HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ճապոնիայի և Ուկրաինայի առաջնորդները հրավիրվել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ կդառնա երկրի կառավարության առաջին ղեկավարը, որը կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդների գագաթնաժողովին, որը հունիսի 29-30-ը տեղի կունենա Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։

«Ճապոնիայի վարչապետի կարգավիճակում ես առաջին անգամ կմասնակցեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,- Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նա։ Կիսիդան նաև նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի «բարձրացնի ճապոնա-ամերիկյան դաշինքը նոր մակարդակի վրա», այդ թվում պաշտպանական պոտենցիալի ամրապնդման հաշվին։ 

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցության հրավեր է ստացել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Զելենսկին անձամբ կմասնակցի գագաթնաժողովին, թե տեսակապի միջոցով կդիմի դաշինքի անդամ երկրների առաջնորդներին։ 

«Նախագահ Զելենսկին կհրավիրվի Մադրիդում կայանալիք գագաթնաժողովին։ Իհարկե, մենք ուրախ կլինենք տեսնել նրան, բայց եթե դա անհնարին լինի, ապա նա կարող է առաջնորդներին դիմել տեսակապով»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։ 

ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը կկայանա հունիսի 29-30-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները կընդունեն նոր ռազմավարական հայեցակարգը, կդիտարկեն դաշինքի ամրապնդման հարցերը և անվտանգության ոլորտում կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքները։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ չէր հայտնել, թե արդյոք Հայաստանն այս տարի կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

«ՀՀ ԱԳ նախարարի այցերի, հանդիպումների, ինչպես նաև հայկական կողմի՝ համաժողովներին, գագաթնաժողովներին և այլ միջոցառումներին մասնակցության վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով և պատշաճ ժամկետներում տեղեկացվում է»,- նշել էր արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Լուսանկարը՝ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter