
Ոսկու որոնումներ՝ Հանքավանի ջրաբանական արգելավայրից 100 մ հեռու
Այս տարվա փետրվարին ստեղծված «Ֆերո գրուպ գոլդ» ՍՊԸ-ն մտադիր է ուսումնասիրել Թուխմանուկի ոսկու հանքավայրի հարավարևելյան տեղամասը։ Ընկերությունը 67,5 հա համայնքային սեփականության արոտավայր է հայցում Լուսագյուղից, որն անմիջական սահմանակից է նաև Հանքավանի ջրաբանական արգելավայրին։
Առավել հստակ՝ Թուխմանուկի ոսկու հանքավայրի հարավարևելյան տեղամասը (անվանում են նաև «Վլադ» տեղամաս, հեղ․) գտնվում է Մելիքգյուղից 4-5 կմ հարավ-արևելք և Լուսագյուղից մոտ 2,5-3,5 կմ հյուսիս, Հանքավանի ջրամաբանական արգելավայրից մոտ 100 մ հեռու։ Վարչատարածքային առումով այն մտնում է Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրի մեջ։
«Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը, հատակագիծը և տարածքի չափը հաստատելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին Կառավարության որոշման համաձայն՝ արգելավայրն ընդգրկում է 5202 հա տարածք, և բոլոր համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող տարբեր նպատակային նշանակության հողերը փոխադրվել է բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին, որը ՇՄՆ կազմում է։
Փորձեցինք կապ հաստատել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արա Հակոբյանի հետ՝ վերջինիս կարծիքը կամ դիրքորոշումը սպասվող գործունեության վերաբերյալ լսելու համար։ Արա Հակոբյանը տեղում չէր։
Նույն որոշմամբ տրված սահմանների նկարագրում նշվում է, որ այն գտնվում է Կոտայքի մարզի հյուսիսարևմտյան մասով, հարավ-արևմուտքից սահմանակից է Արագածոտնի մարզի Սարալանջի գյուղական համայնքին, Լուսագյուղի գյուղական համայնքին, արևմուտքից՝ Մելիքգյուղի գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքում՝ Միջնատան գյուղական համայնքին։
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը ներկայացված հայտում նշվում է, որ հարավարևելյան տեղամասում երկրաբանական ուսումնասիրությունների աշխատանքների ծրագիրը և ՇՄԱԳ-ը ներկայացվել է համայնքի բնակիչներին, քննարկվել է ծրագրավորվող աշխատանքներում բնակիչների ներգրավման հարցը: Նշվել է, որ ծրագրի կենսագործման արդյունքում հնարավորություն կստեղծվի ուսումնասիրության աշխատանքների իրականացման 1-2 տարում ապահովել առնվազն 30 աշխատատեղ, իսկ հետագայում շահագործման դեպքում՝ 250-300 աշխատատեղ։
«Ֆերո գրուպ գոլդ» ՍՊԸ-ն, ինչպես նշեցինք, հիմնադրվել է այս տարի՝ փետրվարի 18-ին։ Համաձայն իրական սեփականատերերի հայտարարագրի՝ ընկերության բաժնեմասը կիսում են ռուսաստանաբնակ ազգականներ Շամո Թելմանի Ֆերոյանը և Ռոման Սուրենի Ֆերոյանը։ Նրանք հայաստանյան գրանցում չունեն։ Շամո Ֆերոյանը, համաձայն ՌԴ ընկերությունների գրանցման ռեգիստրի, նաև 2020թ․ ապրիլին ՌԴ-ում գրանցել է ООО "МСК-СТРОЙ" ընկերությունը և դրա հիմնադիրն ու տնօրենն է։ Այս ընկերությունն, ըստ հիմնադրման, փաստաթղթի, զբաղվում է դեկորատիվ և շինարարական քարերի, գիպսի, գաջի արդյունահանմամբ, ինչպես նաև շինարարական այլ նյութերի արտադրությամբ։
«Ֆերո գրուպ գոլդ» ընկերությունը մտադիր է երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել 2022թ-2024թթ․-ը։ Ինչպես նշվել է ՇՄԱԳ-ում, հայցվող տարածքում չեն արձանագրվել պահպանվող, անհետացող կամ անհետացման եզրին գտնվող բուսատեսակներ և կենդանատեսակներ:
Հիշեցնենք, որ Թուխմանուկի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասը որոշակի ժամանակ շահագործել է «Մեգո գոլդ» ՍՊԸ-ն, որը նաև տարածքում պոչամբար է կուտակել։ Այն այժմ լքված է, իսկ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը վիճարկվում է դատարանում։
Հունիսի 15-ին՝ ժամը 11:30-ին, Ապարան խոշորացված համայնքի Լուսագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Ֆերո գրուպ գոլդ» ՍՊԸ-ի փորձաքննության ներկայացված հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումները։
Հանքավանի ջրաբանական արգելավայրի լուսանկարը՝ համացանցից։
Մեկնաբանել