
Սպերցյանի փայլուն գոլի շնորհիվ Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային
Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում B դիվիզիոնի 1-ին խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Հանրապետական մարզադաշտում ընդունեց Իռլանդիայի ընտրանուն և հաղթանակի հասավ 1:0 հաշվով:
Առաջին խաղակեսն անցավ հյուրերի տարածքային և խաղային բացահայտ առավելությամբ, թեպետ լրջորեն սպառնալ մեր ընտրանու դարպասին, իռլանդացիներին չհաջողվեց: Առաջին կեսի ընթացքում Հայաստանի հավաքականը կարողացավ ընդամենը մեկ վտանգավոր պահ ստեղծել Իռլանդիայի դարպասին, Տիգրան Բարսեղյանի հարվածը փոքր-ինչ շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով:
Երկրորդ խաղակեսի մեկնարկին Հայաստանի հավաքականը կերպարանափոխված մտավ դաշտ և երկրորդ կեսին խաղով տեղ-տեղ գերազանցում էր մրցակցին: 50-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց և գոլը չհաշվեց: Սակայն 74-րդ րոպեին այլևս ոչինչ չէր կարող չեղարկել մեր ընտրանու գոլը, քանի որ Էդուարդ Սպերցյանը հեռվից կատարած հարվածով դարձավ փայլուն գոլի հեղինակ: Հանդիպման ընթացքում այլևս գոլեր չգրանցվեցին և Հայաստանի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով:
Հայաստանի ազգային ընտրանին իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին՝ Գլազգոյում հյուրընկալվելով Շոտլանդիայի ընտրանուն:
Մեկնաբանել