
Պուտինը ստորագրել է Ռուսաստանում ՄԻԵԴ որոշումների չկատարման մասին օրենքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների չկատարման մասին» օրենքը, որն ընդունվել էր 2022 թվականի մարտի 15-ից հետո։ Ռուսաստանի նախագահի կողմից ստորագրված մեկ այլ օրենքով ՄԻԵԴ որոշումները հանվել են քրեական գործերի վերանայման հիմքերի թվից։
Մինչև 2022 թվականի մարտի 15-ը կայացված ՄԻԵԴ որոշումների մասով Ռուսաստանը վճարումներ կանի մինչև 2023 թվականը։ Ընդ որում, այդ վճարումները կարվեն ռուբլով։
Օրենքները Պետդուման ընդունել էր այն բանից հետո, երբ մարտի կեսերին Ռուսաստանը հեռացվել էր Եվրոպայի խորհրդից և ՄԻԵԴ-ը դադարեցրել էր ՌԴ դեմ բողոքների քննումը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միակ ատյանն էր, որտեղ Ռուսաստանի բնակիչները կարող էին բողոքարկել ռուսական դատարանների որոշումները և իշխանությունների կողմից իրենց իրավունքների ոտնահարումը։ Ռուսաստանն առաջատարներից մեկն էր բողոքների թվով։ Չնայած 2015 թվականին օրենք էր ընդունվել այն մասին, որ ՌԴ Սահմանադրական դատարանը ՄԻԵԴ որոշումները կարող էր ճանաչել չիրագործելի, իշխանությունները պարբերաբար վճարում էին Ստրասբուրգի դատարանի կայացրած վճիռներով նախատեսված փոխհատուցումները։
Լուսանկարը՝ Vincent Kessler / Reuters
Մեկնաբանել