HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը հաստատել է առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ 2023 թվականի ամռանը կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի որպես «Ժողովրդական դաշինք» կոալիցիայի նախագահի թեկնածու։ Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ 

«Դուք փախչելու տեղ չունեք, պարոն Քեմալ (խոսքն ընդդիմադիր, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի մասին է-խմբ.)։ Դուք կոչ եք անում, որպեսզի որոշվի Ժողովրդական դաշինքի թեկնածուն։ Ահա ես ձեզ ասում եմ, որ Ժողովրդական դաշինքի թեկնածուն կլինի Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- Իզմիրում ունեցած ելույթում ասել է Թուրքիայի նախագահը, որի ելույթը հեռարձակում էր TRT հեռուստաընկերությունը։

Դեռ հունիսի 4-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմար Չելիքը հայտնել էր, որ քաղաքական շարժումն առաջիկա նախագահական ընտրություններում Էրդողանին առաջադրել է Ժողովրդական դաշինքի նախագահի թեկնածու։

Թուրքիայում նախագահական առաջիկա ընտրությունները նախատեսված են 2023 թվականի հունիսին։ Իշխող «Ժողովրդական դաշինք» կոալիցիայի մեջ մտնում են Էրդողանի առաջնորդած իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որի արմատական թևը «Գորշ գայլեր» կազմակերպությունն է։ Միևնույն ժամանակ, ընդդիմադիր կուսակցությունները դեռևս չեն անվանել իրենց թեկնածուին կամ թեկնածուներին։ Բացի այդ, ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքը պնդում է, որ անհրաժեշտ է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

ԱՇԿ-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին, ելույթ ունենալով խորհրդարանում, հակադարձել էր ընդդիմադիրներին և հայտարարել, որ արտահերթ ընտրություններ չեն լինի։ «Ընտրությունները կկայանան 2023 թվականին։ Դրանք կդառնան ժողովրդավարության տոն, հանրապետության հիանալի հաղթանակ։ Ժողովուրդը կընտրի նախագահին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- ասել էր Բահչելին։ 

Նա խիստ քննադատել էր այն սոցիոլոգիական ընկերություններին, որոնց հարցումները ցույց էին տալիս, որ ԱՇԿ-ն ընտրազանգվածի շրջանում ցածր հեղինակություն ունի։ «Այդ հարցումները որևէ նշանակություն չունեն։ Մենք չենք նայում հարցումներին, այլ մարդկանց, որոնք իրենց սրտերը բացում են մեր առաջ»,- ասել էր նա։ 

Ընդդիմության իրենց աղբյուրներին հղում անող թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ,  ընդդիմադիր ուժերի թեկնածուն կարող է դառնալ քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ «Cumhuriyet»-ը գրում է, որ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին նա կարող է հայտարարել հուլիսի 3-ին՝ «վեցի դաշինք»-ի առաջնորդների հանդիպումից հետո:

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter