HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղացիները չեն կարողանում մատչելի գնով պարարտանյութ գնել. խաղողի մթերման գումարները դեռ չեն ստացել

Էդվարդ Ավետիսյանը չի կարողանում օգտվել Կառավարության կողմից սուբսիդավորված, մատչելի գնով վաճառվող պարարտանյութից: Այս ամիսներին վաճառքի ապրանք չունի, իսկ նախորդ տարի մթերած խաղողի դիմաց «Հայասի» գործարանը դեռ պարտք է Էդվարդին, մինչդեռ մատչելի գնով պարարտանյութը վաճառվում է կանխիկ: 

Արմավիրի մարզի Խանջյան գյուղում Էդվարդն ունի 1 հա խաղողի այգի: 2021թ. սեպտեմբերի 24-ից 20 տոննայից ավել խաղող է հանձնել Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ին: Էդվարդի խոսքերով՝ պայմանագիրը կնքելուց իրեն և շատ այլ գյուղացիների բանավոր ասել են, թե պայմանագիրը կնքում են մինչև հունվարի 30-ը վճարելու պայմանով, սակայն հնարավոր է մինչև մարտի 1-ը վճարումը ձգվի: Բոլորն էլ համաձայնվել են, քանի որ այլ տարբերակ չեն ունեցել: Էդվարդն ասում է, եթե այդ պայմանին չհամաձայնվեին, խաղողը փչանալու էր: Սակայն, կնքելուց հետո է միայն նկատել, որ վճարման վերջնաժամկետը նշված է 2022թ. մայիսի 30-ը:

Երբ պարզաբանման համար դիմել է պատասխանատուներին, ասել են, թե վճարումը կիրականացնեն պայմանագրում նշված ժամկետներում՝ մինչև մայիսի 30-ը, իսկ այս օրերին վճարումներ չեն կարող անել, քանի որ ռուսական ռուբլու ինքնարժեքն ընկել է:

Էկոնոմիկայի նախարարությունից «Հետք»-ին տեղեկացրել են, որ այս տարվա մարտի 15-ի դրությամբ 2021թ. մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների պարտավորությունը կազմում է 249 մլն 500 հազար դրամ: Նախարարության փոխանցմամբ, ըստ գյուղացիական տնտեսությունների հետ կնքած պայմանագրերի՝ պարտքի վճարման վերջնաժամկետն ապրիլի 30-ն է: 

Ստացվում է, որ Էկոնոմիկայի նախարարությունը կամ չի տիրապետում իրավիճակին, կամ մթերող գործարանները ճիշտ տեղեկատվություն չեն տրամադրել: Մեր ձեռքի տակ է Էդվարդ Ավետիսյանի պայմանագրի պատճենը, որտեղ վճարման վերջնաժամկետ է նշված մայիսի 30-ը:

«Հայասի» գործարանը Էդվարդին պարտք է մոտ 2 մլն դրամ: 900 դրամը վճարել են ամիսներ առաջ, ու դրանից հետո որևէ այլ վճարում չի եղել:

«Բայց ես խաղողը Ռուսաստանին չեմ հանձնել: Եթե ռռւբլին բարձրանար ինձ 120-ի փոխարեն 150 դրամով էին վճարելու՞, իհարկե, չէ: Երբ խաղողը հանձնել եմ պարարտանյութի գինը եղել է 8000 դրամ, հիմա 21 000 դրամ է, սուբսիդիայով՝ 12 000 դրամ: Սալյարկի կանեստրը 6-7 հազար դրամ էր այն ժամանակ, հիմա 11 000 դրամ է, դե թող փոխհատուցեն, մեկը կկարողանա՞ սրա պատասխանը տալ»,- ասում է Էդվարդ Ավետիսյանը:

Էդվարդն իր խաղողից բացի մթերման է հանձնել նաև համագյուղացիների խաղողը, քանի որ վերջիններս պայմանագիր չեն ունեցել: Նույն կարգավիճակում հայտնվել են նաև համագյուղացիները:

«Ես հիմա գումար չունեմ, որ մատչելի գնով պարարտանյութ գնեմ: Կարելի է ասել՝ իմ բերքը կորցնում եմ, որովհետև պարարտանյութ չեմ կարող տալ: Վատառողջ եմ, գումարով խնդրում եմ այլ մարդիկ են իմ ծառերն էտում: Ծառերս չեմ էտել, խաղողի այգիս չեմ էտել: Մարդիկ գումարը կանխիկ են ուզում, մեջք են ջարդում պիտի վճարեմ: Ծիրանի այգին այս օրերին են պարարտացնում, եթե նույնիսկ մայիսին վճարեն՝ չեմ կարողանա պարարտացնել, ուշ է: Եթե հիվանդը պիտի մահանա նոր շտապօգնությունը գա, ուրեմն պետք չի այդ շտապօգնությունը»,- հավելում է Էդվարդը:

Նա պատմեց, որ գյուղատնտեսական վարկեր էլ ունի, շուտով մայր գումարը վճարելու ժամանակն է գալիս ու չգիտի, թե ինչպես է վճարելու:

«Երեք անչափահաս երեխա եմ պահում, ոչ մեկից ողորմություն չեմ ուզում: Ես չեմ ասում՝ թող Կառավարությունն ինձ փող տա, օգնի: Աստծուն փառք, աշխատում եմ իմ ընտանիքով, միայն ուզում եմ, որ իմ հանձնածն ինձ տան: Ասել են, որ կտան մինչև մարտի 1-ը, թող տան: Մայիսին այդ փողը տալիս են ի՞նչ անեմ, հուլիսին արդեն ծիրան եմ քաղում»,- ասում է Էդվարդ Ավետիսյանը:

«Հայասի» գերծարանից փոխանցեցին, որ գյուղացիական տնտեսությունները տեղյակ են եղել, որ խաղողի վճարումն իրականացվելու է մինչև մայիսի 30-ը և այդ ժամկետներում պիտի իրականացնեն վճարումները:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 3-ի նիստի ժամանակ Կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ մինչև 3 հա հողատարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութի վաճառքի գնի 50 %-ը, բայց ոչ ավելի, քան 9000 դրամ։

Հողօգտագործողները մատչելի գնով պարարտանյութ ձեռք բերելու համար հերթագրվում են համայնքապետարաններում, սակայն պարարտանյութի գինը վճարելու են կանխիկ:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ 2021թ. մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների մարումների հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում, և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է։ Կազմակերպությունների տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մթերված խաղողի դիմաց չկատարված պարտավորությունները մարվում են իրացված արտադրանքի դիմաց ստացված ֆինանսական միջոցներին զուգընթաց, իսկ առանձին կազմակերպությունները աշխատում են ֆինանսական կառույցների հետ այդ նպատակով լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար։ Իսկ գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հնարավորություն է ընձեռում նաև վարկային միջոցներ ներգրավել նախորդ տարի մթերված խաղողի արժեքի վճարման նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter