HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը ֆուտբոլ է խաղում ոչ թե գլխով, այլ սրտով

Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում Հայաստանի հավաքականի անցկացրած 4 հանդիպումներում կարմիր թելի պես նկատելի էր անկայունության գործոնը։ Անշուշտ, այնպես չէ, որ մինչ այս Կապառոսի թիմը կայունության շարք էր ցույց տվել, ու հանկարծ ամեն բան փոխվեց։ Հարցն այն է, որ վերջին 4 խաղերում մեր ընտրանին խաղակեսային կամ դրվագային ֆուտբոլ էր խաղում, այսինքն՝ մի խաղակեսը կամ հանդիպման մի հատվածը գրեթե ամբողջությամբ տարբերվում էր մյուսից։

Օրինակ՝ Հայաստան-Իռլանդիա խաղի երկրորդ կեսը մեր ընտրանին շատ ավելի լավ անցկացրեց՝ գործելով համարձակ ու անկաշկանդ, նույնը՝ Ուկրաինա-Հայաստան հանդիպման առաջին կեսում կամ Հայաստան-Շոտլանդիա խաղի առաջին 43 րոպեներին։

Խաղերը չդիտած մարդուն կարող է թվալ, թե գլխավոր պատճառը ֆիզիկական պատրաստվածությունն է, որից մեր թիմը միշտ էլ կաղել է, այլ կերպ ասած՝ ֆիզիկականը չի հերիքել ամբողջ խաղը նույն մակարդակով անցկացնելու համար, բայց իրականում հիմնական գործոնը հոգեբանականն է։ Օրինակ՝ մի դեպքում (Իռլանդիա-Հայաստան) տղաները կաշկանդվել են նախորդ խաղի (Նորվեգիա-Հայաստան՝ 9-0) դառը փորձից եւ պաշտոնական մրցափուլի մեկնարկային խաղում սեփական հանդիսատեսի առաջ խայտառակ չլինելուց, այլ դեպքում (Ուկրաինա-Հայաստան) թիմին կոտրել են սեփական սխալների հետեւանքով բաց թողած գոլերը կամ մի հոգու անպատասխանատու վարքագծի պատճառով (Հայաստան-Շոտլանդիա) դժվար կացության մեջ հայտնվելն ու հուսահատվելը։  

Մարտի 29-ին ընկերական խաղում Նորվեգիային 0-9 պարտվելուց հետո, ինչը Հայաստանի ընտրանու խոշորագույն պարտությունն էր պատմության ընթացքում, Ազգերի լիգայի մեկնարկային 3 հանդիպումներում Կապառոսի թիմը հանդես եկավ 5-3-2 սխեմայով։ Բուռն քննադատությունների տարափի տակ ինքը՝ իսպանացին, բնականաբար, այս անգամ ցանկանում էր հավաքականին ապահովագրել նոր խայտառակություններից՝ շեշտը դնելով պաշտպանական գործողությունների վրա։ Պաշտոնական մրցավեճերում խոշոր հաշվով չպարտվելու հոգեբանական բեռը կար նաեւ խաղացողների ուսերին։ Իռլանդիայի հետ երեւանյան հանդիպմանը Կապառոսի մարտավարությունը որոշակիորեն աշխատեց, քանի որ թիմը պաշտպանվեց առաջին կեսում, իսկ երկրորդում սկսեց գործել ավելի անկաշկանդ՝ զգալով, որ Իռլանդիան ամենեւին էլ անհաղթահարելի մրցակից չէ։ Ի վերջո, Սպերցյանի գոլի շնորհիվ թիմը հաղթեց 1-0՝ Ազգերի լիգայի խաղարկությունն սկսելով հաղթանակով։

Հաղթանակը՝ հաղթանակ, բայց առաջին խաղում էլ նկատելի էր, որ մեր հավաքականում Մխիթարյանի հեռանալուց հետո գրոհներ կազմակերպողի սուր պակաս է զգացվում։ Սպերցյան-Գրիգորյան-Բայրամյան կիսապաշտպանական եռյակի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ՝ նրանցից ոչ մեկ խաղ կազմակերպելու, կառուցելու ունակություններով չի կարող համեմատվել Մխիթարյանի հետ։ Գրիգորյանը քանդող ոճի ֆուտբոլիստ է եւ իր տեսակի մեջ այսօր լավագույնը հավաքականում։ Սպերցյանը խոստումնալից խաղացող է, բայց դեռ շատ աճելու տեղ ունի, Բայրամյանն էլ, ելնելով իր ֆիզիկական տվյալներից եւ ունակություններից, առավել հարմար է եզրերում (ռուսական «Ռոստովում» նա հենց եզրում է խաղում), քան կենտրոնում։ Կարճ՝ նա չի համապատասխանում դիսպետչերի օղակին մանավանդ այնպիսի թիմերի հետ խաղում, ինչպիսին արագաուժային բրիտանական ֆուտբոլ դավանողներն են։ Չնայած այս մրցափուլում որակյալ խաղ է ցուցադրում Արտակ Դաշյանը, նա էլ հավաքականում կայուն ֆուտբոլ չի խաղում։

Խաղ կազմակերպող վառ անհատականության բացակայության պայմաններում գրեթե բոլոր հանդիպումներում նկատելի էր, որ հարձակման դուետը կտրված է թիկունքից, ու նաեւ այն պատճառով, որ մեր թիմն իր մրցակիցներին զիջում է ֆիզիկական պատրաստվածությամբ, շեշտը գլխավորապես դրվում էր թիկունքից դեպի հարձակվողները կատարված փոխանցումների վրա, ինչով հնարավոր կլիներ կտրել բարձրահասակ ու պինդ մրցակցի կիսապաշտպանական կամ պաշտպանական օղակի պատնեշը։ Այս մարտավարությունը նկատելի էր ուկրաինացիների դեմ արտագնա խաղում (0-3) եւ շոտլանդացիների դեմ արտագնա (0-2) ու երեւանյան մրցավեճերում (1-4)։ Բայց այս պարագայում էլ, ստեղծելով շատ լավ հնարավորություններ, մերոնք չէին կարողանում գոլ խփել։ Այս հանդիպումներում սուր հակագրոհների ընթացքում շատ լավ առիթներ կորցրին հատկապես Վահան Բիչախչյանն ու Տիգրան Բարսեղյանը։ Կորցրած հնարավորություններն իրենց հերթին ավելի էին ձգում նյարդերը, քանի որ մրցակիցն իր հերթին կարողանում էր չեղած տեղից գոլ խփել՝ առաջին հերթին օգտագործելով մեր պաշտպանների ու հենակետայինների անփութություններն ու տարրական սխալները։

Մինչ այդ սխալներին անդրադառնալը չենք կարող չխոսել հարձակվողներից Սարգիս Ադամյանի մասին, որն ուղղակի հիասթափեցրեց։ Ադամյանը մեծ հաշվով միայն ֆիզիկապես էր ներկա խաղադաշտում, իսկ թե քանի անգամ գնդակ կորցրեց, ավելորդ է խոսելը։ Սարգիսն ամենեւին նման չէ ֆուտբոլիստի, ով հանդես է գալիս Բելգիայի չեմպիոն «Բրյուգեում», ու թվում է, թե Հայաստանի այս հավաքականի առանցքային խաղացողներից մեկը պիտի լինի։ Իռլանդիայի, Շոտլանդիայի եւ Ուկրաինայի հետ խաղերում նա 3 խաղակեսից քիչ անցկացրեց դաշտում ու ոչնչով աչքի չընկավ, ինչի հետեւանքով Հայաստան-Շոտլանդիա հանդիպմանն ընդհանրապես չհայտավորվեց։ Ադամյանը հավաքականում անցկացրած ավելի քան 30 խաղում ընդամենը 2 գոլ է խփել, ինչը հարձակվողի պարագայում, մեղմ ասած, վատ ցուցանիշ է։

Պաշտպանության կամ ավելի ճիշտ՝ թիմային պաշտպանության մասին։ Կապ չունի՝ 4, թե 5 պաշտպանով է խաղում Հայաստանի ընտրանին․ եթե պաշտպանական գիծն ու նրան օգնելու կոչված հենակետային օղակը ամենատարբեր տարրական սխալներ են թույլ տալիս, թիմն անընդհատ գոլ է ընդունելու։ Գլազգոյում շոտլանդացիները երկու անգամ գլխով կատարած հարվածներով գրավեցին մեր դարպասը։ Առաջին դրվագում Կամո Հովհաննիսյանը սխալ դիրքի պատճառով երկրորդ հարկում զիջեց Էնթոնի Ռալստոնին, թերացավ նաեւ Դավիթ Յուրչենկոն, որը դարպասում էլի սխալ դիրք էր գրավել։ Երկրորդ գոլի պարագայում Արման Հովհաննիսյանին մի շարժումով խաղից դուրս թողեց Սքոթ ՄըքՔենան ու հանգիստ գրավեց դարպասը (տես լուսանկարում)։

Ուկրաինացիների դեմ մրցավեճում Մալինովսկու առաջին գոլը հենակետայինների խղճին է, որոնք հսկողությունից դուրս էին թողել մրցակցին։ Երկրորդ ու երրորդ գոլերն էլ Ուդոյի եւ Արարատի խղճին են, որոնք իրենց անփութությամբ նվերներ մատուցեցին Կարավաեւին եւ Միկոլենկոյին։ Շոտլանդացիների երեւանյան 4 գոլերն էլ ամբողջ պաշտպանական գծի տապալման հետեւանք էին։ Բայց չենք կարող մոռանալ, որ դրանցից 3-ը ընդունեցինք 10 հոգով մնալուց հետո, երբ կարմիր քարտ ստացավ Արման Հովհաննիսյանը։

Կոնկրետ ասենք՝ այս ֆուտբոլիստը հավաքականի բանը չէ։ Հովհաննիսյանի որակներին անդրադարձել ենք դեռ Նորվեգիայի հետ խաղում նրա գործողությունները մեկնաբանելիս։ Այն ժամանակ նա կարմիր քարտ ստացավ Էրլինգ Հոլանին թիկունքից կոպիտ ձեւով գցելու պատճառով, ինչից նաեւ ինքը վնասվածք ստացավ։ Շոտլանդացիների հետ արտագնա խաղում մրցակցի դեմ անզոր այս ֆուտբոլիստը սեփական զայրույթն էր թափում եզրային մրցավարի վրա, իսկ հանգուցալուծումը Երեւանում հերթական կոպտությունն էր, դրան ի պատասխան դեղին քարտն ու մրցակցի ավագ ՄըքԳինի հետ «աքլորակռվի» մեջ մտնելն ու վերջինիս «պոզահարելը», ինչը մեծ հաշվով սադրանք էր շոտլանդացու կողմից, բայց նաեւ տարրական անկարգապահություն Հովհաննիսյանի ցուցադրմամբ, ինչից հետո ստացավ երկրորդ դեղինն ու հեռացվեց՝ առաջացնելով իր իսկ խաղընկերների զայրույթը։

Կապառոսի բնութագրած «կարգապահության աշարհի չեմպիոն» Հայաստանի ընտրանին 4 խաղում 13 դեղին քարտ է ստացել (միջինը՝ 3,25 քարտ յուրաքանչյուր խաղում), որոնցից 2-ը վերածվել են կարմիրի, ինչպես նաեւ մեկ ուղիղ կարմիր քարտ (Կամո Հովհաննիսյանին)։ Այսքանից հետո ո՞վ կասի, թե Կապառոսն օբյեկտիվ է իր գնահատականներում։ Նույնիսկ շոտլանդացիների դեմ երեւանյան խաղը 9 հոգով ավարտելուց հետո իսպանացի մարզիչը չխոստովանեց, որ խաղային կարգապահությունը ցածր մակարդակի վրա է։ Այո, կա հոգեբանական գործոն․ Գլազգոյում անկհայտ էր շոտլանդացի ֆուտբոլիստների արհամարհանքը, մի տեսակ ծաղրական վերաբերմունքը մեր խաղացողների նկատմամբ, ինչին պիտի տրամաբանորեն հաջորդեր տանը՝ Երեւանում, նրանց պատասխան տալու բուռն ցանկությունը։ Բայց դա պիտի արվեր խաղով, ու թիմը հենց այդ ճանապարհով էլ գնում էր, մինչեւ 44-րդ րոպեին Արման Հովհաննիսյանը չորոշեց տղայական հարաբերություններ պարզել իրենց կարիերայում շատ բան, այդ թվում՝ ֆուտբոլային տարբեր խորամանկություններ սերտած մրցակցի հետ։ Համոզված կարող ենք ասել, որ 28-ամյա Արման Հովհաննիսյանը հավաքականին տալու բան չունի։ Նրա փոխարեն կարելի է վստահել թեկուզ երիտասարդներին, այդ թվում՝ նույն Ստյոպա Մկրտչյանին, ով նույնպես զերծ չէ սխալներից, բայց դրանք համեմատելի չեն այն ամենի հետ, ինչ Նորվեգիայի հետ խաղից սկսած ցույց տվեց Հովհաննիսյանը։

Շոտլանդացիների դեմ երեւանյան խաղը միանգամայն այլ կերպ կավարտվեր, եթե չլիներ Արման Հովհաննիսյանի հեռացումը։ Դրանից առաջ մեր թիմը ստեղծում էր վտանգավոր պահեր ու ամեն կերպ միտված էր ռեւանշի Գլազգոյի դժգույն խաղից հետո։ Այդ տրամադրությունը չփոխեց նաեւ Բիչախչյանի գոլից հետո Արմսթրոնգի արագ պատասխանը։ Բայց կարմիր քարտը հոգեբանորեն կոտրեց մեր հավաքականին, որն առաջին կեսի վերջնամասում նաեւ երկրորդ գոլն ընդունեց։ Հեռուստադիտողը տեսած կլինի, թե որքան անտրամադիր էին մեր տղաները երկրորդ կեսից առաջ հանդերձարանից խաղադաշտ տանող ճանապարհին։ Հոգեբանական ընկճվածության, ինչպես նաեւ չեռնոգորցի մրցավարի կողմից խաղի թելը ձեռքից բաց թողնելու եւ անտեղի դեղին քարտեր ցույց տալու (Հարոյանին զգուշացնելու դրվագը, Համբարձումյանի դրվագում էլ, ելնելով կրքերը չբորբոքելուց, կարելի էր բանավոր զգուշացում տալ) կամ էլ ցույց չտալու (Տիգրան Բարսեղյանի դեմ խախտումից հետո) հետեւանքով մերոնց նյարդերն ավելի պրկվեցին, ինչն էլ արտահայտվեց կոպտություններով, այդ թվում՝ Կամո Հովհաննիսյանի կողմից, որն ուղիղ կարմիր քարտ ստացավ։

Հայտնի արտահայտություն կա՝ ֆուտբոլ խաղում են գլխով, ինչը նշանակում է, որ սա առաջին հերթին մտքի խաղ է՝ մարտավարություն, խաղային սխեմա, մրցակցի եւ սեփական ուժեղ ու թույլ կողմերի համադրում եւ լուծումներ գտնելու ունակություն, մարզչական ցուցումների ընկալում եւ կատարում, խաղային կարգապահություն, դաշտում խաղընկերների ու մրցակցի դիրքը տեսնելու եւ գնահատելու, արագ ու ճիշտ կողմնորոշվելու ունակություն եւ այլն։ Բայց Ազգերի լիգայի խաղարկության 4 հանդիպումները ցույց տվեցին, որ մեր հավաքականը ֆուտբոլ խաղում է ոչ գլխով, այլ սրտով՝ դաշտ է դուրս գալիս դրական արդյունքի հասնելու ցանկությամբ ու տրամադրվածությամբ, որը առաջ է տանում թիմին կամ ստիպում անչափ զգույշ գործել, երբեմն հաջողվում է աչքի ընկնել կամ լավ պահեր ստեղծել, բայց սխալներն ու ընդունած գոլերը հոգեբանորեն կոտրում են, երբեմն՝ զայրացնում, նյարդայնացնում, բորբոքում կրքերն ու փչացնում ամեն ինչ։

Սառնասրտության բացակայությունը, զգացմունքներին, հայկական տաքարյունությանը տրվելը բերեցին նրան, որ սեպտեմբերին ուկրաինացիների դեմ երեւանյան մրցավեճը որակազրկման պատճառով բաց կթողնեն թիմի ավագ, կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը, աջ պաշտպան Կամո Հովհաննիսյանը, կիսապաշտպանությունից՝ Էդուարդ Սպերցյանը (Արման Հովհաննիսյանին չենք անդրադառնում)։ Այսքանից հետո միստր Կապառոսը թող շարունակի իրեն համարել «կարգապահության աշխարհի չեմպիոնների» գլխավոր մարզիչ։

Դեղին քարտերի առատությունը նաեւ որակյալ պահեստայինների նստարան չունենալու, այսինքն՝ ռոտացիայի սղության հետեւանք է։ Սա ընդհանուր հայկական ֆուտբոլի ամենաթույլ կողմերից է, բայց միեւնույնն է՝ հավաքականում կադրերի ընտրության պատասխանատուն մնում է գլխավոր մարզիչը։ Իսկ այսօր ազգային թիմում կան խաղացողներ, որոնք հեռու են դրա մակարդակից։ Արման Հովհաննիսյանից զատ՝ կարող ենք առանձնացնել կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանին, ով ուկրաինացիների դեմ մրցավեճում Սարգիս Ադամյանի պես աչքի էր ընկնում միայն գնդակ կորցնելով, ինչպես նաեւ պաշտպաններից Մոնրոյ Արարատը, որը 2018-ին առաջին անգամ հավաքական հրավիրվելուց հետո ոչ մի կերպ չի համոզում, որ արժանի է թիմում տեղ ունենալուն։

Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում առաջ գնալու մեր հնարավորությունները զրոյական են, այժմ նպատակը պետք է լինի B լիգայում տեղը պահպանելը, ինչի համար անհրաժեշտ է հեռանալ մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականից, սակայն դա անելը շատ դժվար կլինի՝ հաշվի առնելով մյուս թիմերի հավաքած միավորներն ու սեպտեմբերյան խաղերը Ուկրաինայի (սեփական հարկի տակ) եւ Իռլանդիայի (արտագնա) հետ։ Եթե խմբում գրավենք վերջին տեղը, Ազգերի լիգայի 2024-2025 թթ․ խաղարկությունում հանդես կգանք ավելի ցածր մակարդակի С լիգայում, որտեղից բարձրացել էինք 2020-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter