HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Զորահավաքային առաջադրանքներ չունեցող կազմակերպությունների համար կարևոր աշխատակիցները կազատվեն եռամսյա վարժական հավաքներից

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ամրագրել վարժական հավաքներից ազատման դրույթները։

Օրենքի նախագծում նշվում է, որ Անվտանգության խորհրդի գրասենյակում զորահավաքային ամրագրման կազմակերպման և իրականացման նոր կարգի մշակման շրջանակներում որոշվել է ամրագրված պաշտոններ ունենալու հնարավորություն տալ պետական, պետական կառավարման, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին և զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպություններին, ըստ այդմ՝ կատարվել է համապատասխան փոփոխություն «Պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածում: 

Ուստի՝ հաշվի առնելով այն, որ բազմաթիվ կազմակերպություններ չեն կարող ունենալ զորահավաքային առաջադրանքներ, իսկ եռամսյա վարժական հավաքները լուրջ խոչընդոտներ կստեղծեն այն կազմակերպությունների համար, որոնց առանցքային մասնագետները կներգրավվեն եռամսյա վարժական հավաքներին, խաղաղ ժամանակ տնտեսության բնականոն գործունեությունը և կազմակերպությունների անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել ստեղծել իրավական հենք «Վարժական հավաքներից ազատման կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշում մշակելու նպատակով, որով զորահավաքային առաջադրանքներ չունեցող կազմակերպությունների համար կարևոր աշխատակիցները կազատվեն եռամսյա վարժական հավաքներից: 

Նախարարությունը նշում է, որ այս կարգավորմամբ լուծվում են մի շարք խնդիրներ. նախևառաջ էականորեն կկրճատվի ամրագրված պաշտոնների թիվը, և ամրագրումը կիրականացվի զուտ զորահավաքային առաջադրանքների կատարումը ապահովելու նպատակով, կազմակերպությունների կարևոր մասնագետներին վարժական հավաքներից ազատում տրամադրելով կնվազեցվի խաղաղ ժամանակ կազմակերպությունների բնականոն գործունեությանը խոչընդոտելը, սակայն միևնույն ժամանակ կապահովվի վարժական հավաքներից ազատված պահեստազորայինների մասնագիտական և կրակային պատրաստությունը՝ մինչև 10 օր տևողությամբ զինվորական վարժանքներին և զորավարժություններին վերջիններիս ներգրավմամբ: Զինվորական վարժանքներն անցկացվում են պահեստազորայինների պատրաստման և վերապատրաստման ձևաչափով, մինչև 10 օր տևողությամբ, յուրաքանչյուր տարի ոչ ավել քան 2 անգամ, յուրաքանչյուր պահեստազորայինի համար:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայինների մասով գործատուն պահպանում է միայն աշխատատեղը, ուստի այս ձևաչափով հնարավորություն կստեղծվի վարժական հավանքներից ազատված պահեստազորայինների մասով լրացուցիչ ծանրաբեռնվածություն չդնել կազմակերպությունների վրա (քանի որ շատ դեպքերում, գործատուն պահպանում է աշխատավարձը՝ փաստացի կրելով ֆինանսական դժվարություններ), միևնույն ժամանակ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների մասնակցության դեպքում՝ կպահպանվեն մասնակից պահեստազորայինների աշխատավարձերը, ըստ այդմ՝ չի նվազի ՀՀ պետական բյուջե մուծվող եկամտահարկը (ինչպես նաև այլ վճարները) և պահեստազորայինը չի կրի ֆինանսական դժվարություններ՝ զինվորական վարժանքներին և զորավարժություններին մասնակցելու ընթացքում:

Ազատման իրավունքը տրամադրվում է ոլորտային գերատեսչության ղեկավարի նորմատիվ իրավական ակտի՝ հրամանի հիման վրա: Հրամանի նախագիծը սահմանված կարգով համաձայնեցվում է Պաշտպանության և Էկոնոմիկայի նախարարությունների հետ: 

«Այս գործընթացը հնարավորություն կտա ավելի ճկուն կերպով հետագայում կատարելու անհրաժեշտ փոփոխությունները և լրացումները, հաշվի առնելով նոր կազմակերպությունների ստեղծումը, կազմակերպությունների լուծարումը, անվանափոխությունը, հաստիքացուցակի ավելացումը կամ կրճատումը, պաշտոնների անվանափոխությունները և այլ պատճառներ, ըստ այդմ՝ յուրաքանչյուր անգամ զերծ մնալով Կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթացից»,- նշվում է նախագծում։

Միևնույն ժամանակ առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ վարժական հավաքաներից ազատման կարգի պահանջների խախտման դեպքում, քանի որ վարժական հավաքներից ազատման գործընթացը որոշակի առումով կապված է զորահավաքային ռեսուրսների ճիշտ պլանավորման գործընթացի հետ:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած՝ ոլորտային տարբեր կազմակերպություններից ամրագրման ենթակա պաշտոնների վերաբերյալ ներկայացված որոշ դիմումներում, առանցքային մասնագետների ամրագրման անհրաժեշտությունը և պատճառը եռամսյա վարժական հավաքներն են եղել: 

Եվ 2021 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կողմից կազմակերպությունների ներկայացրած դիմումների հիման վրա մշակված «ՀՀ կառավարության 1590-ՆԳ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության  որոշման նախագծի դեռ հաստատված չլինելու փաստը նախագծում ընդգրկված կազմակերպությունների մոտ լուրջ մտահոգություններ են առաջացնում. որոշ կազմակերպություններ հանդիպումների ժամանակ իրենց գործունեությունը արտերկիր տեղափոխելու վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter