Ջրամբարները լցվել են․ կառավարությունը կչեղարկի սակավաջրություն հայտարարելու մասին որոշումը
Կառավարությունը մտադիր է ուժը կորցրած ճանաչել Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն հայտարարելու մասին 2020 թվականի ապրիլի 23-ի որոշումը։ Պատճառն այն է, որ այս տարվա առատ տեղումները նպաստել են ջրամբարների լցվածությանը։
Համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախածգերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ համաձայն հիդրոօդերևութաբանական գործունեության լիազոր պետական մարմնի 2022 թվականի պաշտոնական տեղեկատվության և դիտված ու կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմաննների՝ 5 խոշոր ջրամբարների կանխատեսվող ջրալցվածությունը կազմում է` Ախուրյանի 70-75%, Արփիլիճ` 75-80%, Ազատի` 100%, Մարմարիկի` 100% և Ապարանի` 65-70%։
Հայաստանի գետերի մեծ մասում էլ 2022թ. գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները, ինչպես նշված է նախագծում, սպասվում են նորմայի 90-100%-ի սահմաններում, այն դեպքում, երբ 2021թ. գարնանային վարարումների հոսքի ծավալները կազմել են միջինում նորմայի 50-80%-ը։
Նախագիծը մշակել է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Այն իրավական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել