեկատվություն չտարածել. դա միջուկային հարված չէ, չնայած վիզուալ առումով պայթյունը նման է դրան»,- նշել են գերատեսչությունից։

09:39

Պրոցեսորների աշխարհի խոշորագույն արտադրողներ AMD-ն և Intel-ը դադարեցրել են իրենց արտադրանքի առաքումը Ռուսաստան։ Այդ մասին հայտնում է РБК-ն։

«РБК-ի աղբյուրը, որը մոտ է ռուսական արտադրողներից մեկին, նշում է, որ սահմանափակումները չեն տարածվում վերջնական սարքավորումների սպառողական հատվածին։ «Սակայն ամեն ինչ, ինչը վերաբերում է արդյունաբերական հատվածին, կհայտնվի արգելքի տակ, այդ թվում՝ արտադրական սարքավորումների և բաղադրիչների ներմուծումը, ինչը միանշանակ բացասաբար կազդի երկրի ներսում արտադրության վրա»»,- ասել է РБК-ի զրուցակիցը։

09:34

Գիշերը Խարկովում թեժ մարտեր են ընթացել։

09:26

Ուկրաինայի փոխվարչապետ և թվային փոխակերպման նախարար Միխայիլ Ֆեդորովը թվիթերի միջոցով Իլոն Մասկից Ուկրաինայի համար Starlink արբանյակային ինտերնետ է խնդրել։

«Մինչ դուք փորձում եք գաղութացնել Մարսը, Ռուսաստանը փորձում է բռնազավթել Ուկրաինան։ Մինչ ձեր հրթիռները հաջողության վայրէջք են կատարում տիեզերքից, ռուսական հրթիռները հարձակվում են Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա։ Մենք խնդրում ենք ձեզ Ուկրաինան ապահովել Starlink կայաններով, որպեսզի կոչ անենք խելամիտ ռուսաստանցիներին հանդես գան ի աջակցություն մեզ»,- գրել է նա։

Չի ուշացել Իլոն Մասկի պատասխանը։ «Starlink ծառայությունն արդեն ակտիվ է Ուկրաինայում։ Լրացուցիչ տերմինալները ճանապարհին են»,- մի քանի ժամ անց պատասխանել է Մասկը։

09:21

Գերմանական ARD հեռուստաընկերության լրագրող Մաթիաս Դայսը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Եվրամիության բոլոր երկրները կփակեն իրենց օդային տարածքը Ռուսաստանի համար։

Ավելի վաղ, այդպիսի որոշման մասին հայտարարել էին Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Սլովենիան, Ռումինիան, Բուլղարիան, Լեհաստանը, Չեխիան և Մեծ Բրիտանիան։

09:17

Գերմանական Lufthansa ընկերությունը հայտարարել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան։ Այդպիսի որոշում է ընդունել նաև հոլանդական KLM ավիաընկերությունը։

09:13

Ռուսական կողմի առաջին պաշտոնական կորուստը՝ Նուրմագոմեդ Գաջիմագոմեդովը։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Сергей Меликов (@melikov_s.a)

09:07

Ջո Բայդեն. Ռուսաստանի նկատմամբ այլընտրանքային կոշտ պատժամիջոցը Երրորդ համաշխարհային պատերազմն է

«Կար գործողությունների երկու տարբերակ։ Սկսել երրորդ համաշխարհային պատերազմ, սկսել ֆիզիկական պատերազմ Ռուսաստանի դեմ կամ էլ տարբերակ երկու. անել այնպես, որ երկիրը, որը գործում է միջազգային իրավունքին այդպես հակառակ, վճարի իր արածի գինը»,- հայտարարել է Բայդենը։

09:02

Հունգարիայի ԱԳՆ-ն Բուդապեշտն առաջարկում է որպես Մոսկվայի և Կիևի բանակցությունների հարթակ։ Կողմերը դիտարկել են Լուկաշենկոյի առաջարկը հանդիպելու Մինսկում, սակայն այնուհետ մեղադրել միմյանց՝ բանակցային գործընթացի տապալման համար։

09:00

Ինչ է կատարվել փետրվարի 27-ի գիշերը՝ հակիրճ.

  • Եվրամիության երկրները հայտարարել են ռուսական որոշ բանկերի SWIFT համակարգից անջատելու որոշման մասին, ինչը կապված է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ։ «Դա արդյունավետորեն կարգելափակի ռուսական արտահանումն ու ներկրումը, բանկերը չեն կարողանա իրականացնել միջազգային գործարքներ»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Թե որ բանկերն են անջատվել և ինչ պայմաններով, դեռևս հայտնի չէ։ Ռուսաստանի բանկի նկատմամբ սահմանափակող միջոցներ են կիրառում նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան։ Բացի այդ, ԵՄ-ն աշխատում է արտասահմանում ռուսական օլիգարխների կողմից ակտիվների կիրառման արգելքի ուղղությամբ։
  • Ուկրաինական քաղաքներում գնդակոծությունները շարունակվում են։ Խարկովում արկն ընկել է 9-հարկանի բնակելի շենքի վրա, զոհվել է 1 կին։ Սումի քաղաքում, հրետանային արկակոծման հետևանքով, Սելխոզտեխնիկի փողոցի վրա զոհվել է 1 տղամարդ։ Սումի մարզի նահանգապետ Դմիտրի Ժիվիցկին հայտարարել է, որ մեկ օրվա ընթացքում Ախտիրկայի գնդակոծությունների հետևանքով զոհվել է 6 մարդ՝ ներառյալ մեկ երեխա։ Աղջնակը եղել է 7 տարեկան։ Գնդակոծությունից հետո Կիևից 33 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վասիլկովում էլ այրվել է նավթաբազան։
  • Ռուսական իշխանություններն առաջին անգամ հայտարարել են Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինծառայողի վերաբերյալ։ Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը ցավակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքում ռուսաստանցի կադրային սպա Նուրմագոմեդ Գաջիմագոմեդովի մահվան առիթով։ Մելիկովը ռուսաստանցի առաջին պաշտոնյան է, որը պաշտոնապես հայտարարել է ռուսական կողմի մարտական կորուստների մասին։ ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ «հատուկ գործողության» ընթացքում ռուսական բանակը կորուստներ չի կրում։
  • Ռուսաստանը փակել է իր օդային տարածքը Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Սլովենիայի ավիաընկերությունների համար։ Ռոսավիացիան հայտարարել է, որ այդ որոշումն ընդունվել է «ավիացիոն իշխանությունների ոչ բարեկամական որոշումների պատճառով»։

Պատերազմի առաջին օրվա իրադարձություններին կարող եք ծանոթանալ այստեղ, երկրորդ օրվա իրադարձություններին՝ այստեղ, իսկ երրորդ օրվա իրադարձություններին՝ այստեղ։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter