HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան և Մոլդովան ստացել են ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ

Ուկրաինան և Մոլդովան պաշտոնապես ստացել են Եվրոպական միության անդամության թեկնածուի կարգավիճակ։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը։ 

«Պատմական պահ և հույսի ազդանշան ուկրաինական ժողովրդի համար»,- որոշումն այսպես է մեկնաբանել Բետելը։

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպացի առաջնորդներին աջակցության համար։ «Ի սրտե ողջունում եմ ԵՄ առաջնորդների որոշումն՝ Ուկրաինային տրամադրելու թեկնածուի կարգավիճակ։ Սա եզակի և պատմական պահ է մեր հարաբերություններում։ Ուկրաինայի ապագան ԵՄ-ում է»,- գրել է Զելենսկին։

Իր հերթին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիության գագաթնաժողովը պատրաստ է ապագայում թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել նաև Վրաստանին, երբ լուծված կլինեն առաջնային խնդիրները։

Նախորդ շաբաթ Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես խորհուրդ էր տվել Ուկրաինային տրամադրել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ։ Այն մասին, որ այդ կարգավիճակը կարող է ստանալ նաև Մոլդովան, ավելի վաղ հայտարարել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Վրաստանին էլ որոշվել էր դեռևս չտրամադրել այդ կարգավիճակը։

Ուկրաինային ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշումը պահանջում էր Եվրոպական խորհրդի պետությունների և կառավարությունների 27 ղեկավարի միաձայն հավանությունը։

Ուկրաինան ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար դիմել էր փետրվարի վերջին՝ Ռուսաստանի ներխուժումից մի քանի օր անց։ Իր հերթին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ հայտարարել էր, որ իր երկիրը «մյուս թեկնածուներից առավել շատ է արժանի Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար»։

Լուսանկարը՝ AdobeStock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter