
338 մլն դրամ՝ մարզիկներին և մարզիչներին սպորտային նպաստ հատկացնելու համար
Կառավարությունը 338 մլն 100 հազ․ դրամ կհատկացնի մարզիկներին և մարզիչներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով։ Որոշումն ընդունվեց Կառավարության հունիսի 17-ի նիստում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ աշխարհի առաջնությունների հաղթողները կստանան ամսական 500 000 դրամ, 2-րդ տեղը զբաղեցնողները՝ 400 000 դրամ, 3-րդը՝ 300 000 դրամ։
Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիրներին կվճարվի ամսական 500 000 դրամ, 3-րդ տեղը՝ 400 000 դրամ, օլիմպիական վարկանիշային մրցաշարային հաղթողներին՝ 300 000 դրամ։
«Խոսքն այս պահին տիտղոսակիր մարզիկների մասին է։ Կարգը կգործի այնքան, ինչքան մարզիկը տիտղոսը պահպանել է»,- նշեց վարչապետը։
Եվրոպայի առաջնության հաղթողն, ըստ Փաշինյանի, կստանա 400 000 դրամ, 2-րդ տեղի մարզիկը՝ 300 000 դրամ, 3-րդինը՝ 200 000 դրամ։
Օլիմպիական խաղերի կամ աշխարհի առաջնության 4-8-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները կստանան 150 000 դրամ։
Երիտասարդական առաջնություններում առաջին տեղը զբաղեցրած անձինք կստանան 200 000 դրամ, 2-րդ տեղը՝ 150 000, և 3-րդ տեղ՝ 100 000 դրամ։
Փաշինյանը նաև հայտնեց, որ հավաքականների մարզիչները նույնպես աջակցություն կստանան․ մեծերի հավաքականի գլխավոր մարզիչը՝ 350 000 դրամի չափով, 2-րդ մարզիչը, անձնական մարզիչ և բժիշկը՝ 250 000 դրամ։
Ըստ որոշման հիմնավորման՝ նախագիծը բխում է` Հայաստանի ֆեդերացիաների 2022 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնությունների 4-8-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին (մերսող) սպորտային նպաստ հատկացնելու անհրաժեշտությունից։
Մեկնաբանել