HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գործարաններն ամբողջությամբ չեն վճարել խաղողի մթերման գումարները

«Պռոշյանի կոնյակի գործարան» և «Հայասի Գրուպ» ընկերությունները մոտ 40 մլն դրամ են պարտք Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզի խաղողագործներին: Գյուղացիների մի մասին չեն վճարել 2021թ.-ին մթերած խաղողի դիմաց: Խաղողագործները մեծ վնասներ են կրել՝ զրկվելով պետության սուբսիդավորած պարարտանյութ գնելու հնարավորությունից, քանի որ կանխիկ գումար չեն ունեցել: Իսկ համատարած գնաճն արժեզրկել է ստացվելիք գումարները:

Ամիսներ առաջ «Հետք»-ը դարձյալ անդրադարձել էր այս հարցին: Այն ժամանակ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել էին, թե ըստ գյուղացիական տնտեսությունների հետ կնքած պայմանագրերի՝ պարտքերի վճարման վերջնաժամկետն ապրիլի 30-ն է: Նշված ժամկետից անցել է մեկ ամսից ավելի, սակայն գործարաններն այդպես էլ իրենց պարտավորությունները չեն կատարել:

Այս անգամ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցում են, որ «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն գյուղացիների նկատմամբ իր պարտավորությունները կկատարի մինչև հունիսի 15-ը, իսկ «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ն՝ հունիսի 30-ը:

Նշենք, որ «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ի՝ գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքը կազմում է 36 մլն դրամ, որը, ըստ էկոնոմիկայի նախարարության, նախատեսվում է մարել գյուղացիական տնտեսությունների հետ կնքված խաղողի գնման պայմանագրերում նշված ժամկետներում՝ մինչև այս տարվա հունիսի 30-ը:

«Ընկերությունն այդ նպատակով աշխատանքներ է իրականացնում ֆինանսական կառույցներից լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու ուղղությամբ»,-հայտնում են նախարարությունից:

Արմավիրի մարզի Խանջյան գյուղում ապրող խաղողագործ Էդվարդ Ավետիսյանին գործարանը դեռ պարտք է 1 մլն 500 հազար դրամ, որը, պայմանագրի համաձայն, պետք է վճարվեր մինչև մայիսի 30-ը: Ստացվում է՝ կամ էկոնոմիկայի նախարարությունը չի տիրապետում իրավիճակին, քանի որ փաստացի պայմանագրային ժամկետից անցել է մեկ ամիս և գյուղացուն չեն վճարել, կամ, իմանալով իրականությունը, ոչ ճիշտ տեղեկատվություն է փոխանցում:

Խանջյանում այլ խաղողագործներ ևս ամբողջությամբ չեն վճարվել իրենց հանձնած ապրանքի դիմաց, թեև պայմանագրով վճարման վերջնաժամկետը վաղուց լրացել է:

Նախարարությունից հետաքրքրվել էինք, թե ինչու մեր նախորդ գրությանը տրված պատասխանում նշված վճարման ժամկետները չեն պահպանվել։

««Հայասի  Գրուպ» ՍՊԸ-ի պատասխանատու աշխատակիցը տրամադրել էր տեղեկատվություն այն մասին, որ առկա պարտավորությունները կկատարվեն մինչև 2022թ. ապրիլի 30-ը: Նշված ժամկետի խախտման վերաբերյալ ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, թե գյուղացիական տնտեսությունների հետ կնքված պայմանագրերն ունեցել են վճարման տարբեր վերջնաժամկետներ: Հարցման պահին վճարման ենթակա ամենամոտ ժամանակահատվածը եղել է 2022թ.-ի ապրիլի 30-ը և այդ ժամանակահատվածում վճարումներն ամբողջությամբ կատարվել են»,-հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Ստացվում է, որ ընկերությունը նախարարությանը «համոզել» է հաշվարկների հարցում: Անհասկանալի տրամաբանությամբ վճարման ժամկետը հաշվել են ոչ թե պարտավորության կատարման վերջին օրը, այլ՝ ամենամոտ օրը: Հավանաբար, նույն տրամաբանությամբ պատասխանել են, թե ընկերությունը պարտավորությունը կկատարի մինչև հունիսի 30-ը, սակայն կարող է պարզվել, որ հուլիս-օգոստոս ամիսներին վճարելու պայմանով ևս պայմանագրեր են կնքվել, պարզապես հունիսի 30-ն ամենամոտ օրն է եղել, և այդ ամսաթիվն են նշել: Իսկ թե ինչու մինչև մայիսի 30-ը վճարելու պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել՝ ոչ մեկին չի մտահոգում:

«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի ընդհանուր պարտքը կազմում է 4 մլն 500 հազար դրամ: Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ պարտավորության կատարումը ձգձգվում է տեխնիկական պատճառներով. «Գումարը գյուղացիական տնտեսության կողմից տրամադրված հաշվեհամարին փոխանցելուց հետ է վերադարձվում: Աշխատանքներ են տարվում առաջացած տեխնիկական խոչընդոտը վերացնելու ուղղությամբ»: 

Էկոնոմիկայի նախարարությունից նաեւ հավաստիացնում են, թե մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների մարումների հարցը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է:

Տեղեկացնում են նաև, որ նախարարության կողմից իրականացվող Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում տնտեսվարողներին հնարավորություն է տրվել նաև վարկային միջոցներ ներգրավել նախորդ տարի մթերած խաղողի արժեքի վճարման նպատակով: Պարտավորություն ունեցող տնտեսվարողը, բավարար գրավի առարկա ունենալու դեպքում, կարող է ծրագրի շրջանակներում վարկեր ներգրավել և մարել պարտավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter