HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանը Թուրքիային բողոքի նոտա չի փոխանցել Չավուշօղլուի հայտնի ժեստի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես բողոքի նոտա չի փոխանցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի կողմից Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում հայ ցուցարարների ուղղությամբ պարզած «գորշ գայլերի» ժեստի համար։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխանն նշել է Արտաքին գործերի նախարարությունը։

«Տեղեկացնում ենք, որ հայկական կողմը թուրքական կողմին նոտա չի փոխանցել»,- նշվում է արտաքին քաղաքական գերատեսչության գրավոր պատասխանի մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանության շենքից մեքենայով դուրս եկող Չավուշօղլուն, տեսնելով, որ ցուցարարները սկսում են իսպաներենով վանկարկել «մարդասպան», ի պատասխան վանկարկումների՝ լայն ժպտացել էր և մատներով ցույց տվել ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը: Այս ժեստից հետո Ուրուգվայի արտգործնախարարը Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթուօղլուին ապրիլի 25-ին կանչել էր ԱԳՆ։

ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ չարձագանքեց Չավուշօղլուի ժեստին։ Փոխարենը, պաշտոնական Երևանը պատասխանեց միայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի մակարդակով, մինչդեռ Ուրուգվայը այն դատապարտեց արտաքին գործերի նախարարի մակարդակով։ «Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Էդուարդ Աղաջանյանը։

El Pais-ի փոխանցմամբ՝ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանցիսկո Բուստիլյոն դատապարտել էր Չավուշօղլուի նման քայլը՝ հայտարարելով, որ Ուրուգվայը հիշողությունը հարգող, նաև խաղաղության ձգտող և ապագայի երկիր է: «Մեր երկիրն առճակատումների դեպքում հաշտեցումը նախընտրող երկիր է: Մենք քարոզում ենք փոխըմբռնում, հանդուրժողականություն և հույս ունենք, որ նրանք, որոնք այցելում են այս երկիր, որտեղ քարոզվում է խաղաղություն և հանդուրժողականություն, վարվեն նույն կերպ: Մերժում և դատապարտում եմ ցանկացած վիրավորական վարքագիծ կամ ժեստ, որը ենթադրում է ֆիզիկական կամ բարոյական բռնություն»,- ընդգծել էր Բուստիլյոն՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter