Ա․ Ավանեսյանը դիմել է ԱԺ՝ ընդդիմադիր պատգամավորների վարքագծի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դիմել է ԱԺ՝ ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ երեկ կատարված միջադեպի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Աննա Մկրտչյանը և Ասպրամ Կրպեյանը մտել են Առողջապահության նախարարություն և Անահիտ Ավանեսյանի ուղղությամբ նետել պատերազմում զոհվածների աճյունների լուսանկարները:
«Պատգամավորական մանդատը որևէ անձի թույլ չի տալիս դրսևորել խուլիգանական վարքագիծ։ Ազգային ժողովը բաց է, 2021 թ․-ի ընտրությունների արդյունքում ընտրվել են պատգամավորներ, նրանք պարտավոր են գալ իրենց աշխատանքի վայր և ունեն բոլոր հնարավորությունները, հարթակները՝ հանդիպելու նախարարի հետ, ուղղելու հարցեր, քննադատություն և այլն։ Բայց, չգիտես ինչու, օրենքով սահմանված, քաղաքակիրթ երկրներին բնորոշ հարթակները թողած՝ անձինք ոչ թե հանդիպում են ուզում, այլ ուղղակի բեմականացված, գռեհիկ շոուներ»,- նշեց նա։
Ըստ նախարարի՝ ոստիկանական ուժերը և բոլոր իրավապահները պետք է խստիվ գործեն՝ օրենքի շրջանակում։
«Ժողովրդավարության սկզբունքները Հայաստանում պահպանվում են 2018 թ․-ից սկսած, և դրա վերաբերյալ ամեն տարի բազմաթիվ արձանագրումներ են լինում, և տարեցտարի Հայաստանը որպես ժողովրդավար երկիր իր դիրքերը բարելավում է, բայց ժողովրդավարությունը չի նշանակում անօրինականություն, հակառակը՝ ժողովրդավարությունը նշանակում է օրենքի ուղիղ գերակայություն»,- ասաց Ավանեսյանը։
Մեկնաբանել