
«Կաթիլ առ կաթիլ լիճ կսարքվի»
Կահույքագործ եղբայրներ Գարիկ եւ Արտյոմ Բաբաջանյաններին մեքենա ձեռք բերելու համար պակասում էր հինգ հարյուր դոլար:
Կանադահայ Անտուան Թերջանյանն առաջարկեց անհատույց տրամադրել այդ գումարը` ծխելն ընդմիշտ թողնելու պայմանով: Իսկ եթե եղբայրները նորից սկսեն ծխել, 500 դոլարն անմիջապես ետ պետք է վերադարձնեն:
Այս առաջարկի մասին մտածելու համար նրանք մի քանի օր խնդրեցին եւ, ի վերջո, ընդունեցին այն: Բեռնատարը խիստ անհրաժեշտ էր հումքը եւ պատվիրված կահույքը տեղափոխելու համար, իսկ ծխել թողնելը նրանք վաղուց էին ուզում:
Բաբաջանյան եղբայրները միակը չեն, ում տրամադրվել է այս յուրահատուկ «վարկը»: Եղեգնաձորում ցանկացած մարդ գիտի Անտուան Թերջանյանի կամ, ինչպես տեղացիներն են ասում, «կանադացու» տունը: Թերջանյանը Եղեգնաձորում զբաղվում է բարեգործությամբ, ավելի ստույգ` նպաստում է քաղաքում փոքր բիզնեսի զարգացմանը:
Թերջանյանը կանադահայ է, նրա ծնողները գաղթել են Էրզրումից: Բոլոր սփյուռքահայերի նման Անտուանն էլ էր երազում Հայաստան այցելելու մասին: 1986 թվականին նա կնոջ եւ երկու երեխաների հետ որոշում է վերջապես իրագործել իր երազանքը: Տոմսերն արդեն գնված էին, ամեն ինչ պատրաստ էր մեկնելու համար, երբ պատահեց Չեռնոբիլի վթարը:
«Մեզ անընդհատ լուրեր էին հասնում, որ ճշմարտությունն աղավաղում են, իրականում սարսափելի բաներ են կատարվում այնտեղ, մենք էլ վախեցանք երեխաների համար ու որոշեցինք չգալ,- պատմում է Անտուանը:- Հետո եղավ երկրաշարժը, Ղարաբաղյան պատերազմը, ցուրտ ու մութ տարիները: Որոշեցինք գալու փոխարեն դրամ ուղարկել Հայաստան՝ որպես օգնություն: Այդպես անցան տարիներ: 2001 թվականին հեծանվով գնում էի աշխատանքի: Հանկարծ արգելակը դուրս թռավ ու մտավ առաջին անիվի մեջ: Շատ վատ վթար էր: Երբ ուշքի եկա, կարծում էի՝ ողջ կյանքս անդամալույծ եմ մնալու: Հասկացա, որ մահ կա, ու եթե ունես երազանք, պետք է շտապես իրագործել այն»:
Այս անգամ Անտուանը չէր ուզում գալ Հայաստան պարզապես որպես զբոսաշրջիկ: «Կանադայում նստած՝ շարունակ քննադատում ենք Հայաստանը, մտածեցի՝ ես զարգացման մասնագետ եմ, գնամ մի օգտակար բան անեմ քննադատելու փոխարեն»:
Լսելով նորաստեղծ «Հայ կամավորների միության» մասին՝ Անտուանը դիմեց նրանց: Միությունը հիմնել է æեյսոն Դեմիրճյանը՝ ամերիկյան «Peace Corps»-ում անդամագրված միակ հայը: Սկզբունքը նույնն է, ինչ որ ամերիկյան կազմակերպությանը, պարզապես Հայաստան եկող կամավորները ոչ թե ամերիկացիներ են, այլ սփյուռքահայեր:
Ինչպես եւ «Peace Corps»-ում, այստեղ էլ հայ կամավորները պետք է սովորեին հայերեն եւ գոնե առաջին մեկ ամիսն ապրեին հայ ընտանիքում, հայերի հետ միեւնույն պայմաններում:
Անտուանը եւ իր շոտլանդուհի կինը` Շիլան, թողնում են իրենց աշխատանքը Կանադայում եւ մեկ տարով գալիս Հայաստան:
«Պարտադիր պիտի սովորեինք հայերեն,- ասում է Անտուանը:- Ես խոսում էի արեւմտահայերեն, որը Շիլան էլ մի քիչ գիտեր: Հիմա նա վարժ խոսում է արեւելահայերեն: Երբ հեռախոսով խոսում եմ երեխաներիս հետ, ասում են՝ հայերեն խոսիր, չենք հասկանում: Ասում եմ՝ սովորեք, դա հիմա ձեր մոր լեզուն է:
Մենք ապրում էինք Երեւանում, մի ընտանիքում, որը մեզ սովորեցրեց, թե ինչ է իսկական հյուրասիրությունը: Նրանց շնորհիվ մենք սիրահարվեցինք Հայաստանին»:
Անտուանի նախաձեռնություններից մեկը օգնելն էր եղեգնաձորցի մի մեղրագործի վաճառել մեղրը Երեւանում՝ պիտակներ պատրաստել, գովազդել ապրանքը: Այդպես մտերմացան, ու մի օր Անտուանն այցելեց նրան Եղեգնաձորում: Այստեղ տեսան մի տուն, որը վաճառվում էր, եւ տասնհինգ րոպեում գնեցին այն: Հիմա տարվա մի մասն ապրում են Եղեգնաձորում, մյուս մասը «գնում են այլ երկրներ` փող աշխատելու, որ այստեղ ծախսեն»:
«Եղեգնաձորի բնության նման բնություն, լեռների նման լեռներ Հայաստանում չկան» - ասում է Անտուանը:- Տունը գնելուց հետո անմիջապես միտք ծագեց այն վերածել Bed and breakfast-ի (մահճակալ եւ նախաճաշ) զբոսաշրջիկների համար: Հիմա շատ կան այդպիսի տներ, բայց հինգ տարի առաջ, երբ եկանք այստեղ, դրանք չկային, հիմնականում ամեն ինչ կենտրոնացած էր միայն Երեւանում»:
Անտուանը ֆինանսապես օգնեց նաեւ մի քանի հարեւանների՝ B&B-ի վերածել իրենց տները: Նա դրամը տրամադրում է որոշակի ժամկետում, աստիճանաբար, առանց տոկոսադրույքի վերադարձնելու պայմանով: Մի գիշերն այդպիսի տներում արժե 20 եվրո, որը զգալի եկամուտ է եղեգնաձորցիների համար:
Արսեն Վարդանյանին Անտուանն օգնել է մասուրի հյութի վաճառքի հարցում: Ուրցի թեյ արտադրող Հազարապետ Նազարյանի համար Կանադայից ջերմակայուն թուղթ է բերել: Այժմ աշխատում են ուրցի թեյն արտահանելու ուղղությամբ:
Բաբաջանյան եղբայրների հետ նաեւ այլ գործ են սկսել. Եղեգնաձորում աճեցնում են կանադական բարդիներ՝ փափուկ կահույքի համար: Արդեն մոտ 800 բարդի են տնկել, որոնք 7 տարուց պիտանի կլինեն փափուկ կահույքի պատրաստման համար:
Դարձյալ Անտուանի տրամադրած վարկի շնորհիվ կահույքագործ Բաբաջանյանների արհեստանոցն ընդլայնվել է, եւ տասնհինգ հոգի այժմ ապահովված է բավականին լավ վարձատրվող աշխատանքով:
«Այստեղ մարդիկ շատ հպարտ են, ոչ ոք դեռ չի եկել ինձ մոտ փող խնդրելու, գալիս են աշխատանք խնդրելու: Արածս մեծ բան չէ,- ասում է Անտուանը,- մի կաթիլ է, բայց կաթիլ առ կաթիլ լիճ կսարքվի»:
Եղեգնաձորում գործազրկության խնդիրը մեծ է: Խորհրդային տարիներին այստեղ գործել են տեքստիլի, պահածոների, էլեկտրական սարքերի գործարաններ: Հիմա նախկին ֆաբրիկաներից գործում են միայն գինու գործարանները եւ ռելեի գործարանը:
Անտուանը մշակել է «Առաջատար օգնություն Եղեգնաձորին» ծրագիրը, որը պատրաստվում է իրականացնել իր եւ օգնելու ցանկություն ունեցող այլ բարերարների միջոցներով:
Ծրագրում մասնավորապես նշված են ջրի, Եղեգնաձորի պարի խմբի՝ հագուստի եւ փառատոններին մասնակցելու համար անհրաժեշտ գումարի, Եղեգնաձորի մանկավարժական համալսարանում համակարգիչների պակասի խնդիրը:
Համալսարանում սովորող յուրաքանչյուր ուսանողի տարեկան վճարը կազմում է մոտ 300 եվրո: Շատ ընտանիքներ ի վիճակի չեն տալու այդ գումարը: Անտուանն առաջարկում է բարերաներին հովանավորել ուսանողներին:
Հայերի մեծ մասն ապրում է արտերկրում բնակվող բարեկամների ուղարկած օգնությամբ: Նրանք, ովքեր դրսում չունեն հարազատներ, ամենավատ վիճակում են: Անտուանն արտասահմանցիներին եւ սփյուռքահայերին առաջարկում է դառնալ որեւէ այդպիսի ընտանիքի «բարեկամը». ամսական 100 եվրոն, ըստ նրա, բավական է չորս հոգանոց ընտանիք պահելու համար:
Իսկ արտասահմանում ծերանոցներում ապրող հայ ծերերին Անտուանը կոչ է անում ծերանոցների փոխարեն գալ, ապրել Հայաստանում: «Այն բավական մեծ գումարով, որ տալիս են լավ ծերանոցներում ապրելու համար, այստեղ թագավորի պես կապրեն»,- համոզված է նա:
Մեկնաբանել