HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Պուտինն իրեն համեմատել է Պետրոս I-ի հետ և իր խնդիրը համարել տարածքների վերադարձը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, առաջին անգամ խոսել է այն մասին, որ Ռուսաստանի նպատակը ներկայումս «տարածքների վերադարձն» է՝ այս տարվա իրադարձությունները համեմատելով Պետրոս I-ի ժամանակների հետ, որի 350-ամյակը Ռուսաստանում նշվում էր այսօր՝ հունիսի 9-ին։

«Այն, որ մենք պետք է պաշտպանենք մեզ, պայքարենք դրա համար, դա ակնհայտ բան է։ Ահա նոր մենք եղանք ցուցահանդեսին, որը նվիրված էր Պետրոս I-ի 350-ամյակին։ Գրեթե ոչինչ չի փոխվել։ Զարմանալի է։ Ինչ-որ կերպ գալիս ես այդ ըմբռնմանը։ Պետրոս I-ը Հյուսիսային պատերազմը վարել է 21 տարի։ Թվում էր, թե այնտեղ պատերազմում էր Շվեդիայի դեմ, ինչ-որ բան սակարկում… Ոչինչ էլ չէր սակարկում։ Նա վերադարձնում էր։ Այո, այդպես էլ կա։ Այնտեղ, որտեղ Պետերբուրգն է հիմնադրվել, նա, երբ հիմնադրեց նոր մայրաքաղաքը, Եվրոպայի երկրներից և որևէ մեկը այդ տարածքները չճանաչեց Ռուսաստանի մաս, բոլորը դա ճանաչում էին որպես Շվեդիա։ Այնտեղ դարեր շարունակ ուգրո-ֆիննական ժողովուրդների հետ միասին ապրել են սլավոնները, ընդ որում՝ տարածքը գտնվում էր ռուսական պետության վերահսկողության տակ։ Նույնն էր նաև արևմտյան ուղղությամբ։ Դա վերաբերում է Նարվային, նրա առաջին արշավանքներին։ Ինչի՞ էր նա այնտեղ հայտնվել։ Վերադարձնում էր։ Եվ ամրապնդում։ Ահա, թե ինչ էր անում»,- BBC-ի փոխանցմամբ ասել է Պուտինը՝ ժպիտով հավելելով, որ իրենց ևս բաժին է հասել վերադարձնելու և ամրապնդելու առաքելությունը։

Այդուհանդերձ, իր ելույթի համատեքստում Պուտինն այդպես էլ չի հիշատակել Ուկրաինայի դեմ պատերազմը։ 

Հիշեցնենք, որ փետրվարին 24-ին, երբ Պուտինը հայտարարում էր Ուկրաինայի դեմ պատերազմական գործողությունների մեկնարկի, կամ ինչպես Կրեմլն ու ռուսական լրատվամիջոցներն են նշում՝ «հատուկ ռազմական գործողության» մասին, Ռուսաստանի նախագահը որպես նպատակ նշում էր «ապանացիֆիկացումն» ու «ապառազմականացումը»՝ պնդելով, թե իրենց նպատակը ուկրաինական տարածքների բռնազավթումը չէ։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն էլ պնդում էր, թե Մոսկվան նախկինի պես Վլադիմիր Զելենսկուն համարում է Ուկրաինայի օրինական նախագահ։

Միևնույն ժամանակ, իր վերահսկողության տակ անցած ուկրաինական տարածքներում Ռուսաստանը նշանակում է վարչակազմեր, որոնք հայտարարում են հանրաքվեի միջոցով Ռուսաստանին միանալու մասին։ 

Զելենսկին հայտարարում է, որ Ուկրաինան կպատերազմի մինչև հաղթանակ, իսկ Պուտինի հետ խաղաղության բանակցություններին պատրաստ է մասնակցել միայն այն դեպքում, եթե ռուսական զորքերը վերադառնան փետրվարի 24-ի դիրքեր։ Կրեմլը չի ընդունում այս մոտեցումն, իսկ պատերազմն Ուկրաինայում շարունակվում է արդեն 106-րդ օրը։

Լուսանկարը՝ РИА Новости / Михаил Метцель

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter