
Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ը կայցելի Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հունիսի 23-24-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կայցելի Ադրբեջանի Հանրապետություն։ Նախատեսվում են բանակցություններ արտաքին գործերի նախարարի և հանդիպում նախագահի հետ։ Կդիտարկվի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ համալիրը»,- Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։
Նա հավելել է, որ Բաքու այցի ընթացքում նախատեսվում է քննարկել և դիտարկել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը։
Հիշեցնենք, որ հունիսի 9-10-ը Լավրովն այցելել էր Երևան, որտեղ հանդիպել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Լավրովը հայտարարել էր, որ ավարտական փուլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային երթուղու համաձայնեցման գործընթացը։ Լավրովի խոսքով՝ երկաթուղային և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հիմքում Հայաստանի տարածքային ինքնիշխանության պահպանումն է լինելու։ «Ինչպես գիտեք, երկաթուղային երթուղին համաձայնեցված է, այժմ ավարտվում է տրանսպորտային երթուղու և դրա ռեժիմի համաձայնեցումը։ Ապաշրջափակումը հիմնվելու է ՀՀ տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա։ Այստեղ ոչ մի երկիմաստություն լինել չի կարող»,- նշել էր ռուսաստանցի քաղաքական գործիչը։
Արարատ Միրզոյանը ևս անդրադարձել էր, այսպես կոչված, «միջանցք» հասկացությանը, որի մասին խոսում է ադրբեջանական կողմը։ Միրզոյանի խոսքով՝ միջանցքային տրամաբանություն չկա, և դա ընդհանուր ընկալում է։ Միրզոյանն ընդգծել էր, որ հայկական կողմը հույս ունի, որ ռուսական կողմն ավելի մեծ ջանքեր կգործադրի հայ գերիների վերադարձի համար։ Նրա խոսքով` ռազմական գործողություններից 1.5-2 տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում վերադարձնել հայ գերիներին ու պահվող մյուս անձանց։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել