HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ հետ չի գալու»,- ասում է փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի կինը

Սեպտեմբերի 26-ի ուշ երեկոյան փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանն առանձին զրուցեց երկու որդիների հետ։ Այդ օրը սովորականից երկար մնաց նրանց սենյակում։ Երբ պատրաստվում էր քնել, կնոջը՝ Աննային, ասաց, թե «մի հատ էլ էրեխեքին գնամ պաչեմ, գամ»։ Դրա նախորդ օրը զորամասից տագնապ էին տվել։ Փոխգնդապետն արդեն հասկացել էր, որ իրավիճակը սահմանին լարված է։ Ամսի 26-ին նա երկար զրուցեց կնոջ հետ, միասին քննարկեցին ապագայի ծրագրերը։ Երբ Աննան հարցրեց, թե ինչ է լինելու երկրի վիճակը, նա խուսափեց հստակ պատասխաններից։

Սեպտեմբերի 27-ի լուսադեմին զորամասում նորից տագնապ էին տվել։ Փոխգնդապետ Մանուկյանն արագ արթնացել էր, հագել զինվորական համազգեստը, դատարկել գրպանները, հանել ոսկյա շղթան՝ մատին թողնելով միայն ամուսնական մատանին։ Աննային ասել էր, որ մատանին միշտ իր հետ կլինի։ Կինը ճանապարհել էր՝ չիմանալով, որ այլեւս չի տեսնելու ամուսնուն։

Նուբարաշենի լուսավոր բնակարանում ենք։ 2020 թ․ սեպտեմբերին են գնել, այն ժամանակ դեռ չէին տեղափոխվել, վարձակալած բնակարանում էին ապրում։ Ամուսիններով նախատեսել էին մեծ բնակարանամուտ նշել։ Անդրանիկը գյուղերից մեկում գառ էր գնել մատաղի համար։ Աննայի արցունքները վազում են սա պատմելուց, քիչ ավելի ուշ ասում է՝ այդ գառը հիմա մեծացել է, գառ ունի, եւ իրեն հաճախ զանգում են, հետաքրքրվում, թե երբ են տանելու խոստացված մատաղի համար։

«Թե ի՜նչ երազանքներով պիտի մտնեինք այս տուն․․․ Իսկ ես 2020 թ․ դեկտեմբերի 15-ին Անդիս նկարը գրկած մտա»,- սա ասելուց հետո խուլ հոգոց է հանում։

Աննան ու Անդրանիկը Թալինից են։ Արմատներով մշեցի են։ Անդրանիկը Աննայի եղբոր ընկերն էր։ Աննան սովորում էր Երեւանի մենեջմենթի համալսարանում, իսկ Անդրանիկն արդեն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու ծառայության անցել Հադրութում։ Ամուսնությունն արագ ստացվեց։ Աննան ասում է՝ սովորաբար իրենց կյանքում ամեն բան շատ արագ էր լինում, նույնիսկ երեխաներն են ծնվել 8 ամսականում։ «Ոնց որ արագացված լիներ մեր 15 տարվա համատեղ կյանքը, բայց դա մի հավերժություն էր»,- նշում է նա։

Ամուսնանալուց հետո Աննան էլ տեղափոխվեց Հադրութ։ Ասում է՝ ճիշտ է այն միտքը, որ զինվորականի կինն էլ է ծառայում, եւ ինքն էլ Հադրութում անցկացրած 5 տարիներին ծառայեց։ 2005 թ․ ծնվեց ավագ որդին՝ Արմենը, 5 տարի անց՝ Ալենը։ 2010 թ․ Անդրանիկը ծառայության տեղափոխվեց Երեւան։ Զորամասերից մեկում ծառայելուց հետո 2018-ի տարեվերջին տեղափոխվել էր խաղաղապահ ուժեր, ինչի նպատակը բնակարան գնելն էր։

«7 ամիս խաղաղապահ առաքելության գնաց։ 2019 թիվն էր։ Չեմ պատկերացրել այդ բաժանումը։ Հիմա որ հետ եմ նայում, ոնց որ մեզ պատրաստեր իր բացակայության։ Էնպիսի տպավորություն է, ոնց որ ինքն առաքելության ա, տանը չի, շուտով գալու ա,- ասում է Աննան, քիչ անց ավելացնում,- մեր համատեղ 15 տարիներին սովորեցի սպասելուն, մենակ մնալուն, պայքարելուն․․․ Ամեն ինչ սովորեցրեց»։

Հյուրասենյակում Անդրանիկի հուշանկյունն է։ Պատին փոխգնդապետի պատվոգրերն են, նրա համար թանկ իրերը։ Նկարի շրջանակի մեջ մեդալներն են, որոնք ամեն տոնական օր նա հատ-հատ փակցնում էր զինվորական համազգեստին։

Հիմա Աննան ծանր ապրումներ է ունենում այդ տոն օրերին։ Կինոժապավենի պես կադր-կադր նա իր մտապատկերում վերականգնում է ամուսնու՝ այդ օրերի նույնիսկ աննշան թվացող գործողությունները։ Առհասարակ համատեղ ապրած 15 տարիներն են կինոժապավանի պես։ Աննան ասում է՝ հիմա էլ ապրում է այդ տարիների երջանկությամբ։

Աննայի դեմքին անտեսանելի երանություն է հայտնվում, երբ հիշում է, թե ինչպես ամեն կիրակի առավոտ ամուսինը սուրճ էր պատրաստում իր համար։ Կիրակիները փոխգնդապետը նվիրում էր ընտանիքին։ Այդ օրերին հաճախ նա էր նախաձեռնում ճաշ պատրաստելը՝ ձուկ էր պատրաստում, խաշլամա։ Աննան ասում է՝ ընկերները մինչեւ հիմա հիշում են նրա եփած խաշլաման։ «Կյանքով լեցուն, ուրախ, կյանքը սիրող։ Մի օրվա մեջ մի քանի առիթի մասնակցում էր, որ ասում էի՝ Անդ, դե մի գնա, էլի, ասում էր՝ ո՞նց կարամ չգնամ, համ էլ էս կյանքն էնքան կարճ ա, պիտի վայելես ամեն մի օրդ»,- հիշում է փոխգնդապետի կինը։

Ասում է՝ ամուսինը գիտակցելով գնաց ռազմաճակատ։ «Ինքը գիտեր՝ ուր էր գնում։ Դրա համար էլ հերոս են։ Էն մարդիկ, որոնք գիտակցելով են գնացել, իրենք են իսկական հերոսները»,- նշում է Աննան։

Անդրանիկն սկզբից «Եղնիկներում» էր, մարտերի է մասնակցել այնտեղ, ապա ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հրամանով տեղափոխվել է Ջրական։ Այստեղ շրջափակման մեջ էին հայտնվել։ «Հրաշքով դուրս են եկել շրջափակումից։ Իր հետ 40 հոգու հանել է շրջափակումից ու ոտքով հասել են Հադրութ»,- պատմում է կինը։ Փոխգնդապետ Մանուկյանի վերջին մարտը եղել է Դրախտիկ-Սղնախ հատվածում հոկտեմբերի 21-ին։

«Հոկտեմբերի 21, դաժան օր։ Էդ օրն էլի խոսել եմ իր հետ, բայց ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որ հետ չի գալու։ Ինքն էնքան ուժեղ, ինքնավստահ էր։ Մանավանդ, որ վերջում իմացել էի, որ Հադրութում էր, ասում էի՝ էնտեղ ամեն ինչ գիտի, տեղանքը գիտի, ինչ էլ լինի, փրկվելու ա, հետ գա»,- ասում է կինը։

Երբ կեսօրին Աննան զանգել էր ամուսնուն, անհանգիստ էր երեւացել, կինն զգացել էր, որ շարժման մեջ է, ամուսինն ասել էր, որ երեկոյան կզանգի։ Բայց խոստացված զանգն այդպես էլ չեղավ։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան։ Մարտական ընկերներից ընտանիքին փոխանցել են, որ փոխգդնապետ Մանուկյանն իր 8 սպաներով օգնության է գնացել շրջափակման մեջ հայտնված հրամանատարին, սակայն իրենք էլ ընկել են շրջափակման մեջ։ 9 հոգուց միայն մեկն է հրաշքով փրկվել։

Դեպքի մասին ընտանիքն իմացել է հաջորդ օրը՝ հոկտեմբերի 22-ին։ Աննան ասում է՝ երեկոյան մարդկանց գալուց վատ զգացողություն ունեցավ, հասկացավ, որ մի բան եղել է։ Այդ օրն Անդրանիկ Մանուկյանի անունը հայտնվել էր զոհվածների անվանացանկում։ Հետո ընտանիքին մարտական ընկերներից ասել էին, թե Անդրանիկին ոչ ոք մահացած չի տեսել, հնարավոր է՝ նա փրկված լինի։ Հույսն ապրեց մինչեւ նոյեմբերի 24-ը, երբ փոխգնդապետի մարմինը բերեցին։ Աննան ասում է՝ դագաղը փակ բերեցին, ու հիմա էլ, կարծես, նա ներքուստ սպասում է ամուսնուն։

«Հեսա կլինի երկու տարի, բայց բան չի փոխվել, կարծես երեկ լիներ։ Չեմ պատկերացնում, որ 1,5 տարի անցել ա, ու ես ապրել եմ էդ ընթացքում»,- ասում է Աննան։ Նրա մատնեմատի եղունգին  «Անդս» է գրված։ Ամուսնուն կորցնելուց հետո միշտ գրում է նրա անունը։ Մատնահարդարն արդեն չի հարցնում՝ գրի՞ անունը, թե՞ չէ, պատասխանն արդեն գիտի։ Անդրանիկի լուսանկարով ու անունով կախազարդ է կրում։

Զրույցի ընթացքում Աննան մեզ ննջասենյակ է ուղեկցում։ Պատերին, պահարաններին ամուսնու նկարներն են։ Զգեստապահարանում կոկիկ դասավորված է հագուստը, Աննան հանում է ամուսնու զինվորական համազգեստը։ Աչքերն աննկատ մաքրում է։

Կրտսեր որդին, որ մի քանի րոպե միայն ներկա եղավ մեր զրույցին, հպանցիկ խոսեց հոր հետ վերջին զրույցի մասին։ «Ասում էր՝ դուխով կլինես, լավ կսովորես ու ամենակարեւորը՝ ոչ մեկից ու ոչ մի բանից չվախենաս»,- նշում է Ալենը։

Երկու որդիները որոշել են ատամնաբույժ դառնալ։ Հայրը երկար զրույցներում նրանց միշտ խորհուրդ էր տալիս այնպիսի աշխատանք գտնել, որ «շեֆ չունենան»։

«Հանուն երեխաների՝ ոտքի եմ կանգնել։ Դիմել եմ հոգեբանի, սկսել եմ կյանքին նայել իմ տեսանկյունից, պարտավոր եմ առաջ գնալ։ Տեսնում եմ աչքեր, որ ինձ են նայում, պարտավոր եմ ապրեցնել իրենց»,- ասում է մայրը։ Եվ դժվար է պատկերացնել, թե դրա համար ինչքան ուժ է պահանջվում Աննայից։

Նա շախմատ է դասավանդում դպրոցում։ Ամուսնու կիսատ թողած ծրագրերն ու անկատար  երազանքները հիմա ինքը պետք է իրականացնի։ Ասում է՝ այս տարի մատաղն անպայման կանեն, երեխաներին էլ կկնքեն։

«Հադրութը կորցնելուց հետո էդ ցավը զգացի, մանավանդ երբ գիտեի, որ Հադրութում Անդս ա։ Մի լենտայի նման Հադրութի ամեն տեղանքը գնաց, էն տունը, որտեղ ապրել ենք, որ էլ մերը չէ․․․ Դժվար ա շատ։ Հիմա էլ ապրում եմ իմ 15 տարիների երջանիկ կյանքով։ Չեմ ուզում պատկերացնել, որ իմ Անդը չկա։ Գիտակցում եմ, բայց չեմ ուզում հավատալ»,- ասում է փոխնդգապետ Մանուկյանի կինը։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter