
Ոստիկանության պարզաբանումը` քրգործով անցնող Ապարանի ոստիկանապետին կրկին նույն պաշտոնում նշանակելու վերաբերյալ
Հունիսի 19-ին Ապարանում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքից հետո Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը պաշտոնանկ եղավ: Ուշագրավն այն է, որ Հայրապետյանն այդ պաշտոնից սեփական զեկուցագրի համաձայն ազատվել էր դեռևս 2019 թվականին:
2019-ի դեկտեմբերին գրել էինք, որ Աշոտ Հայրապետյանը փորձել է եղբորորդուն զինծառայությունից ապօրինի ազատել, սակայն քրեական գործի հարուցումից հետո վերջինս աշխատանքից ազատման զեկուցագիր էր գրել: Այն ժամանակ ոստիկանությունից ստացված մեր հարցման պատասխանից տեղեկացել էինք, որ Հայրապետյանը, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, անձնական նախաձեռնությամբ որոշել է հեռանալ համակարգից:
Պարզվում է, որ քրեական գործի վարույթը կարճելուց հետո մեկ տարի անց` 2020-ի դեկտեմբերին, Հայրապետյանը դիմել է ոստիկանության պետին կրկին` ծառայության ընդունելու խնդրանքով: Նրա խնդրանքը բավարարվել է, և վերջինս կրկին նշանակվել է նույն պաշտոնում: Ոստիկանապետն այդ որոշմանը հանգել է` նկատի ունենալով Հայրապետյանի` ՆԳՆ և ոստիկանության համակարգերում և հատկապես Ապարանի բաժնի տարբեր ստորաբաժանումներում երկարամյա ծառայության փորձը և ոստիկանությունում կրկին ծառայության ընդունելու համար խոչընդոտող հանգամանքների բացակայությունը:
Հարցին, թե ինչու է այժմ Հայրապետյանը պաշտոնից ազատվել, Ոստիկանությունից ստացված հարցման պատասխանում չեն հստակեցրել: Ինչ վերաբերում է նրա մասնակցությամբ հարուցված ու կարճված քրեական գործին Ոստիկանությունից հայտնել են, որ նման որոշում է կայացվել վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ուստի միջնորդվել է քննարկել Հայրապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Ոստիկանությունում անցկացված ծառայողական քննության արդյունքներով` Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար Ոստիկանության գնդապետ Հայրապետյանին հայտարարվել է նկատողություն: Ինչից հետո, սակայն, վերջինս կրկին նշանակվել է նույն պաշտոնում:
Ապարանում տեղի ունեցած կրակոցներից և երկու անձի սպանության դեպքից հետո Հայրապետյանը կրկին պաշտոնանկ է արվել:
Մեկնաբանել