HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Նկարազարդ նախաճաշ կամ երեւանյան սրճարանները՝ ռուս այցելուների աչքերով

Մարտ ամսից ամեն ուրբաթ երևանյան որևէ սրճարանում հավաքվում են «Նկարազարդ նախաճաշ Երևան» նախաձեռնության անդամները։

Նրանք յուրաքանչյուր շաբաթ ընտրում են մի սրճարան, նախաճաշում ու նկարում այդ սրճարանը իրենց պատկերացմամբ։

Նախաձեռնության հեղինակը նկարչուհի Պոլինա Կալաշնիկովան է, որը Ռուսաստանից Հայաստան տեղափոխվելուց հետո որոշել է մի գաղափարի շուրջ հավաքել ցանկացողներին։

Տելեգրամ ալիք է բացել, հրավիրել բոլոր ծանոթներին, որոնց կարող էր այդ գաղափարը հետաքրքրել։ 

Պոլինան այժմ Հայաստանում չէ, սակայն ընկերուհին՝ Սոֆյա Չերնաշևան որոշել է կիսատ չթողնել սկսած գործն ու Պոլինայի մեկնելուց հետո ինքն է  կազմակերպում միջոցառումները։

Նախաճաշը տևում է 2,5 ժամ, երբեմն՝ ավելի երկար, նրանք նախօրոք ամրագրում են սրճարանում սեղաններն ու ասում, թե մոտավորապես քանի հոգով են ներկա լինելու։ 

Սոֆյան պատմում է, որ ամեն ուրբաթ նոր սրճարան են այցելում։

Սրճարանի աշխատակիցների, տնօրինության հետ խնդիրներ չեն ունենում, բայց եղել են դեպքեր, երբ մոտեցել ու խնդրել են դուրս գալ, քանի որ երկար են մնացել ու շատ պատվեր չեն գրանցել։

Նախաձեռնության մասնակիցները հիմնականում ազգությամբ ռուս կանայք են, որոնք տեղափոխվել են Հայաստան։

Այսօրվա նախաճաշին ներկա 15 հոգուց մեկը՝ Լիլիթ Սարգսյանը, հայ է, Սոֆյայի միջոցով է իմացել հավաքների մասին ու որոշել միանալ։

«Այնքան հաճելի է, ամեն շաբաթ նոր վայր ենք գնում, սրճում, նախաճաշում, ես 2-րդ դասարանից հետո չեմ նկարել ու սա լավ առիթ էր, երբ Սոֆյան առաջարկեց միանալ, ուրախությամբ ընդունեցի, հիմա արդեն ամեն շաբաթ սպասում եմ ուրբաթ օրվան»,- ասում է նա։

Յուլյա Անֆիլատովան աղջկա՝ Ասյա Ծատրյանի հետ է գալիս նախաճաշերին։

Յուլյայի ամուսինն ազգությամբ հայ է, բայց առաջին անգամ Հայաստան եկել է 2022 թվականի մարտին՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։

«Իմ 5 զավակներից Ասյան է սիրում նկարել, իրականում ինքն է ինձ ամեն շաբաթ այստեղ բերում, ինձ նույնպես շատ հաճելի է, նախ՝ նոր տեղեր ենք բացահայտում, շփվում ենք միմյանց հետ, սա լավ առիթ է»,- ասում է Յուլյան։ 

Մարինա Միշենան Սանկտ Պետերբուրգից է: Հայաստան է տեղափոխվել մարտ ամսին, նկարչական հավաքների շնորհիվ նոր մարդկանց հետ է ծանոթացել։

Մարինայի խոսքով՝ ստեղծվում է միջավայր, որտեղ կարելի է հանգստանալ, ազատություն տալ մտքերին։ 

«Սկզբում մեզանից շատերն ամաչում էին, մանավանդ նրանք, ովքեր վաղուց չեն նկարել, մտածում էինք՝ կգանք, կնստենք, կնայենք, բայց չենք նկարի, բայց ամենահետաքրքիրն այն է, երբ բոլորով նկարում ենք, հետո միմյանց ցույց ենք տալիս, տեղադրում մեր տելեգրամյան ալիքում»,- ասում է Մարինան: 

Հավաքին մասնացող կանանցից ոմանք իլյուստրատորներ են, գրաֆիկ դիզայներներ, ոմանք երբեք պրոֆեսիոնալ նկարչությամբ չեն զբաղվել, Սոֆյայի խոսքով՝ հենց սա է գաղափարը հետաքրքիր դարձնում։ Նրանք մեծ սիրով սպասում են նաեւ հայ կանանց։ Ապագայում գուցե որոշեն նաեւ ցուցահանդես անել։

Լուսանկարները՝ Սամսոն Կարապետյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter