
Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սամվել Գասպարյանը 102 կգ քաշային կարգում դարձավ փոխչեմպիոն:
Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը մեկնարկեց 172 կիլոգրամից և հաջողությամբ բարձրացրեց այն: Այնուհետև կարողացավ գլխավերևում պահել 176 կգ ծանրաձողը և պոկում վարժությունն ավարտեց այդ արդյունքով:
Հրում վարժությունում Սամվել Գասպարյանը վստահորեն կատարել է բոլոր 3 մոտեցումները՝ մեկը մյուսի հետևից հրելով 208, 211 և 214 կիլոգրամանոց ծանրաձողերը:
Երկամարտի 390 կգ արդյունքով Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Նա ընդամենը երկու կիլոգրամ զիջեց չեմպիոն դարձած բուլղարացի Դավիդ Ֆիշերովին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2021 թվականի առաջնությունում Գասպարյանը չեմպիոն էր դարձել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել