HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Որ ասում եմ՝ վզիս դրած է, նկատի ունեմ, որ դա իմ առաքելությունն է»․ Ջհանգիրյանը՝ Վարդազարյանի հրապարակած ձայնագրության մասին

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հրապարակել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանի հետ 2021թ. փետրվարի 20-ին իր ունեցած զրույցի ձայնագրությունը։ Վարդազարյանը նշել է, որ այդ ձայնագրությունը հանրայնացնելը եղել է իր կյանքի ամենաբարդ որոշումներից մեկը։ Այն հրապարակելու առիթ է հանդիսացել ԲԴԽ-ի հունիսի 16-ին հրավիրված նիստը, որտեղ քննվել է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։ Վարդազարյանի խոսքով՝ մի տարի սպասել է այն հույսով, որ ԲԴԽ-ն ողջամիտ կգործի և ծայրահեղ քայլերի չի դիմի։ Ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը երաշխավորում է, որ Վարդազարյանի դեմ քրեական գործ չի հարուցվի, եթե նշված ժամկետում հրաժարական ներկայացնի։ Այն պարունակում է նաև հայհոյախառն արտահայտություններ, որոնք հնչեցվել են Ջհանգիրյանի կողմից։ 

Վարդազարյանը ասուլիսին նշել է, որ այդ ժամկետը վերաբերում է այն բանին, որ իրեն վարչապետի անունից առաջարկություն է փոխանցվել, որ պետք է հրաժարական տա և գնա, ինքն էլ խնդրել է մինչև մարտի 1-ը ժամանակ, որովհետև Մոսկվայում գործուղում է ունեցել, որից հետո պահանջել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, որ անձամբ ստանա հրաժարական տալու առաջարկը։ Հրապարակված ձայնագրության մեջ Ջհանգիրյանը Վարդազարյանին ասում է, որ մինչև այդ ժամկետը, այսինքն՝ մարտի 1-ը, կարող է այնպես անել, որ քրգործ չհարուցվի, և եթե մինչև այդ Վարդազարյանը չներկայացնի հրաժարականը, ապա էլ ոչինչ չի կարողանա անել։

«Էս մարդկանց որոշումը կայացված է, ես քեզ էդ եմ ասում, մի թարսվի, ընկերական։ Ստեփան ջան, տես, ես խոստացել էի որևէ բան չասել, բայց ես ասում եմ, չեմ ուզում իմ ազգանվան վրա բիծ լինի։ Ես տղամարդավարի ապրել եմ, տղամարդավարի էլ պիտի մեռնեմ, ես չեմ կարա ուրիշ ձև։ Դրա համար էլ ես ասում եմ՝ Ռուբիկ ջան, դու 52 տարեկան ես, իմ տղեն 42 տարեկան է, աղջիկս՝ 43։ Հաշվի, որ դու ինձ տղա ես, դրա համար ես քեզ ասում եմ՝ պրոբլեմ էդտեղ պետք չի սարքել։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս»,- ասել է Ջհանգիրյանը։

Վերջինիս խոսքերին ի պատասխան՝ Վարդազարյանն ասում է, որ ուզում է պատճառը իմանալ, որին Ջհանգիրյանն արձագանքում է հետևյալ կերպ․ «Եկել ա քո դասախոսը, վսյո, դու ըտեղ ուրիշ պատճառ ման մի արի»։ Այս խոսքերից հետո Ջհանգիրյանը կրկին վստահեցնում է, որ չեն հարուցվի քրեական գործեր։

Ձայնագրության հրապարակումից հետո՝ հունիսի 23-ին, Ջհանգիրյանը Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում, անդրադառնալով այս խոսքերին, ասաց․ «Դրանք հոգեբանական հնարքներ են։ Կուտ եմ տվել՝ ժողովրդի լեզվով ասած։ Ես ո՞նց եմ հարուցել կամ կարճել տալիս այդ քրեական գործերը. իմ լիազորություններից դուրս բաներ են»։

Ջհանգիրյանը ձայնագրությունում Վարդազարյանին ասում է՝ ամեն ինչ մի կողմ դնի ու նայի ապագային․ «Դու երեխեք ունես, տուն ունես, ես քեզ էդ եմ ասում, հետո քեզ ի՞նչ են անում, հո չեն տանում կախում։ Էն, որ ես հմի եկել ըտեղ նստել եմ, կախվա՞ծ եմ։  Քանի սաղ ենք, ես ու Ստեփանը գարանտ ենք: Ժամանակն արդեն տվել ենք, անցնելուց հետո ես էլ բան չեմ կարա անեմ: Ես ինչ կարացել, արել եմ, որ դու քո դեմքը պահես… Քո ասած ժամկետից հետո իմ համար անհնար կլինի: Էլ ինձ չեն լսելու: Էդ ժամկետը որ դու ասել ես, էդ մարդը շատ կտրուկ դեմ է եղել, ես եմ խնդրել, համաձայնեցրել: Որոշումը քոնն ա: Բայց ես չեմ ուզում մեզ մոտ ՍԴ-ի սիտուացիան սարքել: Ես չեմ վախացնում»,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը՝ ավելացնելով, որ ինքը չի սպառնում, իսկ Վարդազարյանը հակադարձել է, թե նման է սպառնալիքի։ Ջհանգիրյանի արձագանքը հետևյալն էր․ «Դե, որ դու իմ ասածը ըտենց ես ընդունում, Ռուբիկ ջան, ես ոչ մի բան չեմ ասում»։ 

Հանրայինին տված հարցազրույցում Ջհանգիրյանն ասում է՝ ինքն իր առաջ խնդիր էր դրել, որ Ռուբեն Վարդազարյանը կամավոր իր դիմումի համաձայն լքի նախագահի աթոռը, և խորհուրդն ընտրի մեկ այլ նախագահ, որովհետև նա դատական համակարգը մտցրել էր բացահայտ հակադրման մեջ գործադիր և օրենսդիր իշխանության հետ։

«Ես գնացել եմ բանակցությունների պարոն Վարդազարյանի հետ։ Բայց քանի որ մեր հարաբերություններն արդեն լարված էին, թեև ինքը եղել է իմ ուսանողը, բայց նույնիսկ մինչև իմ ընտրվելը, ինքն արդեն ասում էր, որ ես իրավունք չունեմ և այլն․․․ Ես բազմաթիվ մարդասպանների, գողերի, ավազակների հետ եմ զրուցել, համոզել եմ ընդունել իրենց մեղքը, դու կիրառում ես հոգեբանական հնարքներ, օրինակ՝ դա ի՞նչ պաշտոն է, որ դու տենց կառչած ես դրանից, խելոք մարդը պիտի հասկանա, չէ՞, եթե այդպես է՝ ես ինչո՞ւ եմ այդ պաշտոնին նստել. այսինքն՝ որպեսզի նա հեշտությամբ տրվի այդ հորդորին, դիմում գրի, ազատվի, ես նրա աչքում նսեմացնում եմ իր զբաղեցրած պաշտոնը»,- ասել է նա։

Ձայնագրությունում Վարդազարյանը հարցնում է Ջհանգիրյանին, թե իր ինչին է պետք այս ամենը, իսկ Ջհանգիրյանը պատասխանում է, որ չի ուզում Ռոբերտ Քոչարյանը հետ գա։

«Եթե ես իմանամ Վանեցյանն ա գալու, եթե ես իմանամ Ղազինյան Արթուրն ա գալու, կեթամ կկանգնեմ կողքերը։ Քեզի բան եմ ասում, բայց ես գիտեմ, որ գալու ա դաշնակն ու էդ Ռոբերտ Քոչարյանը (ձայնագրությունում Ռոբերտ Քոչարյանին դիմում է հայհոյանքով- խմբ․)։ Սերժն էլ չի գալու, լավ իմացի։ Դոդը (Գագիկ Ծառուկյանը- խմբ․) բերելու ա Քոչարյան Ռոբերտին»,- ասել է Ջհանգիրյանը։

Իր հարցազրույցում Ջհանգիրյանը նշել է, որ Վարդազարյանը ծաղկաքաղ է արել, նրանց ամբողջ խոսակցությունը տևել է մոտ 2 ժամ։ Հրապարակված ձայնագրությունում առկա հայհոյանքների համար Ջհանգիրյանը ներողություն է խնդրել։  Նա հայտնել է, որ այդ հանդիպմանը քննարկվել են նաև այնպիսի թեմաներ, որոնք Ռուբեն Վարդազարյանին ձեռնտու չեն եղել հրապարակելու համար։ «Ես վստահ եմ, որ եթե ամբողջական ձայնագությունը պարոնը ներկայացնի, դա իր համար բավականին լուրջ հետևանքներ կարող է ունենալ»,- ասել է Ջհանգիրյանը։

Հարցին, թե արդյոք չի պատրաստվում հրաժարական տալ, Ջհանգիրյանն ասել է. «Ես ընդհանրապես իմ կյանքում 3 անգամ եմ հրաժարական տվել իմ զբաղեցրած պաշտոններից. մեկը 1997 թվականին արդարադատության առաջին տեղակալն էի, կամավոր հրաժարական եմ ներկայացրել, մյուսը՝ 2000 թվականին եղել եմ զինվորական դատախազ և դատախազական հսկողություն եմ իրականացրել հոկտեմբերի 27-ի հանցագործությունը քննող քննչական խմբի նկատմամբ և հրաժարականի դիմում եմ ներկայացրել երկրորդ նախագահին, որը չի ընդունվել, երրորդը՝ 2008 թվականին իմ աշխատասենյակից ուղղակի եկել եմ հրապարակ, միացել համաժողովրդական շարժմանը՝ հասկանալով, որ հաջորդ օրը պետք է ազատվեի զբաղեցրածս պաշտոնից։ Բայց երբեք որևէ քաղաքական ուժի, դաշինքի պարտադրանքի արդյունքում երբեք հրաժարական չեմ տվել»։

Հրապարակված ձայնագրությունում Ջհանգիրյանը նշել է նաև․ «Ես էտի պտի անեմ, էտի վզիս դրած ա»։ Հարցազրույցի ժամանակ Ջհանգիրյանը այդ արտահայտությունը մեկնաբանել է հետևյալ կերպ. ««Վզիս դրածը», կոպիտ ասած, «իմ ճիտին պարտքն է», այսինքն՝ ես ինքս ստանձնել եմ կամավոր բարեփոխման ընթացքի կատարումը, տեսական հիմքերի շարադրումը, դա ես ստանձնել եմ 1990 թվականից։ Որ ասում եմ՝ վզիս դրած է, ես նկատի ունեմ, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե որևէ մեկն է ինձ պարտադրել»։

Նշենք, որ Վարդազարյանի կողմից ձայնագրության հրապարակմանը անդրադարձել է նաև դատախազությունը՝ նշելով, որ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա:

Հանձնարարվել է նաև ապահովել ստուգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն:

«Ինչ վերաբերում է ասուլիսի ընթացքում պարոն Վարդազարյանի կողմից «փազելի տեղն ընկնելու» տրամաբանությամբ արված՝ պաշտոնավարումն ավարտելուց հետո ՀՀ գործող գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԲԴԽ-ն ղեկավարելու մասին հայտարարություն-ենթադրություններին, ապա հարկ եմ համարում հստակ պարզաբանել, որ Արթուր Դավթյանի հետ նման հարց չի քննարկվել»,- նշել էր գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հավելենք նաև, որ հունիսի 23-ին ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter