HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱԳՆ-ն չի հայտնում՝ արդյոք Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի հայտնում՝ արդյոք Հայաստանն այս տարի կմասնակցի հունիսի 29-30-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

«ՀՀ ԱԳ նախարարի այցերի, հանդիպումների, ինչպես նաև հայկական կողմի՝ համաժողովներին, գագաթնաժողովներին և այլ միջոցառումներին մասնակցության վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով և պատշաճ ժամկետներում տեղեկացվում է»,- «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել է արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ փաստացի տեղեկատվություն չտալով հնարավոր մասնակցության վերաբերյալ։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների ու կառավարությունների ղեկավարների ամենամյա գագաթնաժողովն այս տարի կայանալու է հունիսի 29-30-ը Մադրիդում։ Գագաթնաժողովն անցնելու է բավականին լարված պայմաններում, որովհետև ՆԱՏՕ-ի ղեկավարների երկրորդ տետատետ հանդիպումն է լինելու՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Նախատեսվում է, որ քննարկման հիմնական թեմաները կլինեն ռուս-ուկրաինական պատերազմն ու Դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը։

Ի դեպ, վերջինիս մասով ՆԱՏՕ-ի ոչ բոլոր երկրներն ունեն միասնական տեսակետ։ Այսպես, Թուրքիան բացահայտորեն դեմ է հանդես գալիս Հյուսիսատլանտյան դաշինքին Ստոկհոլմի և Հելսինկիի անդամակցությանը, քանի դեռ վերջիններս չեն բավարարել իր պահանջները. Թուրքիային արտահանձնել քուրդ զինյալներին, որոնք ապաստան են ստացել Շվեդիայում և Ֆինլանդիայում, ինչպես նաև, թուրքական կողմի պնդմամբ, դադարեցնել աջակցել քրդական ուժերին։ Հիշեցնենք, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով, նախորդ ամիս Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ էին ներկայացրել, ինչը ողջունվել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների ճնշող մեծամասնության և հատկապես, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից։

Այս պահի դրությամբ հայտնի է, որ հարևան երկրներից Վրաստանը կհրավիրվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Մայիսի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն Վրաստանի հանրային հեռարձակողի առաջին ալիքի եթերում հայտարարել էր, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի ուժեղ ներուժ ունեցող գործընկեր է, իսկ նրա ներկայացուցիչները կհրավիրվեն Մադրիդում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին։ «Մենք նրա հետ աշխատում ենք երկար տարիներ և, ինչքանով ինձ է հայտնի, Վրաստանի ղեկավարությունը կհրավիրվի Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Բաց դռների քաղաքականությունը շարունակում է կարևոր մնալ ՆԱՏՕ-ի համար։ Ես կարող եմ ասել, որ Վրաստանը հանդիսանում է մեր կարևոր գործընկերը, Սև ծովը շատ կարևոր է դառնում»,- հայտարարել էր նա։

Նախորդ տարիներին Հայաստանը հրավիրվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին՝ մասնակցելու Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։ ՆԱՏՕ-ն, որի խաղաղապահ ուժերի կազմում իր առաքելությունն էր իրականացնում նաև ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումը, նախորդ տարվա ամառային ամիսներին իր ուժերը դուրս է բերել այդ երկրի տարածքից։ Ընդ որում, հայ խաղաղապահներն Աֆղանստանից դուրս էին եկել դեռ նախորդ տարվա մարտին։

Այդուհանդերձ, հայ խաղաղապահները ՆԱՏՕ-ի ուժերի կազմում շարունակում են իրենց խաղաղապահ ծառայությունը։ Ներկայում հայ զինծառայողները շարունակում են իրենց առաքելությունն իրականացնել Կոսովոյում (ԿՖՈՐ) և Լիբանանում (ՅՈւՆԻՖԻԼ)՝ համապատասխանաբար Միացյալ Նահանգների և Իտալիայի խաղաղապահ առաքելությունների կազմում։

Լուսանկարը՝ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter