
Բեռնափոխադրող. «Լարսում մեքենաների տեղաշարժ կա, սակայն տեղեկություններ կան, որ ռուսական կողմից ճանապարհը դեռևս փակ է»
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին երեկվանից՝ հունիսի 27-ից, կանգնած բեռնատարները որոշ չափով առաջ են գնացել, սակայն դեռևս չեն հատել սահմանը, քանի որ տեղեկություններ կան, որ ռուսական կողմից՝ Վլադիկավկազի հատվածում, ճանապարհը դեռևս անբարենպաստ է. այնտեղ ևս փլուզումներ են եղել: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց «Սպիննակեր գրուպ» բեռնափոխադրող ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը։
Ընկերության բեռնատարները՝ ծիրանով բեռնված, այս պահին Վրաստանում են:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր՝ առավոտյան՝ 07:00-ին, հաղորդագրություն է տարածել, որ Վլադիկավկազի հատվածում երթևեկությունն անորոշ ժամանակով արգելված է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Լարսը փակ էր հունիսի 26-ից։ Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը:
Հունիսի 27-ի երեկոյան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ Լարսում վերականգնվել է երթևեկությունը։ Ճանապարհը բաց է։
«Հենց նոր զրուցեցի իմ վրացի գործընկեր փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, ով հաղորդեց, որ ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում»,- նույն օրը երեկոյան գրել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ռուսական կողմում առացացած խնդիրների մասին մեկնաբանություն ենք խնդրել էկոնոմիկայի նախարարի խոսնակ Լիլիթ Հակոբյանից, սակայն դեռևս պատասխան չունենք:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը չպատասխանեց մեր զանգերին:
Նշենք, որ պտուղ-բանջարեղենի, հատկապես՝ ծիրանի արտահանման այս թեժ սեզոնին սա ամենավատ լուրերից մեկն էր, որ ստացել էին հայ արտահանողները, վերջիններս մեծ վնասներ կարող են կրել, եթե չկարողանան մթերքը ժամանակին տեղ հասցնել:
Մեկնաբանել