HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքների նախկին ղեկավարների ընտանիքներն ու մերձավորները կշարունակեն վարձավճարներ ստանալ բջջային կապի օպերատորներից

2019թ.-ից Քննչական կոմիտեն քննում է համայնքներում երկար տարիներ գործող մի կոռուպցիոն երևույթ, որը հետևյալ սխեմայով է գործել. համայնքի ղեկավարը, տեղեկանալով, որ հեռահաղորդակցություն ապահովող ընկերությունը նպատակ ունի համայնքում տեղադրել կապի ալեհավաք-կայան և ցանկանում է հողատարածք վարձակալել, ընկերության ընտրած տարածքը սիմվոլիկ գումարով վարձակալության է հանձնել իր ընտանիքի անդամին կամ մերձավորին, նա էլ մեծ գումարով ենթավարձակալության է հանձնել բջջային կապ ապահովող ընկերությանը

«Հետք»-ը, դեռևս 2017թ.-ին բացահայտելով համայնքներում տարածում գտած այս կոռուպցիոն երևույթը, շարունակում է հետևել, թե դատախազության ձեռնարկած իրավական գործընթացներով անցնող երկու տարվա ի՞նչ արդյունքներ գրանցվեցին, որքանո՞վ հաջողվեց վերականգնել համայնքներին պատճառված վնասը:

Հիմնական բացահայտումները

  • Նախկին համայնքապետերի դեմ հարուցված քրեական գործերի մի մասը կարճվել է՝ վաղեմության ժամկտներն անցած լինելու և հանցակազմի բացակայության հիմքով
  • Համայնքապետարանների ներկայացրած հայցապահանջները հիմնականում մերժվել են
  • Դատական հայցեր ներկայացրած համայնքապետարանները վնասները վերականգնելու փոխարեն ֆինանսական նոր վնասներ են կրել
  • Նույն փաստական հանգամանքներն ունեցող գործերով դատարանները միանգամայն տարբեր վճիռներ են կայացրել՝ հիմնականում մերժել են հայցերը
  • Դատարանները վեճը լուծելիս հիմք են ընդունել կողմերի միջև կնքված վարձակալության պայմանագրերը
  • Դատարաններն անտեսել են կամ կարևորություն չեն տվել համայնքային հողերը վարձակալության հանձնելու մրցույթների անօրինականությանը
  • Բջջային կապի համար հատկացվող հողամասի նպատակային նշանակությունը բջջային օպերատորներին հանձնելուց առաջ չի փոխվել էներգետիկայի և կապի նպատակային նշանակության հողատարածքի

Գլխավոր դատախազությունը 2020թ.-ի ապրիլին հայտարարեց, որ կոռուպցիոն այդ շղթան տարածված էր հանրապետությունում։ Շուրջ 85 քրեական գործ է հարուցվել Սյունիքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերի համայնքների նախկին և ներկա  ղեկավարների դեմ: Նշված մարզերի մի շարք համայնքների ղեկավարներ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը ցածր վարձավճարով վարձակալության են հանձնել իրենց ընտանիքի անդամներին կամ մտերիմներին։ Նրանք էլ այդ հողերից մի փոքր հատված բարձր վարձավճարով ենթավարձակալության են հանձնել հեռահաղորդակցության օպերատորներին։ Արդյունքում, համայնքը զրկվել է խոշոր չափերի եկամուտ ստանալու հնարավորությունից, իսկ համայնքի ղեկավարի ընտանիքը տարիներ շարունակ համայնքապատկան հողամասերի օգտագործման հաշվին շահույթ է ստացել։

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 2019-2022թթ. հունվարի 12-ի դրությամբ քրեական գործերով հանցագործությամբ պատճառված նախնական վնասը կազմել է 506 374 956 դրամ, որից 499 174 956 դրամը համայնքներին պատճառված նյութական վնասն է, իսկ 7 200 000 դրամը՝ պետությանը պատճառված վնասը։ Հանցագործությամբ պատճառված վնասից նախնական քննության ընթացքում 2022թ. հունվարի 12-ի դրությամբ վերականգնվել է 134 441 851 դրամը, որն ամբողջությամբ համայնքներին պատճառված նյութական վնասն է։ 

Հարուցված 85 քրեական գործերից 31 գործի վարույթը կարճվել է (12-ը՝ արարքում հանցակազմի բացակայության, 15-ը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու, 2-ը՝ անձի մահվան և 2-ը՝ գործուն զղջալու հիմքերով)։ Մոտ 30 քրեական գործերով նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Քրեական գործերից 24-ը (28 անձի նկատմամբ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարանը 6 գործով կայացրել է մեղադրական, մեկով՝ արդարացման դատավճիռ: Մեկ քրեական գործ կարճվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու, մեկ քրեական գործ՝ համաներման ակտ ընդունված լինելու հիմքով: 

Վարձակալության 41 պայմանագիր լուծվել է, դրանցից 14-ի դեպքում համայնքների և կապի օպերատոր նույն ընկերությունների միջև նոր պայմանագրեր են կնքվել:

Մեկ տարի առաջ՝ քրեական գործերից 31-ի վարույթը կարճելուց հետո, մարզերի դատախազները միջնորդագիր են ներկայացրել մարզպետներին, որպեսզի դրանց հիման վրա համայնքների ղեկավարները միջոցներ ձեռնարկեն՝ լուծեն վարձակալի հետ կնքված վարձակալության պայմանագիրը և վերացնեն համայնքի օրինական շահերի շարունակական խախտման փաստը: 

Ուսումնասիրել ենք 9 գործ, որոնց դատաքննությունն ավարտվել է։ Մեկ գործով հաջողվել է վերականգնել համայնքին պատճառված նյութական վնասը, մնացած գործերով դատարանը չի լուծել համայնքային հողը ենթավարձակալությամբ բջջային օպերատորներին հանձնելու պայմանագրերը: Այսինքն՝ կապի օպերատորները մինչև պայմանագրի ժամկետի ավարտը կշարունակեն բջջային կայանի համար վճարել համայնքապետերի ընտանիքներին ու մերձավորներին:

Օձունի համայնքապետարանը կվճարի հողի վարձակալի դատական ծախսերը

Քննչական կոմիտեի հաշվարկներով՝ Լոռու մարզի Օձուն համայնքին պատճառված վնասը կազմում է 5 277 360 դրամ, որը վերականգնելու համար Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը երկու հայցադիմում է ներկայացրել դատարան: Օձուն համայնքի մեջ մտնող Ծաթեր գյուղում ժամանակին երկու ալեհավաք է տեղադրվել: Օձունի համայնքապետարանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Մարինե Վիրաբյանի և «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ի՝ հողի վարձակալության պայմանագիրը լուծելու և հետևանքներ կիրառելու պահանջների մասին: Պահանջի հիմքը հետևյալն է՝ հողը հատկացվել է գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար, սակայն պատասխանող Սամվել Վիրաբյանը (վերջինս մահացել է, հայցը ներկայացվել է կնոջ՝ Մարինե Վիրաբյանի դեմ) վարձակալած հողամասն օգտագործել է պայմանագրով նախատեսված նպատակների խախտմամբ:

2009թ. ապրիլին Ծաթեր համայնքի ղեկավար Բագրատ Ղալայանը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալությամբ տրամադրել է համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Վիրաբյանին: Կողմերի միջև կնքված վարձակալության պայմանագրով Ս. Վիրաբյանը 25 տարի ժամկետով 2 հա արոտավայր է վարձակալել՝ տարեկան 8000 դրամ վարձավճարով: Մոտ մեկ տարի հետո վարձակալած հողամասից 100 քմ հողատարածք տարեկան 180 000 դրամ վարձավճարով ենթավարձակալության է հանձնել «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ին՝ հեռախոսի բջջային շարժական կայան տեղադրելու համար: Մոտ 9 տավա ընթացքում՝ մինչև 2019թ.-ը, ընկերությունից ստացել է մոտ 1 620 000 դրամ վարձավճար:

Դատարանը մերժել է Օձունի համայնքապետարանի հայցը՝ հիմք ընդունելով կողմերի միջև 2009թ.-ին կնքված պայմանագիրը, որով նախատեսվել է, որ վարձակալն իրավունք ունի վարձակալած հողը հանձնելու ենթավարձակալության: Դատական գործի փաստերով հաստատված է համարվել, որ հողի վարձակալ Ս. Վիրաբյանը ենթավարձակալության պայմանագիրը կնքել է Ծաթեր համայնքի ղեկավարի համաձայնությամբ: Ծաթերի համայնքապետը «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ին հիմնական կայանի շինմոնտաժման աշխատանքների համար թույլտվություն է տվել։

«Գործով հաստատված փաստերով հերքվել է վարձակալի կողմից վարձակալած հողամասը ոչ նպատակային օգտագործելու հանգամանքը, ավելին, հաստատվել է, որ հողամասում բջջային կայան կառուցելու համար առկա է նաև նույն համայնքապետարանի թույլտվությունը, հետևաբար, բացակայում են նաև վարձակալության պայմանագիրը վաղակետ լուծելու և դրանից բխող ածանցյալ պահանջները բավարարելու հիմքերը»,- ասվում է վճռում: 

Օձունի համայնքապետարանը 2021թ. մայիսին երկրորդ հայցը ներկայացրել է Վասիլ Ավետյանի և «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ի դեմ՝ վարձակալության պայմանագիրը լուծելու և հետևանքներ կիրառելու պահանջների մասին։ Վասիլ Ավետյանն իրեն վարձակալության տրամադրված 14 հա հողամասն օգտագործել է պայմանագրով նախատեսված նպատակներին անհամապատասխան՝ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու փոխարեն հողամասը տրամադրվել է ենթավարձակալության՝ հեռախոսի բջջային կայան տեղադրելու համար։

Վասիլ Ավետյանի ներկայացուցիչն առարկություն է ներկայացրել՝ հայտնելով, որ Ծաթեր համայնքի ղեկավարը 2008թ.-ին գրավոր համաձայնություն է տվել, որպեսզի Վ. Ավետյանը հողամասից 200 քմ տարածք ենթավարձակալության հանձնի «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ին՝ բջջային կայան տեղադրելու  համար:
Այնուհետև, շինարարության թույլտվություն է տվել բջջային կայան կառուցելու համար և շահագործման ակտ է տրամադրել։

«Պատասխանողը ոչ միայն պայմանագրով տրամադրված վարձակալած հողամասն օգտագործել է իր նպատակային նշանակությանը համապատասխան, այլև ենթավարձակալության պայմանագիրը կնքել է վարձատուի համաձայնությամբ: Հետևաբար, բացակայում են վարձակալության պայմանագիրը վաղակետ լուծելու և դրանից բխող ածանցյալ պահանջները բավարարելու հիմքերը, հայցապահանջն անհիմն է և ենթակա է մերժման»,- նշվում է դատական ակտում:

Պատասխանողի ներկայացուցիչը դատական ծախսերը փոխհատուցելու պահանջ է ներկայացրել։ Դատարանը Օձունի համայնքապետարանին պարտավորեցրել է 100 000 դրամ վճարել պատասխանողի ներկայացուցչին՝ որպես փաստաբանի ողջամիտ վարձատրության գումար:

Ուրցալանջ համայնքին հաջողվել է վերականագնել նյութական վնասը 

Արարատի մարզի Ուրցալանջի համայնքապետ Վ. Համբարձումյանը 2021թ. հունիսին դիմել է դատարան՝ Ուրցալանջի նախկին ղեկավար Վաչիկ Գևորգյանից մոտ 1 մլն 600 000 դրամ գանձելու պահաջով։ Ուրցալանջ համայնքի նախկին ղեկավար Վ. Գևորգյանը իր եղբոր՝ Վիգեն Գևորգյանի հետ կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինս տարեկան 2500 դրամով Ուրցալանջ համայնքից վարձակալել է համայնքի տարածքում գտնվող 1 հա արոտավայր։ 2009թ. նոյեմբերի 9-ին գրանցված ենթավարձակալության պայմանագրով Վիգեն Գևորգյանը նշված հողատարածքից 200 քմ տարեկան 360 000 դրամով հանձնել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին՝ կապի ալեհավաք տեղադրելու նպատակով, որով խախտվել է հողամասի նպատակային նշանակությունը։

2010-2019թթ. ընկած ժամանակահատվածում Վիգեն Գևորգյանի և «Յուքոմ» ՍՊԸ հեռահաղորդակցության ընկերության միջև կնքված ենթավարձակալության պայմանագրով ընկերության կողմից յուրաքանչյուր տարի վարձատուին վճարվել է 359 500 դրամ գումար։ Վեդու քննչական բաժնում 2020թ. ապրիլին հարուցված քրեական գործով քննության ժամանակ մեղադրյալ Վաչիկ Գևորգյանը հայտնել է, որ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ից ստացած գումարն ինքն է տնօրինել, սակայն պայմանագրերը կնքվել են եղբոր անունով։ Նա ընդունել է, որ չարաշահել է իր լիազորությունները,  նախաքննության ժամանակ վերականգնել է պատճառված վնասի մի մասը՝ 2 մլն դրամը և պարտավորվել է վերադաձնել նաև 1 մլն 600 հազար դրամը։ 2021թ. փետրվարին քրեական գործի վարույթը կարճվել է։

Դատարանը բավարարել է Ուրցալանջի համայնքապետարանի հայցը՝ Վաչիկ Գևորգյանից հօգուտ Ուրցալանջի համայնքապետարանի բռնագանձել է 1 մլն 600 հազար դրամ՝ որպես պատճառված վնաս, ևս 32 000 դրամ՝որպես պետական տուրք:

Քննչական կոմիտեն կվերադարձնի հողի վարձակալի՝ դեպոզիտ հաշվեհամարին վճարած 1100 000 դրամի «վնասը»

Կամարիս համայնքի նախկին ղեկավար Արմեն Բաղդասարյանը 200 քմ արոտավայրը վարձակալության հանձնելու մրցույթ է հայտարարել, որի հաղթող է ճանաչվել Աբովյան քաղաքի բնակիչ Հայրապետ Հայրապետյանը։ 2011թ. մայիսին կողմերը վարձակալության պայմանագիր են կնքել, որով 200 քմ արոտավայրը վարձակալին տրվել է 25 տարի ժամկետով, տարեկան 100 000 դրամ վարձավճարով։ Հողամասը վարձակալելուց մեկ ամիս հետո Հ. Հայրապետյանն այն ենթավարձակալությամբ հանձնել է ‹‹Օրանժ Արմենիա›› ՓԲԸ-ին (‹‹Յուքոմ›› ՍՊԸ)՝ 5 տարի ժամկետով, տարեկան 780 000 դրամ վարձավճարով։

Քրեական գործով հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը համաձայնություն է տվել, որպեսզի Հ. Հայրապետյանը վարձակալած հողամասից 200 քմ ենթավարձակալության տրամադրի ‹‹Օրանժ Արմենիա›› ՓԲԸ-ին՝ բջջային կապի շարժական կայան կառուցելու իրավունքով։ Շինթույլտվություն է տրամադրել բջջային կապի կայան կառուցելու վերաբերյալ, իսկ մեկ ամիս հետո շինարարության շահագործման փաստարկման ակտ է տրամադրել։

Ենթավարձակալության պայմանագիրը կնքվել է 2011թ. հունիսի 8-ին, նշված ժամանակահատվածում ենթավարձակալության դիմաց Հ. Հայրապետյանին վճարվել է շուրջ 6 մլն 540 հազար դրամ։ Նույն ժամանակահատվածում Հ. Հայրապետյանը 641 664 դրամ է վճարել Կարենիս համայնքի բյուջե որպես հողամասի վարձակալության գումար։

«Գործի քննության ընթացքում ձեռք չի բերվել և դատարանին չի ներկայացվել գեթ մեկ ապացույց, որը հիմք կտար հաստատված համարելու, որ համայնքի ղեկավար Արմեն Բաղդասարյանը տեղեկացված է եղել, թե ինչ նպատակով է Հ. Հայրապետյանը վարձակալում հիշյալ հողատարածքը։ Արմեն Բաղդասարյանը ենթավարձակալության թույլտվություն տալիս է միայն իմացել, որ հողատարածքն օգտագործելու է ‹‹Օրանժ Արմենիա›› ՓԲԸ-ն՝ կապի ենթակայան կառուցելու համար, իսկ ենթավարձակալության գնի մասին տեղեկացել է ավելի ուշ»,- ասվում է դատավճռում։

Դատարանը Ա. Բաղդասարյանին և Հ. Հայրապետյանին արդարացրել է առաջադրված մեղադրանքում՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Նախաքննության ժամանակ Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին Հ. Հայրապետյանը որպես վնասի վերականգնում վճարել էր 1100 000 դրամ, որը վերադարձվելու է նրան։ Վերաքննիչ դատարանը մերժել է այս գործով դատախազի բերած վերքննիչ բողոքը:
Դատարանը Ողջի համայնքի և վարձակալի միջև կնքված պայմանագրերը լուծել է, իսկ ենթավարձակալության պայմանագրերի լուծումը՝ մերժել

Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նելլի Հարությունյանի, «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի իրավահաջորդ` «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի՝ հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին:

Ողջիի համայնքապետ Սարգիս Ավագյանը 2008թ. փետրվարին, 25 տարի ժամկետով, 8300 քմ արոտավայրը վարձակալության է տվել նրան՝ գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով, երրորդ անձին ենթավարձակալության տալու իրավունքով: Նելլի Հարությունյանը 2008թ. ապրիլին իրեն վարձակալությամբ տրված հողատարածքից  200 քմ, 20 տարով, ամսական 75 000 դրամով ենթավարձակալության է հանձնել «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին՝ բջջային կայան տեղակայելու նպատակով։ 

Ամասիա համայնքի ղեկավարը, որի կազմումէ Ողջի գյուղը, դիմել է դատարան՝ հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար, քանի որ վարձակալը հողամասը չի օգտագործել հողի նպատակային նշանակությանը համապատասխան: Կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը կամ օգտագործման պայմանները խախտելը պայմանագիրը լուծելու հիմք է:

Հայցը քննող Գյումրիի դատարանը լուծել է Ողջի համայնքի և Նելլի Հարությունյանի միջև կնքված հողամասը վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը, քանի որ հողամասը վարձակալության հանձնելու մասին հիմնական պայմանագրով այն տրամադրվել էր գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով: Սակայն մերժել էվաղաժամկետ լուծել հողամասը «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ին ենթավարձակալության հանձնելու պայմանագիրը։ « ...նախ՝ հաշվի առնելով այն, որ տվյալ դեպքում ներկայացված չէ գործարքն անվավեր ճանաչելու սկզբնական պահանջ, հետևաբար չեն կարող պայմանագրի լուծման վրա կիրառվել անվավերության հետևանքներ, երկրորդ՝ հայցվորը չի ապացուցել դատարանի՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված փաստերը»,- ասվում է վճռում:

Ամասիայի համայնքապետարանը երկրորդ հայցադիմումն է ներկայացրել ընդդեմ Նելլի Հարությունյանի և երրորդ անձ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի՝ հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և որպես անվավերության հետևանք ենթավարձակալության պայմանագիրը լուծելու պահանջի մասին: Հայցադիմումում նշվել է, որ հողն ի սկզբանե չի օգտագործվում ըստ նպատակային նշանակության, պայմանագրային այդ պայմանը չի պահպանվել ենթավարձակալության պայմանագրով: 

Ողջի համայնքի ղեկավար Սարգիս Ավագյանը 2007թ. հոկտեմբերին, 25 տարի ժամկետով հողամասի վարձակալության պայմանագիր է կնքել Նելլի Հարությունյանի հետ: Պայմանագրի համաձայն՝ 25 տարի ժամկետով նրան է հանձնվել 1462 քմ արոտավայր: Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային զուտ եկամտի 17%-ը, այն է՝ 2660 դրամ: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային զուտ եկամուտը կազմել է 15 643 դրամ: Պայմանագրով հողամասը տրվել է գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով, երրորդ անձին ենթավարձակալության տալու իրավունքով: Նելլի Հարությունյանը վարձակալած հողից 400 քմ հողատարածք, ամսական 40 000 դրամ վարձավճարով հանձնել է ենթավարձակալության «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸն՝ բջջային հիմնական կայանի տեղակայման նպատակով։

Դատարանը Ողջի համայնքի և Ն. Հարությունյանի միջև կնքված վարձակալության պայմանագիրը լուծել է, քանի որ գործով հողամասը վարձակալության հանձնելու մասին հիմնական պայմանագրով հողամասը տրամադրվել է գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով, իսկ վարձակալը խախտել է այդ պայմանը։ Դատարանը որպես անվավերության հետևանք՝ Ն. Հարությունյանի և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի միջև կնքված ենթավարձակալության պայմանագիրը լուծելու պահանջը մերժել է: Դատարանը պատճառաբանել է, թե ենթավարձակալության պայմանագիրը կնքվել է բջջային հիմնական կայանի տեղակայման նպատակով, որին Ողջիի գյուղապետարանը չի առարկել:

Արփի համայնքի հայցով հայցային վաղեմություն է կիրառվել 

Արփիի համայնքապետարանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Համեստուհի Հալաջյանի, երրորդ անձ «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ի՝ վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Խնդրել է մասնակի՝ 400 քմ հողամասի մասով անվավեր ճանաչել Զարիշատի նախկին համայնքի ղեկավար Օնիկ Խորիկյանի և Շիրակի մարզի Ամասիա գյուղի բնակիչ Համբարձում Հալաջյանի միջև 2007թ. փետրվարի 20-ին կնքված պայմանագիրը, որպես հետևանք՝ անվավեր ճանաչել 2007թ. դեկտեմբերի 26-ին Համբարձում Հալաջյանի և «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի ենթավարձակալության պայմանագիրը: Համբարձում Հալաջյանը մահացել է 2016 թ.-ին, նրա մահից հետո ժառանգությունն ընդունել է կինը՝ Համեստուհի Հալաջյանը։

Զարիշատ համայնքի նախկին ղեկավարի և Ամասիա գյուղի բնակիչ Հ. Հալաջյանի միջև 2007թ. դեկտեմբերի 25-ին կնքվել է 2,5 հա մակերեսով արոտավայրը 25 տարի ժամկետով վարձակալելու պայմանագիր։ Վարձակալության պայմանագիրը կնքելուց մեկ օր հետո վարձակալը հողամասի մի մասը՝ 400 քմ հողամասը  ենթավարձակալության է հանձնել «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ին:

Գործով պատասխանող Համեստուհի Հալաջյանի ներկայացուցիչը դատարանին խնդրել է հայցային վաղեմություն կիրառել։ Դատարանը Արփիի համայնքապետարանի հայցը մերժել է՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով, քանի որ այս դեպքում լրացել է հայցային վաղեմության՝ 10 տարվա ժամկետը:

Աշոցք համայնքը ենթավարձակալության պայմանագիրը լուծելու պահանջ չի ներկայացրել

Աշոցքի համայնքապետարանը 2020 թ. հունիսի 9-ին դիմել է դատարան ընդդեմ Ռոմիկ Պողոսյանի` վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջով: Հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ վարձակալության հանձնված հողամասն օգտագործվում է պայմանագրով չնախատեսված նպատակային նշանակությամբ, ինչը պայմանագրի էական պայմանի խախտում է: Խնդրել է լուծել Ռոմիկ Պողոսյանի և Շիրակի մարզի Բավրա համանքի միջև 2014թ. մայիսի 14-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը: Նաև՝ Ռ. Պողոսյանից հօգուտ Աշոցքի համանքապետարանի բռնագանձել 75 000 դրամ` որպես իրավաբանական ծառայությունների մատուցման դիմաց փաստաբանի ողջամիտ վարձատրության գումար: 

Շիրակի մարզի Բավրա համայնքի և Ռոմիկ Պողոսյանի միջև 2014թ. մայիսի 14-ին կնքվել է Բավրա համայնքի սեփականություն հանդիսացող 6000 քմ գյուղ նշանակության հողամասի վարձակալության պայմանագիր` 10 տարի ժամկետով: Հողամասը վարձակալության է տրամադրվել գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով: 2016թ. հոկտեմբերի 2-ին Բավրա բնակավայրն ընդգրկվել է Աշոցք խոշորացված համայնքի կազմում:

2014թ. օգոստոսին կնքված ենթավարձակալության պայմանագրով Ռոմիկ Պողոսյանը նշված հողամասից 200 քմ մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով հանձնել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին՝ շարժական կապի բջջային կայան տեղակայելու  նպատակով:

Դատարանը բավարարել է հայցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձակալության հանձնված հողամասն իր նպատակային նշանակությամբ չի օգտագործվում և լուծել է Ռոմիկ Պողոսյանի և Բավրա համայնքի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը: Ռ. Պողոսյանից հօգուտ Աշոցքի համայնքապետարանի բռնագանձել է 40 000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Աշոցքի համայնքապետարանը Ռոմիկ Պողոսյանի և «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված ենթավարձակալության պայմանագիրը անվավեր ճանաչելու պահանջ չի ներկայացրել դատարանին:

Չավարտված գործեր

Դատախազությունը «Հետք»-ին հայտնել է, որ քրեական գործերից 24-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: «Դատալեքս» տեղեկատվական կայքից երկու գործի հաջողվեց ծանոթանալ՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքի նախկին ղեկավար Աշոտ Վարդանյանի և Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննությունները դեռևս չեն ավարտվել։

Ամփոփելով՝ նշենք, որ քրեական գործերով հաշվարկված 506 374 956 դրամ վնասից համայնքները վերականգնել են 134 441 851 դրամը: Այս գումարի հիմնական մասը վերականգնվել է նախաքննության ընթացքում, երբ առաջադրված մեղադրանքիցհետո ձերբակալված կամ քննչական կոմիտե հարցաքննության հրավիրված անձինք կամովին վճարել են հաշվարկված վնասը: Նրանք, ովքեր նախընտրել են վեճը լուծել դատական ընթացակարգով, հիմնականում շահել են դատական գործերը և շարունակելու են վճարվել բջջային կապի օպերատորներից։ 

Ինֆոգրաֆիկաները՝ Սամսոն Մարտիրոսյանի եւ Սամսոն Կարապետյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter