HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման է ենթարկվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը

Այսօր՝ հունիսի 10-ին իր աշխատասենյակից բերման է ենթարկվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը։ Ինչպես հաղորդում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության կայքը, նրան տարել են Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ մեկուսարան։

Եսայանի փաստաբան Վահե Եփրիկյանը հեռուստաընկերությանն ասել է, որ Բագրատ Եսայանի հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում․ «Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր. ֊ի 38 ֊ 225 ֊րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը) և 164-րդ հոդվածի 1 ֊ին մասով (լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտում), վերջինս ներկա պահին ձերբակալված է ու իր նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։ Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյբուքյան ուղիղ եթերով հայտնել է, որ Եսայանին բերման են ենթարկել 2 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում։

Ըստ Մանուկյանի՝ Բագրատ Եսայանին մեղադրանք էր առաջադրվել նաև Գլխավոր դատախազության մոտ 2020 թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սեռական հայհոյանք հնչեցնելու համար։

«Այս ողջ ընթացքում Եսայանը գտնվել է Երևանում, և 2 տարի առաջվա նախաքննության ընթացքում քննիչները կամ ԱԱԾ-ականները որոշել են, որ հենց պիտի գան «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն, պետք է գան լրատվամիջոց, մտնեն Եսայանի աշխատասենյակ և նրան այստեղից տանեն»,- ուղիղ եթերում ասել է պատգամավորը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter