HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

4,2 մլն դրամի գործարք՝ ՊՈԱԿ-ի տնօրենի և մասնաճյուղի վարիչի որդու միջեւ

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը Հայաստանի զբոսաշրջային ամենակարևոր կենտրոններից  է, որի տարեկան այցելուների թիվն անցնում է մի քանի հարյուր հազարը։

«Հետք»-ը ՀՀ-ում զբոսաշրջության իրական վիճակի ուսումնասիրության շրջանակում հարցում է ուղղել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանին կազմակերպության ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում գործում է 16 արգելոց և արգելոց-թանգարաններ: Այս տարվա մարտ-մայիս ամիսներին այցելությունների ընդհանուր թիվը արգելոցների տարածքներ կազմել է 124 հազար 153 մարդ։

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊՈԱԿ-ից հայտնել են, որ հուշարձանների տարածքներում իրականացվող միջոցառումները մշակութահեն բնույթ են կրում և միտված են կազմակերպության ամբողջ հուշարձանային և թանգարանային ֆոնդի հանրահռչակմանը։ Այցելությունների վիճակագրական տվյալները ՊՈԱԿ-ն ընդհանուր է ներկայացրել և դժվար է հասկանալ, թե յուրաքանչյուր մասնաճյուղում ինչ հոսք է նկատելի։ Նաև հայտնել են, թե ՊՈԱԿ-ը նախատեսում է մոտ ապագայում տոմսային տնտեսություն ներդնել «Դաշտադեմ» և «Դվին» պատմամշակութային արգելոցներում։

«Հետք»-ը մշտապես գրել է Գառնիին առնչվող խնդիրների մասին։ Դատելով այցելուների հոսքից՝ արգելոց-թանգարանն այդ կազմակերպության ամենաշատ եկամուտ ապահովող մասնաճյուղն է, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար գրառումներ է կատարում նաև արգելոցի վարիչ Վահե Իսպիրյանը՝ նշելով, օրինակ, որ «Գառնին» կիրակի օրը՝ հունիսի 19-ին, ունեցել է 5500, իսկ հունիսի 12-ին՝ 5000 այցելու։ Պարզ մաթեմատիկական հաշվարկի դեպքում, եթե հիմք վերցնենք տեղացիների ու ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար նախատեսված տոմսի գինը՝ 750 ՀՀ դրամ, ապա մեկ օրվա եկամուտը 4 մլն 125 հազար դրամ է կազմել։ Այս հաշվարկից դուրս են մնում շատ տպավորիչ գումարներով տարբեր միջոցառումների անցկացումը, գովազդային տեսահոլովակների նկարահանումները, աուդիոգիդերի ծառայությունը և այլն։ Անհասկանալի է, սակայն, թե ինչու ՊՈԱԿ-ը միջոցներ չի հատկացնում «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար։ «Հետքն» այս թեմային վերջերս է անդրադարձել։ ՊՈԱԿ-ից մեզ պատասխանել են, թե ֆինանսական միջոցների սղության պատճառով վերոնշյալ հուշարձանների վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով գնման մրցույթ չի հայտարարվել։

«Հետքը» հետաքրքրվել էր՝ արդյո՞ք բոլոր արգելոցներում կան էքսկուրսավարներ և ժամանակակից էքսկուրսիոն ծառայություններ՝ աուդիոգիդեր, տեսաձայնային էկրաններ։ Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ ՊՈԱԿ-ից հայտնել են, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում աուդիոգիդի ծառայություն է մատուցվում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն (ՊՈԱԿ-ի մյուս մասնաճյուղերում աուդիոգիդ չկա)։ Մեջբերում ենք․ «Նշված ծառայությունը մատուցվում է վերջին երեք տարիներին՝ մասնավոր ընկերության կողմից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թ․ մարտ ամսից է նշված ծառայությունն ավելացվել արգելոց-թանգարանի կողմից տրամադրվող էքսկուրսիոն ծառայությունների տոմսերի մեջ (25 սարքավորում), հարցվող ժամանակահատվածում աուդիոգիդի ծառայությունից օգտված քաղաքացիների վիճակագրական հստակ տվյալներ այս պահին չեն մշակվել․ (2021 թ․ նշված երեք ամիսների ընթացքում վարձակալվել է մոտ 150 անգամ, 2022 թ․ ապրիլ ամսին՝ 24, մայիսին՝ 109 անգամ՝ մանրամասն՝ տես պատասխանը)»։

Արգելոց-թանգարանի տոմսարկղի պատուհանին նկատելի ձևով փակցված է՝ աուդիոգիդի ծառայության արժեքը՝ 1500 ՀՀ դրամ։

«Հետքի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանը գնման պայմանագիր է կնքել քաղաքացի Ստեփան Իսպիրյանի հետ, որն արգելոցի վարիչ Վահե Իսպիրյանի որդին է (ընկերության անվանումը ՊՈԱԿ-ն իր պատասխան-գրության մեջ նախընտրել է չհիշատակել)։ 4.2 մլն ՀՀ դրամով ՊՈԱԿ-ը ձեռք է բերել աուդիոգիդերի վարձակալության ծառայություն՝ ձեռնարկատիրոջը վճարելով ամսական 420 հազ. ՀՀ  դրամ։ Ամենապարզ մաթեմատիկական հաշվարկով, 24 անգամ աուդիոգիդի ծառայությունից օգտվելն արժեցել է 36․ 000 ՀՀ դրամ, իսկ մայիսին՝ 109 անգամ օգտվելու դիմաց վճարվել է 163․500 ՀՀ դրամ։ Այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ է ՊՈԱԿ-ն ամսական 420 հազ. ՀՀ դրամ վճարում մի կազմակերպության, որի մատուցած ծառայությունը վարձավճարի 50 տոկոսն էլ չի ծածկում։ Եթե ներկայացված թվերով ՊՈԱԿ-ն անուղղակի հաստատում է, որ աուդիոգիդի ծառայությունն առանձնակի պահանջարկ չի վայելում այցելուների շրջանում, ո՞րն է անհատ ձեռնարկատիրոջը յուրաքանչյուր ամիս 420 հազար դրամ վճարելու նպատակը։

Հիշեցնենք՝ տարիներ առաջ ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վլադիմիր Պողոսյանը և մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը մտադիր էին տաճարի հարևանությամբ սրճարան կառուցել։ Հասարակական աղմուկից հետո նախաձեռնությունը չիրագործվեց։

Մի քանի տարի առաջ ՊՈԱԿ-ի մեկ այլ տնօրենի՝ Արա Թարվերդյանի նախաձեռնությամբ արգելոցի տարածքում գտնվող սպասարկման սրահում դադարեցվեց առևտրային գործունեությունը։ Պատճառաբանությունը՝ արգելոցի անձնակազմին անհրաժեշտ է աշխատասենյակ, և հուշանվերներից բացի մուրաբա և գարեջուր վաճառող կրպակը հարիր չէ արգելոցին։

Վերոնշյալ տարածքը հիմա ծառայում է արգելոցի աշխատակազմին։ Բայց հենց արգելոց-թանգարանի մուտքից ներս աչքի են զարնում զովացուցիչ ըմպելիքների անճաշակ կրպակը և պաղպաղակների սառնարանները։ Չափորոշիչնե՞ր են փոխվել, թե՞ տաճարին արդեն հարիր է սառնարանային շքերթը, այն էլ՝ արգելոց-թանգարանի աշխատակազմի  գրասենյակի մոտ։ Ո՞վ է թույլատրել աղճատել հուշարձանի պատմաճարտարապետական տեսքը։ 

Առաջին հայացքից արտառոց բան չկա, բայց արդյո՞ք լիազոր մարմնի կողմից կա հուշարձանի տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համապատասխան թույլտվություն, օրինակա՞ն է այն իրականացվում, թե՞ ոչ։ Ո՞վ է վարձակալը, և ու՞ր է ուղղվում վարձակալությունից ստացված եկամուտը (եթե, իհարկե, վարձակալությամբ է), որքան ժամանակ է այն գործում։

Այս հարցերի պատասխանները պետք է հետաքրքրեն ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, ինչպես նաև՝ իրավապահներին։

Լուսանկարում (ձախից)` ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանը, «Գառնի» արգելոցի վարիչ Վահե Իսպիրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter