HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ․ «Հաղթանակին դեռ երկար ենք սպասելու»

Այսօր ռուս-ուկրաինական պատերազմի 100-րդ օրն է։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասում է՝ պատերազմի ավարտ մոտ ապագայում չի նշմարվում, եւ Ուկրաինայում ժողովրդին աստիճանաբար պատրաստում են այն մտքին, որ հանգուցալուծումը մեկ շաբաթվա կամ ամսվա գործ չէ։ «Հետքի» զրուցակիցն ասում է՝ հնարավոր է առկա հակամարտությունը հետագայում վերածվի սողացող պատերազմի՝ մանր բախումներով։

Ներկայում ուժեղ բախումներ են ընթանում Ուկրաինայի արեւելքում եւ հարավում։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ արդեն 4 օր է, ինչ ուկրաինական եւ ռուսական մեծ ուժեր են տեղակայված Լուգանսկի մարզի Սեւերոդոնեցկ քաղաքի ուղղությամբ։ «Այն խոշոր քաղաք եւ կարեւոր կետ է հակառակորդի համար։ Եթե այն վերցնեն, ճանապարհ է բացվելու դեպի մյուս քաղաքներ։ Հուսանք, որ չի իրականանա դա»,- նշում է Դավիթ Մկրտչյանը։

Վերջինս ասում է, որ այն տարածքներում, որտեղից ռուսական ուժերը նահանջել են, ինչպիսին օրինակ Կիեւի, Չեռնիգովի մարզերն են, կյանքը փորձում են վերականգնել, ինչպես եղել է նախքան պատերազմը։ «Ընդհանուր առմամբ, ճգնաժամ է, քանի որ վառելիքի մեծ խնդիր կա»,-նկատում է Մկրտչյանը։ Երկիրը լքած բազմաթիվ մարդիկ, փախստականներ վերադառնալուց հետո ապրելու տեղ չեն գտնում, քանի որ շենքերն ու շինություններն ավերվել են։ Տուժել է բիզնեսը, գործարաններ, առեւտրայիան խոշոր կենտրոններ։ Ուկրաինա վերադարձողները հայտնվում են ճգնաժամի մեջ, քանի որ, ըստ հայերի միության փոխնախագահի, պետք է հասկանան, թե որտեղ ապրեն, ինչով զբաղվեն, ոնց ապրեն։ Սրան գումարած պատերազմը, որն իր նախկին հունով գնում է, ամեն օր միլիարդներ են ծախսվում դրա համար։ Միաժամանակ երկրում զորահավաքը շարունակվում է։

Դավիթ Մկրտչյանն ասում է, որ հիմա մարդկանց հոսքը երկրից նվազել է։ Հայերը եւս քիչ են լքում Ուկրաինան, շաբաթական կարող է մեկ ընտանիք դուրս գալ երկրից։ Այժմ հիմնական հոսքը Սեւերոդոնեցկի ուղղությունից է։ Մկրտչյանի խոսքով՝ եթե Խարկովն ավերված քաղաք էր, որտեղ երեք շաբաթ առաջ ապրելն անհնար էր, հիմա մարդիկ վերադառնում են այնտեղ։

Ուկրաինայի հայերի միությունը, ըստ փոխնախագահի, պատերազմի հավանական երկրորդ փուլի համար ծրագիր է մշակել, թե ինչպես բնակչությանը օգնություն տրամադրելու, ապաստարաններ հատկացնելու, այլ միջոցներով պահեն երկրում։ Այդուհանդերձ, «Հետքի» զրուցակիցը նկատում է, որ միությունը ռեսուրսների նվազում ունի, սակայն օգնության տրամադրման տեմպերը չեն իջել։ Քանի որ ներկայում տեղահանման խնդիր չկա, զբաղվում են հումանիտար օգնություն հատկացնելով՝ սնունդ, դեղորայք, ապաստարաններում տեղավորված հայերի կոմունալ ծախսերն են վճարում։

«Վառելիքի շատ մեծ խնդիր կա մեր պետությունում։ Հակառակորդը եւ՛ գործարաններն է պայթեցրել, եւ՛ վառելիքի պահեստները։ Մարդիկ եթե ուզում են տեղաշարժվել կամ տեղահանվել, դիմում են վառելիքի օգնության համար, վառելիքի ֆոնդ ենք ստեղծել, որտեղից հատկացնում ենք այդ վառելիքը, որի կարիքն ունեն»,- ասում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը։

Վառելիքի պակասը ազդել է նաեւ սպասարկման ոլորտի վրա։ Մկրտչյանի խոսքով՝ Կիեւում հիմա առեւտրի խոշոր կենտրոններն աշխատում են, բայց շատ տեղեր փակում են, քանի որ վառելիք չկա ապրանք բերելու համար, մարդիկ էլ վառելիք չունեն, որ հասնեն առեւտրի կենտրոններ։ Եթե ապրիլի սկզբին, ըստ մեր զրուցակցի, Կիեւում գեղեցկության սրահներ, սրճարաններ էին բացվել, ապա հիմա փակում են կրկին վառելիքի պատճառով։

Թեեւ դրսից վառելիքի մատակարար կան, դրա հիմնական սպառողը բանակն է, վառելիքի մեծ մասը զինտեխնիկայի համար է կիրառվում։ Խոշոր բենզալցակայանների ցանցերը հերթագրում են, կտրոններ վաճառում, որոնցով էլ կարելի է լիցքավորել մեքենաները։

«Ծանր իրավիճակ է։ Բիզնեսն էլ է շատ տուժել։ Բավական դժվար է աշխատողներին պահել, վարձատրել, բայց միաժամանակ չաշխատել այդ գումարները։ Բայց դե պատերազմ է, ի՞նչ անենք»,- նկատում է Դավիթ Մկրտչյանը։

Ուկրաինայի հայերի միությունը դեռ տվյալներ չունի այս պահին Ուկրաինայում գտնվող եւ երկրից դուրս եկած հայերի թվի մասին։ Մկրտչյանն ասում է՝ պատերազմի երկրորդ օրվանից դիմել են ուկրաինացի սահմանապահներին՝ երկրից դուրս եկած «յանով» վերջացող ազգանունների թիվն իմանալու համար, սակայն սահմանապահները հայտնում էին, որ մեծ հոսք կա եւ չեն կարող այդ տվյալները հանել բազայից։

«6-7 անգամ նրանց հարցում ենք ուղարկել, սակայն դրական պատասխան չենք ստացել։ Ասեմ ավելին՝ մենք Հայաստանի սահմանապահ մարմիններին էլ ենք ուղարկել, բայց այդտեղից եւս պատասխան չենք ստացել»,- նշում է մեր զրուցակիցը։

Դավիթ Մկրտչյանն ասում է, որ ապրիլի կեսերին Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հայտարարել էր, թե, ըստ իրենց տեղեկությունների, 4 հազար անձ Ուկրաինայից մտել է Հայաստան, այսինքն՝ նրնաց թվում կարող են լինել թե՛ ուկրաինացիներ, թե՛ ուկրաինական անձնագրերով կամ պարզապես այնտեղ ժամանակավոր կացության իրավունք ունեցող հայեր։

«Տա աստված, որ այս ամեն ինչն արագ վերջանա, բայց չեմ կարծում, թե արագ կվերջանա, չեմ կարծում, թե հիմա երեւում է՝ ով է հաղթելու։ Իհարկե, Ուկրաինայի քաղաքացիներս հավատում ենք, որ մենք ենք հաղթելու, բայց դե դրան դեռ երկար ենք սպասելու»,- ավելացնում է Դավիթ Մկրտչյանը։

Գլխավոր լուսանկարը՝ Aris Messinis/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter