HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռազմական դրության ժամանակ իշխանության անգործության և մարտական դիրքը լքելու մեջ մեղադրվող հրամանատարի գործի քննությունը մեկնարկեց

Դատական նիստերի սկսվելուց առաջ սովորաբար կողմերն են դահլիճ մտնում, վերջում՝ դատավորը: Սակայն այսօր դատավոր Ջոն Հայրապետյանը, մինչև ամբաստանյալին դահլիճ բերելը, ներս եկավ: Նիստերի դահլիճում 2020  թվականի պատերազմի օրերին զոհված զինծառայողների հարազատներ էին, հրաշքով ողջ մնացած զինծառայողներ, վերջիններիս հարազատները: Դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում այսօր մեկնարկեց զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային և կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործի քննությունը: Այս գործն ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մեկ դատական նիստ է տեղի ունեցել՝ լարված մթնոլորտում: Հետո դատավարության մասնակիցների համաձայնությամբ՝ գործի ընդդատությունը փոխվել է, այն տեղափոխվել է Երևան:

Դատավոր Հայրապետյանը, նիստերի դահլիճ մտնելով, տուժող կողմին ասաց, որ Սյունիքի մարզում տեղի ունեցած դատական նիստի ձայնագրությունը լսել է, գիտի, թե ինչ է տեղի ունեցել այդ նիստերի դահլիճում:

«Ոչ ոք չի կարող հասկանալ այն ցավը, որ տուժողների իրավահաջորդներն ունեն, սակայն մենք դատական պրոցես ենք անցկացնելու, և ես էլ, որպես դատավոր, պարտավոր եմ դատարանում նիստերի կարգն ապահովել: Եթե քաղաքացիները տեղից խոսեն, աղմկեն, վիրավորական արտահայտություններ անեն, դա համարժեք պատասխանատվության է հանգեցնելու, ես պարտավոր եմ դա անել: Խնդրում եմ փոխըմբռնումով մոտենալ, մենք պարտավոր ենք դատաքննություն անել, ապացույցներ հետազոտել, վկաներին հարցաքննել և վերջում նոր կայացնել դատական ակտ»,- ասաց Ջոն Հայրապետյանը, ապա տուժող կողմի դրական պատասխանը լսելուց հետո ուղեկցողներին ասաց, որ ամբասանյալ Իշխան Վահանյանին բերեն նիստերի դահլիճ: Երբ Վահանյանը ներս մտավ, դահլիճը լուռ էր:

Դատարանը ճշտեց ամբաստանյալ Իշխան Վահանյանի ինքնությունը: Վերջինս հայտեց, որ բարձրագույն զինվորական կրթություն ունի, նախկինում դատապարտված չի եղել, խնամքին երկու անչափահաս երեխա ունի՝ 14 և 15 տարեկան:

Հետո դատավորը փորձեց ճշտել դահլիճում ներկա տուժողների և տուժողի իրավահաջորդների ինքնությունները: Ինչպես պարզվեց՝ կան անձինք, որոնք պետք է տուժողի իրավահաջորդ լինեին, բայց նախաքննության ընթացքում նման կարգավիճակ չեն ստացել: Դատախազ Գևորգ Ավետիսյանը պարզաբանեց, որ քրեական գործի նախաքննության ժամկետների հետ կապված խնդիր է եղել, ստեղծվել է իրավիճակ, որ բոլոր տուժողներին հնարավոր չի եղել կարգավիճակ տալ, ու առաջարկեց՝ եթե գործի քննության ընթացքում տվյալներ կլինեն այն մասին, որ կան անձինք, որոնք տուժել են մեղադրյալին վերագրվող արարքից, տուժող ճանաչվեն: Տուժող կողմին ներկայացնող փաստաբաներից Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ անձինք պետք է տուժողի կամ տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ձեռք բերեն ոչ թե քրեական գործի քննության ընթացքում, այլ ի սկզբանե, քանի որ նրանց իրավունքների իրացման խնդիր կա:

Դատավորը, դիմելով դահլիճում ներկա ծնողներին, ասաց, որ ցանկացած անձ, ով գտնում է, որ մեղադրանքի սահմաններում իրեն բարոյական, ֆիզիակական, նյութական վնաս է պատճառվել, կարող է դատարանին դիմում հասցեագրել իրեն տուժող ճանաչելու վերաբերյալ, իսկ եթե տուժողը ողջ չէ, ապա կարող են ներկայացվել նաև տուժողի  իրավահաջորդ ճանաչվելու վերաբերյալ դիմումներ:

Այսօր գործը մտավ դատաքննության փուլ: Մեղադրող Գևորգ Ավետիսյանն ընթերցեց ամբաստանյալ Վահանյանի մեղադրանքը:

Ըստ այդմ՝ Իշխան Արմենի Վահանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես Պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով և կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսևորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով և ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաև՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, Իշխան Վահանյանը, ծառայողական դիրքով և կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքը:

Այսպես՝ Իշխան Արմենի Վահանյանը ՊԲ համապատասխան զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա և իրականացնել հիշյալ վայրում տեղակայված մարտական դիրքերի պաշտպանությունը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը: Հիշյալ հրամանի հիման վրա՝ Իշխան Վահանյանն իրեն վստահված անձնակազմի հետ հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր և գումարտակի անձնակազմով դիրքավորվել՝ անցնելով պաշտպանության:

2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդն անցել է հարձակման վերը նշված դիրքերի ուղղությամբ, որի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Իշխան Վահանյանը, հանդիսանալով հիշյալ մարտական դիրքերի պաշտպանությունն իրականացնող Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասի 5-րդ գումարտակի անձնակազմի անմիջական պետը, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 73-րդ, 78-րդ, 85-րդ, 129-րդ և 130-րդ հոդվածների համաձայն՝ պարտավոր լինելով հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել հայրենիքը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները, խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, իր բացակայության դեպքում պարտականությունների կատարումը թողնել տեղակալին, պատասխանատու լինել իրեն վստահված ստորաբաժանման կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման և գումարտակը հմտորեն ղեկավարելու համար, ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրության 2-րդ մասի 45-47-րդ և 76-րդկետերի համաձայն՝ պարտավոր լինելով նաև սահմանված ժամկետներում կազմակերպել ավագ պետի առաջադրած խնդիրների կատարումը, ղեկավարել ենթակա ստորաբաժանումների կողմից ստացած խնդրի կատարումը, մարտի վճռական պահերին գտնվել առավել կարևոր ուղղությունում և իր ենթակայության տակ եղած ուժերով ու միջոցներով ժամանակին ազդել մարտի վրա, իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում ավագ պետի ընդհանուր մտահղացման սահմաններում ընդունել նոր որոշում և խնդիրներ առաջադրել ենթակա ստորաբաժանումներին, նույն կանոնադրության 2-րդ մասի 119-122-րդ, 179-180-րդ հոդվածների համաձայն՝ պաշտպանության շրջանը շրջանցելու դեպքում կազմակերպել շրջանաձև պաշտպանություն և շարունակել պահել զբաղեցրած դիրքերը, իսկ հարկադրաբար նահանջի անհրաժեշտության դեպքում ավագ պետի հրամանով կամ թույլտվությամբ, կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպել ստորաբաժանման նահանջը, տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր անվտանգությունը վեր դասելով ենթակայության տակ գտնվող զինծառայողների անվտանգությունից, անտեսելով իր ենթակայության տակ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների նորակոչիկ լինելու և մարտական հմտություններին բավարար չտիրապետելու հանգամանքները, ինչպես նաև մարտի դաշտը չթողնելու և ենթակա անձնակազմի անվտանգությունն ապահովելուն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի պահանջը, չի կատարել վերը նշված իրավական ակտերով սահմանված պարտականությունները և որևէ միջոց չի ձեռնարկել առաջադրված խնդրի կատարումն ապահովելու ուղղությամբ, այլ մարտական գործողությունների ընթացքում աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորման ձևով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված միակ կապի միջոցը և, պարտականությունների կատարումը տեղակալներից որևէ մեկին չփոխանցելով, անձնակազմին թողել առանց պատշաճ ղեկավարման և ղեկավարման միջոցների, որից հետո, նստելով ավտոմեքենան՝ ինքնակամ լքել մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ մարտական դիրքը:

Իշխան Վահանյանի կողմից դրսևորված իշխանության անգործությունն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես՝ 5-րդ գումարտակի անձնակազմը, մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման և կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով և եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ, գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը և Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը և Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ:

Այսինքն՝ Իշխան Արմենի Վահանյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով:

Իշխան Վահանյանը հայտնեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Դատարանն այսօր սկսեց գործում առկա փաստաթղթերի հետազոտումը: Դրանցում առկա էին տվյալներ այն մասին, որ ամբաստանյալ Իշխան Վահանյանը 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ազդրոսկրի շրջանում թեթև բեկորային վնասվածք է ստացել պայթյունից առաջացած բեկորների հետևանքով, վերքը մշակվել է, ամսի 13-ին նրա վերքը եղել է հանգիստ վիճակում: Գործում առկա է նաև տվյալ այն մասին, որ հոկտեմբերի 17-ին Վահանյանը վիրահատության է ենթարկվել, նրան 10 օր արձակուրդ է տրամադրվել, հոկտեմբերի 27-ին Վահանյանը պիտանի է եղել զինվորական ծառայության և վերադարձել է զորամաս:

Երբ այս փաստաթղթերն ընթերցում էին, տուժողների իրավահաջորդները տեղից ցածրաձայն դժգոհություն էին հայտնում, որ Վահանյանը, փաստորեն, քերծվածք է ստացել ու դրա համար նրան պատերազմի օրերին անգամ արձակուրդ են տրամադրել:

Զոհվածներից մեկի հարազատը տարակուսանք հայտնեց այն առնչությամբ, որ հոկտեմբերի 10-ին վիրավորում ստացած Վահանյանի վերքը հոկտեմբերի 13-ին եղել է հանգիստ վիճակում, ապա ամսի 17-ին վիրահատության անհրաժեշտություն է առաջացել՝ նշելով, որ այստեղ կարող է առկա լինել  նաև բժշկին հարցաքննելու անհրաժեշտություն. տուժողը կասկած հայտնեց, որ կարող է այս ամենը բժշկի հետ հանցավոր համաձայնության արդյունք լինել:

Հայտարարությամբ հանդես եկավ նաև տուժող Արման Արմաղանյանն, ով այս դեպքերից հետո 5 ծառայակից ընկերների հետ 70 օր թաքնվել է Հադրութի հարակից անտառներում  ու փրկվել: Արմաղանյանը Վահանյանի գումարտակից է եղել:

«Հոկտեմբերի 6-ի կողմերը Վահանյանը կողքից վիրավորում է ստացել, իսկ 10-ին, երբ ձորից իջնում էինք, ինձնից մի տասը մետր այն կողմ նորմալ քայլում էր, երբ տեսավ՝ կամազներ են գալիս, կողքը բռնեց, սկսեց դժվար քայլել»,-հայտնեց Արմաղանյանը:

Դատարանում հետազոտվեցին նաև Վահանյանի հեռախոսահամարների  վերծանումների զննության արձնագրությունները, համաձայն որոնց՝ հոկտեմբերի 10-ին Վահանյանին պատկանող հեռախոսահամարներից  հրամանատար Արթուր Քարամյանի հեռախոսահամարին զանգեր չեն կատարվել: Ամբաստանյալ Վահանյանը, սակայն, պնդեց, թե ինքը զանգահարել է հրամանատար Քարամյանին ու Քարամյանն էլ՝ իրեն: Այդ պահին դահլիճում մթնոլորտը լարվեց, տուժողների հարազատները պնդեցին, թե Վահանյանը հեքիաթներ է պատմում, զոհված զինվորներից մեկի մորը դատավորը խնդրեց լռել:

«Չեմ կարում լռել»,- ասաց կինը: Դատավորը փորձում էր պարզաբանել, որ տուժող կողմն իրավունք ունի խոսելու, սակայն ամբաստանյալն էլ իրավունք ունի ցանկացած ձևով իրեն պաշտպանելու:

 «Այ, սենց սրիկաները իմ երկու երեխու գլուխն են կերել ու 5000 երեխու»,- տեղից վեր կենալով՝ բարկացավ մեկ այլ ծնող:

Հետո նորից վրդովված կինը սկսեց խոսել, դժգոհություն հայտնել ու վիրավորել ամբաստանյալին, ապա ձեռքի ժամացույցը նետեց նրա ուղղությամբ: Ժամացույցը Վահանյանին չկպավ, ընկավ գետնին, նիստն ընդմիջվեց, Վահանյանին դուրս տարան դահլիճից:

«Էդ ո՞նց ա՝ դրան թաքցնում եք, բա խի՞ ինքը մեր էրեխեքին թողեց անտեր ու դուրս»,- ասաց զոհվածի մայրը:

Հետազոտվեց նաև վկա Արսեն Ղուկասյանի տրամադրած լազերային սկավառակի զննության արձանագրությունը: Սկավառակի զննության ժամանակ Արսեն Ղուկասյանը հայտարարել է, որ ֆայլերում առկա ձայնագրությունն ինքն է կատարել, երբ զանհագարել է եղբորորդուն՝ զինծառայող Սարգիս Ղուկասյանին:  Զննության արձանագրության համաձայն՝ Սարգիսի հետ խոսելուց հետո Արսեն Ղուկասյանը խոսել է վերջինիս ծառայակցի՝ Հովհաննես Մուրադյանի հետ, որը նրան իրենց տեղն է բացատրել:

«Նայի, Հադրութի պոստից որ նայում ես դեպի հակառակորդը, հենց ուղիղ աջ  կողմը, մենք անտառի մեջ ենք: Ես ԱԱԾ-ի զորքին ասեցի, որ մենք էդ սարի գլխին անտառի 3 պոստ ունենք դրած: Հիմա էնտեղից կրակում են, եթե մերոնք են, պիտի ասվի՝ չկրակեն, հելնենք էդտեղ»: Մեկին ասա հետս կապվի, իմանանք՝ զորքը ոնց կարող ենք տանել անվնաս տեղ»,- ասել է Հովհաննես Մուրադյանը: Դրանից հետո Արսեն Ղուկասյանն այլևս Սարգիս Ղուկասյանի հետ չի կարողացել կապ հաստատել ու մինչև օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 20-ին:

Գլխավոր լուսանկարում՝ Իշխան Վահանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter