HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Fly One Armenia»-ն վարձակալել է երրորդ մոլդովական օդանավը

Հայկական «Fly One Armenia» ավիաընկերությունը մայր կազմակերպությունից՝ մոլդովական «Fly One»-ից, վարձակալել է երրորդ ինքնաթիռը։

Հիշեցնենք, որ անցյալ դեկտեմբերին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից միջազգային թռիչքներ մեկնարկած հայկական ավիափոխադրողը մինչ այս շահագործում էր «Airbus A320-200» տիպի 2 ինքնաթիռ, որոնք վարձակալված են մոլդովական ավիաընկերությունից։ Այդ օդանավերը, սակայն, շարունակում են կրել մոլդովական գրանցում՝ ER-00006 եւ ER-00007։ Սա ավիացիայում կոչվում է «թաց վարձակալություն», երբ վարձատուի (մոլդովական կողմի) պատասխանատվության ներքո են օդանավը, անձնակազմը, տեխսպասարկումը, ապահովագրությունը։ Ու չնայած օդանավերը նման դեպքում շարունակում են կրել վարձատուի երկրի գրանցումը, թռիչքները համարակալվում են վարձակալի միջազգային կոդերով, այսինքն՝ կոնկրետ այս դեպքում օդանավերը կատարում են ոչ թե մոլդովական, այլ հայկական ավիաընկերության թռիչքները վերջինիս կոդերով։  

Շնորհիվ նրա, որ ինքնաթիռները մոլդովական գրանցում ունեն, «Fly One Armenia»-ն կարողացավ Երեւանից չվերթեր կազմակերպել դեպի ԵՄ տարածք՝ Լիոն եւ Փարիզ, որտեղ ՀՀ գրանցումով օդանավերի մուտքը 2020-ից ի վեր արգելված է։ Ավիաընկերությունը թռիչքներ է կատարում նաեւ դեպի Մոսկվա, Սոչի, Ստամբուլ, Թբիլիսի։

Նկատենք, որ մայիսին հայկական ընկերությունը որոշ խնդիրների բախվեց․ նա հայտարարեց, որ Թուրքիան արգելել է իր օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքների իրականացումը, այնինչ դեպի Ստամբուլ չվերթերը որեւէ խոչընդոտի չեն հանդիպել։ Մի քանի օր առաջ «Fly One Armenia»-ն տեղեկացրեց, որ հունիսի 17-ից դեպի Ֆրանսիա թռիչքները կվերսկսվեն։ 

Հիշեցնենք նաեւ, որ ապրիլի 18-ից հայկական փոխադրողը շարժակազմի խնդիր ունի, քանի որ նրա վարձակալած «Airbus A320»-ներից առաջինը՝ ER-00006-ը, տեխնիկական չվերթով Երեւանից մեկնել է արաբական Շարժա ու մինչ օրս այնտեղ է։ Ըստ ամենայնի, ինքնաթիռը տեխսպասարկում է անցնում։ Այս պարագայում «Fly One Armenia»-ի չվերթերի մի մասը ժամանակավորապես կատարում էր մոլդովական մայր ընկերության մեկ այլ օդանավ՝ ER-00005 գրանցումով «Airbus A320»-ը։ 

Ու հիմա, ինչպես հայտարարել է «Fly One Armenia»-ի խորհրդի նախագահ Արամ Անանյանը, ընկերությունը համալրվել է երրորդ օդանավով։ Խոսքը «Fly One»-ի շարժակազմում գտնվող միակ «Airbus A319-100»-ի մասին է (մոլդովական գրանցումը՝ ER-00002)։ Եթե «Airbus A320»-ները տեղավորում են 180 ուղեւոր, ապա այս մեկը նախատեսված է 144 հոգու համար։ Նոր ինքնաթիռն արդեն սկսել է թռչել Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղով։

Մոլդովական «Fly One»-ն այս օդանավը շահագործում էր 2017-ից, դրա սեփականատերը իռլանդական «Genesis Aircraft Services» լիզինգատու ընկերությունն էր, բայց ինչպես հայտնում է ch-aviation.com մասնագիտական կայքը, մոլդովական փոխադրողը վերջերս գնել է այս «Airbus A319»-ը, որը դարձել է նրա միակ սեփական օդանավը թե՛ Մոլդովայում, թե՛ Հայաստանում։ Ինչ վերաբերում է ER-00006-ին ու ER-00007-ին, ապա դրանք վարձակալված են իռլանդական մեկ այլ լիզինգատուից՝ «Avolon»-ից։ 

ER-00002-ն արտադրվել է 2001-ին Գերմանիայում։ Նախկինում շահագործվել է Մեքսիկայում, Կոլումբիայում, ԱՄԷ-ում, Մոլդովայում։ Այս տարվա ապրիլ-հունիսին տեխսպասարկման նպատակով բորտը կայանված էր լիտվական Կաունասում, որտեղից հունիսի 2-ին մեկնել է Քիշնեւ, այնտեղից հաջորդ օրը թռել է Իռլանդիա՝ Դուբլին, նույն օրը վերադարձել ու ամսի 4-ին եկել է Երեւան եւ ամսի 5-ին իրականացրել «Fly One Armenia»-ի իր առաջին չվերթը՝ Երեւան-Թբիլիսի-Երեւան։ 

Այսպիսով՝ ներկա պահին «Fly One Armenia»-ի տրամադրության տակ են մոլդովական մայր ընկերության 5 ինքնաթիռներից 3-ը՝ 2 հատ «Airbus A320-200» եւ 1 հատ «Airbus A319-100»։ Մյուս 2 «Airbus A320»-ները մոլդովական կողմը շահագործում է իր կարիքների համար։ 

Նկատենք, որ «Fly One»-ի օդանավերն անվանակոչված են Մոլդովայի քաղաքների անուններով։ ER-00006-ը կոչվում է «Լեովա», ER-00007-ը՝ «Ունգենի», ER-00002-ը՝ «Քիշնեւ»։  

Նախորդ տարեվերջին մոլդովական ընկերության համասեփականատեր Վլադիմիր Չեբոտարը հայտնել էր, որ «Fly One Armenia»-ն թռիչքներն սկսելու է մայր ընկերությունից վերցրած «Airbus A320» ինքնաթիռով (խոսքը ER-00006-ի մասին էր), իսկ հետո, ըստ Չեբոտարի, նախատեսվում էր հայկական ընկերությանը տալ նաեւ 2 հատ «Airbus A321»: Մոլդովացին նշել էր, որ իրենք բանակցություններ են վարել 3 հատ «Airbus A321» վարձակալելու շուրջ։ Այսինքն՝ նրանք նախատեսում էին 3 հատ նման օդանավ վերցնել, որոնցից 2-ը պիտի տային հայկական կողմին։ Բայց փաստն այն է, որ այս պահին ո՛չ «Fly One»-ը, ո՛չ «Fly One Armenia»-ն չունեն «Airbus A321»:

Այդուհանդերձ, atdb.aero-ն նշում է, որ «Fly One»-ը ծրագրում է ձեռք բերել «Airbus A321-200», որն արտադրվել է 2014 թ․ Գերմանիայում եւ նախկինում շահագործվել է Կենտրոնական Ամերիկայում (գրանցված է եղել ԱՄՆ-ում որպես N693AV)։ Օդանավի սեփականատերն, ըստ planespotters.net-ի, չինական «ICBC»-ն է։ Ինքնաթիռը 2021-ի սեպտեմբերից Ֆրանսիայում է։ 

Լուսանկարում՝ ER-00002-ը՝ իտալական Պարմայի երկնքում, 29.01.2022, հեղ․՝ Լուկա Գուսոնի (jetphotos.com) 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter