HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում բնակվող ռուս ստենդափ կոմիկ Տատյանա Շյուկինայի պնդմամբ՝ իր ընկերներին ձերբակալել են Ռուսաստանի հրամանով

Ռուս ստենդափ կոմիկ Տատյանա Շյուկինան, որը լքել է Ռուսաստանը իր քաղաքական հայացքների և Ուկրաինայում պատերազմի դեմ լինելու պատճառով, պնդում է, որ «Ռուսաստանի հրամանով» ձերբակալել են իր երկու ընկերներին:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը վստահեցրել է, որ միջադեպում քաղաքական ենթատեքստ չկա և հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին հարցաքննության են հրավիրել մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, վերջիններս խնդրել են նրանց փաստաբան տրամադրել։

«Եթե ինձ Ռուսաստան վերադարձնեն, ինձ այնտեղ կամ կձերբակալեն կամ կսպանեն Պուտինին ծաղրելու, իմ հակապատերազմական դիրքորոշման, ցույցերի և Ալեքսեյ Նավալնու հետ համագործակցության համար։ Խնդրում եմ քաղաքական ապաստան»,-իր Twitter-ում գրել է Շյուկինան։ 

Կոմիկի խոսքով՝ իր ընկերուհուն՝ Սվետային, կանչել են ոստիկանության բաժին, իսկ մյուս ընկերոջը՝ Միշային, բերման են ենթարկել տնից։

Այս մասին իմանալով՝ Շյուկինան հավաքել է իրերը և լքել Երևանը։ Նրա պնդմամբ՝ իր ընկերներից ոստիկանությունը պահանջել է հայտնել Շյուկինայի գտնվելու վայրը, ինչը հակաօրինական է։ Իր երկու ընկերները այժմ գտնվում են Երևանի Էրեբունի ոստիկանության բաժնում։  

Որոշ ժամանակ անց Շյուկինան հայտնել է, որ իր հետ կապ են հաստատել փաստաբանները։

Փաստաբանները Շյուկինային հայտնել են, որ ոստիկանության պնդմամբ նա ինչ-որ ծեծկռտոցի վկա է եղել, և Հայաստանում հարուցված քրգործի շրջանակներում նրանից ցուցմունք են ուզում։

Շյուկինայի խոսքով՝ նա որևէ ծեծկռտուքի վկա չի եղել։ Ոստիկանությունում գտնվող իր ընկերները քրգործում որևէ պաշտոնական կարգավիճակ չունեն։

«…նրանք (ոստիկանությունը՝ խմբ.) որևէ անուն կամ այլ բան չեն հայտնում։ Բայց եկել են տուն և ձերբակալել են իմ սենյակակիցներին»,-գրել է Շյուկինան իր Twitter-ում։ 

Մեր նախնական տվյալներով՝ ոստիկանությունը պատրաստվում է բաց թողնել Շյուկինայի ընկերներին։

Նյութի հրապարակման պահին հայտնի չեն բավականաչափ մանրամասներ հաստատելու կամ հերքելու համար, որ այս միջադեպը քաղաքական հետապնդում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter